Հարթավայր, ցամաքի մակերևույթի, ծովերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրությունների փոքր տատանումներով (մինչև 200 մ)։ Հարթավայրերը լինում են ծովի մակարդակից ցածր (Մերձկասպյան հարթավայր), ցածրադիր (մինչև 200 մ, Արևմտա-Սիբիրական հարթավայր, Կուր-Արաքսյան դաշտավայր), բարձրադիր (200-500 մ, Ուստյուրտ հարթավայր), լեռնային (500 մետրից բարձր, Իրանական բարձրավանդակի ներքին մասերը, Արարատյան դաշտ, Լոռվա դաշտ

Մակերևույթը լինում է հորիզոնական, թեքված, գոգավոր-հարթ, ալիքավոր, աստիճանաձև, դարավանդաձև, բլրավոր և այլն։ Ըստ ծագման լինում են դենուդացիոն (սկզբնական լեռնային ռելիեֆի ավերումից), ակումուլյատիվ (փխրուն նստվածքների կուտակումից)։

Երկրի խոշորագույն հարթավայրերն են Մեծ և Կենտրոնական հարթավայրերը (Հյուսիսային Ամերիկայում), Ամազոնի և Գվիանական դաշտավայրերը (Հարավային Ամերիկայում), Արևելա-Եվրոպական (Եվրոպայում), Արևմտա-Սիբիրական, Ինդոս-Գանգեսյան (Ասիայում) հարթավայրերը և այլն։

Հարթավայրերը զբաղեցնում են ցամաքի մակերևույթի 3/5-ը։ Երկրի բնակչության հիմնական մասն ապրում է հարթավայրերում։

Հարթավայրերը բաժանվում են 4 խմբի՝

  1. Ցածրավայր կամ իջվածք, ծովի մակերևույթից ցածր հարթավայրեր (Մերձկասպյան ցածրավայր, Կումա-Մանիչի իջվածք և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Մուղանի դաշտ)
  2. Դաշտավայր, 0-200 մետր բարձրություններում գտնվող հարթավայրեր (Ամազոնի դաշտավայր, Միսսիսիպիի դաշտավայր և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Կուր-Արաքսյան դաշտավայր)
  3. Բարձրավայր, 200-500 մետր բարձրություններում գտնվող հարթավայրեր (Անատոլիական կամ Փոքրասիական բարձրավայր, Ահագարի բարձրավայր և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Նախիջևանի դաշտ)
  4. Սարահարթ, ծովի մակերևույթից 500 մետրից բարձր հարթավայրեր (Արևմտա-Սիբիրական սարահարթ, Տիբեթի բարձրավանդակ և այլն, Հայկական լեռնաշխարհում՝ Արարատյան դաշտ)

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 305