Զառ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառ (այլ կիրառումներ)
Զառ կամ Ծար գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 47 կմ հարավ, Աբովյան քաղաքից 9․5 կմ արևելք, Ակունք և Սևաբերդ գյուղերի միջակայքում՝ Հատիս լեռան հարավային ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 1598-1720 մետր[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Զառ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Համայնք | Կոտայքի մարզ և Աբովյանի շրջան | |
Գյուղապետ | Լևոն Խաչատրյան | |
ԲԾՄ | 1600 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1337[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | զառեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2219 | |
|
Պատմություն
խմբագրելԶառ գյուղի մասին առաջին հիշատակությունը եղել է Աբովյան քաղաքի մոտակայքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը, որը փորագրվել է Արգիշտի Ա-ի (մ․թ․ա․ 786-764 թվականներ) կառավարման տարիներին։ Համաձայն արձանագրության՝ Զառ (Ծար) գյուղը շուրջ 2800 տարի առաջ Ուլուա երկրամասի վարչական կենտրոն-քաղաքն էր և կրում էր Դար (Դարանե) անվանումը[3]։
Բնակչություն
խմբագրելՊահպանված նյութական մշակույթի հուշարձանների մնացորդներից կարել է եզրակացնել, որ գյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականի շահաբասյան բռնագաղթը, սակայն որոշ ժամանակ անց կրկին բնակեցվել է արհավիքից փրկված բնիկներով, ինչպես նաև խանական իշխանության հովանավորությունը վայելող մուսուլմանական տարրերով։ Գյուղի նախնիների մի մասը եկել են Վանից, Մանազկերտից, ինչպես նաև Պոլսից։
Գյուղի բնակչության թվաքանակի առաջին արձանագրումներն արվել են Երևանի խանության տարածքը ռուսական նվաճումից հետո՝ 1831 թվականից սկսած։ Հայտնի է նաև, որ ներկայիս բնակիչների նախնիների թվում կան նաև Իրանի հայաստանյան գավառներից,Սպահանից, Վանից, Մուշից,Մանազկերտից և Կոստանդնուպոլսից եկածների շառավիղները[4]։
Զառի ազգաբնակչության փոփոխությունը.[5]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 89 | 1143 | 895 | 1299 | 847 | 976 | 953 | 1386 | 1386 | 1337[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԶառի հյուսիսարևմտյան մասում կան մ.թ.ա. II-I հազարամյակի ամրոց, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարանադաշտ և եկեղեցի (վերականգնված 1977 թվականին)։
Սուրբ Կարապետ եկեղեցի
խմբագրելՍուրբ Կարապետ եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիսային եզրին։ Համաձայն շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1271 թվականին։ Եկեղեցին սկզբում միջին չափերի միանավ բազիլիկ ոճի կառույց էր, որը հետագայում դարձել է եռանավ[2]։ Եկեղեցու բարավորի շինարարական արձանագրությունից պարզ է դառնում, որ երբեմնի եկեղեցին ունեցել է 105 սմ մուտքի լայնություն։ Եկեղեցու մասին կա 1883 թվականին վերաբերող վկայություն
․․․Միայն մեկ հին եկեղեցի ունի,որի մեջ միայն ամիսը երեք կամ չորս անգամ է լինում ժամասացություն,չնայելով,որ քահանան շատ խելոք և գովելի բարք ու վարքի տեր մարդ էր[6]։ |
Պահպանվել է եկեղեցու շինարարական 7 տողանի թվակիր արձանագրությունը։ Եկեղեցին գործել է մինչև 1920-ական թվականները, վերջին անգամ վերանորոգվել 1977-1978 թվականներին։
-
Եկեղեցու ամբողջական տեսքը հարավից
-
Եկեղեցու ավագ խորանը
-
Եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերից
Գերեզմանոց
խմբագրելԶառ գյուղի տարածքում հին գերեզմանոցները երկուսն են։ Մեկը եկեղեցուց ոչ հեռու է,այստեղ պահպանվել են 400 անմշակ և կիսամշակ տապանաքարեր։ Երկրորդ գերեզմանոցը գտնվում է գյուղամիջում։ Ինչպես վկայվել է 1947 թվականին, այս գերեզմանոցը մասամբ վնասվել է ճանապարհի կառուցման հետևանքով․
․․․Գերեզմանոցի եզրերից քանդել են ճանապարհաշինության և բնակարանաշինության պատճառով[7]։ |
Տեղում վկայվել են նաև 1691 թվականի արձանագիր տապանաքար և 13-17 դարերի խաչքարեր, որոնք չեն հասել մեր օրեր։ Զառ գյուղի գերեզմանոցում հիշատակվել են 1286 և 1306 թվականների արձանագրություններով խաչքարեր, որոնք անհետացել են։ Պահպանվել են վիմագրերի ընդօրինակումները․
Խաչքար գյուղի գերեզմանոցում․
Թվին ՉՀԵ(1286), ես՝ Մամքոս, կանգնեցի զխաչս, յիշեցէք[8] |
Խաչքար գյուղի գերեզմանոցում․
Թվին ՉԾԵ(1306) , կամաւն աստուծոյ մեք՝Ճայճնայս և Սարգիս, կանգնեցաք զխաչս ի Քրիստոս, ամէն[9] |
Ձիթհան
խմբագրել1760-ական թվականներին Զառ գյուղում եղել է Գեղարդավանքին պատկանող ձիթհան[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները, Ս․ Կարապետյան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2014 թվական» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Յ․ Կարագեոզեան, Սեպագիր տեղանուններ, Երևան, 1988 թ․, էջ 98-99
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - զառ». www.nayiri.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 76» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
- ↑ «Մշակ»,1883,N163,էջ 1-2
- ↑ ՀԱԴ,ֆ․1063,ց․1,գ․1403,թ․5
- ↑ ՀԱԴ,ֆ․1063,ց․1,գ․1320,թ․17
- ↑ ՀԱԴ,ֆ․1063,ց․1,գ․1320,թ․17,նաև՝ գ․1329,թ․87
- ↑ Սիմեոն կաթողիկոս Երևանցի,Ջամբո,Երևան,2003,էջ 385
Գրականություն
խմբագրել- Սամվել Կարապետյան Զառ և Սևաբերդ գյուղերի պատմականհուշարձանները Արխիվացված 2021-04-26 Wayback Machine, ՀՃՈւ հիմնադրամ, 2014