Տուշպա (ուրարտ.՝ URUṭu-uš-pa), աքքադ.՝ Տուրուշպա), հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն Երվանդ Սակավակյացի իշխանության գալուց հետո դարձավ նրա նստավայրը՝ շարունակելով մնալ Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը։

Տարածք, որտեղ հնում գտնվում էր Տուշպան
Տեսարան դեպի Տուշպա տարածք Վանի բերդից: Հեռվում վերականգնված հայկական մատուռ

Ուսումնասիրման պատմություն

խմբագրել
 
Վանի թագավորությունը դարերի ընթացքում
 
Հայաստանիմայրաքաղաքները

Վանի ժայռի առաջին ուսումնասիրություններն իրականացվել են ֆրանսիացի երիտասարդ գիտնական Էդուարդ Շուլցի կողմից 19-րդ դարի սկզբին։ Շուլցն իր ֆրանսիացի գործընկերների կողմից գործուղվել էր Վան՝ Վանա լճի[1] ափին քաղաքի կառուցմանը Ասորեստանի թագուհի Շամիրամի մասնակցության մասին հայ միջնադարյան պատմիչ Մովսես Խորենացու հաղորդագրությունը հետազոտելու նպատակով։ Այսպիսով, Շուլցը կարծում էր, որ Տուշպան և Վանի ժայռը, մասնավորապես, ասորական մշակութային հուշարձաններ են։ Շուլցը կատարեց իր հայտնագործած ժայռապատկերների և սեպագիր արձանագրությունների էսքիզները, և, չնայած ինքը՝ գիտնականը, 1829 թվականին սպանվեց քրդերի կողմից, նրա աշխատանքի նյութերը 1840 թվականին հայտնվեցին Ֆրանսիայում և հրապարակվեցին[2]։ Շուլցը, մասնավորապես, պատճենել էր ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի Խորխորյան ժայռափոր տարեգրությունը՝ Վանի թագավորության պատմության կարևորագույն փաստագրություններից մեկը, որ փորագրված էր Վանի ժայռի արևմտյան հատվածում և որը, արդյունքում, 20-րդ դարի սկզբին (Առաջին համաշխարհային պատերազմի կռիվների ժամանակ) մեծապես վնասվել է թնդանոթային արկերից։

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Շուլցի պատճենած արձանագրություններն ասորերեն չեն, նոր ենթադրություն ծագեց, թե դրանք գրված են հայերենով[3]։ Այդ ենթադրությունը ևս հաջողություն չունեցավ, և 19-րդ դարի վերջին պատմական գիտության մեջ ամրապնդվեց այն գաղափարը, որ Տուշպան մինչ այդ անհայտ ուրարտական քաղաքակրթությանը պատկանող քաղաք է։ 19-րդ դարի վերջին Տուշպայում պեղումներ իրականացրին Բրիտանիայի թանգարանի և Գերմանիայի արշավախմբերը։ Այդ գիտարշավների ընթացքում հայտնաբերված արժեքավոր նյութերը հարստացրին բրիտանական և բեռլինյան թանգարանները, աշխատանքների արդյունքում հրատարակվեց Լեման-Հաուպտի բազմահատոր աշխատությունը[4]։

1915-1916 թվականներին, երբ Վանը գրավված էր Ռուսական կայսրության զորքերի կողմից, Տուշպայում պեղումներն իրականացնում էր Ռուսական հնագիտական միության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու և Ն. Յա. Մառի գլխավորությամբ։ Այդ արշավախմբին բախտ վիճակվեց պեղել Սարդուրի 2-րդի տարեգրությունը՝ Վանի թագավորության ուսումնասիրության համար ևս մեկ կարևոր փաստագրություն՝ թաղված Վանի ժայռի հյուսիսարևելյան լանջի խորշերում[5]։

Ռուսական հնագիտական ընկերության կատարած պեղումները 1916 թվականին Վանի ժայռի վրա
Նիկոլայ Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ
 
 
 
Վանի ժայռի հյուսիսարևելյան լանջի պեղումները
Ռուսական կայսրության բանակի մասնակցությամբ
Սարդուրիի արձանագրությունը Սարդուրիի արձանագրության շրջման աշխատանքները

Ռուսական հնագիտական միության արշավախմբից հետո Տուշպայում լայնամասշտաբ պեղումներ այլևս չեն իրականացվել։ Ոչ մեծ հետախուզական աշխատանքներ իրականացվել են անգլիական արշավախմբի կողմից 1948 թվականին։ Այդ ընթացքում Տուշպա քաղաքը մեծապես տուժել էր պարբերական անլեգալ պեղումներից[6]։

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ մայրաքաղաքը Տուշպայից Ռուսախինիլի տեղափոխել է Ռուսա 1-ինը, որը, ինչպես ենթադրվում էր, պայմանավորված է եղել մ. թ. ա. 735 թվականին Սարդուր 2-րդի դեմ Թիգլաթպալասար 3-րդի արշավանքի ժամանակ Ասորեստանի բանակի կողմից մայրաքաղաքի ավերումով։ Սակայն, այն բանից հետո, երբ իրականացվեցին այժմ Արևմտյան Ադրբեջանի տարածքում գտնվող ուրարտական ամրոցների պեղումները և հայտնաբերվեցին ուրարտական նոր սեպագիր արձանագրություններ, պարզ դարձավ, որ մայրաքաղաքի տեղափոխումը տեղի է ունեցել ավելի ուշ, և այն իրականացրել է Ռուսա 2-րդը[7]։

Պատմություն

խմբագրել

Հիմնադրման շրջան

խմբագրել

Տուշպայի՝ Ուրարտուի կենտրոններից մեկը դառնալու մասին առաջին վկայությունները վերաբերում են Սարդուրի I արքայի տիրապետության տարիներին, այսինքն՝ ուրարտական արքայատոհմի ձևավորման ժամանակներին[8]։ Սարդուրի I-ի արձանագրություններով քարեր են հայտնաբերվել Վանա ժայռի արևմտյան ստորոտին։ Ուրարտուն՝ որպես պետություն, ձևավորվել է հարևան Ասորեստանի հետ մշտական հակամարտությունների պայմաններում և մինչ Սարդուրի I-ի ու նրա որդու՝ Իշպուինիի տիրապետության տարիները ուրարտական բանակը բավական ուժեղ չէր, որ դիմադրեր Ասորեստանի ներխուժումներին դեպի երկրի կենտրոնական տարածքներ. Վանա լճի շուրջը գտնվող ուրարտական բերդերից շատերն ասորեստանցիների կողմից ավերվել էին նախորդ տարիների ընթացքում։ Սակայն ավելի որակյալ երկաթե գործիքների միջոցով ուրարտացիները հետզհետե կատարելագործում են պաշտպանական շինություններ կառուցելու իրենց տեխնոլոգիան, Հայկական լեռնաշխարհում կառուցում են մի շարք բերդեր՝ դրանով իսկ կանխարգելելով ասորեստանցիների անարգել մուտքը դեպի կենտրոնական Ուրարտու։ Դրանից հետո ուրարտական արքաները հնարավորություն ստացան զարգացնել գյուղատնտեսությունը և զբաղվել երկրի բարենորոգումներով։

Ուրարտական պետության կենտրոնի տեղի ընտրության պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. նախ, Վանա լճի ափը հարմար էր նրանով, որ լիճը զգալիորեն մեղմացնում էր Հայկական լեռնաշխարհի խիստ ձմեռային կլիման. այնտեղ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչ −40 °C[9], երկրորդ՝ լճափի ժայռը ծառայում է որպես բնական ամրություն, և երրորդ՝ հավանաբար Վանա ժայռի հետ էր կապված Շիվին աստծո պաշտամունքը, որի պաշտամունքային կենտրոնն էլ, ըստ ենթադրության, եղել է Տուշպան[10]։

Ծաղկման շրջան

խմբագրել

Իշպուինի արքայի օրոք Տուշպան դարձավ Ուրարտուի մայրաքաղաքը։ Այդ պահից ի վեր ուրարտական արքաները, իրենց տիտղոսը նշելիս, իրենց անվանում են «Հզոր արքա, Բիայնիլի երկրի արքա, Տուշպա քաղաքի արքա»։ Տուշպան ինտենսիվ վերակառուցվում է Իշպուինիի և նրա որդի Մենուայի օրոք։ Իշպուինիի նախաձեռնած կրոնական բարեփոխումը նպաստել է Վանի ժայռերի վրա ուրարտական աստվածների տաճարների կառուցմանը, այդ թվում` ուրարտական գլխավոր աստված Խալդիի տաճարի։ Տեղի է ունենում Վանի ժայռի կառուցապատումը․ ներսում փորվում են տարածքներ, որոնք հավանաբար օգտագործվել են որպես արքայական պալատներ։ Կառուցվել են ժայռի տարբեր հատվածներ իրար կապող աստիճաններ։ Լեռան այն մասերը, ուր կարելի է բարձրանալ՝ կառուցվել են բարձր պարիսպներ և դիմային դարպասներ։ Վանի ժայռերում կառուցումը մի քանի մակարդակներով էր. արտաքին պատերը և ժայռում տեղակայված տարածությունները նկարազարդված էին վառ՝ երկնագույն և կարմիր գույներով։ Հայ պատմիչ Մովսես Խորենացին հիշատակում է երեք հարկանի շքեղ շինությունները, որոնք կառուցվել են ուրարտացիների կողմից` Մենուա արքայի օրոք։

Բացի այդ, Տուշպա քաղաքը ոռոգելու համար Մենուան կառուցել է յոթանասուն կիլոմետրանոց ջրանցք[11] (Վանա լիճը շատ աղի էր և ոռոգելու համար ոչ պիտանի)։ Դա մի վիթխարի կառույց է, որի պատերի բարձրությունը տեղ-տեղ հասնում է մինչև 15 մետրի։ Ջրանցքը ներառում է նաև Խոշաբ գետի վրայով անցնող կախովի կամուրջը։ Ջրանցքն անդադար գործում է 2500 տարի՝ ժամանակակից Վան քաղաքը մատակարարելով թարմ ջրով։ 1950 թվականին է տեղի ունեցել ջրանցքի միակ վերակառուցումը, երբ առանձին պատերին ամրացվել են երկաթբետոնե կառուցվածքներ։ Ջրամատակարարումը կախված է տարվա եղանակից՝ 2-5 մ³ վայրկյանում։ Գիտնականները կարծում են, որ ինժեներա-տեխնիկական առանձնահատկություններով այն չի զիջում ժամանակակից հիդրոտեխնիկական կառույցներին[12]։

Ուրարտուի անկումից մի քանի հարյուրամյակ անց ջրանցքի և այլ շինությունների կառուցումը վերագրվում է լեգենդար Սեմերամիսին (Շամիրամ), իսկ Մենուայի անունը մոռացվում է։ Պատմաբանները կարծում են, թե առասպելն առաջացել է նրանից, որ Շամիրամը կառավարել է Մենուայի հետ նույն ժամանակներում և իր համբավի շնորհիվ «Մենուայի ջրանցքը» անվանափոխվեց «Շամիրամի ժամանակների ջրանցք», իսկ հետո՝ ուղղակի «Շամիրամի ջրանցք», թեև ջրանցքի իրական կառուցողը Մենուան է եղել[13]։

Հաջորդ արքաների՝ Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի ժամանակ Ուրարտուն հասնում է իր հզորացման գագաթնակետին․ Տուշպայից ղեկավարվող տարածքը կտրուկ ընդարձակվում է և այդ արքաներն արդեն հիմնականում մտահոգված էին երկրի այլ հատվածներում տնտեսության և պետական շինարարության զարգացման հարցերով[14]։ Վանի ժայռի երկու հակադիր կողմերում Արգիշտի I-ը և Սարդուրի II-ը փորագրել են տվել իրենց տարեգրությունը, որոնք մեզ հասած երկու ամենախոշոր ուրարտական սեպագիր արձանագրություններն են։

Մենուայի ջրանցք (Շամիրամի ջրանցք)
XIX դարի եվրոպացի հնէաբանների արած գծանկարը
 
քարերից մեկի վրայի սեպագրի թարգմանություն: Խալդ աստծո մեծությամբ Իշպուինիի որդի Մենուան անցկացրեց ջրանցքը. «Մենուայի ջրանցք» է անունը. Խալդ աստծո հզորությամբ Մենուան, հզոր արքան, մեծ արքան, արքան Բիաինիլի երկրի, արքան Տուշպա քաղաքի.
Մենուան ասում է․ «Ով կոչնչացնի այս արձանագրությունը, ով կկոտրի այն, ով ինչ-որ մեկին կստիպի անել այդ բաները, ով կասի․ Ես եմ անցկացրել այս ջրանցքը՝ թող նրան ոչնչացնեն Խալդը, Թեյշեբան, Շիվինին և արևի տակի նրա բոլոր աստվածները[15]։

Սարդուրի II-ի պարտություն

խմբագրել

Սարդուրի II-ի կառավարման վերջին տարիներին Ասորեստանի և Ուրարտուի միջև ուժերի հարաբերակցությունը նորից փոխվեց։ Մ․թ․ա․ 735 թ․ Եփրատի արևմտյան ափին վճռորոշ ճակատամարտ տեղի ունեցավ ասորեստանյան և ուրարտական բանակների միջև։ Ասորեստանցիները ջախջախեցին ուրարտական բանակը և գրավեցին մեծ թվով գերիներ և ռազմավար։ Սարդուրի II-ը, ով կառավարում էր ուրարտական բանակը, փախավ ռազմադաշտից դեպի Տուշպա, իսկ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III-ը, ով գլխավորում էր ասորեստանյան զորքը, շարունակեց իր ռազմական արշավանքները դեպի Ուրարտուի խորքերը։ Ասորեստանյան արձանագրությունը հայտնում է․

  Ուրարտացի Սարդուրիին ես կողպեցի Տուրուշպայում՝ իր գլխավոր քաղաքում, քաղաքի դարպասների առջև ես մեծ կոտորած արեցի, քաղաքի դիմաց իմ հզորության պատկերանքը բարձրացրի։ Ընդարձակ Ուրարտու երկրով՝ վերևից ներքև ես անցա 60 չափ ճանապարհ և չհանդիպեցի հակառակորդի։  

Տուշպան մ․թ․ա 735—675 թթ.

խմբագրել

Ռուսա֊ի և Արգիշտի II֊ի կառավարման ժամանակաշրջանում Տուշպան շարունակում էր մնալ Վանի թագավորության անառիկ մայրաքաղաքը։ Սարդուրի II-ի պարտությունից հետո Ուրարտուի և Ասորեստանի միջև ընթացող մարտերը շարունակում էր ընթանալ Ասորեստանի օգտին։ Մ․թ․ա․ 714 թ․ ասորեստանի արքա Սարգոն II֊ը խոշոր պարտության մատնեց Ռուսա I-ին, գրավելով հարավային Ուրարտուի Ուլխու և Մուծածիր քաղաքները. Ուլխուի մոտ ջախջախելով ուրարտական բանակին, Սարգոն II-ը հնարավորություն ստացավ առաջանալու երկրի խորքը՝ Վանա լիճը, բայց անգամ նա չվճռեց մոտենալ Տուշպային՝ հաշվի առնելով ուրարտական մայրաքաղաքի ամրությունների վերաբերյալ ստացած տեղեկությունները։

Հաջորդ արքա Արգիշտի II-ը, խուսափում էր Ասորեստանի հետ հակամարտությունից և իր նվաճողական արշավանքների ուղղությունը հարավից և հարավ-արևելքից տեղափոխեց դեպի արևելք, որպեսզի խուսափի Ասորեստանի հետ շահերի բախումից։ Արգիշտի II-ը շարժվեց ավելի արևելք, քան ուրարտական ցանկացած արքա՝ դրանով բարձրացնելով ուրարտական մայրաքաղաքի և զենքի համբավն թագավորությունից արևելք[7]։

Մայրաքաղաքի տեղափոխումը Ռուսախինիլի

խմբագրել

Մ․թ․ա․ 685 թ․ Ուրարտուի գահը անցավ Ռուսա II-ին, ով սկսեց մեծ ուշադրություն դարձնել քաղաքաշինությանը ողջ թագավորությունում։ Ռուսա II-ի թագավորության տարներին կառուցվեցին 10 նոր ուրարտական քաղաքներ, այդ թվում՝ Թեյշեբաինի քաղաքը։ Ռուսա II-ի կառավարման ժամանակ Վանի ժայռն ամբողջովին վերակառուցվել էր, այնտեղ նոր կառուցապատումներ տեղի չէին ունեցել Ռուսա I-ի ժամանակներից[16], և Ռուսա II-ը որոշում կայացրեց մայրաքաղաքը Տուշպայից տեղափոխել նոր հիմնադրած Ռուսախինիլի ամրոց[7], Տուշպայից մի քանի կիլմոմետր արևելք։ Մայրաքաղաքը Տուշպայից Ռուսախինիլի տեղափոխումից հետո, Տուշպան շարունակում էր մնալ ամրոց և քաղաքային բնակավայր, սակայն առանց անցյալ հզորության։

Հետուրարտական ժամանակ

խմբագրել

Վանի ժայռի բերդը հնարավոր է, մ.թ.ա. VI դարում զավթվել և ավերվել է Մեդիսների կողմից։ Հետագայում Ուրարտուի դեզինտերգրացիայից հետո, Վանի ժայռը հավանաբար օգտագործվում էր Աքեմենյանների կողմից (Վանի ժայռի հարավային կողմում պահպանվել է Քսերքսես I-ի սեպագիր արձանագրությունը), իսկ հետագայում հայերի և Օսմանյան կայսրության կողմից ժայռը ակտիվորեն օգտագործվել է որպես ամրոց։ Այդ ժամանակ ժայռում կառուցվել են պարիսպ զինվորների համար, մզկիթ, դպրոց և զորանոցներ, իսկ ստորին քարանձավներում արքայական դամբարանները օգտագործվում էին որպես բանտ։ Վերջին անգամ ամրոցը մասնակցել է մարտերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ լրջորեն վնասվել է թնդանոթի գնդակոծումից։ Ժայռի գագաթին պահպանվել են Օսմանյան կայսրության ժամանակների աղյուսների շարվածք, թեև այս ժամանակների կառույցերից շատերը փլվել են։ Ուրարտուի անկումից հետո «Տուշպա» բառը պահպանվել է Վանա լճի և հենց Տոսպ լճի հարակից հայկական մարզի անվանման մեջ (ռուս.՝ Тосп, озеро Тосп), «Տոպիտիկը» հունական հաղորդություններում (հին հունարեն՝ Θωπι̂τιν որոշ անտիկ հեղինակներ, այդ թվում Ստրաբոնը[17]), իսկ հետո մոռացվեց մինչ XIX դարի վերջից մինչ XX դարի սկզբը չէր հաջողվում կարդալ ասորական և ուրարտական արձանագրությունները։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. - Москва։ Издательство Восточной литературы, 1959. - 286 с. - 3500 экз.
  • Марр Н. Я., Орбели И. А. Археологическая экспедиция 1916 года в Ван. - Петроград, 1922.
  • Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. - Москва։ Издательство АН СССР, 1960.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Мовсес Хоренаци История Армении = ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ / Саркисян Г.Х.. — Ереван: Айастан, 1990. — 291 с. — ISBN 5-540-01084-1
  2. Schulz F.E. Mémoire sur le lac de Van et ses environs // Journal Asiatique. —Paris, 1840. — В. IX.
  3. Mordtmann A. D. Über die Keilinschriften von Armenien // Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. —Leipzig, 1877. — В. XXXI.
  4. Lehmann-Haupt C.F. Armenien, einst und jetzt. — Berlin: B. Behr, 1910—1931.
  5. Марр Н. Я., Орбели И. А. Археологическая экспедиция 1916 года в Ван. — Петроград, 1922.
  6. Oktay Belli Van, The Capital of Urartu, Eastern Anatolia. — Istambul: Net Yaginlar A.Ş., 1989. — С. 51. — ISBN 975-479-093-0
  7. 7,0 7,1 7,2 Zimansky P. An Urartian Ozymandias // The Biblical Archaeologist. — The American Schools of Oriental Research, 1995. — Т. 58. — № 2. — С. 94—100.
  8. Пиотровский: Ванское царство
  9. Пиотровский: Ванское царство, 132
  10. Меликишвили: Наири-Урарту
  11. Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту) / Орбели И. А. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — С. 138. — 286 с. — 3500 экз
  12. Gunther Garbrecht. The Water Supply System at Tuspa (Urartu) // World Archaeology. — 1980. — Т. 11, № 3.
  13. Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту) / Орбели И. А. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.
  14. Пиотровский Б. Б., Ванское царство (Урарту) / Орбели И. А., — Москва: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.
  15. Перевод Г. А. Меликишвили из книги: Կաղապար:Книга:Меликишвили: Урартские клинообразные надписи
  16. Կաղապար:Книга:Пиотровский: Ванское царство
  17. Ստրաբոն. Աշխարհագրություն XI 14, 8; XVI 1, 21; Կաղապար:Գիրք։ Պիոտրովսկու։ Վանի թագավորություն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուշպա» հոդվածին։