Ծար (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծար (այլ կիրառումներ)
Ծար՝ բնակավայր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի տարածք[8]։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ծար | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Այլ անվանումներ | Զար | |
Բնակչություն | 52 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Անուն Խմբագրել
Հայտնի է, առավել հին հիշատակություններում բնակավայրը կոչվել է Ծար[9]։ 1600-ից 1812 թվականներին այն ունեցել է Մեծ Ծառ անունը[9]։ Տարածքում թուրք-քրդական բնակչության հայտնվելուց հետո՝ 1812 թվականից բնակավայրը սկսել է կոչվել Զառ[9]։ 1993 թվականին բնակավայրի ազատագրումից հետո Արցախի Հանրապետության կողմից գյուղը պաշտոնապես անվանակոչվել է Ծար։
Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը բարձր լեռնային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Ծար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։
Գտնվում է Տրտու գետի ակունքի մոտ, ընդարձակ լեռնահովտում, ծովի մակերեսից 2100 մ բարձրության վրա։ Քարվաճառից՝ 20 կմ հարավ-արևելք է, Ջերմաջուր առողջարանային ավանից՝ 5 կմ հյուսիս։ Չորս կողմից շրջապատված է բարձր ձյունապատ լեռներով և վիմահերձ ժայռերով։ Ջրառատ է, ունի բերրի վարելահողեր և արոտավայրեր։
Բնակչությունը խմելու ջուրն օգտագործում է գյուղամիջով անցնող առվակից։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն Խմբագրել
Հին դարեր Խմբագրել
Հիշատակված է վաղ միջնադարյան աղբյուրներում։ Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ XIII դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։
XV դարում Ծարը համանուն մելիքության կենտրոնն էր։ XVI-XVII դդ ամրացվել է պարիսպներով և պաշտպանական այլ շինություններով, որոնք եկեղեցիների ու վանքերի, բազմաթիվ խաչքարերի ու իշխանական դղյակների հետ ընդհանուր տեսք են տվել բերդաքաղաքին։
Ռուսական կայսրության ժամանակաշրջան Խմբագրել
XIX դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։
Գյուղը Զար անունով ընդգրկված է եղել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ[10]։
Հայ-ադրբեջանական հակամարտություն Խմբագրել
1921 թ․ Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։
Արցախյան ազատամարտ (1991-1994) Խմբագրել
1993 թ.-ի սկզբին ազատագրվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) Խմբագրել
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Ծարը Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի հետ միասին հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[11][4][5][6][7]։
Եռակողմ համաձայնագի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել Քարվաճառը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[12]։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (1274 թ.), Սուրբ Աստվածածին եկեղեցի (XVII դ.), Սուրբ Սարգիս եկեղեցի (1279 թ.), մատուռ (XII-XIII դդ.), խաչքար (XII-XVII դդ.), տապանաքարեր (միջնադար), ամրոց (XII-XIII դդ.), կամուրջ (XIII դ.):
Բնակչություն Խմբագրել
Վերաբնակեցվել է 1993 թվականի ազատագրումից հետո։ 2005 թվականին ուներ 52 բնակիչ[13]։
2015 թվականին Ծար համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 83 մարդ, կար 14 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[14].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 62 | 50 | 58 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Կրթություն Խմբագրել
Գյուղի միջնակարգ դպրոցը կոչված է Մատթեոս Ծարեցու անվամբ։
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, կար բուժաշխատող, գործում էր հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 6 աշակերտներ[15]։
Վերին Խաչենի (Ծարի) իշխանները Խմբագրել
(Դոփի իշխանուհին նշանավոր դեր է խաղում Վերին-Խաչենում և նրա մահից հետո այստեղի տոհմը կոչվում է Դոփյան)
Նշանավոր Ծարեցիներ Խմբագրել
- Դավիթ Մոլորեցուցիչ, հանդես է եկել 1250 թ,
- Հովհաննես Ծարեցի ավագ (1583), հայ հեղինակավոր վարդապետ, կառուցել է Հաղպատի ժամատունը։
- Հովհաննես Ծարեցի կրտսեր (1623), ժամանակագիր,
- Մատթեոս Ծարեցի (մոտ 1590-1661), Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիր։
Եկեղեցիներ և վանքեր Խմբագրել
- Ծարա վանք կամ Գետամիջի վանք, կառ. 1301 թ,
- Սուրբ Գրիգոր մայր տաճարի, կառ. 1274 թ,
- Սուրբ Սարգիս եկեղեցի (1274 թ․),
- Սուրբ Սարգիս եկեղեցի (1279 թ․),
- Սուրբ Աստվածածին եկեղեցի։
Արձանագրություններ Խմբագրել
Հնավայրի բազմաթիվ խաչքարերի, տապանաքարերի, ինչպես նաև եկեղեցիների վրա եղել են բազմաթիվ արձանագրություններ։ Դրանց մի մասը XIX վերջին ընդօրինակել է Մակար Բարխուդարյանը։
Թվիս Հայոց ՉԼԸ. Աստուծով ես Գրիգոր, որդի Հասանայ, քաջ և յաղթող զաւրավարին և մեծի իշխանին Ականոյ, Հանդաբերդոյ, Սոթից, Շողգահո և այլ բազում գաւառաց, կանգնեցի զխաչս ի գեղս, որ կոչի Ծար սիրեցելոյն հաւրն իմոյ հայրենիք և պարգև քաջութեան[16]։ - Գրիգոր Բ-ի արձանագրությունը։
|
-
Ծար գյուղի տարածքը ցույց տվող ճանապարհային նշան
-
Արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիր (ներկայում գոյություն չունի)
-
Բնակավայրի հարակից տարածքի տեսարան
-
Հայկական եկեղեցու քարերով 1950 թվականին ադրբեջանական իշխանությունների կողմից կառուցված դպրոցի կիսավեր շենքը
-
Հայկական կոտրված խաչքարի բեկորներ
-
Հայկական եկեղեցու ավերակներ
-
Սուրբ Սարգիս հայկական մատուռի պատուհաններից մեկի զարդանախշը
Արտաքին հղումներ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան։
- Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 258-261։
- Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1985, էջ 46-47։
- Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, գլուխ ԽԸ։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 14
- ↑ 4,0 4,1 4,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 6,0 6,1 6,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 7,0 7,1 7,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Archived 2019-07-02 at the Wayback Machine.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 712
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները՝ թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․)։
- ↑ «Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ մարդահամարի արդյունքներ։»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-02-ին։ Վերցված է 2008-07-28
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 290
- ↑ Մակար Բարխուդարյան, Արցախ, էջ 259։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծար (գյուղ) կատեգորիայում։ |