Ռուսա Ա (ծ. թ. անհայտ մ.թ.ա. մոտ 765 - մ.թ.ա. 714), Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. մոտ 735-ից։ Սարդուրի Բ-ի որդին և հաջորդը։

Ռուսա Ա
Ծնվել է՝մ.թ.ա. 8-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 714 ինքնասպանություն
ԵրկիրՎանի թագավորություն
միապետ
ՀայրՍարդուրի Բ
ԵրեխաներՄելարտուա, Արգիշտի Բ

Մ․թ․ա․743 թվականին Արպադում, Քիշտանում ու Խալպուում Թիգլաթպալասար Գ-ի կողմից Տուշպայի պաշարումը և Սարդուրի Բ-ի կրած պարտությունը թուլացրեց ուրարտական պետությանը և տարածաշրջանում գերիշխեց Ասորեստանյան պետությունը։ Մ․թ․ա․735 թվականին Ասորեստանի ձեռնարկած հաջորդ արշավանքից հետո Սարդուրի Բ-ի քաղաքական վիճակը ավելի վատացավ։ Մ․թ․ա․735 թվականին մահացավ Սարդուրի Բ-ն և գահը անցավ նրա որդի Ռուսա Ա-ին[1]։

Կառավարման սկզբնական շրջանում Ռուսա Ա-ն զբաղվում է երկրի ներքին կյանքին վերաբերող հարցերով։ Նա ցանկանում էր ուժեղացնել թագավորական իշխանությունը և այդ նպատակով փոխարքայությունները մասնատում է։ Շուտով նաև սահմանափակում է նրանց իրավունքները և հասցնում նվազագույնի։

Ռուսա Ա-ն հանձն է առնում երկրի մայրաքաղաքը Տուշպայից Ռուսախինիլի տեղափոխելուն։ Մայրաքաղաքի տեղափոխման հիմնական պատճառը Թիգլաթպալասարի կողմից Տուշպային պատճառած ավերածություններն էին։

Ռուսա Ա-ն ցանկանում էր փոփոխություններ կատարել նաև արտաքին քաղաքականության մեջ։ Դեռ մ․թ․ա․8-րդ դարի 30-20-ական թվականներին տարածաշրջանում գերիշխող էր Թիգլաթպալասար Գ-ը, իսկ Ռուսա Ա-ին ոչինչ չէր մնում․ սպասել և խելամտորեն գործել իր համար բարենպաստ ժամանակ։ Դա նշանակում էր, որ Ռուսա Ա-ի ձեռքերը կապված էին երկրի հարավային հատվածներում, սակայն հյուսիս ծավալվելու համար ոչինչ կանգնած չէր նրա ճանապարհին[1]։

Սեպագիր արձանագրություն

Ռուսա Ա-ն ընդարձակում է պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։ Սևանա լճի շրջանում Ռուսա Ա-ն ցանկանում էր վերականգնել նախկին դիրքերը և նաև գրավել ուրիշ տարածքներ։ Նրան հաջողվում է հնազանդեցնել Սևանա լճի արևմտյան և հարավային ավազանում գտնվող երկրներին, որոնք դեռ Սարդուրի Բ-ի ժամանակ ենթարկվում էին թագավորությանը և տարածվել նաև «լճից այն կողմ», որը նշանակում էր իր տարածքին միացնել լճի արևելյան ափերի լեռնային 19 երկրներին[1]։

Երկրի հարավում կրած անհաջողությունները Ռուսա Ա-ն փորձում էր մեղմացնել հյուսիսում նոր տարածքներ գրավելով, պաշտպանական ամրություններ կառուցելով և հարկահանություններ իրականացնելով։ Նրա կառուցած պաշտպանական ամրոցների մնացորդները հայտնաբերվել են Սևանա լճի արևմտյան և հարավային հատվածներում։  

Ներքին դրությունը վերականգնելուց և հյուսիսային հատվածում նվաճումներ կատարելուց հետո Ռուսա Ա-ն հետաքրքրություն էր ցուցաբերում հարավ-արևելյան հատվածների նկատմամբ, հատկապես՝ Արդինի-Մուսասիրի։

Մ․թ․ա․ 727 թվականին Ասորեստանում գահը անցավ Սալմանասար Ե-ին, ում հիմնական խնդիրը երկրի ներքին գործերն էր և հատկապես Բաբելոնի խնդիրը։ Ծանր էր Ասորեստանի համար տվյալ ժամանակահատվածում և բազմաթիվ ապստամբություններից հետո Սալմանասար Ե-ի դեմ դավադրություն կազմակերպվեց և մ․թ․ա․ 722 թվականին նրան սպանեցին, իսկ գահը անցավ Սարգոն Բ-ին։

Ասորեստանում տիրող խառնակ իրավիճակից օգտվելով՝ Ռուսա Ա-ն կարողանում է ռազմական հաջողությունների հասնել երկրի հարավում։ Այդ հաջողությունների մասին են վկայում Թոփուզավայի ասսուրա-ուրարտական երկլեզվյան արձանագրությունները։ Ըստ այդ աղբյուրի Ռուսա Ա-ն պահպանում է իր դիրքերը երկրի հարավում և Արդինի-Մուսասիրում։ Այստեղ նա կառուցում է պաշտամունքային բնույթի կառույցներ, իր բանակը համալրում է Մուսասիրի թագավոր Ուրզանայի մարտակառքերով ու զորքերով։ Դրանից հետո նա շարժվում է «Ասորեստանի լեռները», մեծ կորուստներ պատճառում հակառակորդին և իր հաղթանակի պատվին Մուսասիրում տոնախմբություն կազմակերպում և զոհեր մատուցում[1]։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է Սարգոնի գահակալությունից հետո։ Մինչև հիմնական արշավանքի սկիզբը Սարգոնը հետախույզների միջոցով փորձում է հասկանալ Ուրարտուի ներքին իրավիճակը։ Հենց այս շրջանի հետախուզական նամակներից տեղեկանում ենք Վանի թագավորության և կիմմերների միջև տեղի ունեցած ռազմական բախման մասին։ Ըստ այդ հաղորդումների Ուրարտական թագավորությանը ենթակա էին Վանա լճից հարավ ընկած Խուբուշկիան և Արդինի-Մուսասիրը։

Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են Փռյուգիայի, Կապադովկիայի, Կիլիկիայի, Մելիդի քաղաքական միավորումները, Մանայի թագավորությունը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր Սարգոն II-ին։ Իրադրությունը փոխվել է, երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն կիմերներից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն Մուսասիրի տաճարի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը՝ Արգիշտի Բ-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը[2]։

Ռուսա Ա-ի արձանագրությունը։ Ռուսա Ա-ին վերաբերվող այդ սեպագիր արձանագրությունը թվագրվում է մ․թ․ա․ 735-714 թվականներով։ Արձանագրությունը գտնվում է Թեյշեբաինի կամ Օձաբերդ հնավայրի հյուսիսային կողմում։ Արձանագրության բարձրությունը 1 մետր է, լայնությունը՝ 1,5 մետր[3]։ Այս արձանագրության շնորհիվ իմանում ենք, որ նա գրավել է այստեղ գտնվող մի ամրոց, վերակառուցել է այն և անվանել է «Թեյշեբա աստծո քաղաք»[4]։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայ ժողովրդի պատմություն, Հատոր 1. Երևան: ԳԱ հրատ․. 1971. էջ 319.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 370-371.
  3. «Ռուսա Առաջինի սեպագիրը». Հայաստանի Հանրապետություն. 2023 թ․ հունվարի 12. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
  4. hushardzantest. «ԱՄՐՈՑ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ /ՕՁԱԲԵՐԴ /». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 34  
Նախորդող
Սարդուրի Բ
Ուրարտական արքա
Ռուսա Ա

մ.թ.ա. 735-714
Հաջորդող
Արգիշտի Բ