Բացել գլխավոր ցանկը

Վասակ Ա Սյունի

(Վերահղված է Վասակ Աից)

Վասակ Ա Սյունի կամ Վասակ Ա Սմբատյան (ծննդյան թվականն անհայտ - 1040), Սյունիքի թագավորության թագավոր 998 - 1040 թթ-ին։ Սյունիքի թագավորությունը Վասակ Ա-ի և նրա հաջորդի՝ Սմբատ Բ Սյունու օրոք հասավ իր հզորության գագաթնակետին։ Վասակ Ա-ի իշխանությունն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում. հիմնվեցին Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Կարապետի եկեղեցիները, Կապանում կատարվեցին խոշոր շինարարական աշխատանքներ և այլն։

Վասակ Ա Սյունի
Սյունիքի արքա
Իշխանություն998 - 1040
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝1040
Վահանավանք
ՀաջորդողՍմբատ Բ Սյունի
ՏոհմՍյունիներ
ՀայրՍմբատ Ա Սյունի
ԵրեխաներԿատրանիդե Բ

Բագրատունի Գագիկ Ա թագավորը 1003 թվականին Սյունիքի թագավորությունից գրավում և Անի-Շիրակի թագավորությանն է միացնում Վայոց ձորն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին Զանգեզուրի լեռների հարավային մասը, հարավում Արաքս գետը, արևելքում՝ Աղավնո (Հագարի) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական ու Հաբանդ գավառները՝ ամբողջությամբ, և Ծղուկք գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվել էր 998 թ. և ամփոփվել Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Ճանաչել է իրեն հայոց արքա Գագիկ Ա-ի վասալ, մասնակցել է վերջինիս 1003 թ-ի Փառիսոսյան արշավանքին։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989–1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։

Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դ. Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թթ.։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թ. շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր։

Մահից հետո գահը ժառանգում է նրա բարեկամը՝ Սմբատ Բ-ն։

ԳրականությունԽմբագրել

Նախորդող
Սմբատ Ա Սյունի 987 - 998
Սյունիքի արքա
Վասակ Ա Սյունի

998 - 1040
Հաջորդող
Սմբատ Բ Սյունի 1040-1051