Անանիա Ա Մոկացի (ծ. թ. անհայտ, գ. Փաս, Մոկք – մոտ 968), Ամենայն հայոց կաթողիկոս 946 թվականից առ 968 թվական, Հայ եկեղեցու նշանավոր գործիչ։ Կրթությունը ստացել է Աղթամարում, այնուհետև՝ Վարագա վանքում, ապա եղել Վարագավանքի առաջնորդ։ Կաթողիկոսը աչքի է ընկել իր եկեղեցանպաստ, ազգաշահ գործունեությամբ, որը նպաստել է Հայ եկեղեցու հինավուրց ավանդների հարատևմանը, նրա դիրքերի ամրապնդմանը, երկրի ներքաղաքական կացության կայունացմանը։ Կարողացել է զսպել Սյունյաց եպիսկոպոսների և Աղվանից կաթողիկոսի անջատողական նկրտումները, այդ նպատակով 949-ին կաթողիկոսական աթոռն Աղթամարի մեկուսացած կղզուց տեղափոխել է Անիի մոտ՝ Արգինա գյուղաքաղաք՝ սկիզբ դնելով վերջինիս վանքային համալիրի շինարարությանը։ Սյունիքի Ճահուկ գավառի Արդախ գյուղում գումարած ժողովում պաշտոնանկ է արել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին, որոնք սակայն տեղական իշխանների աջակցությամբ չեն ենթարկվել ժողովի որոշմանը։ 958 թվականին նորից ժամանել է Սյունիք և նրա եպիսկոպոս կարգել Ջիվանշիր իշխանի որդի Վահանին, ապա անցել է Աղվանք և ձեռնադրել նոր կաթողիկոս։

Անանիա Ա Մոկացի
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրՓեսավանք[1]
Մահացել է965[1]

Անանիա Ա Մոկացին պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ, որի դրսևորումներից մեկը 960-ական թթ. կաթողիկոսի հրապարակած օրենքն էր կրկնամկրտության մասին, որով սահմանվում էր վերստին մկրտել քաղկեդոնական ծեսով մկրտվածներին։ Նրա դեմ ապստամբել են Սյունիքի եպիսկոպոս Հակոբը և Աղվանից Սահակ կաթողիկոսը, սակայն նա կարողացել է ճնշել ապստամբությունը։

Անանիա Ա Մոկացու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ։ Կաթողիկոսի պատվերով իր երբեմնի ուսումնակից Անանիա Նարեկացին գրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» երկերը։

Հեղինակել է բազմաթիվ թղթեր, որոնցից պահպանվել են միայն չորսը, որտեղ տեղ են գտել ժամանակի ներեկեղեցական կյանքին, ինչպես նաև Հայաստանի, Աղվանքի ներքին հարաբերություններին առնչվող արժեքավոր վկայություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362  
Նախորդող՝
Եղիշե Ա Ռշտունի
Կաթողիկոս
946-968
Հաջորդող՝
Վահան Ա Սյունեցի