Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բղենո-Նորավանք

Բղենո Նորավանքը Սյունիքի միջնադարյան վանական համալիրներ, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից 3 կմ աե, Շուռնուխ տանող ճանապարհից ձախ, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև հրվանդանի վրա[1]։

Բղենո-Նորավանք
Բղենո-Նորավանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունիքի
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԳավիթ և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ1062 թ.
Հիմնադրված11-րդ դար
9.5 մետր
Երկարություն9.5 մետր
Լայնություն9.5 մետր
Գմբեթ0
Քարտեզ
Քարտեզ
 Bgheno-Noravank Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Այս վայրում, ըստ Ստեփանոս Օրբելյանի, X-XI դդ հիմնական կառուցումները երկու անգամ են կատարվել. առաջինը՝ ոմն Ստեփանոս քահանան 936 թվականին սպիտակավուն կրաքարից կառուցել է շենքերի մի խումբ՝ բաղկացած եկեղեցուց, սրահից, գավթից և ուրկանոցից (ըստ երևույթին պահպանված հուշարձանից հյուսիս ընկած, դեռևս չպեղված ավերակներն են)։ Երկրորդ խումբը, ըստ պատմագրի, կառուցվել է առաջինից «յետ սակաւուց» և, ըստ արձանագրության, ավարտվել 1062 թ։

Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել են բազմաթիվ հիվանդների։ Ստեփանոս եպիսկոպոսը 970 թվականին վախճանվել է և թաղվել եկեղեցու մոտ։ Բղենո Նորավանքում է 989 թվականին արտագրվել և նկարազարդվել այսպես կոչված «Էջմիածնի ավետարանը»։ Սպիտակ կրաքարով կառուցված եկեղեցին XI դարում արդեն խարխլված էր, և 1062 թվականին Սյունյաց Գրիգոր Ա Աշոտյան թագավորի հրամանով Գևորգ ու Հովհաննես քահանաները սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն, որից հետո եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է դարձել իր հորինվածքով և հարդարանքով։ Բղենո Նորավանքը մեզ է հասել բազմիցս ձևափոխված և կիսավեր։ Կապտավուն բազալտից եկեղեցին՝ 3.04մx5.1մx5.5մ ներքին առանցքային չափերով, մեծ լուսամուտ և չորս խորշ ունեցող աբսիդով, հյուսիսային և հարավային պատերին կամարակապ զույգ մեծ բացվածքներով, պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, որին հյուսիսից, արևմուտքից, հարավից հետագայոււմ կցվել են «սրահակներ» ու երկու ուղղանկյուն սենյակներ և բոլորը ամփոփվել ընդհանուր երկլանջ կղմինդրյա տանիքի տակ։ Արևմտյան ճակատի կոմպոզիցիոն կենտրոնը քանդակազարդ շքամուտքն է։ Յուրօրինակ են գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները։ Հայկական արվեստում բացառիկ են եկեղեցու պատերը ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա արված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ։ Պահպանված ութ քարե տախտակներից երկուսն են իրենց տեղում՝ «Ավետումն» ու «Համբարձումը», մնացածը վայր են ընկած։ Ախթամարից հետո Բղենո Նորավանքը այդքան հարուստ ավարտուն սյուժետային պատկերաքանդակներով Հայաստանում եզակի հուշարձաններից է։ Այս կառույցը հայ ճարտարապետության մեջ արտակարգ տեղ է գրավում ոչ միայն հատակագծային հորինվածքի յուրօրինակությամբ, այլև իր բարձրարվեստ քանդակներով, որոնք, սերտորեն կապված լինելով որմնանկարչության և մանրանկարչության Տաթևի դպրոցի արվեստին, հայկական քանդակագործության պատմության փայլուն նմուշներից են։

Ճարտարապետություն խմբագրել

Այս հուշարձանի հիմանկան առանձնահատկությունը, որով տարբերվում է կրոնական տիպի մյուս շենքերից, նրա կառուցվածքի բնույթն է։ Առհասարակ, հայկական եկեղեցիները կառուցված են այնպես, որ ներս մտնող հավատացյալն ըստ հնարավորության կտրվի դրսի աշխարհից, որպեսզի արտաքին աշխարհը նրան այլևս չզբաղեցնի և ուշադրությունը կենտրոնանա միայն կրոնական խոհերի և ծեսերի շուրջ։

Բղենո-Նորավանքը բոլորովին այլ մտահղացումով է կառուցված։ Այդ փոքրիկ շենքը, որի ներսի օգտագործվող տարածությունը միայն 10 մ2 է, ունի մի պատկառելի մեծությամբ մուտք արևմուտքից, 4 ելք դեպի երկու կողքի սրահները, մի միջին մեծության լուսամուտ աբսիդի ճակատին և մի փոքր լուսամուտ գլխավոր մուտքից վերև, որը բացվում է գավթի մեջ։ Բացառությամբ վերջինի, մնացած բոլոր անցքերն էլ տաճարի ներսի տարածությունը և նրա մեջ գտնվողներին կապում են արտաքին աշխարհի հետ։ Մասնավորապես ուշագրավ է արևեյյան լուսամուտի տեղադրությունը, որովհետև թե՛ ծիսակատարող կրոնավորը և թե՛ աղոթող հասարակությունը շարունակ իրենց աչքի առաջ պիտի ունենային դրսի գեղեցիկ բնությունը, շնորհիվ լուսամուտի արատասովոր ցածր դիրքի։ Նույն բնությունը պիտի երևար նրանց աջից և ձախից, բաց սրահների մեջ բացվող երկու զույգ անցքերից և արևմտյան մուտքից, գավթի լայն և բարձր կամարների միջից։ Մի խոսքով, դա միստիկ տրամադրություն ստեղծող մի փակ աղոթատուն չէ, այլ մի բաց, կարծես բնապաշտպանական տաճար, մի քարաշեն տաղավար։ Շենքի տաղավարի բնույթ կրելն ընդգրկված է թե՛ գավթի մուտքի և հյուսիսային պատերի, թե՛ տաճարի ներսի բուսական զարդաքանդակներով, որոնց մասին մանրամասն ասված է հուշարձանի մասերի նկարագրության մեջ։

Նկատի ունենալով տաճարի ներսի սահմանափակ տարածությունը, գալիս ենք այն եզրակացության, որ այդ շենքը սովորական տիպի եկեղեցի չի եղել մասսայական օգտագործման համար, ոչ էլ մեծ միաբանության համար, այլ կառուցվել է սահմանափակ թվով մարդկանց, ժամանակի հասարակության վերնախավի, իշխանական դասի, կամ թագավորական տան կրոնական պահանջները բավարարելու նպատակով։ Ճոխ, գեղեցիկ և հոյակապ, բայց փոքր մի շենք, որի վրա իր ժամանակին մեծ ծախսեր են արել և ճաշակով զարդարել։

Արտաքուստ երկարություն և լայնությունը 9.5 մետր է, իսկ բարձրությունը մոտ 6 մետր է։ Տնդհանուր գծով, հուշարձանը բաղկացած է չորս երկարավուն քառանկյուններից, որոնցից երեքը երկարությամբ տեղավորված են իրար կողքի, դասավորությամբ հյուսիսից հարավ։ Դրանցից կենտրոնականը, որն ավելի լայն է, բուն եկեղեցին է, իսկ կողքերին «խորանները», ավելի ճիշտ՝ սրահները։ Այդ երեք քառանկյունների երկարությունը արևմուտքից արևելք՝ արտաքուստ 6.5 մետր է, սիկ լայնությունը՝ հարավից հյուսիս հերթականությամբ 2.6-4.65-2.25 մետր, ըստ որում, միջին մասի, այսինքն եկեղեցու լայնությունը հաշված է արտաքին պատերից, իսկ սրահներինը՝ եկեղեցու արտաքին պատերից մինևչ սրահի համապատասխան արտաքին պատը։

Այդ երեք քառանկյունիների ճակատին, արևմուտքից, ընկած է չորրորդ քառանկյունին՝ գավիթը, 8.6x3 մետր չափերով, երկարությամբ հարավից հյուսիս։ Գավիթն էլ իր հերթին բաժանվում է երեք մասի, որոնցից կենտրոնական եկեղեցու դիմաց, իսկ թևերի փոքր մասերը՝ սրահների։ Գավիթն իր ընդերկայնական ճակատով ամբողջովին չի ծածկում եկեղեցու և սրահների արևմտյան ճակատները, որով երկու կողքերից դուրս են մնում հարավային և հյուսիսային սրահների դրսի անկյունները։ Դուրս մնացած մասերից հարավայինն ավելի լայն է, քան հյուսիսայինը։

Եկեղեցի խմբագրել

 
Բղենո-Նորավանքի եկեղեցու մուտքը

Արևմտյան ճակատը, որը բացվում է գավթի մեջ, պարզ է, առանց ավելորդ զարդաքանդակների և քանդակների խճողման։ Պատի ճակատին եղել են շինարարական արձանագրություններ։ Այդ պատի երկու անկյունները, գավթից դեպի սրահները տանող անցքերի կողմից, զարդարված են պարզ և ճաշակով փորված, վերից վար ջգվող ակոսներով, իսկ դրանց մեջտեղում, ճիշտ պատի անկյունում, կան երեք-քառորդով դուրս ընկած բարակ որմնասյուներ, որոնք զուտ զարդարանքի բնույթ ունեն։

Արևմտյան պատի կենտրոնում բացվում է եկեղեցու գլխավոր մուտքը, միջին չափի բացվածքով (2․05 մետր x 1․15 մետր)։ Դռան շրջանակը բաղկացած է հինգ կտոր խոշոր քարերից, կողքերից երկուական, իսկ վերնասյամը՝ մեկ կտորից։ Վերնասյամը և դռան կողքերի վերին քարերն իրար միացած են 45°-ի տակ շեղ կտրվածքով։ Մուտքն ունի լայն քանդակազարդ շրջանակ։ Քանդակները, մուտքի կողմից հաշված, դասավորված են՝ սկզբում երկու շարք խոշոր հատիկներ ունեցող ուլունքներ, իրարից բաժանված բարակ կիսագլանով, այնուհետև մի լայն շերտ, որի մեջ իրար հատող զույգ երկերիզ շերտերի հանգույցներն իրարից բաժանված եննույն չափի՝ իրար չնմանվող՝ ծաղկենակր քանդակներով։ Այնուհետև գալիս են երկու շարք մարգարտանման քանդակների շերտեր, իսկ դրանցից հետո՝ հակադիր ծալքեր ունեցող զույգ երկերիզ ժապավենների մի շերտ․ վերից և վարից եկող ժապավենների ծայրերը միացման տեղում իրար հատող զիգզագներ են կազմում։ Մուտքի քանդակազարդ գոտին վերջանում է մի ավելի հաստ կիսագլանի շրջանակով։

Մուտքի քանդակազարդ շրջանակը ցածում կորնթարդ դուրս է ընկնում՝ կազմելով այդ շրջանակի ոտքը, իսկ պատի ցածում նրա երկարությամբ ձգվում է գլանից, գոգավոր ակոսից և անկյունավոր կտրվածքներից բաղկացած մի բավական լայն գոտի։

Բուն եկեղեցիններսից, առանց աբսիդի մի քառակուսի թաղակապ փոքրիկ սրահ է, որի չափերն են՝ երկարությունը 3.4 մետր, իսկ լայնությունը 3.04 մետր։ Աբսիդի առանցքն է 1.7 մետր, որով եկեղեցին ամբողջ երկարությունը ներսից կազմում է 5.1 մետր։ Բարձրությունը՝ 5.5 մետր է։ Թաղը պայտաձև է և հենվում է մոտ 3.5 մետր բարձրությամբ՝ պատերի երկայնքով ձգվող՝ լայն թաղակալ գոտում(ինպոստի) վրա։ Այդ գոտին շարունակվում է նաև աբսիդի մեջ, կրելով նրա գոգավոր, երկկենտրոն աղեղներ ունեցող առաստաղը։ Եկեղեցու արևմտյան պատից 0.7 մետր հեռավորությամբ, հյուսիսային և հարավային պատերի մեջ, դեպի սրահներն են բացվում զույգ կամարակապ անցքեր, որոնք իրարից անջատված են 0.4 մետր լայնությամբ միջնորմով։ Այդ միջնորմների ճակատին, ներսից քանդակված են հատակից բարձրացող, իրար ոլորված նռան երկու թփեր, իրար հաջորդող պտուղների և տերևների քանդակներով։ Այդ զույգ անցքերի կամարները կիսաշրջանաձև են և ճակատներից, եկեղեցու ներսից և սրահների կողմից՝ ծածկված են բուսական, գեղեցիկ, իրարից տարբեր քանդակներով։ Միջնորմերի չորս անկյուններում կան երեք-քառորդով դուրս ընկած բարակ և կարճ որմնասյունիկներ։ Աբսիդի եզրերից բարձրանում են ավելի հաստ և ավելի երկար որմնասյուներ, որոնք կրում են աբսիդի ճակատի կամարը։ Աբսիդը կիսաշրջանաձև է՝ 1.25 մետր շառավիղով։ Այդ կիսաշրջանի ծայրերը, մոտ կես մետր տարածությամբ, երկու կողմից, իրար զուգահեռ, ձգվում են դեպի դուրս՝ խորություն տալով բեմին։ Աբսիդի արևելյան ճակատին, բեմի հատակից մոտ մի մետր բարձրությամբ, կամարակապ, ներսից 0.85 մետր բացվածքով և դեպի դուրս թեթևակի նեղացող, մեծ լուսամուտ է։ Լուսամուտի երկու կողմից, դեպի աբսիդի եզրերը, պատի մեջ տեղավորված են երկուական գոգավոր կամարակապ խորշեր։ Խորշերն իրարից և լուսամուտից բաժանվում են երեքական բարակ կիսասյուներով, որոնցից կենտրոնինը թեթևակի դեպի դուրս է դրված։ Խորշերի և լուսամուտի տակից, աբսիդի պատերին, հորիզոնական գծով, ձգվում է երկու շերտից բաղկացած մի գոտի. այդ շերտերից ցածինը հաստ կիսագլան է։

Եկեղեցու արևմտյան պատի մեջ, գլխավոր մուտքից վերև, կա ևս մի ավելի փոքր լուսամուտ, որը բացվում է գավթի մեջ, մոտավորապես 0.4 x 0.8 մետր բացվածքով։ Այդ բացվածքը դեպի ներս կողքերից լայնանում է։

Չնայած համեստ չափերին, տաճարը ներսից ընդարձակ, լայն և բարձր շենքի տպավորություն է թողնում, որտեղ առատ օդ և լույս կա։

Արտաքուստ արևելյան պատն ընդհանուր է եկեղեցու և սրահների համար, բացառությամբ երկու խոր, եռանկյուն խորշերի, որոնք տեղավորված են եկեղեցու ընդերկայնական պատերի ուղղությամբ, այլ զարդարանք չի ունեցել։

Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերը բացվում են դեպի սրահները։ Պատերի արևմտյան անկյունները ձևավորված են բարակ կիսասյուններով. դեպի եկեղեցի տանող երկու զույգ անցքերի կամարների ճակատները և անցքերի միջնորմի ճակատը զարդարված են բուսական քանդակներով։ Եկեղեցու չորս ճակատներն էլ ձևավորված են և գավիթն ու սրահները ներկայացնում են հուշարձանի այդ կենտրոնական մասի շրջանակը, որը հյուսիսից, արևմուտքից և հարավից օղակում են եկեղեցին։

Գավիթ խմբագրել

Եկեղեցու շքամուտքի հետ միասին ավելի ճոխ զարդարված մասն է։ Գավթի արևմտյան 8.61ժմետրանոց ճակատը բաժանված է երեք մասի, դրանից 2.57 մետրը կենտրոնում՝ մուտքի բացվածքն է կազմում, իսկ մնացած տարածությունը բաժանված է երկու մասի, յուրաքանչյուրը 3.2 մետր, աջ և ձախ ընկած թևերում։ Ֆոնը կազմում է արևմտյան պատը, որի որի ուղղանկյուն կտրվածքը 10 սմ-ի չափով երևում է պատի ծայրերում՝ մուտքի բացվածքի մեջ։ Այդ հարթ պատի վրա տեղավորված են 39 սմ լայնությամբ չորս տափակ կիսամույթեր, պատի ծայրերին և մուտքի երկու կողմերում։

Այդ կիսամույթերն էլ իրենց կենտրոնում ունեն դուրս ընկած՝ 19 սմ տրամագծով՝ գեղեցիկ, սլացիկ կիսասյուներ։ Երկու ավելի լայն տափակ կիսամույթեր տեղավորված են մուտքի աջ և ձախ կողմերում, պատի կտրվածքի ճակատներում, մոտ 70 սմ լայնությամբ, իրենց մակերեսի վրա կրելով շրջագծի մի-երրորդով կիսամույթին կպած, կլոր, 35 սմ տրամագիծ ունեցող սյուներ։ Մուտքի երկու կողմում ստացվում է մեկական հաստ սյուն և բարակ որմնասյուն, իսկ դրանց արանքում՝ երեքական ուղղանկյուն կտրվածք։ Սյուները, որմնասյուները և ուղղանկյուն կտրվածքները վերևից և ցածից եզերված են հորիզոնական կիսագլանով։ Սյուների և որմնասյուների խարիսխները բևեռներից սեղմված գունդեր են։ Նման գունդեր են ներկայացնում նաև ճակատի բարակ որմնասյուների խոյակները, որոնց վրա դրված են խորանարդ վերնախարիսխները՝ ճակատին քանդակված ոճավորված տերևներ։ Գնդաձև խոյակներ չունեն մուտքի երկու կողմի սյուները։ Այդ սյուների և հարակից անկյունավոր կտրվածքների վրա դրված են երեքական խորանարդ խոյակներ, խաչաձև դասավորությամբ, մեջտեղինը սյան գլխին, իսկ կողքերինը՝ անկյունավոր կտրվածքների վրա դրված են երեքական խորանարդ խոյակներ, խաչաձև դասավորությամբ, մեջտեղինը սյան գլխին, իսկ կողքերինը՝ անկյունավոր կտրվածքների վրա։ Խորանարդ խոյակները ձևացնում են իրար հագցված հեծանների գլուխներ։ Դրանց վրայի քանդակները ներկայացնում են վերևից, հորիզոնական ուղղությամբ երկու կողմից եկող պարաններ, վերից և վարից ձգված նեղ ժապավենների մեջ։ Այդ պարանները և երիզները խոյակի ճակատում ոլորվում են իրար, հանգույց կազմում և ապա կորագծով իջնում ցած։ Պարանների ծայրերը կիսաշերեփի ձևով կախված են մնում, իսկ երիզները շրջանց կազմելով, երկու կողմից բարձրանում են վեր։ Պարանի հանգույցի երկու կողմերում տեղավորված է խաղողի մեկական ողկույզ իս դրանից ցած, պարանի ծայրերի և երիզների մեջ ոճավորված են տերևներ։

Խոյակներից բարձր, մուտքի վերևում բարձրանում են աստիճանաբար խորացող, իրար գրկող երեք հոյակապ կամարներ։ Դրանցից խորքինը բարձրանում է սյուների վերևից և իր երկկենտրոն աղեղով շրջանակում է գավթի ներսի կիսաստվերը։ Կամարից մի աստիճան դուրս և դրան ընդգրկող մի երկրորդ կամար է բարձրանում անկյունավոր կտրվածքների գագաթը ծածկող, քանդակազարդ խորանարդ խոյակի վերևից։ Այդ կամարը թեթևակի պայտաձևություն ունի։ Երկրորդ կամարից մի աստիճան դեպի դուրս բարձրանում է երրորդ, պայտաձև կամարը, որը հենված է մոտակա բարակ կիսասյուների խոյակների վրա։ Վերջին կամարն իր հիմքում միանում է գավթի արևմտյան պատի չակատին տեղավորված կիսասյուները միացնող պայտաձև որմնակամարների հետ, որոնք պատի վրա կազմում են սաղր որմնախորշեր։

Մուտքի երկու կողմում տեղավորված երկու անկյունավոր կտրվածքներն ամբողջ երկարությամբ ծածկված են իրար հյուսված ժապավենավոր քանդակներով։ Քանդակազարդ են նաև սյան խարսխի մոտ, անկյունավոր կտրվածքների ցածի քարերը, 8 թվանշանի նմանությամբ իրար հագցված անվերջ ժապավենով, որի ոլորտների մեջ տեղավորված են կիսագնդաձև քանդակներ, մեջտեղում փոսիկներ (խնձորներ)։

Գավթի կենտրոնական մասը, որն ընկած է տաճարի դիմաց, մոտ 3,5 մ երկարություն ունի, հարավից հյուսիս։ Դրա աջ և ձախ թևերում, տաճարի կողքերին ընկած սրահների դիմաց, գտնվում են գավթի ավելի փոքր, 1,08 մ երկարություն ունեցող մասերը։ Գավթի կենտրոնական մասը, թևերում գտնվող մասերի հետ միանում է մոտ 2 մ լայնություն ունեցող անցքերով։ Այս անցքերի վրա, 2,75 մ բարձրությամբ, ձգված են մոտ կես մետր հաստությամբ քառակուսի կտրվածք ունեցող բազալտի 3- մետրանոց հեծաններ, որոնց գլուխները մի կողմից դրված են գավթի ներսից՝ արևմտյան պատին կից՝ 51 սմ լայնություն ունեցող կիսամույթերի վրա, իսկ մյուս ծայրերն ամրացված են տաճարի արևմտյան պատի մեջ։ Այդ քարե հեծանների վրա է նստում գավթի պայտաձև թաղը։ Գավթի թևերից մեկական անցք է բացվում դեպի դուրս։ Դրանցից հյուսիսայինը 1,22 մ, իսկ հարավայինը 1 մետրաչափ է, ծածկված միակտուր բազալտե սալերով։ Գավթի հյուսիսային և հարավային պատերի երկարությունը, մինչև այդ բացվածքները, իրար հավասար չէ. հյուսիսային պատի երկարությունը մինչև բացվածքը 0,63 մ է, իսկ հարավայինը՝ 1,3 մ։ Հյուսիսային պատի շարունակությունն է կազմում 0,38 մ լայնությամբ մի կտոր, կից նույն կողմի սրահի պատին։ Այսպիսով, այդ անցքերը ոչ միայն իրենց չափով հավասար չեն, այլև նույն տեղադրությունը չունեն պատերի մեջ։ Գավթի թևերից մեկական անցք էլ բացվում է տաճարի հյուսիսային և հարավային կողմերում ընկած սրահների մեջ։

Դեպի հյուսիս և հարավ բացվող անցքերի կողքերին՝ դրսից, գավթի այդ կողմերի պատերի վրա, մեկական բազալտե սալեր են տեղավորված, նռան ծառի քանդակներով, տաճարի ներսում գտնվող քանդակների նմանությամբ, բայց ոչ նույն կատարելությամբ։

Սրահներ խմբագրել

 
Բղենո Նորավանքի սրահը
 
Բղենո Նորավանքի սրահը

Սրահները երկու հատ են, երկարությամբ տեղավորված եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերում։ Ամբողջովին փոխված է սրահի հյուսիսային ընդրերկայնական պատը։ Դա երևում է պատի տարբեր շարվածքից, չափերից և այն հանգամանքից, որ հյուսիսարևմտյան անկյունը դրսից ձևավորված չէ, հարավային սրահի հարավաչրմտյան անկյան նկատմամբ, որը մնացել է անփոփոխ։ Այդ պատը նույնիսկ իր տեղում չի դրված (ներկա դրությամբ), այլ ավելի ներս, որով կրճատվել է այդ սրահի լայնքը։

Հուշարձանը խորաններ կամ ավանդատուն չի եղել. քանի որ դրանցից յուրաքանչյուրը չորս դուռ կամ անցք ունի, որոնցից մեկը արևմուտքից բացվում է գավթի համապատասխան թևի մեջ, երկրորդն արևելքից տանում է դեպի իսկական փոքրիկ խորանները, իսկ զույգ անցքերը բացվում են տաճարի մեջ։

Երկու բաժանմունքները եղել են կամարակապ և թաղապատ սրահներ, որոնք հետո ծածկվել են՝ շենքը տաքացնելու նպատակով։ Գավթի հետ միասին, դրանք շրջանցել են տաճարի երեք կողմից արևմտյան ծայրի անցքերի վերևից, իբրև վերնասյան դրված են բազալտե սրբատաշ մեկական խոշոր քարեր, որոնց ծայրերը ընդհուպ կպցված են տաճարի պատերին, առանց դրանց մեջ հագցնելու, որով քարերը կարծես այդ կողմից կախված են օդում։ Այդ արված է դիտավորյալ, տաճարի արտաքին երեսպատ քարերը չավրելու նպատակով, հավանաբար սրահների առաջին ձևափոխման ժամանակ։ Հետագայում, փակված որահների լուսավորությունն ավելացնելու նպատակով, դեպի գավթի թևերը տանող անցքերի վերևից, պատի մեջ բացել են մեկական կլոր անցք։ Այդ լուսանցքները գավթի կողմից զարդարված են, հյուսիսայինը պսակով, իսկ հարավայինը՝ մինիատյուր զույգ կիսասյուներով և պսակաձև կամարով

Խորաններ խմբագրել

Իսկական խորանների գոյությունը հաստատվեց 1950 թվականի մաքրման աշխատանքների ժամանակ։ Մինչ այդ, հուշարձանի այդ մասերը ծածկված էին փլվածքի տակ և դրանց գոյությունը կարելի էր միայն ենթադրել սրահներից հյուսիսայինի արևելյան կողմում նկատվող նեղ ու ցածլիկ դռնից։ Այդ խորանը մոտավոր չափով 1 X 2 մետր ծավալ ունի։ Արևելյան պատն աբսիդաձև է; Ներսից հյուսիսային պատի շարվածքը կատարված է անմշակ քարերով, թույլ կրաշաղախով։ Բոլոր նշններից երևում է, որ հյուսիսային խորանը ներսից, ինչպես և այդ կողմի սրահը, ավելի ուշ ժամանակում է վերանորոգված։ Այդտեղ ուշագրավ որևէ բան չկա։ Հարավային պատի մեջ մի փոքր, քառակուսի ձևի խորշ կա միայն։ Խորանի առաստաղը և արևելյան ու հյուսիսային պատերի մեծ մասը փլված է։

Տանիք խմբագրել

Տանիքը երկթեք է։ Արտաքին ծածկի որևէ մասն իր տեղում չի մնացել. սակայն գտնված կղմինդրի և դրանց կարածածկերի բեկորները թույլ են տալիս ենթադրելու, որ տանիքը ծածկված է եղել կղմինդրով։ Կղմինդրները և դրանց կարածածկերը մաքուր կավից են պատրաստված, գույնը բաց-կարմրագույն, թրծվածքն ամուր։ Կարածածկերը կիսաշրջանաձև չեն, այլ հարցական նշանի նմանությամբ և մեջքին, լայնության գծի վրա, ունեն մոտ 6 սմ երկարությամբ ցցվածք, նեղ ծարերի մոտ։ Դժբախտաբար որևէ ամբողջական կղմինդր չի գտնվել։ Գտնված բեկորներից կարելի է եղրակացնել, որ դրանց երկարությունը 30 – 35 սմ չափի է եղել, կողերն ուղիղ անկյան տակ բարձրացրած։ Կղմինդրների հաստությունը 1,8 - 2 սմ է, իսկ կարածածկերինը՝ 2 – 2,5 սմ։ Կարածածկերից մեկի վրա մնացած ամուր կրաշաղախը ցույց է տալից, որ կղմինդրի կարերը և կարածածկերը մածուցվել են կրաշաղախով։

Պատկերաքանդակներ խմբագրել

Տաճարի նկարագրությունը վերջացնելու համար մնում է հիշել պատկերաքանդակների մասին, որորնցից չորսը մոտ 0,40 X 0,80 մետր մեծության կաթնագույն քարե տախտակներ են, վրան կրոնական բնույթի քանդակներ, միջին որակի կատարմամաբ։ Այդ նկարաքանդակներից երկուսի վերևում և կողերին կան բացատրական մակագրություններ։ Այս նկարազարդ քարե տախտակները դրված են կամ հագցված պատերին, ըստ երևույթին, ավելի ուշ ժամանակում և աչքի ընկնում կապտավուն բազալտի ֆոնի վրա։ Դրանցից մեկը տաճարի ներսումն է, մեկական՝ սրահների և մեկն էլ գավթի մեջ։

Գավթի կամարի տակ և մուտքից մի քանի քայլ դեպի դուրս ընկած էին խոշոր չափերի բարձրաքանդակ պատկերներով սալեր։ Դրանցից առաջինը կեսից կոտրված, դեղնագույն քարից է։ Այդ պատկերաքանդակի վերին մասն է մնացել, որը ներկայացնում է մի ալեհեր, լուսապսակով սուրբ, աջ ձեռքին բռնած մի կլոր և տափակ առարկա, նման գյուղական բոքոն հացի, իսկ ձախ ձեռքին՝ մի գիրք՞ Դեմքը եղծված է։ Երկրորդ պատկերաքանդակը լրիվ է, բայց քարի միջից՝ լայնությամբ՝ շեղ կոտրված. ներկայացնում է լուսապակով մի սուրբ, կարճ, կլոր մորութով, աջ ձեռքը բարձր բռնած, ձախը կրծքին, թևի տակ ձգած վերնազգեստի ծայրը։ Վերնազգեստի մյուս ծայրը աջ թևի տակով անցնում է կրծքին դրված ձախ ձեռքի տակ։ Վերնազգեստի ծալքերը կոր գծերով շեղ իջնում են ձախ թևի տակից ցած։ Վերնազգեստի տակից երևում է պարեգոտը, ուղղահայաց, իրար զուգահեռ ծալքերով, իսկ մարմնի վրա, կրծքին և պարեգոտի տակից երևում են շապկի կուրծքը և փեշերը, ոտքերի մերկ թաթերի վրա իջած։ Երկու սրբերի պարեգոտների կուրծքն և թևերի բերաններն ունեն լայն շերտով, զիգզագ, ծաղկենկար զարդաքանդակներ։ Երկու դիմանկարներն էլ բնականի ¾ -ի մեծությամբ՝ հավանաբար ազգային սրբերի պատկերներ են։

1950 թվի մաքրման աշխատանքների ժամանակ գավթում շինաղբի և հողի տակից հայտնաբերվեցին նաև երկու ուրիշ նկարաքանդակ սալեր։ Դրանցից մեկի վրա քանդակված են երկու յուղաբեր կանանց սրբապատկերներ, իրար կողքի կանգնած, ձեռները գոտկատեղում իրար միացրած, մեկի ձեռքերի մեջ բուրվառ, իսկ մյուսինին՝ խնկաման։ Մյուս, մեջտեղից շեղակի կոտրված, սալի վրա քանդակված է թաղապատ տանիքի տակ (Հիսուսի գերեզմանի վրա) նստած մի հրեշտակի նկար։ Այս նկարաքանդակի մասերը գավթի տարբեր տեղերից են հայտնաբերված։

Պարիսպ և այլ օժանդակ շինություններ խմբագրել

Վանքը շրջապատված է եղել պարսպով, որից մնացել է հյուսիս – արևմտյան կողմում մի կտոր, տաճարից մոտ 25 մետր հեռավորության վրա և այդ կողմից պատի մեջ մի փոքր դուռ, խոշոր քարերի շարվածքով։ Հուշարձանին կից, հյուսիսային կողմում մնացել են մի քանի սենյակների պատերը մոտ 1,5 մետր բարձրությամբ անմշակ քարերի շարվածքով։ Հուշարձանից հարավ և հյուսիս, լեռնաբազկի վրա, նկատվում են անկանոն դասավորվածությամբ, իրարից անջատ մի քանի շենքերի մնացորդներ, քառակուսի փոսերի ձևով և պատերի հիմնաշարքով։ Այդ շենքերը նույնպես շարված են եղել անմշակ քարերից. առհասարակ բոլոր բնակելի շենքերի մնացորդները որևէ գրավիչ ու հետաքրքիր բան չեն ներկայացնում։

Գերեզմանոց խմբագրել

Վանքն ունեցել է նաև իր գերեզմանոցը, որը գտնվում է հուշարձանից հարավ, ճանապարհի մյուս կողմը, անտառի մեջ, որտեղ այժմ մնացել են անտաշ մքարերով շարված մատուռի ավերակները և երեք հատ տափակ տապանաքար։ Հուշարձանի մոտ հայտնաբերված է միայն մի կրաքարե տապանաքար, այն էլ ոչ իր տեղում, այլ ընկած արևելյան ձորում։ Չափերն են 90 x 48 x 25 սմ։ Դրա մի երեսին քանդակված են երեք պարզ խաչեր, ձախ անկյունում փորագրված է երեք տառ՝ Ն Ի Գ, որոնք հավանաբար տարեթիվ են ցույց տալիս ( 974 թվական)։

Խաչքարեր խմբագրել

Մաքրման ժամանակ հարավային սրահի պատի տակի փլվածքների միջից հանված են երկու կրաքարի խաչքարեր, միջակ և փոքր չափերի։

Դրանցից առաջինի չափերն են 95 x 49սմ։ Խաչի տակին կա 5 կարճ տողերով արձանագրություն, որը քարի խիստ հողմահարված լինելու պատճառով դժվար է վերծանել։ Ունի թվագրություն, որը թվում է լինել ՆՂԹ (1050 թվական)։ Խաչի ստորին մասում, երկու կողքերին, կան արմավենյակներ, իսկ խաչի տակին՝ սեպաձև կոթ։

Փոքր խաչաքարի չափերն են 60 x 35 սմ։ Խաչի ստորին մասում կան պարզ արմավենյակներ։ Թվագրություն չունի. վրան կա եղծված արձանագրություն։

Նույն տեղից գտնված է նաև մի մեծ սալ, որի վրա փորագրված են մի մեծ և մի քանի փոքր պարզ խաչեր։

Խաչքարերի թվում պետք է հիշել նաև մի փոքրիկ՝ 35 x 30 սմ չափերի խաչ, փորագրված կրաքարերի վրա, որի ձախ կողքին (դիտողի կողմից) մնացել է 9 շարքից արձանագրության մի մասը, շարունակությունը հավանաբար եղել է կողքի քարերի վրա, որը չի գտնված։ Արձանագրության պահված մասի յուրաքանչյուր շարքում տեղավորված են 5 – 6 տառ, որոնց մի մասը եղծված է։ Յիշյալ հանգամանքի պատճառով այդ արձանագրությունը որևէ իմաստ չի տալիս, ուստի և այստեղ չի բերվում։

Շինարարական արվեստ խմբագրել

Հուշարձանը շինված է կապտավուն, տեղ-տեղ ավելի մուգ երանգի բազալտից, բացառությամբ գավթի մուտքի երկու կողմերի սյուների, որոնք դեղնագույն ավազաքարից լինելով, սաստիկ հողմահարված են, մանավանդ մուտքի հյուսիսային կողմինը։ Քարերի չափը միջակ և խոշոր է։ Մասնավորապես մեծ չափեր ունեն գավթի թևերը տանող անցքերի վրայի, քառակուսի կտրվածք ունեցող, քարե հեծանները և տաճարի դռան շրջանակի ու սրահների երկու ծայրի անցքերի վերնասյամի քարերը։ Մոտ մի մետրաչափ բազալտից են նաև տաճարի պայտաձև թաղի երեսպատ քարերը։ Այդ թաղը միայն վեց շարք քարից է, երեքական շարք յուրաքանչյուր կողմից, մեջտեղում նեղ սեպ (замок): Տաշվածքը մաքուր է։ Քանդակազարդերը կատարված են բարձր ճաշակով և հմտությամբ։ Մեծ վարպետություն են ցուցաբերում և իրենց գծերի մաքրությամբ և կազմվածքի համաչափությամբ աչքի են ընկնում կամարները, որմնասյուները, կիսասյուները և անկյունավոր կողերը։ Ընդհանրապես պահված է երեսպատ քարերի քառակուսի ձևը և շարվածքի հորիզոնական գիծը։ Տեղ – տեղ, երբեմն, նկատվում են այդ ընդհանուր կանոնից շեղումներ, հատկապես կամարների վերևում և դրանց միացման տեղերում։ Կարերը մաքուր են, կրաշաղախն ամուր։

Արձանագրություններ խմբագրել

Չնայած վանքի փոքր լինելուն, այն հարուստ է արձանագրություններով՝ թվով 23 արձանագրություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 537 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։

Գրականություն խմբագրել

  • Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960․
  • Դիվան հայ վիմագրության, կազմ․ Ս․ Բարխուդարյան, գիրք 2, Երևան, 1960։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 457