Երկրակեղև

երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթ

Երկրակեղև, Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Երկրի տեկտոնական սալերը

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոհորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

Երկրակեղև

խմբագրել

Երկրակեղևն անցել է առաջացման ռւ զարգացման երկարատև ժամանակաշրջան և կրել մեծ փոփոխություններ։ Քարոլորտում ամենահին ապարների բացարձակ հասակը մոտ 3,5 միլիարդ տարի է։ Դրանից առաջ՝ մոտ 1—1,5 միլիարդ տարիների ընթացքում, առաջացել է երկրակեղևը։ Այդ ընթացքում առաջացած բյուրեղային կարծր, փոխակերպված ապարներն այժմ մերկանում են հնագույն պլատֆորմների տարբեր մասերում։ Արխեյան և պրոտերոզոյան դարաշրջաններում վերջնականապես ձևավորվում են Երկրի հնագույն պլատֆորմները, որոնցից են Արևելաեվրոպականը (Ռուսական), Սիբիրականը, Չինականը, Հնդկականը, Արաբականը, Հյուսիսամերիկյանը, Հարավամերիկյանը, Աֆրիկականը, Ավստրալիականը և Անտարկտիկականը։ Սրանց հիմքում տարածվում են բյուրեղային կարծր ապարները, որոնց վրա նստած են հորիզոնական տեղադրված նստվածքային հզոր շերտախմբերը։ Պալեոզոյան դարաշրջանից սկսած երկրակեղևում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների հետևանքով հին պլատֆորմների շուրջը գտնվող գեոսինկլինալային ավազաններում ընթանում են ուժեղ ծալքագոյացումներ, հրաբխային երևույթներ՝ առաջացնելով լեռնային համակարգեր, լեռնաշղթաներ։ Հետագայում դրանք հողմնահարվում են, քայքայվում, համահարթեցվում։ Պալեոզոյի վերջում Երկրի վրա ձևավորվում է երկու խոշոր մայրցամաք.

Դրանց միջև տարածվում էր ընդարձակ Թհտիս օվկիանոսը։ Մեզոզոյան դարաշրջանում շարունակվում է երկրակեղևի առաջացման և զարգացման գործընթացը, լեռնակազմությունը։ Սկսվում է Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքների իջեցման և տրոհման գործընթացը։ Առաջանում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների գոգավորությունները, նախքան այդ առաջացել էր Խաղաղ օվկիանոսի գոգավորությունը։ Տրիասում մի քանի պլատֆորմների տարրեր տեղամասեր պատռվում են, որոնցից դուրս եկած լավաները ծածկում են հնագույն մակերևույթները և առաջացնում 1000-2000 հզորությամր տրապային ծածկույթներ։ Հայտնի են սիբիրական, հնդկական և բրազիլական տրապները։ Միայն սիբիրական տրապների զբաղեցրած մակերեսն անցնում է 1 միլիոն քառ. կմ-ը։ Միջին մեզոզոյում տեկտոնական շարժումներն ակտիվանում են, տեղի են ունենում հին և նոր կիմերեյան ծալքավորությունները։ Մեզոզոյի վերջում ընթանում է լարամյան ծալքավորությունը։ Մեզոզոյան ծալքավորությունների ընթացքում ձևավորվում են Կորդիլերները և Հեռավոր Արևելքի մի շարք լեռնաշղթաներ։

Կայնոզոյի դարաշրջան

խմբագրել

Կայնոզոյի դարաշրջանում երկրակեղևը կրում է ալպյան հզոր ծալքավորության տարրեր փուլերի ազդեցությունը։ Ծալքավորություններն ուղեկցվում են ուժեղ հրաբխականությամբ, առաջանում են Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտին և Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի մերձծովային լեռնաշղթաները։ Հին հասակի շատ լեռներ ենթարկվել են «կեղծ երիտասարդացման»։ Օրինակ՝ Տյան Շանի լեռները, որոնք ձևավորվել էին պալեոզոյի վերջում և քայքայվել էին, ալպյան ծալքավորության ընթացքում բարձրացել են մոտ 3000 մ-ով և այժմ թողնում են բարձր լեռների տպավորություն։ Կայնոզոյում մայրցամաքներն ու օվկիանոսներն ստանում են արդի տեսքը։ Երկրակեղևն անհամասեռ է, բաղկացած ամուր սալերից ու ավելի շարժուն ու ճկուն հատվածներից։ Առանձնացվում են բազմաթիվ սալեր՝ եվրասիական, ամերիկյան, աֆրիկյան, անտարկտիկական, հնդկաավստրալիական, խաղաղօվկիանոսյան, ատլանտյան։ Սրանցից յուրաքանչյուրն ունի տարածության մեջ շարժման իր ուղղությունը։ Երբ սալերն իրարից հեռանում են, առաջանում են ռիֆտային ճեղքեր կամ հովիտներ, և քարոլորտը ճեղքվում է իր ամբողջ երկարությամր։ Սալերի՝ միմյանցից հեռանալու երևույթի առաջին բացատրությունը տվել է գերմանացի երկրաֆիզիկոս Ա. Վեգեները 1912 թ.։ Սկզբում նրա վարկածին (Մորիլիզմի տեսություն) հետևորդներ կային, հետո այն ժխտվեց։ Վերջին տարիներին անժխտելի փաստերը ապացուցեցին տեսության ճշտությունը, և այն ստացավ մեծ տարածում։ Վերջերս պարզվել է, որ սալերը ոչ միայն տեղաշարժվում են, այլ կարող են բարձրանալ իրար վրա։ Անժխտելի է, որ խաղաղօվկիանոսյան սալը մտնում է եվրասիական սալի տակ, և այդ զոնայում առաջացել է խաղաղօվկիանոսյան Հրե օղակի արևմտյան թևը։ Ամերիկյան սալը բարձրանում է խաղաղօվկիանոսյանի վրա, և առաջացել է Ատակամայի գեոսինկլինալը։ Իր հերթին՝ ամերիկյան սալը հեռանում է Աֆրիկայից և Եվրոպայից։ Պարզվում է, որ Հարավային Ամերիկան Աֆրիկայից հեռանում է տարեկան 4 սմ-ով, իսկ Հյուսիսային Ամերիկան Եվրոպայից՝ 6 սմ-ով։ Երկրակեղևի սալերի տեղաշարժն սկսվել է մոտ 200 միլիոն տարի առաջ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ եվրասիական սալը տեղաշարժվում է արևելք, Ավստրալիան՝ հյուսիս-արևելք, Անտարկտիդան՝ հարավ, Ամերիկան՝ արևմուտք։ Միայն Աֆրիկան է հարաբերական անշարժ։ Երկրակեղևի սալերը բաղկացած են պլատֆորմներից և գեոսինկլինալներից։

Գեոսինկլինալներ

խմբագրել

Գեոսինկլինալները երկրակեղևի շարժուն տեղամասերն են, որոնց տեղում առաջանում են լեռնաշղթաները։ Գեոսինկլինալային մարզերի զարգացման ընթացքում տարբերում են երեք փուլ։ Առաջին փուլում տեղի է ունենում երկրակեղևի երկարավուն ու լայն գոտու իջեցում, որը հանգեցնում է ծովային ավազանի առաջացման։ Շարունակվող իջեցման հետ նրա մեջ կուտակվում են նստվածքային ապարների հզոր շերտեր։ Այդ ընթացքում տեղի է ունենում նաև ապարների մասնակի փոխարկում (մետամորֆացում)։ Երկրորդ փուլում երկրակեղևը շարունակվում է ճկվել-իջնել, բայց առանձին մասերում տեղի է ունենում բարձրացում։ Նստվածքային կուտակման շարունակվող պայմաններում սկսվում է հրաբխային գործունեություն։ Այս փուլի ավարտին նստվածքակուտակման զոնան մասնատվում է՝ բաժանվելով բազմաթիվ ճկվածքների և բարձրությունների։ Երրորդ փուլում գեոսինկլինալում երկրակեղևի ընկղմումը փոխարինվում է լեռնակազմությամբ. ապարաշերտերը սեղմվում, առաջանում են ծալքեր, ձևավորվում են լեռնաշղթաներ և լեռնային ամբողջ համակարգեր։ Գեոսինկլինալային մարզի ընդհանուր բարձրացումն ավարտվում է լեռների և միջլեռնային իջվածքների առաջացմամբ։ Սակայն դրանից անմիջապես հետո բնության արտաքին պրոցեսները սկսում են իրենց քայքայիչ գործունեությունը, և լեռներն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում քայքայվում են։ Սկսվում է երկրակեղևի զարգացման չորրորդ՝ պլատֆորմային փուլը։

Պլատֆորմ

խմբագրել

Պլատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իuկ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց հիմքազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը (ռելիեֆը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա օդի, ջրի, կենդանի օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ուժերով։ Լեռնագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներքին և արտաքին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտիներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 622