Ողջի
Ողջի (Կապանի գետ, Հղորա գետ, Ղափան, Ղափանու գետ, Նըղուր, Ոխչի, Ոխչու գետ, Չավնդուր, Օխչի, Օխչու գետ, Օղջու գետ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախի Քաշաթաղի շրջանում[1], Արաքսի ձախ վտակը։
Ողջի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 82 կմ |
Ավազանի մակերես | 1175 կմ² |
Ջրի ծախս | 11 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Կապուտջուղ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աճանան, Արծվանիկ, Գեղանուշ, Գեղի, Ծաղկարի, Կապուտջուղ, Կոտակ, Մեռոնգետ, Շատջրիկ, Շոտգետ, Ջրախոր, Ջրաձոր, Վանքաձոր, Վաչագան, Քաջարանց, Գյոդաքլու, Բաղացջուր, Գիրաթաղ և Շհարջիկ |
Երկիր | Հայաստան Արցախ |
Երկրամաս | Սյունիքի մարզ, Քաշաթաղի շրջան |
Նկարագրություն
խմբագրելՈղջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի գագաթամերձ՝ հարավարևելյան լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 350 մ բարձրությունից։ Ավազանը 1175 կմ² է (որից ՀՀ-ում՝ 788 կմ²), երկարությունը՝ 82 կմ (որից ՀՀ սահմաններում՝ 43 կմ)[2]։
Գտնվելով մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ՝ Ողջիի խիստ նեղ հովիտը տեղ-տեղ ներկայացնում է մեծ անդունդ, որի մեջ մոլեգնող գետը իր հսկայական մեխանիկական ուժի շնորհիվ լեռներից վիթխարի ժայռաբեկորներ է պոկում, մանրացնում և տանում մինչև Արաքս։ Ողջի գետը ունի մեծ անկում, որը գետի վերին հոսանքում մեկ կիլոմետրի վրա հասնում է 60 մետրի։
Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։ Ավազանի մեծ մասն անտառապատ է։ Նրա ջրերով են աշխատում Կապանի և Ջրախորի ՀէԿ-երը։ Ջրերն օգտագործվում են նաև ոռոգման համար։
Սնումը խառն է, հորդացումը՝ ապրիլ-հուլիս ամիսներին։ Ունի անկայուն ռեժիմ։ Հորդացումների ժամանակ հաճախ լինում են սելավներ։ Ձախակողմյան վտակներից են՝ Գեղի, Աճանան, Արծվանիկ, աջակողմյաններից՝ Գեղանուշ, Վաչագան, Սուտսալան։ Ողջիի ափերին են գտնվում Քաջարան, Կապան և Կովսական քաղաքները[3]։
Ողջի գետի ակունքները երբեմն կոչվել են Գեջանան[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 95 — 150 էջ։
- ↑ Այվազյան և ուրիշներ, Հ․ Մ․ (2006). Հայաստանի բնաշխարհ․ հանրագիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 156–157.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 171 — 804 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 840 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ողջի» հոդվածին։ |