Սահակ Սևադա (մոտ․ 895-940), հայ իշխան հայկական Առանշահիկների իշխանատոհմից (արքայատոհմից), Գարդմանքի կառավարիչ, Աշոտ Բ Երկաթի աներ։
Ատրներսեհի որդի Սահլի թոռը, Համամ Գրիգորի որդին։ Ժառանգական տիրույթ Փառիսոսին միացնելով Ուտիք նահանգի Գարդմանք և Ձորոգետ գավառները, ստեղծել է ընդարձակ ու հզոր իշխանապետություն։ Փեսային՝ Հայոց արքա Աշոտ Բ Երկաթին օժանդակել է ամրապնդելու հայկական միացյալ թագավորությունը, վերջինիս հետ ճնշել Մովսես Ուտեացու ապստամբությունը։ Մյուս դստերը՝ Շահանդուխտին, կնության է տվել Սյունիքի գահերեց իշխան Սմբատին (հետագայում՝ Սյունիքի թագավոր Սմբատ Ա)։ Երբ Աշոտ Բ Երկաթի և Սյունիքի իշխանների հարաբերությունները սրվել են, Սահակ Սևադա անցել է վերջիններիս կողմը։ Աշոտ Բ Երկաթը ճակատամարտում պարտության է մատնել Սահակ Սևադաին և գերել նրան։ Սահակ Սևադա և նրա որդի Գրիգորը կուրացվել են, հավանաբար նաև գրկվել Ուտիքի տիրույթներից։ Սահակ Սևադաի որդի Սենեքերիմը (Հովհաննես–Սենեքերիմ) իշխել է Փառիսոսում, հիմնադրելով Փառիսոսի թագավորությունը։