Գիր կամ գրային համակարգ, բանավոր հաղորդակցման տեսողական պատկերման պայմանական միջոց։ Գիրն ստեղծվել է որևէ գաղափար, միտք կամ առհասարակ խոսք գրավոր եղանակով փոխանցելու համար[1]։ Իբրև մշակութային երևույթ՝ բանավոր խոսքի համեմատությամբ գիրը ի հայտ է եկել ավելի ուշ։ Հաղորդակցման աճող պահանջներին ի պատասխան՝ գիրն ստեղծել են հասարակական, մշակութային բարձր մակարդակ ունեցող ժողովուրդները։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Չնայած և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքը օգտագործվում են հաղորդում փոխանցելու համար, գրավոր խոսքը տարբերվում է բանավորից նրանով, որ ինֆորմացիայի պահպանման և փոխանցման համար ավելի հարմար և վստահելի միջոց է։ Գրային համակարգերը կոդավորելու և վերծանելու համար անհրաժեշտ է, որ գրողն ու ընթերցողը հասկանան այն կազմող նշանների ետևում թաքնված իմաստը։ Գրային համակարգերը լինում են այբուբենների, վանկային այբուբենների և լոգոգրաֆային համակարգերի տեսքով։ Այբուբենը ներառում է ձայնավորներից և բաղաձայններից բաղկացած տառերի համակարգ։ Այս դեպքում տառերը համապատասխանում են խոսքի հնչյուններին։ Վանկային այբուբենում յուրաքանչյուր նշան համապատասխանում է մեկ վանկի։ Լոգոգրաֆային համակարգում յուրաքանչյուր նշան արտահայտում է բառ, ձևույթ կամ իմաստային այլ միավոր։ Գրային համակարգի մեկ այլ տեսակ է աբջադը կամ բաղաձայնային գիրը, որը տարբերվում է սովորական այբուբեններից նրանով, որ այստեղ բացակայում են ձայնավոր հնչյունները։ Մեկ այլ տեսակ է աբուգիդան, որը հատվածային գրային համակարգ է, որում բաղաձայն-ձայնավոր հաջորդականությունները գրվում են որպես միավոր. յուրաքանչյուր միավոր հիմնված է բաղաձայն տառի վրա, իսկ ձայնավոր տառը երկրորդական է, ինչպես հնչյունատարբերիչ նշանը։ Այբուբենները սովորաբար կազմված են լինում 20-35 նշաններից, վանկային գրերը՝ 80-100, իսկ լոգոգրաֆային համակարգերը կարող են պարունակել հարյուրավոր նշաններ։

Գրային համակարգի նշանները որոշակի կայուն հաջորդականությունների հետ միասին կազմում են բառեր կամ հապավումներ՝ այդպիսով հաղորդելով իմաստ։ Նշանների մի հատուկ համակարգ, որը հայտնի է կետադրություն անվանմամբ, օգտագործվում է գրի նշանակությունը հստակեցնելու, կարգավորելու, ինչպես նաև ոճական երանգավորում հաղորդելու նպատակով։ Եթե գրավոր խոսքում այս ամենն արտահայտելու համար կիրառվում են կետադրական նշաններ, ապա բանավոր խոսքում դրանք արտահայտվում են հնչերանգի, դադարների, ձայնափոխումների, շեշտի միջոցով։ Գրավոր խոսքում կիրառվում են նաև տարբեր միջոցներ բանավոր խոսքի քերականական և շարահյուսական կանոններն արտահայտելու համար։

Մինչև գրային համակարգերը՝ օգտագործվում էին պատկերագրեր, գաղափարագրեր և հուշօգնիչ այլ նշաններ։ Այս նշանների միջոցով հնարավոր չէր արտահայտել ամբողջական մտքեր և գաղափարներ։ Գրային համակարգերի ստեղծումը (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին՝ Նոր քարի դարի Բրոնզի դարում) թույլ տվեց մարդկությանը տեղեկատվությունն ավելի ճշգրտորեն արտահայտել և մնայուն դարձնել։ Գրի միջոցով մարդիկ ի վիճակի եղան հեռահաղորդակցվել։ Տպագրության հայտնագործումը սկիզբ դրեց մասսայական հաղորդակցմանը։

Լոգոգրաֆային գրային համակարգ կիրառող լեզվի համար այբբենական համակարգի ստեղծումը կոչվում է այբբենականացում։ Այդպիսի փորձ արվել է չինարենի լոգոգրաֆային համակարգի հետ, երբ այն փորձել են համապատասխանեցնել լատիներեն, արաբերեն գրերի և նույնիսկ թվերի հետ։ Այբբենականացման ամենահաճախ հանդիպող օրինակը լոգոգրաֆային համակարգը լատիներեն գրերով փոխարինելն է[2]։

Ծագումնաբանություն

խմբագրել

Բնիկ հայերեն բառ՝ հնդեվրոպական նախալեզվի wer «պատռել, քերել, ճանկռել, քերթել» արմատի երկար wēr ձևից[3]։ «Գիր» նշանակությամբ հայ պատմիչները, օրինակ՝ Խորենացին, Փարպեցին, գործածել են «աթութա» բառը, որը ասորական «աթ»՝ գիր բառի հոգնակին է։ Այստեղից էլ ծագել է աթութայք ձևի գործածությունը «այբուբեն» նշանակությամբ[4]։

 
Չինական հիերոգլիֆները (漢字) ձևույթա-վանկային են: Յուրաքանչյուր հիերոգլիֆ արտահայտում է մեկ վանկ՝ հատուկ նշանակությամբ, սակայն դրանցից որոշները ունեն տարբեր նշանակություն և արտասանություն:

Հիմնական հատկանիշներ

խմբագրել

Գրային համակարգերը հնարավոր այլ նշանային համակարգերից տարբերվում են նրանով, որ դրանք համապատասխանում են առնվազն մեկ լեզվի։ Ի հակադրություն դրանց՝ տեսողական պատկերները, ինչպիսիք են նկարները, գծապատկերները և ոչ բառային այլ տարրեր, օրինակ՝ քարտեզների վրայի ուրվագծերը, կապ չունեն լեզվի հետ։ Տեղեկատվական ցուցանակների վրա պատկերված որոշ նշաններ, օրինակ՝ արական և իգական սեռերի նշանները, ևս կապ չունեն լեզվի հետ, սակայն հաճախակի օգտագործման դեպքում դրանք կարող են ներառվել լեզվի մեջ։ Որոշ նշաններ, ինչպիսիք են թվանշանները և ամպերսենդը, ուղղակի կապված չեն որևէ առանձին լեզվի հետ, բայց հաճախ են օգտագործվում գրի մեջ, այդ պատճառով դրանք գրային համակարգի մաս են համարվում։

Մարդկանց համայնքներն ունեն իրենց լեզուները։ Շատերը լեզուն համարում են մարդկության բնածին հատկություն։ Սակայն գրային համակարգերի զարգացումը և այն գործընթացը, որով դրանք դուրս են մղել բանավոր հաղորդակցման այլ տեսակները, եղել են դանդաղ և անկանոն։ Գրային համակարգերը սովորաբար ավելի դանդաղ են զարգանում և փոփոխվում, քան դրանց բանավոր տեսակները։ Այսպիսով, գրավոր խոսքում պահպանվում են որոշ հատկանիշներ և արտահայտություններ, որոնք արդեն դուրս են մղվել բանավոր լեզվից։ Գրավոր խոսքի առավելություններից մեկն այն է, որ դրանք կարող են հավերժ պահպանել լեզվով արտահայտված ինֆորմացիան.

Գրային բոլոր համակարգերի համար անհրաժեշտ են.

  • հաստատուն տարրերի կամ նշանների առնվազն մեկ համակարգ, որի բաղադրիչները կոչվում են նշաններ, իսկ ընդհանուր համակարգը՝ գիր;[5]
  • համայնքի կողմից ընդունված կանոնների ամռնվազն մեկ համակարգ (ուղղագրություն), որը հատուկ հաջորդականության շնորհիվ նշանակություն է հաղորդում հիմնական տարրերին (գրաֆեմա);
  • առնվազն մեկ լեզվի (հիմնականում խոսվող) առկայություն, որի կառուցվածքը և կանոնները կարելի է հասկանալ՝ վերծանելով այդ նշանները;
  • ֆիզիկական որևէ եղանակ՝ նշանները կիրառելու և մշտական ինչ-որ միջոցի (օրինակ՝ թղթի) փոխանցելու համար, այնպես, որ դրանք հետագայում հնարավոր լինի տեսողականորեն մեկնաբանել։

Հիմնական տերմինաբանություն

խմբագրել

Առանձին գրերի ուսումնասիրության ժամանակ գրային համակարգերի ուսումնասիրության մեջ ի հայտ են եկել իրարից որոշակիորեն անկախ տարբեր ուղղություններ։ Այդ պատճառով այդ ոլորտներում գործածվող տերմինաբանությունը ևս տարբեր է։

 
Տառատեսակների և ոճերի նմուշ, Ուիլիամ Կասլոնի կողմից, «Cyclopaedia», 1728 թ.

Տեքստ, գրություն, ընթերցանություն և ուղղագրություն

խմբագրել

Տեքստ ընդհանուր եզրույթը վերաբերում է գրավոր կամ բանավոր նյութին, որը ինչ-որ կերպ արձանագրված է[6]։ Տեքստի հորինման և արձանագրման գործընթացը կոչվում է գրառում[7], իսկ տեքստի ուսումնասիրման և վերլուծման գործընթացը կոչվում է ընթերցում[8]։ Ուղղագրություն տերմինը վերաբերում է գրի կառուցվածքի մեթոդներին և կանոններին, որոնք սահմանում են բառերի ճիշտ գրությունը։

Գրաֆեմա և հնչույթ

խմբագրել

Գրաֆեման գրային համակարգի հիմնական միավորն է։ Գրաֆեմաները ամենաչնչին կարևորություն ունեցեղ տարրերն են, որոնք երևան են գալիս այն դեպքում, երբ տեքստը կառուցված է լինում գրային մի քանի համակարգերից։ Օրինակ՝ ⟨a⟩ գրաֆեման գրային տարբեր համակարգերում ունի մի քանի տարբերակներ (ալոգրաֆներ)՝ ⟨ա⟩, ⟨a⟩, ⟨ɑ⟩: Միևնույն տառի մեծատառ և փոքրատառ տարբերակները ևս ալոգրաֆներ են համարվում։

Որևէ առանձին գրաֆեմա կարող է արտահայտվել մի շարք տարբեր ձևերով, որոնք միմյանցից որոշակիորեն տարբերվում են, սակայն բոլորն էլ ներկայացնում են միևնույն գրաֆեման և համարվում են դրա տարբերակները։

Գլիֆ, նշան և գրանշան

խմբագրել

Գլիֆ, նշան և գրանշան տերմինները երբեմն գործածվում են գրաֆեմա նշանակությամբ։ Դրանք տարբեր գործածություն ունեն, օրինակ՝ սեպագիր արձանագրությունները, Մայաների հիերոգլիֆները և Չինական հիերոգլիֆները։ Գրային շատ համակարգերի գլիֆերը կազմված են գծանշաններից և հետևաբար կոչվում են գծային, բայց կան գլիֆեր, որոնք գծային չեն, օրինակ՝ սեպագիրը և Բրեյլի գիրը։

Լիակատար և մասնակի գրային համակարգեր

խմբագրել

Գրային համակարգերը կարող են համարվել լիակատար, եթե դրանք կարողանում են արտահայտել այն ամենը, ինչ կիրառվում է բանավոր խոսքում։ Մասնակի գրային համակարգերը սահմանափակ քանակությամբ իմաստներ է արտահայտում[9]։

Գրային համակարգեր, լեզուներ և գաղափարային համակարգեր

խմբագրել

Գրային համակարգերը կարող են անկախ լինել լեզուներից[10]։ Մի լեզուն կարող է ունենալ մի քանի գրային համակարգեր, ինչպես օրինակ Հինդի-Ուրդու լեզվի դեպքում է։ Նույն կերպ, մի գրային համակարգը կարող է օգտագործվել մի քանի լեզուների համար, ինչպես օրինակ՝ արաբական գիրը։ Չինական հիերոգլիֆները ևս փոխառնվել և դարձել են այլ լեզուների, օրինակ՝ վիետնամերենի, սկզբնական գրային համակարգեր։

Գաղափարային համակարգ ներկայացնելու համար օգտագործվում են մեկ կամ ավելի լեզուներ. օրինակ՝ մաթեմատիկան գաղափարային համակարգ է, որն արտահայտվում է տրամաբանության և բնական լեզվի միջոցով[11]։

 
Գրերի աղյուսակ Սանսկրիտ-անգլերեն բառարանի նախաբանում

Պատմություն

խմբագրել

Գրային համակարգերին նախորդել է նախագրական շրջանը, որի ժամանակ գործածվել են գաղափարագրային և հուշօգնիչ այլ նշաններ։ Ամենահայտնի օրինակներն են.

Գրային համակարգերի հայտնագործումը համընկնում է Բրոնզի դարի սկզբի հետ։ Շումերական սեպագրերը և Եգիպտական հիերոգլիֆները հիմնականում համարվում են ամենավաղ գրային համակարգերը, որոնք երկուսն էլ ծագել են դրանց նախորդող նշանային համակարգերից մ.թ.ա. 3400-ից 3200 թթ.: Դրանցով արձանագրված առաջին կապակցված տեքստերը պատկանում են մ.թ.ա. 2600 թվականին։ Շումերական գիրը ընդհանուր առմամբ համարվում է անկախ հայտնագործություն, սակայն դեռևս վիճաբանություններ են տեղի ունենում այն հարցի վերաբերյալ, թե արդյոք եգիպտերենը զարգացել է շումերերենից անկախ, թե կրել է դրա ազդեցությունը մշակույթի տարածման արդյունքում։

Նմանատիպ վիճաբանություններ են տեղի ունենում նաև Չինական գրի վերաբերյալ, որը զարգացել է մոտ մ.թ.ա. 1200 թվականին։ Չինական գիրը հավանաբար անկախ հայտնագործություն է, քանի որ չկան ապացույցներ Չինաստանի և Մերձավոր Արևելքի քաղաքակրթությունների միջև հաղորդակցման մասին[12]։ Բացի այդ, Միջագետքի և Չինաստանի մոտեցումները լոգոգրաֆներին և դրանց հնչյունային արտահայտմանը լիովին տարբերվում են[13]։

Նախակոլումբոսյան շրջանի Մեզոամերիկյան գրային համակարգերը (այդ թվում՝ Օլմեկների և Մայաների գրերը) համարվում են անկախ ծագում ունեցող գրեր։

Նախագաղութային շրջանի Միկմակների հիերոգլիֆային գրային համակարգը, որը 17-ից 19-րդ դարերում ուսումնասիրել են միսիոներները, համարվում է անկախ զարգացած գիր։ Չնայած վիճաբանություններ են տեղի ունենում այն մասին՝՞ արդյո՞ք այն լիակատար համակարգ է, թե՞ ուղղակի հուշօգնիչ պատկերագրերի խումբ։

Համարվում է, որ բաղաձայնային գրային համակարգը առաջացել է մինչև մ.թ.ա. 2000թ.-ը՝ որպես Սեմիտների լեզուն արտահայտող գրային համակարգ։ Աշխարհի այբուբեններից շատերը առաջացել են կամ այս հայտնագործությունից, կամ Փյունիկերենի այբուբենից, կամ էլ անկախ։

Առաջին իսկական այբուբենը հունարեն գիրն է, որում սկսած մ.թ.ա. 800 թվականից գոյություն են ունեցել ձայնավորներ[14][15]։ Լատիներենի այբուբենը, որը սրա ուղղակի հաջորդն է, ամենատարածված գրային համակարգն է աշխարհում[16]։

 
Այս գրքում նկարագրված են անգլերենի այբուբենի տառերը: Չնայած դրանք սովորաբար գրվում են ձախից աջ, չինարեն բացատրությունները տրված են վերևից ներքև և աջից ձախ:

Գործառույթային դասակարգում

խմբագրել

Գոյություն ունեն գրային համակարգերի դասակարգման մի քանի մոտեցումներ։ Դրանցից ամենահայտնին գրային համակարգերի բաժանումն է երեք կատեգորիաների՝ լոգոգրաֆային, վանկային և այբբենական։ Սակայն այդ երեք տեսակներն էլ կարող են առկա լինել գրային բոլոր համակարգերում՝ տարբեր հարաբերականությամբ։ Այդ պատճառով երբեմն դժվար է լինում դասակարգել դրանք։ Այդ դեպքում գրային համակարգը համարվում է բարդ։ Ժամանակակից լեզվաբանները դասակարգման որոշ մոտեցումները, այդ շարքում և Դիրինգերի դասակարգումը, որը հետևյալն է,

  • պատկերագրային գիր
  • գաղափարագրային գիր
  • անալիտիկ միջանկյալ գիր
  • հնչյունային գիր
  • այբբենական գիր

համարում են չափազանց պարզեցված, քանի որ դրանց բաղադրիչները երբեմն նույնիսկ չի կարելի համեմատել միյանց հետ։ Արչիբալդ Հիլը գրային համակարգերը դասակարգել է լեզվաբանական վերլուծության երեք հիմնական կատեգորիաների, որոնցից մեկը վերաբերում է դիսկուրսներին և չի համարվում լիակատար գրային համակարգ.

Ջեֆրի Սեմփսոնը տարբերակում է իմաստագրության և գլոտոգրաֆիայի միջև.

  • Իմաստագրությունը վերաբերում է տեսողական այն նշաններին, որոնք ուղղակի կապ չունեն որևէ լեզվի հետ
  • Գլոտոգրաֆիան օգտագործում է տեսողական նշաններ որևէ բանավոր լեզու արտահայտելու համար
    • լոգոգրաֆիա, արտահայտում է բանավոր լեզուն՝ լեզվի առաջին մակարդակի (օրինակ՝ ձևույթներ և բառեր) տարրերին առանձին նշաններ տալով;
    • հնչյունագրություն, արտահայտում է բանավոր լեզուն՝ լեզվի երկրորդ մակարդակի (օրինակ՝ հնչյուններ և վանկեր) տարրերին առանձին նշաններ տալով։

Ջոն Դեֆրանսիսը, քննադատելով Սեմփսոնի մոտեցումը, շեշտը դնում գրի հնչյունագրական հատկանիշների վրա

Ֆեբերը հնչյունագրական համակարգերը դասակարգում է ըստ երկու մակարդակների՝ գծայնության և կոդավորման.

Դանիելսի դասակարգումը
Տեսակ Յուրաքանչյուր նշան արտահայտում է Օրինակ
Լոգոգրաֆային ձևույթ չինական հիերոգլիֆներ
Վանկային վանկ կամ մորա ճապոնական կանա
Այբբենական հնչույթ (բաղաձայն կամ ձայնավոր) լատիներենի այբուբեն
Աբուգիդա հնչույթ (բաղաձայն+ձայնավոր) հնդկական դևանագարի
Աբջադ հնչույթ (բաղաձայն) արաբերենի այբուբեն
Հատկանշական հնչյունաբանական հատկանիշ կորեական հանգըլ
 
Չինական հին հիերոգլիֆ, որը նշանակում էր արև, մ.թ.ա. 1200 թ.

Լոգոգրաֆային համակարգեր

խմբագրել

Լոգոգրամը գրային նշան է, որն արտահայտում է լիակատար քերականական բառ։ Չինարենի հիերոգլիֆների մեծ մասը համարվում են լոգոգրամներ։

Քանի որ յուրաքանչյուր նշան արտահայտում է մեկ բառ (կամ ձևույթ), տվյալ լեզվի բառերը գրելու համար անհրաժեշտ են բազմաթիվ լոգոգրամներ։ Սա լոգոգրամային համակարգերի թերությունն է, քանի որ դժվար է հիշել լեզվի յուրաքանչյուր բառին համապատասխանող լոգոգրամը։ Սակայն, քանի որ բառը կարելի է արտահայտել միայն մեկ լոգոգրամով, այդ նույն լոգոգրամը կարող է օգտագործվել մեկ այլ լեզվում՝ որպես տվյալ բառի համարժեք։ Գործնականում լոգոգրամային համակարգի միջոցով միջլեզվային հաղորդակցման հնարավորությունը (օրինակ՝ չինարենի տարբերակների միջև) սահմանափակվում է լեզուների քերականական և շարահյուսական տարբերությունների պատճառով։ Ճապոներեն գրային համակարգերում կիրառվում են չինական լոգոգրամներ, որոնցից շատերի նշանակությունը նման է կամ համընկնում է չինարենի տվյալ հիերոգլիֆի նշանակությանը։ Սակայն ճապոներենի և չինարենի միջև քերականական տարբերությունների պատճառով չինարեն երկար տեքստերը հաճախ դժվարընթեռնելի կամ անհասկանալի են ճապոնացի ընթերցողին։

 
ժամանակակից չինարեն հիերոգլիֆ, որը նշանակում է արև

Չնայած լեզուների մեծ մասը չեն օգտագործում լիովին լոգոգրամային գրային համակարգեր, շատ լեզուներում առկա են լոգոգրամներ։ Ժամանակակից լոգոգրամների լավ օրինակ են արաբական թվանշանները, որոնք իմացողները, անկախ լեզվական պատկանելությունից, կարող են հասկանալ դրանց նշանակությունը։

Լոգոգրամները երբեմն կոչվում են գաղափարագրեր։ Վերջիններս նշաններ են, որոնք տեսողականորեն արտահայտում են վերացական գաղափարներ, սակայն լեզվաբանները խուսափում են գաղափարագիր անվանումից, քանի որ չինական հիերոգլիֆները հաճախ իմաստահնչյունական բարդություններ են, այսինքն նշաններ են, որոնք կազմված են իմաստակիր և արտասանական բաղադրիչներից։ Ոմանք տարբերակում են բառագրության և գաղափարագրության միջև։ Առաջինի դեպքում նշաններն արտահայտում են բառեր, իսկ երկրորդի դեպքում՝ բառեր կամ ձևույթներ։

Ամենակարևոր (և մինչ օրս գոյատևած) ժամանակակից լոգոգրաֆային համակարգը չինարենի գրային համակարգն է, որի նշանները որոշ փոփոխություններով կիրառվում են չինարենի տարբերակներում, ճապոներենում, կորեերենում, վիետնամերենում և արևելաասիական այլ լեզուներում։ Հին եգիպտական հիերոգլիֆներում և մայաների գրային համակարգերում ևս առկա են լոգոգրաֆային հատկանիշներ։ Վիետնամերենում 20-րդ դարում անցում է կատարվել լատինատառին, իսկ կորեերենում լոգոգրամները հազվադեպ են հանդիպում։ Ճապոներենում առկա են գրային համակարգերի մի քանի տեսակներ, այդ թվում նաև լոգոգրաֆայինը։

Վանկային գրային համակարգ

խմբագրել
 
Ցուցատախտակ երկու լեզուներով՝ անգլերենով և չերոկիով, Օկլահոմա

Եթե լոգոգրաֆային համակարգերում մեկ նշանը համապատասխանում է մեկ բառի, ապա վանկային համակարգում նշանները համապատասխանում են վանկ երի, որոնք էլ իրենց հերթին կազմում են բառեր։

«Իսկական» վանկային համակարգում արտասանական նմանություն ունեցող նշանների միջև չկա պատկերային նմանություն (չնայած դրանք երբեմն նման են ձայնավորների դեպքում)։ Օրինակ՝ «կե», «կա» և «կո» վանկերին համապատասխան նշանների միջև չկա նմանություն, որը կարտահայտեր վանկերի սկզբի միևնույն «կ» հնչյունը։

Վանկային համակարգերն առավել հարմար են այն լեզուներին, որոնց վանկային կառուցվածքը համեմատաբար պարզ է, օրինակ՝ Ճապոներենինը։ Անգլերենում վանկերն ունեն բարդ կառուցվախք, քանի որ դրանք բաղկացած են բաղաձայնների և ձայնավորների բարդ համադրություններից։ Այդ պատճառով դժվար կլիներ անգլերենը գրել վակերի միջոցով։ Գոյություն ունեցող բոլոր հնարավոր վանկերի համար անհրաժեշտ կլիներ ստեղծել առանձին վանկ։ Եթե ճապոներենում հնարավոր վանկերի թիվը մոտավորապես 100 է, ապա անգլերենում դրանց թիվը հասնում է 15-16 հազարի։

Սակայն, գոյություն ունեն վանկային այնպիսի համակարգեր, որտեղ վանկերի թիվը ահռելի է։ Օրինակ Ի գրում կան 756 տարբեր նշաններ։ Չինարենի գրային համակարգը՝ որպես չինարենի ժամանակակից տարբերակների գիր, նույնպես արտահայտում է վանկեր։ Այդտեղ չինարենի հազարավոր վանկերի համար գոյություն ունի առանձին գլիֆ։ Սակայն, քանի որ այդ հիերոգլիֆները մեծ մասամբ համապատասխանում են ձևույթների, այլ ոչ թե հենց վանկերի, չինարենի գրային համակարգը համարվում է ոչ թե վանկային, այլ լոգոգրաֆային։

«Իսկական» վանկային համակարգեր օգտագործող լեզուներից են Միկենյան հունարենը (Գծային Բ) և Ամերիկայի բնիկ լեզուները, օրինակ՝ Չերոկին։ Հին Մերձավոր Արևելքի որոշ լեզուներում օգտագործվում էր սեպագիրը։ Այն վանկային համակարգ է, որում առկա են ոչ-վանկային տարրեր։

Հատույթային համակարգեր։ Այբուբեններ

խմբագրել
 
Աստվածաշունչ՝ տպագրված բալիերեն գրով

Այբուբենը տառերի խումբ է, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է բանավոր լեզվի մեկ հնչյունի։ Այբուբեն բառը ծագել է այբ և բեն բառերից, այբուբենի առաջին երկու տառերի անվանումներից (alphabet - ալֆա և բետտա բառերից)։

Այբուբենի առաջին տեսակը եղել է աբջադը։ Աբջադը այբբենական գրային համակարգ է, որի յուրաքանչյուր տառ համապատասխանում է մեկ բաղաձայնի։ Աբջադները այբուբենների այլ տեսակներից տարբերվում են նրանով, որ այստեղ նշաններ կան միայն բաղաձայնների համար։

Հայտնի բոլոր աբջադները պատկանում են սեմական գրերին և ծագել են հյուսիսային գծային աբջադից։ Պատճառն այն է, որ Սեմական լեզուները և դրանց ցեղակից Լիբիա-բերբերական լեզուները ունեն ձևույթային կառուցվածք, որի պատճառով ձայնավորների հիմնանշանակությունը շատ դեպքերում դառնում է ավելորդ։

Որոշ աբջադներում, ինչպիսիք են արաբերենը և եբրայերենը, ձայնավորների համար կան հատուկ նշաններ։ Սակայն դրանք օգտագործվում են միայն հատուկ համատեքստերում, օրինակ՝ ուսուցման ժամանակ։ Շատ այբուբեններ, որոնք ծագել են աբջադից, համալրվել են ձայնավորներով և դարձել լիարժեք այբուբեններ։ Այսպիսի այբուբենի օրինակ է Հունարենի այբուբենը, որը ծագել է փյունիկյան աբջադից։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոչ-սեմական լեզվին հարմարեցվել է այս գրային համակարգը։

Աբջադ տերմինը ծագել է արաբերենի այբուբենի ալիֆ, բա, ջիմ, դալ բաղաձայնների հին հերթականությունից։ Սակայն, հնարավոր է, որ բառը ծագել է ավելի վաղ՝ փյունիկերենից կամ ուգարիտերենից։ Աբջադ տերմինը դեռևս օգտագործվում է որպես արաբերենի, մալայերենի և ինդոնեզերենի այբուբենների անվանում։

Աբուգիդան այբբենական գրային համակարգ է, որի հիմնական նշանները համապատասխանում են ներհատուկ ձայնավոր ունեցող բաղաձայններին, իսկ այդ նշանների հատուկ փոփոխությունները նշում են դրանց հաջորդող այլ ձայնավորներ։

Այսպիսով, աբուգիդայում կարող է լինել «կ» հնչյունի համար նշան, ինչպես նաև «կա»-ի համար (եթե «ա»-ն ներհատուկ ձայնավոր է), իսկ «կե»-ն գրվում է «կա» նշանի փոփոխված տարբերակով։ Շատ աբուգիդաներում փոփոխությունը կատարվում է՝ ձայնավոր ավելացնելով, սակայնն կան նաև հնարավոր այլ տարբերակներ, օրինակ՝ նշանի պտտում, դիակրիտիկ նշանների ավելացում և այլն։

«Իսկական» վանկային համակարգերի տարբերությունը այն է, որ դրանցում յուրաքանչյուր հնարավոր վանկի համար գոյություն ունի առանձին նշան, և այդ նշանները չունեն գրաֆիկական նմանություն։ Աբուգիդաների գրաֆիկական նմանության պատճառն այն է, որ դրանք ծագել են աբջադներից, և բաղաձայնները իրենց ներհատուկ ձայնավորներով կազմում են նշաններ, իսկ ձայնավորները արտահայտվում են հիմնական նշաններին հատուկ տարրերի հավելումով։

Եթովպիական գրում, որին տրվել է աբուգիդա լեզվաբանական տերմինը, ձայնավորների փոփոխությունները ոչ միշտ են հանդիպում, չնայած սկզբում դրանք ավելի շատ էին։ Կանադական բնիկ վանկային համակարգերը համարվում են աբուգիդաներ։ Աբուգիդաների ամենամեծ խումբը բրահման գրերն են։ Սակայն դրանք ընդգրկում են Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի գրեթե բոլոր գրերը։

Աբուգիդա բառը ծագել է եթովպիական գրի առաջին ձորս տառերի անվանումներից։ Այն փոխառնվել է եթովպիական լեզուներից և դարձել լեզվաբանական տերմին։

Հատկանիշային համակարգեր

խմբագրել

Հատկանիշային գրերը ավելի մասրամասն են քան այբուբենները։ Այստեղ նշանները արտահայտում են ոչ թե ամբողջ հնչույթներ, այլ տարրեր, որոնք կազմում են հնչույթներ, օրինակ՝ արտասանությունը և արտաբերման վայրը։ Տեսականորեն յուրաքանչյուր հատկանիշ կարելի է արտահայտել առանձին տառով։ Աբջադները, աբուգիդաները և նույնիսկ վանկային համակարգերը կարող են հատկանիշային լինել։ Հատկանիշային ամենահայտնի գրերից է հանգըլը, որտեղ հատկանիշային նշանները համադրված են այբբենական տառերի հետ, իսկ վերջիններս էլ իրենց հերթին միավորված են վանկային կաղապարների մեջ։ Այսպիսով համակարգը ունի եռաստիճան հնչույթային արտահայտում։

Շատ գիտնականներ, ինչպես օրինակ՝ Ջոն Դեֆրանսիսը, համամիտ չեն այս տարատեսակի առկայության հետ, կամ էլ այն պնդման հետ, որը հանգըլը հատանիշային գիր է[17]։

Խառը գրային համակարգեր

խմբագրել

Գրային համակարգերից շատերը միատեսակ չեն։ Անգլերենը, օրինակ, ներառում է թվականներ և որոշ լոգոգրամներ, օրինակ՝ #, $, և &, և գրային լեզուն երբեմն լավ չի համապատասխանում բանավոր լեզվին։ Լոգոգրամային համակարգերում ևս կան հնչյունական տարրեր։

Սակայն որոշ գրեր լիովին անորոշ են։ Հին Իսպանիայի կիսավանկային գրերը փ,թ,ք պայթականների համար վանկային էին, սակայն այբբենական էին այլ վանկերի համար։ Որոշ տարբերակներում, վանկային տառերից հետո գրվում էին ավելորդ ձայնավորներ, որոնք համապատասխանում են այբբենական ուղղագրությանը։ Հին պարսկական սեպագրերը այդպիսին էին։ 23 բաղաձայններից 7-ը լիովին վանկային էին, 13-ը՝ լիովին այբբենական, իսկ մյուս երեքից երկուսին համապատասխանում էր մեկ ընդհանուր տառ, իսկ մյուսն ուներ առանձին նշան։

Կան գրային համակարգեր, որոնք միջին դիրք են զբաղեցնում այբուբենի, աբջադի և աբուգիդայի միջև, և դրանց դասակարգումն այդ պատճառով դժվարանում է։

Գրաֆիկական դասակարգում

խմբագրել

Գրաֆիկական դասակարգման հիմնական տեսակը գծային դասակարգուն է։ Գծային գրերը այն գրերն են, որոնցում նշանները բաղկացած են գծերից, ինչպես օրինակ՝ լատիներենի տառերը և չինական հիերոգլիֆները։ Վերջիններս համարվում են գծային՝ անկախ նրանից՝ նշանները գրվում են գրիչով, վրձինով , թե փորագրվում են։ Նույն կերպ, Եգիպտական հիերոգլիֆները և մայաների գլիֆերը նկարվում էին գծային ուրվագծով, սակայն պաշտոնական գրառումները փորագրվում էին։ Ամենավաղ գրային համակարգերը գծային են։ Մ.թ.ա. 3300 թվականին ստեղծված շումերական գրերը գծային են, սակայն դրանից ծագած սեպագրերը՝ ոչ։ Ոչ-գծային համակարգերը , օրինակ՝ Բրեյլի գրերը, կազմված չեն գծերից՝ անկախ նրանից, թե ինչով են դրանք գրում։

Սեպագիրը հավանաբար ամենավաղ ոչ-գծային գրային համակարգն է։ Դրա գլիֆերը գրվում էին՝ եղեգի փայտիկի ծայրը թաց կավի մեջ դրոշմելով, այլ ոչ թե կավի մեջ շարունակական գծեր քաշելով, ինչպես արվում էր նախկինում։ Արդյունքում գրի տեսքը լիովին փոփոխվել էր։

Բրեյլի գիրը լատիներեն տառերի ոչ գծային արտահայտումն է, որը լիովին տարբերվում է լատիներենի տառերի ձևից։ Տառերն ունեն գրային հիմնանյութի վրա արված բարձիկների տեսք։ Որպես հիմնանյութ կարող են ծառայել կաշին, հաստ թուղթը, պլաստմասսան կամ էլ մետաղը։

Գոյությու ունեն նաև լատիներենի տառերի ոչ-գծային անցողիկ ադապտացիաներ, օրինակ՝ Մորզեի այբուբենը, Ժեստերի լեզուն , ազդանշանային համակարգերը և այլն։

Գրության ուղղություն

խմբագրել
 
Աշխարհում օգտագործվող գրության ուղղությունները

Գրաֆիկորեն գրերը բնորոշվում են դրանց նշանների գրելու ուղղությամբ։ Եգիպտական հիերոգլիֆները գրվում էին կամ ձախից աջ կամ աջից ձախ, իսկ կենդանիների մարդկանց գլիֆերը ուղղված էին դեպի նախադասության սկիզբը։ Վաղ շրջանի այբուբենը գրվում էր տարբեր ուղղություններով՝ հորիզոնական կամ ուղղահայաց։ Մինչև ստանդարտացումը այբբենական գրերը գրվում էին և՛ ձախից աջ, և՛ աջից ձախ։ Դրանք հիմնականում գրվում էին բուստրոֆեդոնական ձևով. առաջին տողը սկսվում էր հորիզոնական ուղղությամբ, իսկ հաջորդ տողը՝ դրան հակառակ ուղղությամբ։

Հունարենի այբուբենը և դրա հաջորդները հիմնված էին ձախից աջ ուղղության վրա, էջի վերևից մինչև ներքև։ Ուրիշ գրեր, ինչպես օրինակ՝ արաբերենը և եբրայերենը, գրվում էին աջից ձախ։ Այն գրերը, որոնցում առկա են չինական հիերոգլիֆներ, ավանդաբար գրվել են ուղղահայաց, էջի աջ կողմից դեպի ձախ։ Սակայն այսօր դրանք հիմնականում գրվում են ձախից աջ և վերևից ներքև՝ արևմտյան ազդեցության ներքո։

Չինական հիերոգլիֆները այժմ երբեմն գրվում են նաև աջից ձախ, մանավանդ եթե նշանակում են որևէ հին կամ ավանդական առարկա կամ երևույթ։ Հին ույգուրյան այբուբենը և դրա հաջորդները եզակի են, քանի որ գրվում են վերևից ներքև և ձախից աջ։ Այս ուղղությունը առաջացել է հին սեմական ուղղությունից, որի դեպքում թուղթը ժամսլաքի հակառակ ուղղությամբ շրջվում էր 90°-ով՝ գրությունը չինարենի ուղղահայաց գրությանը համապատասխանեցնելու համար։ Որոշ գրեր, որոնք օգտագործվում էին Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում, ինչպես օրինակ՝ Հանունո գիրը , ավանդաբար գրվում են՝ գծերը գրողից հետ ուղղությամբ, ներքևից վերև, սակայն կարդացվում են հորիզոնական ուղղությամբ՝ ձախից աջ։ Օգամյան գրերը գրվում են ներքևից վերև և կարդացվում են ուղղահայաց։

Սեմական լեզուներում գրերի ուղղությունը տարիների ընթացքում փոփոխվել է։ Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ վերջին ժամանակներում եբրայերենը երբեմն գրվել է ձախից աջ, և երբեմն հաջորդաբար մի տողը՝ դեպի ձախ, մյուսը՝ աջ։ Գրության աջից ձախ ուղղությունը պայմանավորված է տառերը գրելու ֆիզիկական միջոցներով։ Հին ժամանակներում գրություններն արվում էին քարի վրա՝ տարբեր գործիքների միջոցով։ Քանի որ մարդկանց մեծամասնությունն աջլիկ է, ավելի հարմար էր աշխատել աջ ձեռքով և գրել աջից ձախ։ Երբ զարգացավ թղթի և ներկի միջոցով գրության ձևը, որի համար անհրաժեշտ չէ ֆիզիկական ուժ, իսկ ներկերը չլղոզելու համար ավելի նպատակահարմար էր գրել ձախից աջ, զարգացավ գրության այդ ուղղությունը։

Գրային համակարգերը համակարգիչներում

խմբագրել

Համակարգիչներում և հեռահաղորդակցային համակարգերում գրերը, որպես այդպիսին, չեն կոդավորվում, սակայն գրաֆեմաները և նմանատիպ այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են տեքստի վերամշակման համար, ներկայացվում են նշանների տեսքով, որոնք դրսևորվում են կոդավորված ձևով։ Կան նշանների կոդավորման չափանիշեր և հատուկ տեխնոլոգիաներ, ինչպես օրինակ՝ ISO/IEC 8859-1-ը (նշանների ցանկ և կոդավորման նախագիծ, որը նախատեսված է լատինատառ գրերի համար), CJK նշանները (չինարենի, ճապոներենի և կորեերենի համար) և երկուղղված տեքստը։ Ներկայումս այսպիսի շատ չափանիշեր վերասահմանվում և ընդգրկվում են համընդհանուր չափանիշի՝ ISO/IEC 10646-ի մեջ, որը կոչվում է նաև «Համընդհանուր նշանային համակարգ», և դրան զուգահեռ մեկ ուրիշ չափանիշի՝ Յունիկոդի մեջ։ Այդ երկուսն էլ հիմնականում կոչվում են Յունիկոդ։ Այստեղ ցանկացած լեզվի յուրաքանչյուր նշան ունի իր թվային համարժեքը։ Համակարգչային օպերացիոն համակարգերը այդ թվային համարժեքների միջոցով տառատեսակների միջից գտնում են նշանները, որոնք էլ ցուցադրվում են էկրանի վրա։

Համակարգիչներում գրելու համար օգտագործվում է ստեղնաշար։ Յուրաքանչյուր ստեղն համապատասխանում է ստանդարտ կոդի, որը ստեղնաշարը ուղարկում է համակարգչին, երբ ստեղնը սեղմվում է։ Օգտագործելով ստեղների համակցություններ, ինչպես օրինակ՝ Ctrl, Alt, Shift և AltGr, առաջանում են նշանային կոդեր, որոնք ուղարկվում են կենտրոնական մշակիչ հանգույցին (անգլ.՝ CPU): Օպերացիոն համակարգը որսում և վերափոխում է այս ազդանշանները անհրաժեշտ նշանների՝ հիմնվելով ստեղնաշարի և ներմուծման մեթոդի վրա։ Այնուհետև վերափոխված կոդերը հասցնում է աշխատող ծրագրին, որն էլ իր հերթին նշանը վերափոխում է տառատեսակին համապատասխան գլիֆի և պահանջում է օպերացիոն համակարգից ցուցադրել այն համակարգչի էկրանի վրա։

Գրի տեսակներ

խմբագրել

Գրի տեսակներն են պատկերագրությունը, գաղափարագրությունը, վանկագրությունը և հնչյունագրությունը[18]։

Պատկերագրության (պատմականորեն նախորդել է մյուս գրատեսակներին) միավորները (առարկայի գծագիր պատկերները) հիմնականում արտահայտում են այս կամ այն գաղափարը, միտքը, նույնիսկ կարող են ունենալ ամբողջական միտք պարունակող հաղորդման նշանակություն։ Այն օգտագործել են հին եգիպտացիները, Մերձավոր Արևելքի որոշ ժողովուրդներ, հին չինացիները, Հայաստանի նախաբնիկները և ուրիշներ։

Գրի հաջորդ՝ համեմատաբար կատարյալ ձևը գաղափարագիրն է ՝ հիերոգլիֆը։ Գաղափարագրությունը մի համակարգ է, որի միավորները, կամ պայմանական նշանները, հիմնականում արտահայտում են բառ կամ նրա իմաստակիր որևէ մաս։ Հին եգիպտացիները գաղափարագիր ստեղծել են մ. թ. ա. 3100 թվականին և դրանից օգտվել են շուրջ 3500 տարի։ Գրի այս տեսակն օգտագործել են նաև Մերձավոր Արևելքի ուրիշ ժողովուրդներ։ Կենտրոնական Ամերիկայի բնիկները՝ մայաները, նույնպես ունեցել են իրենց գաղափարագրերը։ Այժմ էլ կան գաղափարագրությունից օգտվողներ, օրինակ՝ չինացիները։ Գաղափարագրության սկզբունքով են ստեղծված մաթեմատիկական թվանշանները, քիմիական նշանները։ Գաղափարագրությունից է սերում հնչյունագրությունը։

Վանկագրությունը գրային ինքնատիպ հորինվածք է։ Վանկագիր է, օրինակ, հնդկական դևանագարի գրատեսակը։

Հնչյունական ամենահին գիրը սեպագիրն է, որն ստեղծել են շումերները՝ մ. թ. ա. III հազարամյակում։ Հնչյունագրության միավորներն արտահայտում են հնչյունական-արտասանական տարրեր։ Տառը հնչյունի գրային պատկերն է։ Հնչյունագրությունը, կամ տառահնչյունային այբուբենը, սեմական ծագում ունի։ Գրեթե բոլոր տառագիր այբուբենները սեմական բաղաձայնագրի տարբեր ձևափոխություններն են։ Գրի հնագույն վկայությունները վերաբերում են մ. թ. ա. IV–III հազարամյակներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Definitions of writing systems». Omniglot: The Online Encyclopedia of Writing Systems and Languages. www.omniglot.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  2. Hessler, Peter (2006), «Artifact K: The Lost Alphabets», Oracle Bones: A Journey Between China's Past and Present, Harper Collins, էջեր 401–417, ISBN 9780060826581.
  3. Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. 1, Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1926, էջ 561։
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  5. Coulmas, Florian. 2003. Writing systems. An introduction. Cambridge University Press. pg. 35.
  6. David Crystal (2008), A Dictionary of Linguistics and Phonetics, 6th Edition, p.481, Wiley
  7. Hadumod Bußmann (1998), Routledge Dictionary of Language and Linguistics, p.1294, Taylor & Francis
  8. Hadumod Bußmann (1998), Routledge Dictionary of Language and Linguistics, p.979, Taylor & Francis
  9. Harriet Joseph Ottenheimer (2012), The Anthropology of Language: An Introduction to Linguistic Anthropology, p.194, Cengage Learning
  10. StackExchange: Is it plausible to have two written forms of one spoken language that are so different as to be indecipherable?
  11. Metaphor and Analogy in the Sciences, p.126, Springer Science & Business Media (2013)
  12. David N. Keightley, Noel Barnard. The Origins of Chinese civilization. Page 415-416
  13. Sex and Eroticism in Mesopotamian Literature. By Dr Gwendolyn Leick. Pg 3.
  14. Coulmas, Florian (1996). The Blackwell Encyclopedia of Writing Systems. Oxford: Blackwell Publishers Ltd. ISBN 0-631-21481-X.
  15. Millard 1986, էջ. 396
  16. Haarmann 2004, էջ. 96
  17. See Primus, Beatrice (2004), «A featural analysis of the Modern Roman Alphabet» (PDF), Written Language and Literacy, 7 (2): 235–274, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 10-ին, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Գիր և այբուբեն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 84