Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերջան (այլ կիրառումներ)

Դերջան (նաև՝ Թերջան կամ Տերջան), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Եփրատի վերին հոսանքի և նրա ձախակողմայն վտակ Դերջանի հովտում։ Հյուսիսից սահմանակից էր Սպեր, արևելքից՝ Կարին, հարավից՝ Մանանաղի, արևմուտքից՝ Եկեղյաց գավառներին։ Նշանավոր գագաթներն են Մարիամը, Պախրը, Խաչը, Խալխալը։ Դերջանը հնուց ի վեր հռչակված էր արգավանդ վարելահողերով, հացահատիկի ընտիր տեսակների մշակմամբ։

Պատմություն

խմբագրել

Դերջանը հայ ժողովրդի բնօրրաներից է։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում եղել է Հայասա ցեղային միության, 6-3-րդ դարերում՝ Երվանդունիների պետության կազմում։ Ստրաբոնի վկայությամբ Դերջանը (Դերքսենե), Կարինիտեսի հետ, վերամիավորվել է Մեծ Հայքին։

Ըստ Ագաթանգեղոսի՝ Գրիգոր Ա Լուսավորիչը Դերջանում հիմնել է առանձին եպիսկոպոսություն։ Հայաստանի առաջին բաժանումից հետո (387 թ.) Դերջանը միացվել է Բյուզանդիային, եղել է Ներքին Հայքի, իսկ 536 թվականի վարչական փոփոխությամբ՝ Առաջին Հայքի կազմում։

638 թվականին Դերջանը ազատագրվել է բյուզանդացիներից, բայց 7-րդ դարի վերջին այն զավթել են արաբները։ 9-րդ դարի վերջին ազատագրված Դերջանը մտել է Բագրատունիների թագավորության մեջ։ 10-րդ դարի երկրորդ կեսին այն վերստին զավթել է Բյուզանդիան։ 16-րդ դարի կեսին մտցվել է նորաստեղծ Էրզրումի նահանգի մեջ (սկզբում՝ գավառակ, 18-րդ դարում ` գավառ)։ Մեծապես տուժել է 16-17-րդ դարերի թուրք-պարսկական պատերազմներից, 1555 թվականի և 1639 թվականի թուրք-պարսկական պայմանագրերով մնացել է Օսմանյան կայսրության կազմում։ Այնուհանդերձ, ըստ Հակոբ Կարնեցու, 17-րդ դարում եղել է հոծ բնակչություն ունեցող հայաբնակ գավառ (նշանավոր էին Բագառիճ ավանը, Կարագուլակ, Ծաղկարի, Վժան, Բուն գյուղերը, Ս. Դավիթ մենաստանը

16-19-րդ դարերում Դերջանի տարածքում հաստատվել են քրդական և թուրքական ցեղեր։ Գավառի հարավային մասը` Դերջան գետի ձախակողմյան հովտում տարածվող Լակձոր գյուղախումբը, վերածվել է քրդական կիսանկախ ցեղապետության։

1829 թվականի հուլիսին ռուսական զորքերն ազատագրել են Դերջանը, սակայն Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով այն մնացել է թուրքական տիրապետության տակ։ Ըստ ամերիկացի միսիոներ Է.Սմիթի՝ Դերջանի կենտրոն Մամախաթունը (նույնացվում է Դերջան ավանի հետ) 1830 թվականին ունեցել է մոտ 3 հազար հայ ընտանիք։

1915 թվականի մայիսին թուրք ջարդարարները կոտորել են Դերջանի հայերի մեծ մասին, շատերին խեղդամահ արել Եփրատում, իսկ կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացրել։ Կոտորածից փրկված ավելի քան 1000 դերջանցիներ հաստատվել են Ռումինիայում և Բուլղարիայում, մասամբ՝ Ռուսաստանում, Ամերիկայում։ 1916 թվականին ռուսական զորքերը երկրորդ անգամ ազատագրել են Դերջանը, սակայն թուրքերը 1918 թվականի հունվարին դարձյալ տիրել այն։

Ներկայում Դերջանի տարածքը տրոհված է Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) և Էրզրում իլերի միջև։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 364