Հեփեստոս[3] (հունարեն՝ Ἥφαιστος), կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին[4][5][6], Հին Հունաստանի գլխավոր աստվածներից մեկը[7]։ Ի սկզբանե Հեփեստոսը եղել է միայն կրակի աստված, սակայն արհեստների, հատկապես` դարբնության արհեստի զարգացմանը զուգընթաց նա դառնում է նաև մետաղագործության հովանավոր աստվածը։ Հեփեստոսին հատկապես շատ էին մեծարում Աթենքում, որտեղ արհեստներն առավել բարձր զարգացման էին հասել։

Հեփեստոս
Hephaistos Thetis at Kylix by the Foundry Painter Antikensammlung Berlin F2294.jpg
Տեսակհունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՎուլկան[1] և Kothar-wa-Khasis?
ՀայրԶևս[2]
ՄայրՀերա[2]
Քույր/ԵղբայրՄանես
ԱմուսինԱֆրոդիտե և Ագլայիա
ԿողակիցԷտնա, Anticleia?, Աթենաս, Cabeiro? և Գեա
ԶավակներEupheme?, Euthenia?, Eucleia?, Philophrosyne?, Պալիկի, Periphetes?, Broteus?, Cadmilus?, Erichthonius?, Ardalus?, Cercyon of Eleusis?, Ռադամանտուս, Թալիա, Aethiops?, Pylios?, Eurymedon?, Palaemon? և Olenus?
Ասպարեզհրաբուխ, կրակ և forging?
Hephaestus Վիքիպահեստում
Vulcan (Bissen).jpg

ԱռասպելաբանությունԽմբագրել

Հեփեստոսը լույս աշխարհ է գալիս որպես թուլակազմ ու կաղ երեխա։ Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ։ Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան, զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան Օլիմպոսից ցած է նետել հեռավոր երկիրը[8]։ Օդի մեջ երկար սուրալուց հետո տարաբախտ մանուկը ընկնում է անծայրածիր ծովի ալիքների մեջ[9], սակայն ծովային աստվածները՝ մեծն Օվկանիոսի դուստր Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներեոսի դուստր Թետիսը[10], խղճում են փոքրիկ Հեփեստոսին ու իրենց հետ տանում ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը։ Այնտեղ, լազուրե անձավում, աստվածուհիները մեծացնում ու դաստիարակում են մանկանը։ Հեփեստոսը դառնում է հմուտ դարբին՝ իսկական հրաշագործ իր արհեստի մեջ։ Իր հզոր ձեռքերով ոսկուց ու արծաթից մշտապես զարդարանքներ է պատրաստում իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար։

Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում թաքցնում է իր մոր՝ Հերա աստվածուհու հանդեպ տածած ցասումը։ Ի վերջո նա որոշում է վրեժխնդիր լինել մորից. արտասովոր գեղեցիկ մի ոսկեղեն բազկաթոռ է պատրաստում և ուղարկում Օլիմպոս՝ իբրև նվեր իր Հերային։ Շանթարձակ Զևսի կինը սքանչանում է այս հրաշալի ընծայից։ Եվ իրոք, միայն աստվածների ու մարդկանց թագուհին կարող էր բազմել այդպիսի արտասովոր գեղեցիկ բազկաթոռին։ Սակայն Հեփեստոսն անակնկալ էր պատրաստել մոր համար. բազկաթոռին նստելուն պես Հերան պատվում է անքակտելի կապանքներով ու գամվում է իր տեղում[11]։ Աստվածները վրա են հասնում օգնության, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. միայն Հեփեստոսն էր ի զորու քանդել բազկաթոռի կապանքները։ Հասկանալով դա՝ աստվածները Հերմեսին ուղարկում են դարբին-աստծուն բերելու։ Բանբերը երկար փորձում է համոզել Հեփեստոսին, որ իր հետ Օլիմպոս գնա ու ազատի Հերային, սակայն դարբինը հստակ է իր որոշման մեջ. նա չի կարող մոռանալ այն ցավը, որ մայրը պատճառել է իրեն[12]։

Հերմեսին օգնության է գալիս Դիոնիսոսը՝ գինու և խրախճանքի աստվածը։ Նա Հեփեստոսին մի գավաթ քաղցրաբույր գինի է հյուրասիրում, հետո ևս մի գավաթ, և այդպես շարունակ։ Գինովցած Հեփեստոսն արդեն պատրաստ է ամեն ինչի։ Գինին հաղթում է Հեփեստոսին։ Հերմեսն ու Դիոնիսոսը դարբին-աստծուն նստեցնում են ավանակի վրա ու տանում Օլիմպոս[13]։ Հեփեստոսի շուրջը ուրախ պար բռնած պտտվում են բաղեղով պարուրված մենասները՝ Դիոնիսոսի մշտական ուղեկիցները՝ ձեռքներին թիրսոսներ։ Վերջապես զվարթ շքախումբը հասնում է Օլիմպոս։ Հեփեստոսն առանց երկմտելու ազատ է արձակում մորը՝ մոռանալով ամեն տեսակ վիրավորանք. գինին բուժել էր նրա բոլոր վերքերը։

 
Հեփեստոսի տաճարը Աթենքում

Այս դեպքից հետո Հեփեստոսը բնակություն է հաստատում Օլիմպոսում։ Նա հոյակապ շինություններ է կանգնեցնում աստվածների համար, իսկ իր համար ոսկուց, արծաթից ու բրոնզից մի պալատ է կառուցում, որտեղ երջանիկ կյանք է վարում իր գեղանի ու բարեհամբույր կնոջ՝ գեղեցկության ու նազանքի աստվածուհի Քարիսի հետ։ Այս նույն պալատում է գտնվում Հեփեստոսի դարբնոցը, որտեղ նա անցկացնում է օրվա մեծ մասը։ Մեջտեղում դրված է վիթխարի զնդան, անկյունում՝ բոցավառ հնոցն իր փուքսերով։ Զարմանահրաշ փուքսեր են դրանք. գործի են ընկնում առանց ձեռքերի օգնության՝ ենթարկվելով միայն Հեփեստոսի խոսքին։

Հեփեստոսը Օլիմպոսում աստվածների համար թանկարժեք մետաղներից կառուցել է հոյակապ պալատներ, ամրակուռ զենքեր, ոսկե և արծաթե զարդարանքներ, թասեր ու գավաթներ, եռոտանիներ, որոնք, ասես կենդանություն առած, իրենք իրենց գլորվում են ոսկե անիվների վրա։ Գործն ավարտելով, քացրաբույր ավազանում մաքրվելով քրտինքից ու մրից՝ Հեփեստոսը, կաղալով ու իր թույլ ոտքերի վրա ճոճվելով, գնում է իր հոր՝ շանթարձակ Զևսի խնջույքին մասնակցելու։ Բարեհոգի Հեփեստոսը հաճախ հաշտեցնում է վեճի պատրաստվող Զևսին ու Հերային։ Աստվածներն անկարող են առանց ծիծաղի նայել Հեփեստոսին, երբ նա կաղալով շրջում է խնջույքի սեղանի շուրջը և անուշաբույր նեկտար լցնում նրանց համար։ Ծիծաղն աստվածներին ստիպում է մոռացության տալ վեճն ու գժտությունը։

Հռոմում Հեփեստոսին նույնացրել են կրակի աստված Վուլկանի հետ։

Բայց Հեփեստոս աստվածը կարող է նաև ահեղ լինել։ Շատերն են ճաշակել նրա կրակի ուժն ու վիթխարի մուրճի հզոր հարվածները։ Նա իր կրակով զսպել է անգամ Տրոյայի մոտ գտնվող Քսանթոս և Սիմոիս մոլեգնափրփուր գետերի ալիքները։ Հեփեստոսն իր մուրճով ջարդուփշուր է արել նաև հզոր տիտաններին։

Մեծն Հեփեստոսը՝ աստվածների հմտագույն դարբինը, ջերմություն ու հրճվանք է սփռում շուրջբոլորը, սիրալիր է ու բարեհամբույր բոլորի նկատմամբ, բայց կարող է և խստագույն պատիժներ տալ ու զարմացնել իր դաժանությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hughes J. Larousse Desk Reference EncyclopediaThe Book People, 1995. — P. 215.
  2. 2,0 2,1 Любкер Ф. Ἥφαιστος (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 602—603.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 58։ ISBN 99941-56-03-9 
  4. In Homer, Odyssey viii. 312 Hephaestus addresses "Father Zeus"; cf. Homer, Iliad i. 578 (some scholars, such as Gantz, Early Greek Myth, p. 74, note that Hephaestus' reference to Zeus as 'father' here may be a general title), xiv. 338, xviii. 396, xxi. 332. See also Cicero, De Natura Deorum 3.22.
  5. Гесиод. Теогония 927—929; фр. 343 М.-У.
  6. Первый Ватиканский мифограф II 74, 1.
  7. Мифы народов мира (энциклопедия) М., 1991—92. В 2 т. Т. 1. С. 299—300, Любкер, Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 104; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 5—6 далее.
  8. Graves Robert (1955)։ The Greek Myths:1։ Harmondsworth, Middlesex, England: Penguin Books։ էջ 51 
  9. Гомер. Илиада XVIII 395; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 5.
  10. Гимны Гомера II 141.
  11. Алкей, фр. 349 Лобель-Пейдж.
  12. Kerenyi 1951:157.
  13. Павсаний. Описание Эллады I 20, 3; III 17, 3.

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Лосев, Алексей Фёдорович Гефест // Мифы народов мира (энциклопедия). Т. 1. М., 1991, с. 299—300.
  • Широков О. С. ΑCMŌN // Античная культура и современная наука. М., 1985, с. 185—188.
  • Robert Bowie Johnson, Le Code du Parthénon, Jardin des Livres, Paris, 2008 978-2914569613
  • Frank Brommer, Hephaistos. Der Schmiedegott in der antiken Kunst, Éditions Philipp von Zabern, Mayence, 1978. (Գերմաներեն)
  • Marie Delcourt, Héphaïstos ou la légende du magicien, Belles Lettres, Paris, 1957 2-251-33414-9.
  • Alexandre Marcinkowski et Jérôme Wilgaux, « Automates et créatures artificielles d'Héphaïstos : entre science et fiction », dans Techniques et culture, 43-44, décembre 2004 http://www.museedufer.ch/dp/automates-et-creatures-artificielles.htm(չաշխատող հղում).