Ժան Բատիստ Լյուլլի (ֆրանսերեն՝ Lully, իտալ.՝ Giovanni-Baptista Lylli կամ Lulli; նոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1][2][2][…], Ֆլորենցիա, Իտալիա[3] - մարտի 22, 1687(1687-03-22)[1][2][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), 17-րդ դարի ֆրանսիացի երգահան, ջութակահար, պարող, դիրիժոր և մանկավարժ, ֆրանսիական օպերայի հիմնադիր, ծագմամբ իտալացի։ Իր օպերաներում, որոնք կրում էին «tragédie mise en musique» (բառացիորեն՝ «երաժշտության վրա փոխադրած ողբերգություն», ռուսական երաժշտագիտության մեջ օգտագործվում է նվազ դիպուկ, բայց ավելի սահուն եզրույթ՝ «քնարերգական ողբերգություն»), Լյուլին ձգտել է ուժեղացնել երաժշտական-դրամատիկական էֆեկտները, ավելի բնական նրբերանգներ հաղորդել արտասանությանը, սրել երգչախմբի դրամատիկական նշանակությունը։ Բեմականացման շքեղության, տպավորիչ պարերի, լիբրետտոյի և ինքնին երաժշտության գերազանց արժանիքների շնորհիվ Լյուլիի օպերաները մեծ հաջողություն են ունեցել Ֆրանսիայում և հռչակ վայելել Եվրոպայում, մեծ ներգործություն են ունեցել օպերա ժանրի հետագա զարգացման վրա՝ չիջնելով բեմից շուրջ 100 տարի։ Բացի քնարերգական ողբերգություններից ՝ Լյուլիի գրչին են պատկանում մեծ թվով բալետներ (ballets de cour), առանձին գործիքների և նվագախմբի համար ստեղծագործություններ, տրիոներ, դիվերտիսմենտներ, նախերգանքներ, հոգևոր ստեղծագործություններ և այլն։

Ժան Բատիստ Լյուլլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունJean-Baptiste Lully
Ծնվել էնոյեմբերի 28, 1632(1632-11-28)[1][2][2][…]
Ֆլորենցիա, Իտալիա[3]
Երկիր Ֆրանսիայի թագավորություն և  Տոսկանայի Մեծ դքսություն
Մահացել էմարտի 22, 1687(1687-03-22)[1][2][2][…] (54 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]
ԳերեզմանNotre-Dame-des-Victoires
Ժանրերօպերա, դասական երաժշտություն[4] և բալետ[5][6]
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, ջութակահար, երաժշտության ուսուցիչ, բալետի պարող, պարող, մանկավարժ և ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱմուսինMadeleine Lambert?[7]
Ստորագրություն
Ստորագրություն
 Jean-Baptiste Lully Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1632 թ նոյեմբերի 28-ին Ֆլորենցիայի մոտ՝ իտալացի ջրաղացպանի ընտանիքում։ Մանուկ հասակից դրսևորել է երաժշտական և դերասանական ունակություններ. երգել է, նվագել, խաղացել կոմիկական տեսարաններ։ 1646 թ կոմս Գիզը նրան տանում է Փարիզ, որտեղ արքայադուստր Մոնպասիեի արքունիքում աշխատում է որպես խոհարար, իսկ 10 տարի անց, ֆրանսիականացված անունով՝ Ժան Բատիստ Լյուլլին մեծ հաջողություններ է ունենում Լյուդովիկոս 14-րդի պալատում։ 1653 թ. արժանանում է «Գործիքային երաժշտության պալատական երգահանի» կոչմանը, իսկ 1662 թ.-ից արդեն կոչվեց թագավորական ընտանիքի «Maitre de la musique» (ֆրանսերեն՝ «երաժշտության ուսուցիչ»), հետագայում արժանանում է նաև «թագավորի քարտուղարի» կոչմանը։ Նա նաև ստեղծում է «Թագավորի 12 ջութակները» և «Թագավորի 24 ջութակները» նվագախմբերը։

Լյուլլին սկզբում կապված էր թատրոնի հետ, կազմակերպում էր պալատական կամերային երաժշտության համերգներ և գրում էր պալատի համար, այնուհետև սկսում է գրել երաժշտություն բալետների համար։ Լյուլլին հիանալի պարում էր, թագավորի հետ միասին պարելով, մասնակցում հանդիսությունների բեմադրություններին։ Լյուդովիկոս 14-րդը սիրում էր պարել բալետներում։ Լյուլլին իր ուժերը փորձել էր նաև այլ ժանրերում։

Լյուլլին ստանձնելով երաժշտական թագավորական ակադեմիայի ղեկավարման թույլտվությունը՝ ամբողջությամբ կենտրոնանում է օպերաների ստեղծման ու բեմադրման վրա։ Ստեղծելով խոշոր օպերային գործեր, ինքն էր իրականացնում դրանց բարդ և շքեղ բեմադրությունները, պարապում էր երգիչների, պարողների, նվագողներ հետ, ղեկավարում էր նվագախումբը՝ միաժամանակ նվագելով ջութակ կամ կլավեսին կամ էլ երգեհոն։ Գծագրում էր մասնակիցների զգեստները։

Լյուլլիի օպերաներում բացի մենակատարներից կար նաև երգչախումբ և բալետ։ Լյուլլին հանդիսանում է Ֆրանսիական օպերային ավարտուն ձևի՝ «քնարական» ողբերգության հիմնադիրը, և այդ ժանրում նա նախորդներ չունի։

Լյուլլիի մշտական լիբրետիստը դարձավ Ֆիլիպ Կինոն։

Երաժշտության թագավորական ակադեմիայում Լյուլլիի առաջին ներկայացումը «Ամուրի և Բաքոսի տոնախմբությունը» օպերա-բալետն էր։ Սրան հաջորդում են մի շարք ողբերգություններ «Ալկեստա», «Թեսևս», «Արմիդա» ևն։

Լյուլլին եղել է դեսպոտիկ՝ բռնկվող անձնավորություն։ Կարելի է ասել որ նման բնավորությունն է դառնում նրա մահվան պատճառը։ Ֆրանսիայի ազնվականները կրում էին սուր ծայրով գավազան։ Լյուլլին փորձերից մեկի ժամանակ, բարկացած վիճակում իր գավազանը գետնին խփելով հանկարծակի խրում է ոտքի մեջ և ստանալով փտախտ (գանգրենա) մահանում է 1687 թ.-ին՝ իր փառքի գագաթնակետին։ Նրա մահը ծանր տարավ ողջ Ֆրանսիան, իհարկե նաև Լյուդովիկոս 14-րդը։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է 14 օպերա։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բատիստ Լյուլլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 645