Հայ տպագրիչների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Հայ գրքի տպագրություն հիմնագիրները, նշանավոր հրատարակիչներն ու տպարանները

  • Հակոբ Մեղապարտ (Ջուղայեցի), Հայ տպագրական արվեստի սկզբնավորողն ու հիմնադիրն է։ Վենետիկում պատվիրել է ձուլածո տառեր, զարդագրեր և 1512-1513 թթ. հրատարակել հայատառ 6 գիրք։ Նրա հրատարակումներից մեզ են հասել հայերեն առաջին տպագիր գիրքը՝«Ուրբաթագիրք»-ը և ևս չորս գիրք՝ «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»։
  • Աբգար Թոխաթեցի (Աբգար դպիր), 1566 թ. Վենետիկում հրատարակել է հայերեն առաջին տպագիր օրացույցը, որը անվանել է «Խառնայփնթուր տումարի գեղեցիկ և պիտանի»։ 1567-ին Կ. Պոլսում հիմնել է հայկական առաջին տպարանը և 1567-1569 թթ. հրատարակել 7 գիրք։
  • Հովհաննես Տերզնցի, 1584 թ. Հռոմում հրատարակել է «Տումար Գրիգորյան» գիրքը, իսկ 1587-ին Վենետիկում՝ «Սաղմոսարան»։
  • Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի (Թարմատանենց) - 1616 թ. Լվովում (Լեհաստան) հիմնել է տպարան և հրատարակել 478 էջից բաղկացած «Սաղմոսարան»։
  • Խաչատուր Կեսարացի, Նոր Ջուղայի (Պարսկաստան) Ամենափրկիչ վանքում 1638-ին հիմնել է տպարան և տպագրել մի «Սաղմոսարան»։ 1641-ին լույս է ընծայել 703 էջից բաղկացած «Հարանց վարք», 1642-ին՝ «Ատենի ժամագիրք» գրքերը։

17-րդ դարի երկրորդ կեսից տպարանը գործել է ընդմիջումներով։ Բեղմնավոր գործունեությունը շարունակել է 1880-ից հետո։

  • Հովհաննես Ջուղայեցի, Տպագրական արվեստի մեջ կատարելագործվելու և Նոր Ջուղայի տպարանի համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 1639 թ. մեկնել է Եվրոպա։ 1644 թ. Լիվոռնոյում (Իտալիա) հրատարակել է «Սաղմոս Դավթին» գիրքը, 1647 թ. Նոր Ջուղայում` իր «Պարզատումար Ազարիայրի» աշխատությունը և նախաձեռնել Աստվածաշնչի հայերեն հրատարակում։ Սակայն դժվարությունների պատճառով նրա մտահղացումը չի իրագործվել։
  • Մատթեոս Ծարեցի, 1658 թ. Ամստերդամում հիմնել է «Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի զորավարի» տպարանը և 1660-ին տպագրության է հանձնել Շնորհալու «Յիսուս որդի» երկը, որը լույս է տեսել հետմահու՝ 1661 թվականին։
  • Ավետիս Դլիճենց, 1661 թվականից Ամստերդամի հայկական տպարանը պատկանել է հիմնադիր Ծարեցու գործընկեր Ավետիս Ղլիճենցին։ Նրա ջանքերով 1663-ին լույս է ընծայվել «Ժամագիրք» և 1664-ին՝ «Սաղմոս» գրքերը։
  • Կարապետ Ադրիանացի, 1664 թ. փոխարինել է Ամստերդամի հայկական տպարանի տնօրեն Ավետիս Ղլիճենցին և նախաձեռնել «Շարական» մեծածավալ գրքի հրատարակումը։
  • Ոսկան Երևանցի, ծնվել է Նոր Ջուղայում, Երևանցի է անվանվել ծնողների ծննդավայրի անունով։

1666 թ. ստանձնել է Ամստերդամի հայկական տպարանի տնօրինությունը։ Նախ հրատարակել է «Այբբենարան և քրիստոնեական» հայոց լեզվի և կրոնի դասագիրքը, ապա սկսել է 1464 էջից բաղկացած հայերեն առաջին «Աստվածաշունչ» մատյանի հրատարակումը և ավարտել 1668-ին։ Այդ ժամանակահատվածում լույս է ընծայել ևս 12 անուն գիրք՝ «Նոր Կտակարան», Այգեկցի` «Աղվեսագիրք», Խորենացի` «Աշխարհագրություն» և այլն։ Աստվածաշնչից հետո նրա կարևոր հրատարակումներից է «Ձայնաքաղ շարական» խազագիր ձայնանիշերով հայերեն առաջին տպագիր գիրքը։ 1670-1671 թթ. Լիվոռնոյում (Իտալիա) հիմնել է տպարան և հրատարակել 2 անուն գիրք։ 1672-ին տպարանը տեղափոխել է Մարսել, սակայն հալածվելով կաթոլիկ եկեղեցու կողմից և չդիմանալով տառապանքներին, մահացել է 1674-ին։ Նրանից հետո տպարանը ընդմիջումներով գործել է մինչև 1683 թվականը։

  • Մկրտիչ գրաշար, տպագրական գործում հմտացել է Ոսկան Երևանցու Մարսելում հիմնած տպարանում։ Իր ծննդավայր Զմյուռնիայում հիմնել է «Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի զորավարի» տպարանը և 1776 թ. տպագրել «Գիրք սրբոյն Մաշտոցա վարդապետի» գիրքը։
  • Երեմիա Քյոմուրջիան, 1677 թ. Կ. Պոլսում հիմնել է հայկական երկրորդ տպարանը և 1677-1678 թթ. հրատարակել 2 անուն գիրք։
  • Գրիգոր Մարզվանեցի, 1684 թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է շուրջ 45 տարի և լույս ընծայել մոտ 14 անուն գիրք։ 1698-ին՝ «Տաղարան», 1706-ին՝ 720 էջից բաղկացած պատկերազարդ «Յասմավուրք», 1709-ին՝ «Ագաթանգեղոս», 1726-ին՝ «Նարեկ» և այլ արժեքավոր գրքեր։
  • Գասպար Ջուղայեցի (Սահրատյան) և Թադեոս Համազասպյան, 1686-ին տպարան են հիմնել Վենետիկում։ 1686-1687 թթ. այս տպարանը հրատարակել է 3 անուն գիրք, որոնցից նշանավորը «Ճաշոց»-ն է։
  • Խոջա Նահապետ Գուլնզար, Վենետիկում հիմնել է տպարան և 1687 թ. հրատարակել «Պարզաբանություն սաղմոսաց» 840 էջից բաղկացած պատկերազարդ, կաշեկազմ գիրքը, որի կեսը տպագրել է աշխարհաբար։ Նրա հրատարակումը աշխարհաբար տպագրված հայերեն առաջին գիրքն է։
  • Մատթեոս Վանանդեցի (Հովհաննիսյան) - Ամստերդամում հիմնել է տպարան և 1685-1688 թթ. հրատարակել 3 անուն գիրք։
  • Թովմաս Վանանդեցի (Նուրիջանյան) - 1693 թ. ստանձնել է Մատթեոս Վանանդեցու Ամստերդամի տպարանի տնօրինությունը և 1695-1717 թթ. հրատարակել 21 անուն գրքից ավելի։ Այդ թվում, 1695-ին՝ հայերեն առաջին «Համատարած Աշխարհացույց» մեծադիր քարտեզը։ Քարտեզի բացատրագիրքը լույս է ընծայել 1696-ին։
  • Աստվածատուր Ապուխչեցի, 1700 թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը հետագայում դարձել է Կ. Պոլսի ամենաառաջնակարգ տպարանը և ժառանգաբար անցնելով նրա սերունդներին, գործել է մոտ 150 տարի։

Նրա տպարանը հրատարակել է հայ գրականությանը և մշակույթին վերաբերող բազմաթիվ արժեքավոր գրքեր, հայ նշանավոր հեղինակների ստեղծագործություններ՝ Առաքել Սյունեցու «Ադամագիրք», Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց», «Դավիթ Անհաղթ» և այլն։

  • Սարգիս Դպիր, 1701 թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է մինչև 1722 թվականը։ Հրատարակել է հոգևոր գրքեր՝ «Տոնացույց», «Ժամագիրք», «Գիրք և Ճառ հոգեշահ» և այլն։
  • Պետրոս Լատինացի, Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը գործել է 1704-1712 թվականներին։ Նրա հրատարակումներից հայտնի է 5 անուն գիրք, որոնցից նշանակալին 1705-ին հրատարակած «Աստվածաշունչ» մատյանի հայերեն երկրորդ հրատարակումն է։
  • Մարտիրոս Դպիր, 1721 թվականից ստանձնել է հոր՝ Սարգիս Դպիրի Կ. Պոլսում հիմնած տպարանը։ Բարեկարգել և հրատարակչական գործով է զբաղվել մինչև 1758 թվականը։

Նրա հրատարակումներից ամենաարժեքավորը 1728 թ. տպագրած «Բուզանդարան պատմություն»` Փավստոս Բյուզանդի Հայոց պատմության առաջին հրատարակումն է։

  • Բարսեղ և Հակոբ Սեբաստացիներ - 1735 թ. Կ. Պոլսում հիմնել են տպարան և հրատարակել «Շարակնոց», «Ավետարան», «Գիրք պատճառաց Արիստոտելի» և այլ գրքեր։ Նրանց տպարանը գործել է մինչև 1750-ական թվականները։
  • Դպիր Աբրահամ Թրակացի - 1735 թ. Կ. Պոլսում հիմնած նրա տպարանը գործել է մինչև 1746 թվականը։ Նրա հրատարակումներից լավագույնները «Գիրք դպրության» տաղարանը և Գրիգոր Տաթևացու գրվածքների տպագրություններն են։
  • Ստեփանոս Պետրոսյան - 1750 թ. Կ. Պոլսում հիմնել է տպարան, որը, առաջին գրքի հրատարակումից հետո, շուրջ 21 տարի ինչ-ինչ պատճառներով ընդհատել է գործունեությունը։ 1772-1792 թթ. լույս է ընծայել «Գործ առաքելոց», «Ժամագիրք հայոց», «Տաղարան վայելուչ», «Գանձարան փոքրիկ» և այլ գրքեր։
  • Հովհաննես Ապուխչեցի - 1750-ական թվականներին, հոր՝ Աստվածատուր Ապուխչեցու մահից հետո, ստանձնել Կ. Պոլսում նրա հիմնած տպարանի տնօրինությունը և մինչև 1790-ական թվականները հրատարակել է մեծ թվով արժեքավոր գրքեր։
  • Մարկոս - 1759-ին Զմյուռնիայում հիմնել է տպարան և մինչև 1762 թվականը լույս է ընծայել 3 անուն գիրք, որոնցից կարևորը Եզնիկ Կողբացու գրվածքների հրատարակումն է։
  • Պողոս Արապյան - Հրատարակչական և տպագրական արվեստում հմտացել է իր պապի՝ Աստվածատուր Ապուխչեցու Կ. Պոլսում հիմնած տպարանում և հասել արտակարգ հեղինակության։ Հրատարակչությամբ զբաղվել է շուրջ 70 տարի։ Ճանաչվել է 1760-ական թվականներին։

1774-ին Վրաստանի թագավոր Հերակլ 2-րդը նրան հրավիրել է Թիֆլիս` վրացական տպագրական տառերը բարեկարգելու։ Կ.Պոլսում ստեղծել է թուրքերեն Թալիգ և Նեսիհ գրերը, որոնք նրա անվամբ կոչվել են նաև Արապօղլու։ Սուլթանի հրամանով նշանակվել է թուրքական Արքունի տպարանի տեսուչ։ Նրա հրատարակումներից հիշատակելի են «Պարսկերեն-հայերեն բառարանը», «Ժամագիրք», «Նարեկ», «Քերականություն հայոց լեզվի» և այլ գրքեր։

  • Հովհաննես և Հակոբ տիրացուներ - Կ. Պոլսում հիմնել են տպարան և 1766-1768 թթ. հրատարակել հոգևոր բովանդակությամբ 5 անուն գիրք, որոնցից լավագույնները թռչնագրերով և լուսանցազարդերով տպագրված «Ավետարան» և «Տաղարան Պաղդասար Դպիրի» հրատարակումներն են։
  • Սիմեոն Ա Երևանցի Կաթողիկոս - 1771 թ. Էջմիածնում հիմնել է Հայաստանում առաջին՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» տպարանը, 1776-ին հիմնադրել է թղթի գործարան։

1772-ին հրատարակել է «Փոքրիկ տաղարան», այնուհետև՝ «Տոնացույց», Հովսեփ Եբրայեցու «Պատմություն» և այլ գրքեր։ 1793-ից հրատարակումներն ընթացել են ընդհատումներով։ Տպարանի գործունեությունը նորից աշխուժացել է 1866-ից հետո՝ Գևորգ Դ Կաթողիկոսի օրոք։ Այդ ժամանակաշրջանի ամենանշանակալի հրատարակումները «Ճաշոց» (1872 թ.) և «Ձայնագրեալ շարական» (1875 թ.) գրքերն են։ Հոգևոր գրականությանը զուգահեռ, տպարանը լույս է ընծայել հայոց պատմությանն ու ազգագրությանը, լեզվաբանությանը վերաբերող գրքեր և դասագրքեր։

  • Շահամիր Շահամիրյան - 1772-ին տպարան է հիմնել Հնդկաստանի Մադրաս քաղաքում և մինչև 1800-ական թթ. լույս է ընծայել «Այբբենարան» կամ «Քերականություն», «Որոգայթ փառաց», «Տետրակ», որ կոչի «Նշավակ» և այլ գրքեր։
  • Վիեննայի Մխիթարյան Միաբանության Տպարան - 1776 թ. հիմնադրվել է Ավստրիայի Տրիեստ քաղաքում։ Գործունեության սկզբում լույս է ընծայել «Ժամագիրք», «Առակք Եզոպոսի», «Այբբենարան», «Հոգևոր երգք», «Պատմություն Մեծին Ճենկիզխանի» և նմանատիպ այլ գրքեր։ 1811 թ. տեղափոխվել է Վիեննա և շուտով դարձել եվրոպական առաջնակարգ տպարան-հրատարակչություն։ 19-րդ դարի վերջում հրատարակումներ է ունեցել 50 լեզուներով, հրատարակել է հայագիտական բազմաբնույթ մոտ 500 անուն գիրք։
  • Գրիգոր Խալդարյան - 1780 թ. Լոնդոնում հրատարակել է «դավանանք հավատոյ» գիրքը։

1781-ին Պետերբուրգում հիմնել է տպարան և հրատարակել «Այբբենարան», «Ժամագիրք», Շնորհալու «Յիսուս որդի», «Ճաշոց», «Ավետարան», «Վեմ գայթակղութեան» և այլ գրքեր։ Նրա տպարանը գործել է մինչև 1788 թվականը։

  • Հարություն Շմավոնյան - 1780-ական թթ. Մադրասում հիմնել է տպարան և մինչև 1800 թվականը հրատարակել 10 անունից ավելի գիրք՝ «Ողբ Հայաստանեաց», «Գիրք սահմանաց Դավթի Անհաղթ փիլիսոփայի» և այլն։ 19-րդ դարի առաջին տասնամյակում լույս է ընծայել ևս 4 անուն գիրք։

Նրա հրատարակումներից ամենանշանավորը 1794 թ. լույս ընծայած հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի տպագրությունն է։

Տպարանի մինչ այսօր շարունակվող բազմաթիվ՝ գիտական, գրական, արվեստաբանական և մյուս հրատարակումները կարևոր արժեքներ են հայ մշակույթի համար։

  • Մայր Դպրատան Տպարան - 1792 թ. հիմնադրվել է Կ.Պոլսում և գործել Մատթեոս Դպիրի ղեկավարությամբ։ Հրատարակել է 6 անուն գիրք, վերջինը՝ «Մեկնություն ժամանակագրության», լույս է տեսել 1795 թվականին։
  • Հովսեփ Ստեփանոսյան - 1796 թ. տպարան է հիմնել Կալկաթայում և հրատարակել 2 անուն գիրք։
  • Նոր Նախիջևանի Տպարան - Ալամդարյանի հիմնած տպարանը 1789 թ. Պետերբուրգից տեղափոխվել է Նոր Նախիջևան մինչև 1796 թ. հրատարակել է 15 անուն գիրք՝ «Բժշկարան համառոտ», «Խորհդատետր», «Տետրակ համառոտ բառասացության» (բառարան) և այլն։
  • Աստրախանի Տպարան - 1796 թվականին Նոր Նախիջևանի տպարանը տեղափոխվել է Աստրախան և 1797-ին հրատարակել «Մեկնություն սաղմոսաց Դավթի» 520 էջից բաղկացած գիրքը։

Աստրախանի տպարանը հրատարակումները շարունակել է մինչև 1820-ական թվականների վերջը։

1820-ական թթ. վերջերին տպարանը փոխանցվել է Լազարյան ճեմարանին։

  • Հայկական Մարդասիրական Ճեմարանի Տպարան - 1820-ական թթ. հիմնադրվել է Կալկաթայում։ Այս տպարանը Կալկաթայի հայկական 7 տպարաններից ամենաբարեկարգն է եղել։ Հրատարակչական գործը շարունակվել է մինչև 1870-ական թվականները։ Հայտնի է այնտեղ տպագրված 15 անուն գիրք։
  • Ներսիսյան դպրոցի Տպարան - 1823 թ. Թիֆլիսում հիմնադրել է հայկական հոգևոր թեմի առաջնորդ արքեպիսկոպոս (1843-ից կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին։ Տպարանի ղեկավարությունը հանձնվել է Հարություն Ալամդարյանին։

Հրատարակել է Շնորհալու «Ողբ Եդեսիոյ», Աբովյանի «Վերք Հայաստանի», «Ռուս-հայերեն բառարան» և այլ գրքեր։ Միայն 1825-1828 թթ. լույս է ընծայել 30 անուն հրատարակում։ Տպարանը գործել է մինչև 1860-ական թվականների սկիզբը։

  • Շուշիի Տպարան - 1820-ական թթ. երկրորդ կեսին հիմնել են բողոքական միսիոներները։ Նրանք հրատարակել են կրոնական և բարոյախոսական գրքեր ու դասագրքեր։ Առաջին գիրքը տպագրվել է 1828-ին։ 1836-ին տպարանը հանձնվել է Հայոց Ազգային Հոգևոր դպրոցին։ Տպարանի վերջին հրատարակումը՝ «Հայկական աշխարհ» ամսագրի հերթական համարը, տպագրվել է 1874-ին։
  • Լազարյան Ճեմարանի Տպարան - 1829 թ. Մոսկվայում հիմնադրել են Լազարյանների ժառանգներ՝ Հովհաննես և Խաչատուր Հովակիմյանները։

Տպարանը հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակել է պատմաբանասիրական, հայագիտական, մատենագիտական և գեղարվեստական բազմաթիվ գրքեր ու դասագրքեր։ Այս տպարանում է տպագրվել Ստեփանոս Նազարյանի և Միքայել Նալբանդյանի ջանքերով հրատարակվող «Հյուսիսափայլ» ամսագիրը։

  • Ս. Հակոբյանց Տպարան - 1833 թ. հիմնադրվել է Երուսաղեմում։ Մինչև 1900 թ. հրատարակել է կրոնական, պատմագրական, հայագիտական և գեղարվեստական շուրջ 70 անուն գիրք ու դասագիրք։

Տպարանը հայ հրատարակչության մեջ առաջին անգամ իրագործել է գունավոր տպագրություն։

  • Հովհաննես Մյուհենտիսյան- 1839 թվականին թողնելով ոսկերչությունը, Կ. Պոլսի հայոց գիշերօթիկ դպրոցում հիմնել է տպարան և հրատարակել գեղատես օրացույց 100000 տպաքանակով։ 1846-ին հիմնել է նոր տպարան, իսկ 1856-ին՝ կառուցել ժամանակակից հաստոցներով սարքավորված առաջնակարգ տպարան։ Թուրքական կառավարությունը նրան է վստահել թուրքական թղթադրամի տպագրությունը։

Մյուհենտիսյանն իր տպարանում, կես դարից ավելի աշխատանքի ընթացքում, տպագրել և հրատարակել է մեծ թվով գրքեր, դասագրքեր, հայագիտական աշխատություններ, թերթեր և հանդեսներ։

  • Ճանիկ Արամյան - 1850 թ. Փարիզում հիմնել է գրաձուլարան, որտեղ ստեղծել է այժմ էլ գործածվող «Արամյան» տառատեսակը։ 1859-ին հիմնել է տպարան և հրատարակել 20-ից ավելի անուն գիրք, այդ թվում՝ «Համառոտ բառարան արդեան լեզուի», «Նարեկ», «Երկու տող» (Մ. Նալբանդյան) և մի շարք պարբերականներ։

1862-ին տպարանը տեղափոխել է Մարսել և շարունակել հրատարակչական գործը մինչև 1864 թվականը։ 1865-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, հիմնել տպարան, որը գործել է մինչև 1879 թվականը։

  • Ազգային Տպարան - 1859 թ. Թեոդոսիայում հիմնադրել են Հարություն Խալիպյանը և Գաբրիել Այվազովսկին։ Հրատարակչական նպաստավոր շրջանում (մինչև 1865 թ.) տպարանը լույս է ընծայել հայերեն և ռուսերեն 46 անուն գիրք։

Տպարան Ազգայինը գործել է մինչև 1874 թվականը։

  • Համբարձում Էնֆիաճյան - 1860 թ. Թիֆլիսում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են բազմաբնույթ գրքեր, թերթեր և հանդեսներ։ Այդ թվում՝ «Կռունկ Հայոց աշխարհին», «Գարուն», «Մեղու Հայաստանի», «Մուրճ» պարբերականները։ Տպարանը 1880-ին փոխանցվել է Ռոտինյանցների տնօրինությանը։
  • Հովհաննես Մարտիրոսյան - 1870-ական թթ. Թիֆլիսում հիմնել է տպարան, որը ձեռք է բերել առաջնակարգ հրատարակչության համբավ։ Այնտեղ տպագրվել են դասագրքեր, գեղարվեստական գրականություն, պարբերականներ՝ «Մշակ», «Աղբյուր», «Հորիզոն» և այլն։

Տպարանը գործել է մինչև 1910-ական թվականները։

  • Հայոց Մարդասիրական Ընկերության Տպարան - 1872 թ. հիմնադրվել է Բաքվում։ Լույս է ընծայել Մխիթար Գոշի, Եզոպոսի առակների ժողովածուները, «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 հատորները, «Պարտիզիկ» բանաստեղծությունների ժողովածուն, դասագրքեր, տպագրել է «Հայկական աշխարհ» ամսագրի հերթական համարներից։
  • Ֆեոդորովի և Թառումյանի Տպարան - 1874 թ. հիմնադրվել է Գանձակում։ 1874-1875 թթ. տպագրել է «Հայկական աշխարհ» ամսագրի համարները, իսկ 1890-ականներին՝ մի քանի գիրք։
  • Զաքարիա Գևորգյան - 1876 թ. հիմնել է Երևանի առաջին տպարանը, տպագրել է պարբերականներ և այլ հրատարակումներ։
  • Գևորգ Սանոյանց - 1876 թ. հիմնել է Ալեքսանդրապոլի առաջին տպարանը։ Հրատարակել է պարբերականներ և գրքեր, որոնցից հիշատակելի է Ջիվանու երգերի ժողովածուի առաջին հրատարակումը։

Տպարանը գործել է մինչև 1918 թվականը։

  • Աբրահամ Մալխասյան - 1890-ական թթ. հիմնել է Ալեքսանդրապոլի երկրորդ տպարանը։
  • Մնացական Մարտիրոսյան - 1896 թ. Թիֆլիսում հիմնել է ժամանակակից սարքավորումներով հագեցած բարեկարգ տպարան և իրականացրել մեծ թվով գրքերի բարձրորակ հրատարակում։ Նրա տպարանում տպագրվել են «Թատրոն», «Ազգագրական հանդես», «Գեղարվեստ» հանդեսները։

19-րդ դարում հայկական հրատարակչություններ և տպարաններ են հիմնվել ինչպես հայկական բնակավայրերում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում։ Պարտիզակում` 1848, Շամախիում` 1856, Վանում` 1858, Մուշում` 1863, Սեբաստիայում` 1871, Ախալցխայում` 1888, Նոր Բայազետում` 1890 թվականներին։ Բոմբեյում` 1810, Նյու Յորքում` 1857, Մանչեստրում` 1863, Կահիրեում` 1865, Եվդոկիայում` 1883, Վառնայում` 1885, Ալեքսանդրիայում` 1888, Թավրիզում` 1889, Ժնևում` 1891, Ռուշչակում` 1891, Աթենքում` 1892, Թեհրանում 1894, Բոստոնում` 1899 թվականներին։

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1921 թ. ձևավորվեց «Հայպետհրատ» հրատարակչությունը, որի կազմում գործել են մի շարք ճյուղային հրատարակչություններ և տպարաններ։ Ամենաարդյունավետ գործողներն էին՝ «Սովետական գրող», ՀՀ ԳԱ-ի, ՀՀ ԿԿ Կենտկոմի հրատարակչություններն իրենց տպարաններով։