Հովհաննես Մյուհենտիսյան

հայ ոսկերիչ

Հովհաննես Գևորգի Մյուհենտիսյան (փետրվարի 21 (մարտի 5), 1810[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 17 (29), 1891[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ տպարանատեր, գրաձուլիչ, փորագրող, ոսկերիչ, տառաստեղծ։ Մյուհենտիսյանը հանդիսանում է 19-րդ դարում հայկական գրաշարային տառատեսակների վերաիմաստավորման ու սկզբունքորեն նոր տառատեսակների հեղինակը։ Ավանդական շեղ բոլորագիրը փոխարինվեց ուղղաձիգ գրվածքով՝ տեսքով մոտենալով լատինական ավանդությանը։

Հովհաննես Մյուհենտիսյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Միւհենտիսեան
Ծնվել էփետրվարի 21 (մարտի 5), 1810[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 17 (29), 1891[1] (81 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան[1]
Մասնագիտությունհրատարակիչ, փորագրիչ և ոսկերիչ

Կենսագրություն

խմբագրել

Չափագետ, տոմարագետ[փա՞ստ], շինարար վարպետ Մյուհենտիս Գևորգի որդին, ով եղել է Գրիգոր Պալյանի օգնականը։[2] Սովորել է Սամաթիայի թաղային դպրոցում, այնուհետև ավարտել է Սկյուտարի վարժարանը։ Աշակերտել է Համբարձում Լիմոնջյանին, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել արևմտյան և հայ երաժշտության տեսությունը, տիրապետել նոր հայկական նոտագրությանը։ Հայ երաժշտությանը Մյուհենտիսյաի մատուցած նշանակալից ծառայությունը Լիմոնճյանի նոտային համակարգի նշանների տպագրական ձևերի ստեղծումն է և կաղապարների ձուլումը։ Արիստակես Հովհաննիսյանի հետ պաշտպանել է այդ նոտագրությունը, տարածել և պրոպագանդել այն։

1835 թվականին հոր մահվանից հետո մտել է մի ոսկերչի արհեստանոց որպես աշակերտ, բայց շատ կարճ ժամանակ անց դարձել է վարպետի «շահակից ընկեր»։ Գերազանց տիրապետել է ոսկերչական արհեստին։

1839 թվականից եղել է Սկյուտարի Ս. Երուսաղեմի անվան նորաբաց ճեմարանի տպարանապետը, 1844—1845 թվականներին հիմնել է սեփական տպարան, ապա գրաձուլարան։ Նրա ստեղծած նուրբ ու գեղեցիկ տպատառերը ժամանակին օգտագործվել են ոչ միայն Կ․ Պոլսի, այլև Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի տպարաններում։

Իր պատրաստած հատուկ գործիքներով դյուրացրել է տառերի ձուլումն ու գրաշարությունը։ Մեքենայի մեջ պողպատ ու պղինձ տեղավորելով՝ առանձին միակերպ ճնշումով տառահայրերից ստանում է տառամայրերը, ինչից հետո հեշտությամբ ձուլում բոլոր տառերը։ Ստեղծում է նոր ուղղաձիգ՝ սկզբունքորեն նոր տառատեսակ, որի մասին գրում է[2].

Նորահնար 8 բունթո գիր մըն ալ շինեցի շիտակ սյուներով, որոնց շնորհիվ պոչավոր գրերն ու ծովագրերը մեջտեղեն վերանալով և գրերուն տեսակը քիչանալով, թե ձուլելու և թե մաքրելու և թե շարելու շատ դյուրություն կուտար։

Կ․ Պոլսի երեք թաղամասերում հիմնած տպարաններում հրատարակել է ավելի քան 200 անուն գիրք, ինչպես նաև «Հայաստան», «Բուրաստան», «Մասիս», «Նոյան աղավնի», «Աստղիկ արևելյան», «Կիլիկիա», «Զեփյուռ հայրենյաց», «Ժամանակ» և այլ պարբերականներ։ Մեծ վաստակ ունի նաև թուրք, տպագրության զարգացման գործում, որի համար անվանվել է «Թուրքական Գուտենբերգ» և արժանացել կառավարական պարգևների։ 1847 թվականին հրատարակել է «Հայտարարություն վասն նորակերտ տառիցս» 16 էջանոց գրքույկը, ուր շարադրված են նրա հայացքները տպագրության արվեստի, տպատառերի և իր գործունեության սկզբնական շրջանի մասին։

Ստեղծել է բազմաթիվ տառատեսակներ նաև թուրքերեն, արժանացել պետական բարձր պարգևների ու կոչվել «թուրքական Գուտենբերգ»։ Փորագրել ու ձուլել է հայկական երաժշտական խազերի կաղապարներ՝ տպագրության համար։

Գրականություն

խմբագրել
  • Թեոդիկ, Տիպ և տառ, ԿՊ, 1912, էջ 73-80։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 649.
  2. 2,0 2,1 Լևոնյան, Գարեգին (1953). Հայ գիրքը և տպագրության արվեստը. Երևան: Հայպետհրատ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 649