Գրիգոր Խալդարյան
Գրիգոր Խոջամալի Խալդարյան (անհայտ - 1787), վաճառական, հրատարակիչ, թարգմանիչ, բառարանագիր։
Գրիգոր Խալդարյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | 1787[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հրատարակիչ, թարգմանիչ և բառարանագիր |
Ծնվել է Նոր Ջուղայից Հնդկաստան գաղթած վաճառականի ընտանիքում։ 1768 թվականի մարտի 14-ին Բենարեսում ձերբակալվել է իբր տեղական հնդկական իշխան Ռաջա Բալվանտ Սինգհի հրամանով, իսկ իրականում՝ Բենգալի անգլիացի կառավարիչ Հարրի Վերելստի ցուցումով։ Ձերբակալության պատճառն այն էր, որ Խալդարյանը և երկու այլ ձերբակալված հայ վաճառականներ Ուիլյամ Բոլթսի գործընկերներն էին․ Բոլթսն այն ժամանակ վատ հարաբերություններ ուներ կառավարիչ Վերելստի հետ, որն ուզում էր Բոլթսի հայ գործընկերներին ձերբակալելով՝ վնասել առաջինիս առևտրական գործերը և ստիպել նրան հեռանալ Հնդկաստանից։ Խալդարյանը ազատ է արձակվել 1768 թվականի մայիսի 23-ին։ Կալկաթայում բավարար պատասխաններ չի ստացել Վերելստից իր ձերբակալվելու պատճառների մասին, ընդ որում Արևելահնդկական ընկերության մայիսի 18-ի որոշման հետևանքով անկարող է եղել Բենարես վերադառնալ իր չավարտված առևտրական գործերը հոգալու համար։ Այնուհետև, մեկնել է Լոնդոն և հասել 1769 թվականի օգոստոսին՝ Վերելստին դատի տալու և կրած դրամական կորուստների համար փոխհատուցում ստանալու նպատակով։ Տևական դատավարությունից հետո դատարանը վճռել է Խալդարյանի օգտին, Վերելստին պարտավորեցրել 3200 ֆունտ փոխհատուցում վճարել հայ վաճառականին։
Խալդարյանը Լոնդոնում փորձել է իրականացնել հայկական տպարան հիմնելու և գրքեր հրատարակելու իր երազանքը։ Ձուլել տալով հայերեն տառեր՝ 1780 թվականին անգլերեն մի տպարանում հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ» գիրքը։ Նույն թվականին տեղափոխվել է Պետերբուրգ և 1781 թվականին լույս ընծայել Ռուսաստանում առաջին հայերեն գիրքը՝ «Այբբենարան»-ը։ Հետագա տարիներին հրատարակել է ևս 10 գիրք։ «Պատմութիւն ս. գրոց» (1785) և «Գիրք, որ կոչի վէմ գայթակղութեան» (1786) գրքերի վերջին էջերում զետեղված են նրա թարգմանած «Յաղագս իրաւանց» և «Յաղագս նախանձաւորութեան» բարոյախոսական գրվածքները։ Նրան է պատկանում Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթքի ռուսերեն թարգմանությունը։ Կազմել է «Գիրք որ կոչի շաւիղ լեզուագիտութեան» հայ-ռուսերեն համառոտ բառարանը, որը լույս է տեսել մահվանից հետո (1788)։
Գրականություն
խմբագրելՀայերեն
խմբագրել- Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 177։
- Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 164։
- Լեո, Երկ. ժող., հտ. 3, գիրք 2, Ե., 1973։
Անգլերեն
խմբագրել- Mesrovb Jacob Seth, Armenians in India from the Earliest Times to the Present Day, Calcutta, 1937, pp. 371-382.
- Willem G. J. Kuiters, The British in Bengal, 1756–1773: A Society in Transition seen through the Biography of a Rebel: William Bolts (1739–1808), Paris, 2002, pp. 237-60.
- Willem G. J. Kuiters, "Law and Empire: The Armenians Contra Verelst, 1769-1777," The Journal of Imperial and Commonwealth History, 28: 2 (2000): 1-22.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 489.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խալդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 705)։ |