Ճանիկ Արամյան

հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ճանիկ Արամյան (հայտնի է նաև որպես Ջանիկ Արամեան, մամուլում հրատարակվել է գրակական ծածկանունով՝ Կըռկըռիկյան, Թոռնակ, Հայասեր Գաղղիացի D. S. A. de N...[3], ապրիլի 20, 1820(1820-04-20), Իզմիթ, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 16, 1879(1879-04-16)[2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ[4], տառաստեղծ։

Ճանիկ Արամյան
արմտ. հայ.՝ Ճանիկ Արամեան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1820(1820-04-20)
ԾննդավայրԻզմիթ, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էապրիլի 16, 1879(1879-04-16)[2] (58 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունտպագրիչ, գրող, վիմագրող, հրապարակախոս և արվեստագետ

Կենսագրություն խմբագրել

Ճանիկ Արամյանը ծնվել է 1820 թվականին Նիկոմեդիայում (Իզմիթ), ոչ ունևոր ընտանիքում։ Փոքր տարիքում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ արհեստներ է սովորել և աշխատել է իբրև գրաշար։ 1846 թվականին փոխադրվել է Փարիզ, զբաղվել դերձակությամբ, ապա՝ փորագրությամբ, այնուհետև հմտացել է տպագրական գործի մեջ։ Աշակերտել է Փարիզի նշանավոր տպագրիչ Վալտերի տպագրատանը ու ժամանակի ընթացքում ստեղծել է հայկական մի շարք տառատեսակներ, որոնք կիրառել է տպագրության մեջ[5]։

1859 թվականին հիմնել է սեփական տպարանը, տպել Ստեփան Ոսկանի «Արևմուտքը», Գաբրիել Այվազյանի «Մասյաց աղավնի» ամսագիրը, և այլք։ Փարիզում աշխատելու տարիներին շփվել է քաղաք ժամանած Միքայել Նալբանդյանի հետ, ում մի շարք ստեղծագործություններ Արամյանը տպագրում է, այդ թվում «Երկու տող», «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունները։ Այլ աշխատանքներից են «Ֆելիքս և Պավլինե», «Հրավեր սիրո», դը Սեն Պիեռի «Պող և Վերգինե», Խ․ Միսաքյանի «Տքնություն և սփոփանք հայրենասերի» (1860)։ Նույն 1860 թվականին նա տպագրում է նաև իր հեղինակած «Դասարան Հայկազն Մանկաց» այբբենարանը[6]

1862 թվականից տպագրական գործը շարունակել է Մարսելում, իսկ 1864 թվականից՝ Կոնստանդնուպոլսում։ Եղել է Պոլսի արքունի տպարանի տեսուչը։ 1865 թվականից մինչև մահ ապրել և շարունակել է տպագրական գործունեությունը։

Տպագրել է Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Միքայել Նալբանդյանի և այլոց երկերը, պարբերականներ, դասագրքեր[7]։ Ճանիկ Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կոնստանդնուպոլսում` 283 գիրք։

Տառատեսակների ստեղծում խմբագրել

Գործունեության տարիների ընթացքում Արամյանը ստեղծել է շուրջ 72 հայ տպատառատեսակ[6], որոնց թվում է ներկայումս հայտնի Արամյան տառատեսակը[8], որ առավել գեղեցիկ և դյուրընթեռնելի է և հեշտ շարվող[9]։

Բարդությունը հանդիսացել է նրանում, որ հայերեն մետաղական տառատեսակներ կիրառության մեջ չկային, ու, ըստ երևույթին, նախնական շրջանում Արամյանը ստիպված էր կիրառել որոշ լատինական տառեր հայերենի փոխարեն։ Այսպես իր հեղինակած Արամյան տառատեսակում կիրառվում է լատիներեն «f» տառը՝ հայերեն «ք»-ի փոխարեն, լատիներեն «r» տառը հայերեն «ր»-ի փոխարեն, լատիներեն «s»՝ հայերեն «տ»-ի փոխարեն։ Նաև առկա է «ե» տառի հակառակ ելուստ։ Մեկ այլ փոփոխություն էր նաև փոքրատառ «շ»-ի փոխարեն մեծատառի մեխանիկորեն փոքրացված տարբերակի կիրառումը։ Այս խառնաշփոթությունը մտնում է կիրառության մեջ, ու այն մինչ օրս կարելի է հանդիպել ժամանակակից շատ հայկական տառատեսակներում։

Կա կարծիք, որ նման փոփոխություններ Արամյանը իրականացրել է ոչ թե մետաղական տառատեսակների սղության, այլ լատիներեն հումանիստական տառատեսակի սիրահար լինելու պատճառով՝ ցանկանալով նվազեցնել վերին ու ստորին ելուստներով բազմաթիվ տառեաձևերից գոնե որոշները ու տալով դրանց ինքնատիպ տարբերող տեսք՝ դրանով իսկ պարզեցնելով գրի ընթերցումը[10]։

Չնայած բազմաթիվ թերություններին՝ Արամյան տառերը մեծ տարածում են գտել և հիմք դարձել հայկական նոր տառատեսակների ստեղծման համար։

Այլ գործունեություն խմբագրել

Իբրև հրապարակախոս Արամյանը հայտնի է դարձել 1864 թվականին՝ «Պոլոժենիե»–ի շուրջ ծագած բանավեճին մասնակցելով, պաշտպանել է այդ կանոնադրությունը։

Որպես գծանկարիչ՝ Արամյանը կատարել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի նկարազարդումների մի մասը («Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ-ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը»)։

Մահացել է 1879 թվականի ապրիլի 16-ին Կ. Պոլսում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ընդունելություն ընծային, երգիծական գործ, 1856։
  • Դասարան Հայկազն մանկանց, 1860։
  • Համառօտ բառգրքուկ հայերէն-տաճկերէն-գաղղիերէն, 1860։
  • Համառօտագոյն բառարան արդեան լեզուի, 1860։
  • Վաւերագիրք։ Խնդիր ազգային եկամտի, 1864։
  • Ռուսիա եւ ընդհանուր ժողով հայոց ի Կոստանդնուպօլիս, 1866։
  • Զէյթունցիք ու լուսաւորչական հայք, 1867։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=1920
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  4. Ստեփանյան, Գ. Կենսագրական բառարան։ Հ. Ա, 1973։ էջ 139-140։
  5. «Ճանիկ Արամյանի». greenstone.flib.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  6. 6,0 6,1 Ջանիկ Արամեան, Վերցված է 2022 թ․ հունիսի 24-ին
  7. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակիչ, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  8. «(ՏԲ) Տառաստեղծի Բառարան — John Baskeville». books.tarumian.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  9. Հովակիմյան Բ. Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 566։
  10. «(ՏԲ) Տառաստեղծի Բառարան — Caslon». books.tarumian.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Թեոդիկ, Տիպ և տառ, ԿՊ. 1912, էջ 92-95։
  • Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958, էջ 203-208։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանիկ Արամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 686