Ուրբաթագիրք
Ուրբաթագիրք, հայալեզու առաջին տպագիր գիրքը։ Տպագրվել է Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից[1]։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։
Ուրբաթագիրք | |
---|---|
Հեղինակ | Հակոբ Մեղապարտ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Թեմա | քրիստոնեություն |
Բնօրինակ լեզու | գրաբար |
Երկիր | Իտալիա |
Հրատարակիչ | Հակոբ Մեղապարտ |
Հրատարակման տարեթիվ | 1512 |
Ուրբաթագրքի մեկ օրինակ պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում, որն էլ գրադարանի ֆոնդի ամենահին գիրքն է հանդիսանում։
Բովանդակություն
խմբագրելԳրքի առաջին մասում մաղթանքային ձևակերպումներ են ընդդեմ չարի, դևերի, «գազանի» ու կախարդությունների, նրանցից ապահովության ստանալու համար։ Ապա կա՝ «Աղաւթ սրբոյն Կպրիանոսի. Զոր ասացեալ է վասն դիւաց և կախարդաց և աղանդաւց», որի շարունակությունն է «Պատմութիւն Յուստիանէ կուսին»։ Սրանք նույնպես միջոցներ են առաջադրում կախարդանքների և չար ուժերի դեմ։ Ապա կան մաղթանքներ, աղոթքներ (այդ թվում Գ. Նարեկացուց), դրված են նաև բժշկության Ավետարանները։
«Ուրբաթագիրքը» միջնադարյան բժշկարանի մի այլ տեսակ է, զգալի մասով դա նաև հմայիլ է (թալիսման), որ գրքի տիրոջը պետք է զերծ պահեր չար ոգիներից, կախարդանքներից, չար աչքից. ընդ որում, մաղթանքներում տողերի մեջ (Դ և Ե մամուլներում) մի քանի ազատ տեղեր են թողնված ավելացնելու համար գրքի տիրոջ անունը, որպեսզի նրան չվնասեն դևերը։
«Ուրբաթագրքում» կան պատկերներ. առաջինում (Գ մամուլ) հոգևորականը հայկական վեղարը գլխին, ձեռքին գիրք (երևի բժշկարան) կանգնած է հիվանդի մահճակալի մոտ։ Վեղարավոր հոգևորականին ուղեկցում են երկու աբեղաներ, անմորուս, գլուխների կենտրոնական մասը սափրած, որ նշան է, թե կաթոլիկներ են։ Լուսավորչական հոգևորականի պատկերը հավելում ունի. նրան հայաստանյան եկեղեցու հոգևորականի կերպարանք տվող սև վեղարը հետո է ավելացված պատկերի արդեն եղած փորագիր տախտակի վրա, որ նշանակում է, թե պատկերում նախապես այդ հոգևորականն էլ կաթոլիկ աբեղայի արտաքին է ունեցել։
Մյուս նկարում (Զ մամուլ) Հռոմի պապն է նստած գահին։ Երրորդ նկարում (Է մամուլի ամենավերջում) պատկերված է հոգևորական՝ օձը ձեռքին. դա նախորդում է «Գիր աւձահարի» բաժնին։
«Ուրբաթագրքում» կա մի հավելյալ մամուլ՝ «Վասն գանի» վերնագրով, համարակալված ԳԳ։ Գրքի տարբեր օրինակներում այն տեղադրված է տարբեր մամուլների մեջ։ Գիրքն ունի 8 մամուլ, վերջին մամուլը 6 թերթից։ Ութածալ։ Էջակալություն չունի, համարակալված են մամուլները հետևյալ կերպ՝ ա, բ, գ, դ, ե, զ, է և յուրաքանչյուր մամուլի առաջին երեք թերթերը։ Ընդամենը՝ 62 թերթ (124 էջ)։ Շարվածքի չափը՝ 11x6,5 սմ։
Էջերն ունեն խորագրեր, որոնք պարփակված են զարդ-շրջանակներում։ Օգտագործված են 8 միևնույն ոճի, բայց իրարից տարբեր շրջանակներ, որոնք կրկնված են հաջորդաբար։ 4 փորագիր պատկեր՝ Ա մամուլի 2-րդ, Գ մամուլի 16-րդ, Զ մամուլի 7-րդ և Է մամուլի 1-ին էջերում։ 2 զարդ՝ «Վասն գանի» կոչվող հատվածի՝ հետագայում ավելացված ԳԳ մամուլի 1-ին և 12-րդ էջերում։ Զարդագրեր՝ Ա մամուլի 3-րդ, Դ մամուլի 1-ին, 6-րդ 12-րդ, Ե մամուլի 7-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, Է մամուլի 2-րդ, 9-րդ էջերում։
Բնագրի վերջում խաչաձև տպարանանիշ լատինական D. I. Z. A. տառերով։ Առանց հիշագրերի։ Տպագրությունը կատարված է մոտ 14 կետաչափի ձեռագրանման բոլորագրերով, օգտագործված են նաև գլխագրեր։
Տիպը երկգույն է, սև ու կարմիր[1]։ Կարմիրով են տպված բնագրի սկիզբը և որոշ հատվածներ։
Գոյություն են ունեցել ձեռագիր «Ուրբաթագիրք» ժողովածուներ. պահպանված հնագույն օրինակը գրված է 1476-ին։
Վերահրատարակություն
խմբագրելԱռաջին անգամ բ. գ. թ. Լուսինե Ավետիսյանի թարգմանությամբ (դասական ուղղագրությամբ արևելահայերեն) և հարակից աշխատասիրությամբ Ուրբաթագիրքը 2012 թվականին պետության հովանավորությամբ լույս է տեսել Գրատպության 500-ամյակի առթիվ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «The Book of Fridays». World Digital Library. 1512. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.