Հակոբ Մեղապարտ
Հակոբ Մեղապարտ (15-րդ դար - 16-րդ դար), հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող և հիմնադիր։
Հակոբ Մեղապարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 15-րդ դար |
Մահացել է | 16-րդ դար |
Երկեր | Ուրբաթագիրք[1] |
Մասնագիտություն | տպագրիչ |
![]() |
Գործունեությունը խմբագրել
Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողը։ Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։
Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ. և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը)։ Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը»[2], աղոթքների ու մաղթանքների ժողովածու է, ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։ Այնուհետև տպագրել է «Պատարագատետր»[3], «Աղթարք»[4], «Պարզատումար»[5], «Տաղարան»[6] գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»։ Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում։
«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ։ «Պարզատումարը», 1512 թվականից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է։ «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից։
Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր։ Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր։ Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով։ Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus՝ Հակոբ, Zanni՝ Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius՝ Հայ։ Մեղապարտյան հրատարակությունների տպաքանակի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները։
Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ։
Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)։
Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել։ Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր։[փա՞ստ]
Հրատարակություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Զարբհանալեան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Լէօ, Հայկական տպագրութիւն» հատոր Ա, Թիֆլիս, 1904։
- Գարեգին Լևոնյան, «Հայ գիրքը և տպագրության արվեստը», Երևան, 1958։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
- Վարդան Դեվրիկյան, Հայ գիրքը աշխարհի խաչմերուկներում, մասն Ա, Վենետիկից Հռոմ (16-րդ դար), Երևան, 2012։
- Agnès Ouzounian (Paris), Ուրբաթագիրք (Venice, 1512,- Armenian Print Conference: Port Cities and Printers: Five Centuries of Global Armenian Print. UCLA): From the Manuscript to the First Printed Book(չաշխատող հղում)
-
Հակոբ Մեղապարտի նշանը
Հիշատակ խմբագրել
Երևանում 1987 թվականին Իսահակյան փողոցի վրա կանգնեցվել է Հակոբ Մեղապարտի հուշարձանը, քանդակագործ Հ. Իսկանդարյան։ Գտնվում է Գրքի պալատի և «Արմենպրես» լրատվական գործակալության շենքի դիմաց [7][8]։
Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձան կա նաև Զմմառ գյուղի (Լիբանան) հայկական վանքում, (հեղինակ՝ Ր. Ետալյան), տեղադրվել է 2012 թվականին, հայ գրատպության 500-ամյակի առթիվ[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 68—69.
- ↑ Յակոբ Մեղապարտ, Ուրբաթագիրք, Վենետիկ, 1512։
- ↑ «Յակոբ Մեղապարտ, Պատարագատետր, Վենետիկ, 1513։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 26
- ↑ Յակոբ Մեղապարտ, Աղթարք, Վենետիկ, 1513։
- ↑ Յակոբ Մեղապարտ, Պարզայտումար Հայոց, Վենետիկ, 1513։
- ↑ Յակոբ Մեղապարտ, Տաղարան, Վենետիկ, 1513։
- ↑ «Երևանի քաղաքապետարան ֊ Հուշարձաններ Հակոբ Մեղապարտ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-22-ին։ Վերցված է 2019-02-21
- ↑ «Հակոբ Մեղապարտի հուշարձան (Երևան) - Wikiwand»
- ↑ «Հակոբ Մեղապարտի արձանը»։ Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-26
Արտաքին հղումներ խմբագրել
- Պարզատումար
- Հակոբ Մեղապարտը հայկական հանրագիտարանում Archived 2017-09-22 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 68)։ |