«Վերք Հայաստանի» («Ողբ հայրենասիրի»), հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպ, հայոց ազգային ավետարաններից, դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։

Վերք Հայաստանի
ՀեղինակԽաչատուր Աբովյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1858
Թվային տարբերակhy.wikisource.org/wiki/Վերք_Հայաստանի

Կառուցվածք խմբագրել

«Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք են պատճառում դաժանությունը, չար ու անմարդկային կիրքը։ Վեպի 3-րդ մասում լուծվում են սյուժետային հանգույցները, և ավարտվում է գլխավոր հերոսի՝ Աղասու կյանքի պատմությունը։

Վեպում առաջադրվող խնդիրներ խմբագրել

«Վերքն» ունի առաջաբան, որտեղ Աբովյանը ներկայացվում է վեպի գաղափարն ու բովանդակությունը։ Աբովյանը առանձնացրել է 3 հարց՝

  • Լեզվի հարցը, ըստ Աբովյանի՝ դա ամեն ինչի սկիզբն է։ Գրաբարը կատարյալ ու անթերի լեզու է, սակայն, դժբախտաբար, մեռած ու անհասկանալի է ժողովրդին։ Վեպը գրելով աշխարհաբար` Աբովյանը հեղաշրջում է կատարում հայ մշակույթի ու գեղարվեստական մտածողության ասպարեզում։
  • Գրականության բովանդակությունը, իր ուսուցչական աշխատանքի ընթացքում Աբովյանը նկատել է, որ հայ երեխաները ավելի հաճույքով կարդում են օտար հեղինակների երկերը, որովհետև այնտեղ ներկայացված են երևելի մարդկանց գործերը, և գրեթե անտարբեր են հայերեն գրքերի նկատմամբ։ Նա ձգտել է նկարագրել բոլոր այն գործողությունները, որոնք կազմում են մարդու աշխարհիկ կյանքի բովանդակությունը։
  • Հերոսի ընտրությունը, ի հակադրություն կլասիցիզմի գրականության, որ հերոսներ է ընտրում հնագույն առասպելներից ու պատմական անցյալից, Աբովյանն ընտրում է Աղասուն՝ ծագումով գյուղացի և իրական անձնավորություն։

Վեպի գաղափար խմբագրել

Այս կամ այն ազգի կենսունակությունը որոշվում է 3 հատկանիշներով՝ ֆիզիկական ուժ, հոգևոր կարողություն և բարոյական միասնություն։ Ունի՞ արդյոք հայ ժողովուրդն այդ հատկանիշները։ Աբովյանը այս հարցին միանգամայն դրական պատասխան է տալիս։ Ազգային գոյության առաջնային հիմունքներից է հոգևոր հարստությունը։ Այստեղ նույնպես Աբովյանը բացառիկ կարողություններ է վերագրում հայ ժողովրդին։ Ամենից ավելի անփոխարինելի արժեքներ են կրոնը և լեզուն։ Վեպի էջերում Աբովյանը կապակցում է հայ ժողովրդի ամբողջ կենսագրությունը, հիշատակում երևելի թագավորների ու հերոսների անուններ, պատմում բերդերի ու ավերակների հետ կապված ավանդություններ, ցույց տալիս նախնիների մեծագործությունները օտար նվաճողների դեմ մղած պայքարում։ Նա կապ է հայտնաբերում անցյալի և ներկայի միջև` ապացուցելու համար, որ ֆիզիկական այդ ջիղը բնավ չի անհետացել և տակավին գործում է Աղասու և իր ընկերների, Խլղարաքիլիսայի ու Ապարանի քաջազուն հերոսների երակներում։ Միթե հայկական ոգու հզորությունը վկայող մի գեղեցիկ ավանդություն չէ ապարանցի պատանի Վարդանի սխրանքը, որ, կրելով սուրբ Վարդանի անունը, նրա պես նահատակվում է հանուն հավատի ու ազգային արժանապատվություն։ Վեպում արտահայտված է ևս մի գաղափար։ Դա հայերի առաքելությունն է մարդկային առաքելության մեջ։ Ֆիզիկական, հոգևոր ու բարոյական արժեքները չեն կարող փրկության երաշխիք լինել, եթե չդրվեն գործողության մեջ։ Վեպում հեղինակը կոչ է անում հայ ժողովրդին ապստամբություն բարձրացնել Օսմանյան Թուրքիայի դեմ։ Նկարագրում է ռուս ժողովրդի առաջին քայլերը հայկական հողերի վրա, թե ինչպես են նրանք օգնության ձեռք մեկնում անօգնական ժողովրդին։ Շատ քննադատներ եզրակացնում են, որ հենց այս կարծիքները դարձան Աբովյանի խորհրդավոր անհետացման բուն պատճառը[1][2]։

Աղասու կերպար խմբագրել

 
Երևանի բերդ

Աղասին վեպի գլխավոր հերոսն է։ Նրա կերպարը ուրվագծվում է պատմական իրադարձությունների ընդհանուր համապատկերի վրա։ Այս իմաստով նա, լինելով իրական կերպար, միաժամանակ նաև պատմության հերոս է, այսինքն` գրողը պատմականացնում է նրա երևույթը որպես գաղափարատիպ և անհատականություն։ Այդպես նաև` մյուս կերպարները։ Նրանք ոչ թե սովորական իմաստով գործող անձինք են, այլ` պատմության անհատներ, որոնք պատմական շրջադարձի կրողներ են` արծափեցի Մանուկ աղան իր գերբնական հսկայությամբ ու քաջությամբ, շուլարվեցի Սոսն ու Հոհանջանը, բայազեդցի Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ իշխանազուններն ու ղարսեցի աշխարհահռչակ Տիգրանյան տունը` ազգային բարօրության իրենց առաքինությամբ, ապա նաև Ներսես և Գրիգոր եպիսկոպոսները, Մադաթով և Բեհբութով երիտասարդները։ Աղասին անհանգիստ, որոնող, անկաշկանդ բնավորության տեր մարդ էր։ Աղասին աշխարհն ընկալում էր գեղջկական պատկերացումների անմիջականությամբ ու բնական կատարելությամբ։ Աղասին ուներ խորհող միտք և բնությունը, աշխարհն ու տիեզերքը ճանաչելու, Աստծու առեղծվածը հասկանալու ներքին զգացողություն։ Աղասին հավաքական կերպար էր։ Աբովյանը Աղասու կերպարի մեջ խտացրել է հայ ժողովրդի բարոյական բարձր նկարագիրը` նրա անձնական խոհերը, ֆիզիկական ու մտավոր կարողություններն ուղղելով հայրենական սիրո պաշտամունքին։

Բնաշխարհ և մարդիկ խմբագրել

«Վերք Հայաստանի» վեպը կարելի է համարել Հայաստանի գեղարվեստական հայտնագործությունը։ Արարատյան դաշտի ամառը, Երևանի շոգը, Քանաքեռի ձմեռը զուտ հայկական նկարագիր ունեն, պատկերված են հայկական գույներով և բնավորությամբ։ Հին հուշեր է արթնացնում նաև Ապարանի քանդած եկեղեցին, որտեղ Վաղարշակի, Տրդատի, Տիգրանի ապարանքներն էին, և հայոց թագավորները, իշխաններն ու պայազատները ամառային իրենց օրերը գեղեցկացնում էին «բյուրատեսակ ծաղիկների» ու «պատվական աղբյուրների» վայելքով և իրենց մաղթանքներն ու աղոթքը ծաղիկների բույրի ու թռչունների հետ առաքում երկինք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ | Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը | Գրանիշ». granish.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «ՊՈԵԶԻԱ». www.akselv.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են