Պողոս Արապյան
Պողոս Հովհաննեսի Արապյան (1742[1][2], Ապուչեխ, Ակն[1][2] - 1835[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ տպագրիչ և գրաձուլիչ։
Պողոս Արապյան | |
---|---|
Ծնվել է | 1742[1][2] |
Ծննդավայր | Ապուչեխ, Ակն[1][2] |
Մահացել է | 1835[1][2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Գերեզման | Օրթաքյոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տպագրիչ և typist |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ակնի գավառակի Ապուչեխ գյուղում։ Պատանի հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, ուր 70 տարի աշխատել է տպագրության ասպարեզում՝ դառնալով Թուրքիայում ժամանակին ամենաճանաչված տպագրիչը։ Աշակերտել է հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին, սերտել և ուսումնասիրել է ժամանակի տպագրական գործը։ Կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները՝ Պողոս Արապյանը ձեռնարկել է նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը։
Նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Աշխատել է «Հովհաննես և Հակոբ» տպարանում (1766-1769)։ 1777 թվականին հոր հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, իսկ 1820 թվականին հիմնել է նոր տպարան իր անունով։ Արապյանի մահից հետո տպագրական գործը մինչև 1853 շարունակել են որդիները։ Արապյանների տպարանում լույս է տեսել շուրջ 150 անուն գիրք և պարբերական։ Արապյան փորագրել և ձուլել է հայերեն տարբեր տպատառեր, ստեղծել է թուրքերենի «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները (նրա անունով կոչվում են «Արապ օղլու»)։ 1770 թվականին վրաց Հերակլ թագավորի հրավերով եղել է Թիֆլիսում, պատրաստել վրացական տպատառեր, սարքավորել տպարանը և տպագրել վրացերեն գրքեր, ապա այցելել է Էջմիածին և օգնել Հայաստանի նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը։
Արապյան մահացել է Կ. Պոլսում։ Թաղված է Օրթաքյոյի գերեզմանատանը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 153.
- ↑ «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Բաբայան Ա., Հայկական գիրք և գրատպություն, Երևան, 1956։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 688)։ |