Աբգար Թոխաթեցի

հայ հասարակական գործիչ, քահանա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)

Աբգար Թոխաթեցի (Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (1520, Թոքաթ - 1572)), հայ տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ, ծածկագրերի մասնագետ։ Իրեն համարել է Արծրունյաց թագավորական տան շառավիղներից։ 1562 թ.-ից Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու հանձնարարությամբ ազգային-ազատագրական և դավանաբանական հարցերով մեկնել է Հռոմ։ Թեպետ այդ առաքելությունը նպատակին չի ծառայել, սակայն նպաստել է հայ տպագրության զարգացմանը։ Աբգար Թոխաթացին Հռոմի Պիոս IV պապից և Վենետիկի Հերոնիմոս Բրիոլիդոժից հայերեն գրքեր տպագրելու իրավունք ստանալով, 1565 թ.-ին լույս է ընծայել «Խառնայ փնթուր տումարի...» օրացույցը (1-էջանոց) և առաջին հայերեն Սաղմոսարանը (մինչև 1880-ական թվականներին համարվել է հայերեն 1-ին տպագիր գիրքը, իսկ Թոխաթացին՝ առաջին հայ տպագրիչը, բայց հետագայում պարզվել է, որ Թոխաթացին աշխատանքներն սկսելիս ձեռքի տակ ունեցել է Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերը)[1]։

Աբգար Թոխաթեցի
Դիմանկար
Ծնվել է1520
ԾննդավայրԹոքաթ
Մահացել է1572
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա և հասարակական գործիչ
Ծնողներմայր՝ Եվա
ԵրեխաներՍուլթանշահ Աբգարյան Թոխաթեցի

Գործունեություն

խմբագրել

Ծնվել է Թոխաթում (Եվդոկիա), հայրը՝ Ամիրբեկ, մայրը՝ Եվա։ Ժամանակակիցներին ներկայացել է իբրև Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562 թ.-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Թոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբանական հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Թոխաթեցին Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565 թ.-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Թոխաթեցին քաղաքական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565 թ.-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայերեն «Սաղմոսարանը»[2] (վերջինս մինչև 1880-ական թվականներին սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը, այնինչ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աբգար Թոխաթեցին տպագրությունն սկսել է ձեռքի տակ ունենալով հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի գրքերը)։ 1567 թ.-ին Թոխաթեցին տպարանը տեղափոխել է Կոստանդնուպոլիս և Սբ․ Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել վեց գիրք՝ որոնցից առաջինը վերաբերում է քերականության, «Փոքր քերականութիւն» (1567), իսկ ամենօրյա ժամերգությունների և եկեղեցածիսակատարության վերաբերող, «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների վերաբերող «Մաշտոց» (1569)[3]։

Եվ այսպէս Կոստանդնուպոլսում տպագրված 6 գրքերն են՝

  • 1567 - «Փոքր քերականութիւն»
  • 1568 - «Տօնացոյց», «Տաղարան», «Պարզատումար», «Ժամագիրք» և «Պատարագամատոյց» (միասին)
  • 1569 - «Մաշտոց»։

Պահպանվել է հայերի դավանանքի և ազգային սովորությունների մասին Պիոս IV պապի առաջարկով Աբգարի հեղինակած մի գրությունը (լատիներեն թարգմանությամբ)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 7-8, էջեր 7-8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  2. Սաղմոսարան, տպ. Աբգար Դպիր Թոխաթեցու, Վենետիկ, 1565-1566։(չաշխատող հղում)
  3. Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 18 — 720 էջ։

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 18