Հովհաննես Մրքուզ

հայ փիլիսոփա, նկարիչ
(Վերահղված է Հովհաննես Ջուղայեցիից)

Հովհաննես Մրքուզ (նաև Հովհաննես Ջուղայեցի, Սպահանեցի, 1643[1][2], Նոր Ջուղա[1][2] - 1715[1][2], Նոր Ջուղա[1][2]), հայ փիլիսոփա-աստվածաբան, տրամաբան, քերական, նկարիչ։ 1661 թվականին ձեռնադրվել է քահանա, 1669 թվականին՝ վարդապետ։ Հայերեն ու պարսկերեն զուգահեռաբար գրել է ութ մեծածավալ և այլ աշխատություններ, պարսկերեն և արաբերեն թարգմանել Ավետարանն ու այլ գործեր։

Հովհաննես Մրքուզ
Ծնվել է1643[1][2] Նոր Ջուղա[1][2]
Մահացել է1715[1][2] Նոր Ջուղա[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա, աստվածաբան, նկարիչ, տրամաբան, քահանա, քերական և գրող
Տիրապետում է լեզուներինհայերեն, պարսկերեն և արաբերեն

Կենսագրություն

խմբագրել
 
Սպահանի, Նոր ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի գավիթ

Հովհաննեսը ծնվել է Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաք Նոր Ջուղայում, 1643 թվականին։ 17-րդ դարի սկզբին Շայհ Աբասի կողմից հարյուրավոր հայկական ընտանիքներ ստիպված էին տեղափոխվել Նոր Ջուղա։ 1669 թվականին նա Հայ առաքելական եկեղեցու կողմից ստացել է վարդապետի աստիճան և հայտնի է դարձել հենց Հովհաննես վարդապետ անունով, որը պարսկերենից թարգմանաբար նշանակում է Avanus khalifa: Հովհաննեսը տարբեր թեմաներով բանավեճեր է ունեցել Աբբաս I Սեֆիի և եվրոպացի միսիոներների հետ[3]։ Նրա աշակերտներից է եղել իրանացի պատմաբան և աստվածաբան Հազին Լահջին, որին վարդապետը սովորեցրել է Նոր Կտակարանը և քրիստոնեական աստվածաբանություն[3][4]։ Ըստ Հազինի՝ Հովհաննեսը լավ տեղեկացված է եղել իսլամական փիլիսոփայության մասին, ազատ կարողացել է խոսել արաբերեն և պարսկերեն[3]։

Հովհաննեսը այն վանականներից է եղել, որի հետ կրոնի և աստվածաբանության մասին զրուցել է շախ Սոլթան Հուսեյնը, որը այցելության էր եկել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք։

Հովհաննեսը հայտնի է իր գրած զանազան աստվածաբանական և փիլիսոփայական աշխատությունների շնորհիվ, որոնք գրված են հայերենով, պարսկերենով և հնարավոր է արաբերենով, սակայն ուսումնասիրողները ավելի շատ ուշադրություն են դարձրել նրա հայերեն ստեղծագործություններին։ Նրա «Քրիստոնյա Հովհաննես խալիֆայի մասին գիրք»-ը դեռևս գոյություն ունեցող երկլեզու ձեռագիր է, հայերենը աջ էջի վրա, պարսկերենը կամ արաբերենը՝ ձախ, սակայն իր մեկ այլ աշխատությունը՝ «Usul-i din-i isavī u furu-i an» («Քրիստոնեական հավատքի սկզբունքները և դրա գործնական կողմերը») միայն պարսկերենով է հրատարկված[3]։

Հովհաննես վարդապետը մահացել է Նոր Ջուղայում, 1715 թվականին[3]։

Փիլիսոփա

խմբագրել

Հովհաննես Մրքուզն աշխարհի սկզբնապատճառ համարել է Աստծուն։ Ճանաչողությունը, ըստ նրա, սկսվում է զգայությունից և ընթանում դեպի աստվածային էության իմացությունը։ Աստծու գոյությունը նա փորձում է ապացուցել նախ բնական փաստերով և ապա միայն Աստվածաշնչի ու եկեղեցու հայրերի հեղինակությամբ։ Հովհաննես Մրքուզն անդրադարձել է այդ ժամանակ տարածված լյութերական շարժմանը, նրա մեջ տեսել ազգային ինքնագիտակցության ու ազգային-ազատագրական պայքարի տարրեր։ Բացահայտել է աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև սերտ կապը, քննադատել իշխանական կամայականություններն ու անօրինակությունները, առաջ քաշել մարդու անձեռնմխելիության պահանջը։ Շարունակելով Արիստոտելի, Դավիթ Անհաղթի, Սիմեոն Ջուղայեցու և ուրիշների տրամաբանական ուսմունքների գաղափարները՝ քննարկել է տրամաբանության առարկայի, ուսումնասիրության մեթոդի, մյուս գիտությունների համար նրա նշանակության, ինչպես նաև մտահանգումների տեսության հետ կապված մի շարք հարցեր, առաջադրել նոր և ուրույն գաղափարներ։ «Համառօտ քերականութիւն և տրամաբանութիւն, որ է Քերթութիւն բառի և կրթութիւն բանի» (հրատարակված՝ 1711 թ.) աշխատության մեջ իր քերականական սկզբունքներով նույնպես հետևել է Սիմեոն Ջուղայեցուն՝ առարկան բաժանելով «նյութի» (տառ, վանկ, բառ) և «տեսակավորության» (բան)։ Ըստ նրա՝ բաղաձայնները երեք տեսակ են՝ «լերկ», «թավ» և «միջակ»։ Խոսքի մասերը քննելիս՝ ելնում է նրանց շարահյուսական արժեքից և բաժանում երկու խմբի՝ անուն և բայ (սրանք կարող են «ենթակայանալ» և «ստորոգիլ»)։ Անդրադարձել է հոլովմանն ու խոնարհմանը, դերանուններին, ինչպես նաև շարահյուսության, կետադրության, ուղղագրության հարցերին։

Նկարիչ

խմբագրել

Հովհաննես Մրքուզը հայտնի է նաև որպես նկարիչ։ Ղեկավարել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը։ Նրան են վերագրվում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը։ Հովհաննես Մրքուզը ժամանակի ճանաչված դիմանկարիչներից էր։ Իր ինքնանկարն արվեստագետը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» հորինվածքում։ Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» և այլն)։ Նրա աշխատանքներին բնորոշ են դիմագծերի անհատականացված բնութագրումներ, հոգեբանական շեշտադրումներ, բնանկարի ռեալիստական ըմբռնումներ։ Ելնելով նկարչական իր գործունեությունից՝ Հովհաննես Մրքուզը զարգացրել է նաև գեղագիտական հետաքրքիր գաղափարներ։

  • Գիրք Համառօտ․․․, Նոր Ջուղա, 1688։
  • Դաւանութիւն կամ Կրթութիւն հաւատոյ, Նոր Ջուղա, 1688։
  • Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն, Մադրաս, 1812։

Գրականություն

խմբագրել
  • Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, Վաղ-պատ, 1905, էջ 153-218։
  • Ջահուկյան Գ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974, էջ 150-159։
  • Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974, էջ 32-50։
  • Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ․ 1-2, Ե․, 1965-70։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մրքուզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 564