Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարվաճառ (այլ կիրառումներ)

Քարվաճառի հանձնում (նաև՝ Շահումյանի շրջանի հանձնում), Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հայկական վերահսկողության տարածքների (քարվաճառյան հատվածի) և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքների հանձնում Ադրբեջանի զինված ուժերին, որը տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով 2020 թվականի նոյեմբերի 25-ին[1][2][3]։

Քարվաճառի հանձնում
Շահումյանի շրջանի հանձնում
44-օրյա պատերազմ
Արցախի Հանրապետության տարածքը մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը (ձախից) և պատերազմից ու տարածքների հանձնումից հետո (աջից)
2020 թ․
2021 թ․
      գույնով ներկայացված է հայկական վերահսկողության ներքո գտնվող Արցախի Հանրապետության տարածքները
      գույնով ներկայացված է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Արցախի Հանրապետության տարածքները

Թվական 09․11․2020թ․ - 25․11․2020թ․
Վայր ԱրցախՇահումյանի Շրջան, Մարտակերտի շրջան Արցախի Հանրապետություն
Պատճառ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված Հայաստանի կապիտուլացիայի համաձայնագիր
Արդյունք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից և Մարտակերտի շրջանի որոշ տարածքներից Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրս բերում և շրջանի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության հաստատում
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Հայաստանի զինված ուժեր

Արցախ Արցախի Հանրապետություն
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
Ադրբեջանի զինված ուժերի զինանշան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր
Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն
(միջնորդի կարգավիճակով)
Ռուսաստանի զինված ուժերի զինանշան ՌԴ 15-րդ ԱՄՀԲ
Հրամանատարներ
Հայաստան Նիկոլ Փաշինյան
(ՀՀ վարչապետ)
Հայաստան Դավիթ Տոնոյան (մինչև 20․11․2020թ․) / Վաղարշակ Հարությունյան (20․11․2020թ․-ից)
(Հայաստանի պաշտպանության նախարար)
Հայաստան Օնիկ Գասպարյան
(ՀՀ ԶՈՒ ԳՇՊ)

Արցախ Արայիկ Հարությունյան
(Արցախի նախագահ)
Արցախ Միքայել Արզումանյան
(Արցախի ՊԲ հրամանատար)
Ադրբեջան Իլհամ Ալիև
(Ադրբեջանի նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով
(ԱՀ ՊՆ նախարար)
Ադրբեջան Քալիմ Վալիև
(ԱՀ ԶՈՒ ԳՇՊ)
Ռուսաստան Վլադիմիր Պուտին
(Ռուսաստանի նախագահ)
(միջնորդի կարգավիճակով)
Ռուսաստան Ռուստամ Մուրադով
(Արցախում ռուսական զորակազմի հրամանատար)

Եռակողմ համաձայնագրով Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը Ադրբեջանին հանձնելով՝ Արցախի Հանրապետությունը զրկվել է շուրջ 2000 կմ2 տարածքից, կորցրել 1 բնակեցված քաղաք և 17 բնակեցված գյուղ, Արցախյան ազատամարտից հետո դեռևս չբնակեցված 19 գյուղ[Ն 1][4][5][6][7][8], կորցրել է հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ (ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, նախնադարյան բնակատեղիներ և դամբարանադաշտեր և այլն)[9], կորցրել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի հետ կապող Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ավտոճանապարհը, կորցրել է վերահսկողությունը Հայաստանի և Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասի ու դրանց ակունքների նկատմամբ[10], ռազմավարական տնտեսական ռեսուրսներ, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, շուրջ 3500 բնակիչ դարձել է հարկադիր փախստական[11], Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի արևելյան հատվածները դարձել են սահմանային[12][13]։ Հայկական կողմի համար Քարվաճառի կորստից հետո պարբերաբար ռազմական բախումների թատերաբեմ են դառնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը[13]։

Ըստ հրապարակումների՝ շրջանի հանձնումը կազմակերպվել է 1993 թվականին այն ազատագրած հայկական ստորաբաժանումների հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը[2][14][15]։

Արցախի Հանրապետությունը Քարվաճառի շրջանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը անցած մյուս տարածքները համարում է Ադրբեջանի կողմից Արցախի գրավված (օկուպացված) տարածքներ[5][7]։ Ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ այն համարվում է Ադրբեջանի Քելբաջարի շրջան[16]։

Նույն թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառը իրենց վերահսկողությանը հանձնելու առթիվ Ադրբեջանում սկսում են տոնական միջոցառումներ, հարյուրավոր ադրբեջանցիներ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով քայլերթով շարժվել են Բաքվում գտնվող Շեհիդների պուրակ, երգել Ադրբեջանի պետական օրհներգը[17]։

Պատմական ակնարկ խմբագրել

Տարածքի պատկանելիության խնդիր խմբագրել

Ներկայիս Քարվաճառի շրջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում Քարվաճառի շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում՝ Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում, Քարվաճառը եղել Արցախ նահանգի Վայկունիք գավառի տարածք։ Շրջանը եղել է քրիստոնեության տարածման առաջին կենտրոններից մեկը և պատահական չէ, որ այդտեղ է գտնվում Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոս առաքյալի յոթանասուն աշակերտներից մեկի՝ 1-ին դարում քարոզչական գործունեություն իրականացրած Դադիի գերեզմանը, որի վրա կառուցվել է Դադիվանքը։ 5-ից 7-րդ դարերում եղել է Պարսկաստանից կախում ունեցող Հայկական մարզպանության կազմում[18][19][20]։

9-րդ դարի սկզբներից գավառին տիրող հայ իշխանական և թագավորական Առանշահիկներ տոհմը սկսել է հզորանալ։ Առանշահիկների ներկայացուցիչները ակտիվ կերպով մասնակցել են հակաարաբական պայքարին՝ միաժամանակ նորոգելով ու կառուցելով իրենց տիրույթներում գտնվող պաշտպանական ամրություններ, բերդեր[20]։ Մինչև Հայաստանում մոնղոլների տիրապետության շրջանը Վայկունիք-Ծարի իշխանության ներկայացուցիչները խնամիական կապերով բարեկամացած էին Զաքարյան զորապետերի հետ և վայելում էին վերջիններիս հովանավորությունը։ Մասնավորապես՝ Զաքարե և Իվանե իշխանների քույրը՝ Դոփը, ամուսնացել էր Առանշահիկների տոհմի տեղական իշխան Հասանի հետ[20][21]։ 12-ից 13-րդ դարերում Ծարի կամ ինչպես երբեմն ասում են՝ Վերին Խաչենի իշխանության սահմանները (Խաչենի իշխանական տուն) զգալի ընդարձակվել էին, ինչը, ըստ պնդումների, պայմանավորված էր Իվանե Զաքարյանից որպես օժիտ իշխանուհի Դոփի ստացած կալվածներով։ Այդպիսով, Ծարի կամ Վերին Խաչենի տիրույթները հյուսիս-արևմուտքում ձգվում էին Սևանա լճի հարավային ափի ողջ երկարությամբ՝ ներկայիս Գեղարքունիքի մարզի Սոդքից մինչև Շողվագա (Ձորագյուղ) բնակավայրերի հատվածը, իսկ արևելքում՝ հասնում մինչև ներկայիս Մարտակերտի շրջանի Ականաբերդ բնակավայրը, հյուսիսում՝ Հանդաբերդի հատվածը, հարավում՝ Բերձոր, Հին Շեն, Եղցահող բնակավայրերի հատվածը։ Այդ մասին է վկայում Խաչակապ գյուղի Թարգմանչաց վանքում 1312 թվականին գրված ավետարանի հիշատակարանում։ Այս սահմանների մեջ Առանշահիկների ենթաճյուղ Դոփյան իշխանությունը մնաց մինչև 14-րդ դարի սկզբները։ Դոփյանների իշխանական տունը մեծ կորուստներ կրեց Լենկթեմուրի արշավանքի ժամանակ՝ 1387 թվականին։ Շրջանի բնակչության շրջանում տեղի ունեցան կոտորածներ։ Զոհվեցին նաև իշխան Հասանն ու կինը՝ Խոնձան, նրանց որդիներ Գրիգորը, Սարգսը, Ջհանշեյը, Շանշեն, Շրվանն ու Աղբուղան։ Այնուամենայնիվ, Դոփյանների իշխանությանը հաջողվեց անկախությունը կամ կիսանկախությունը պահպանել մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում Արևելյան Հայաստանի որոշ գավառներ արդեն ներթափանցել էր թյուրքական տարրը, որը սակայն չէր կարողացել մտնել Ծարի գավառի սահմաններից ներս։ Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով այլ գավառներից տեղահան արված հայ բնակչությունը պատսպարվում էր Ծար գավառում, քանի որ այն դարձել էր լավ պաշտպանված շրջան[20][22][23][24][25][26][27][28]։

16-րդ դարի վերջերից ամբողջ Արևելյան Հայաստանը, այդ թվում՝ Քարվաճառի շրջանը, որը կոչվում էր Ծար գավառ, գտնվում էր Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ներքո։ 1603 թվականին Դոփյան Հասանի որդի Ջհանշեի սերունդները պարսից շահ Աբբաս I Սեֆիից ստացել են գավառի վրա օրինական մելիքության վավերացումը։ Չնայած 17-րդ դարի վերջին Ծարի մելիքությունը լուծարվեց և բաժանվեց հարևան Սոթքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ, այնուամենայնիվ այն կարողացավ պահպանել իր գոյությունը մինչև 18-րդ դարի սկզբները։ Այդ ընթացքում գավառի համար շինարարության և նորոգույան ժամանակաշրջան էր. մելիքների նախաձեռնությամբ ստեղծվեցին նորոգվեցին գավառի մի շարք բնակավայրերի եկեղեցիներ, կառուցվեցին նորերը, բազմաթիվ հասարակական նշանակության կառույցներ՝ կամուրջներ, աղբյուրներ և այլն[20][27][28][29][30]։

Արդեն 18-րդ դարի սկզբներին ավելի հաճախակի էին դառնում թյուրքական ցեղերի հարձակումներն ու ներխուժումները Քարվաճառի շրջանի տարածք։ Այդ դժվարություններին ավելանում էր նաև պարսկական իշխանությունների սահմանած բարձր հարկերը։ Ստեղծված իրավիճակը դժվարին կացության մեջ էին դրել Ծար գավառի մելիքներին և ազգաբնակչությանը[20]։ 1720-ական թվականների սկզբներին Ծարի գավառը դեռևս ուներ միատար հայ բնակչություն, սակայն նրանց համար ստեղծվել էր օրհասական դրություն։ Կովկասյան լեռնականները, մասնավորապես՝ լեզգիները սկսել էին կազմակերպել իրար հաջորդող թալանչիական արշավանքներ, իսկ շրջանի հարուստ արոտավայրերը ամառային ամիսներին սկսել էին զբաղեցնել Կուր և Արաքս գետերի ափամերձ տափաստաններ վաղուց տեղափոխված թուրք և քուրդ քոչվորական խաշնարած տարբեր ցեղեր[20][31]։

Արցախի մյուս մելիքությունների օրինակով Ծարի հայերը նույնպես սկսեցին նախապատրաստվել ազատագրական պայքարի։ Նրանք նույնպես ստեղծել էին հատուկ զորակայաններ, որոնք նաև կոչվում էին սղնախներ։ Սակայն, 1720-ական թվականների վերջերից գավառի բազմաթիվ գյուղեր աստիճանաբար սկսեցին դատարկվել հայ բնակչությունից։ Գավառը հայ ազգաբնակչությունից զրկվելու գործընթացը հատկապես մասսակայան չափերի հասավ 1724 թվականից հետո, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ռուսական կայսրության Պետրոս I կայսրը, հակառակ արցախահայությանը տված խոստումների, Պարսկաստանից նվաճած մերձկասպյան խանություններում իր ազդեցությունն ավելացնելու նպատակով պայմանագիր կնքեց Օսմանյան կայսրության հետ՝ վերջինիս թույլատրելով մինչև Շամախի ընկած տարածքներում վարել սեփական քաղաքականությունը։ Պայմանագրի կնքումից անմիջապես հետո թուրքական բանակները սկսեցին հարձակումներ հատկապես Արցախի տարածքի հայության նկատմամբ, ովքեր պայքարի էին դուրս եկել հանուն անկախության[20][32][33]։ 1720-ական թվականներից հետո հայ բնակչությունը սկսեց ստիպողաբար գաղթել՝ չնայած մինչև 1725-ական գավառի տարածքում դեռևս մնացել էին հայաբնակ գյուղեր, իսկ որոշ վանքեր ու եկեղեցիներ գործում էին։ Այնուհետև որոշ ժամանակահատվածով Քարվաճառի շրջանի տարածքը անցնում է խանի ենթակայության ներքո։ 1751-1810 թվականներին շրջանի տարածք են տեղափոխում Իրանի քրդերի երեք քոչվոր ցեղի՝ չեմիշկեզեկների, խանուսլուների և բազուկիների, ինչպես նաև Մուղանի դաշտավայրում թափառող թյուրքական չևանշիրների ցեղի ներկայացուցիչների և բնակեցնում շրջանում դեռևս մնացած հայերի կողքին։ Թյուրք և քուրդ բնակչության վերաբնակեցման գործընթացը խրախուսվում էր հայ իշխանների պառակտության հետևանքով Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը և նրան հաջորդող Իբրահիմ Հալիլ-խանը։ Թյուրք և քուրդ քոչվոր ցեղերի ներթափանցումը շրջանի տարածք երբեմն ուղեկցվում էր քրդերի ու լեզգիների բախումներով։ Այդպիսի ընդհարումներից է 1760-ական թվականներին տեղի ունեցածը, որին ականատես է եղել հայ ազատագրական գործիչ Հովսեփ Էմինը։ Սևանա լճի մոտ լեզգիները հանդիպում են քյոլանի անունով քուրդ թափառական ցեղին, որ գաղթում էր դեպի ներկայիս Քարբվաճառի շրջանի տարածքի կողմ։ Արյունահեղ կռվում հաղթում են լեզգիները և գերի վերցնում 814 քուրդ, առգրավում 8000 ոչխար, 2000 տավար և 600 մատակ ձի։ Ստացված ավարը 12.000 թումանի արժեք էր ներկայացնում»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ընթացքում շրջանի տարածքը հարկադրաբար լքել են շուրջ 10․000 հայ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արդեն 1760-ական թվականներին շրջանի տարածքը գրեթե ամբողջությամբ հայաթափ էր եղել։ Բացառություն էին կազմում միայն Խութավան գյուղն ու նախկին եպիսկոպոսանիստ ու թեմական կենտրոն Դադիվանքը, որտեղ կային հոծ հայ բնակչություն[20]։ Ըստ ուսումնասիրողների՝ այնուամենայնիվ, իսլամադավան եկվոր բնակչության գալու ժամանակ բնակավայրերում դեռևս մնացել էր հայ բնակչություն, որոնցից էլ եկվորները իմացել են բնակավայրերի անուններն ու հարմարեցրել իրենց լեզվական հնարավորություններին՝ աղավաղելով ու իմաստային կամ բառացի թարգմանության ենթարկելով։ Այդպիսի ձևափոխված տեղանուններից է «Ծարը», որը ձևափոխվել է և դարձել «Զառ», «Սևաջուրը»՝ «Ղարասու», «Ցրտնոտը»՝ «Սոյուղբուլաղ», «Երիցուշենը»` «Քեշիշքյանդ», «Խնձորեկը»՝ «Ալմալու» և այլն[20][34]։ Ըստ ճանապարհորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի վկայության՝ Ծարի բնիկ հայ ազգաբնակչությունը, չկարողանալով դիմադրել մեծաքանակ եկվոր մուսուլմաններին, ստիպված է եղել գաղթել տարբեր վայրեր։ Շրջանի հայերի մի մասը գաղթել է Ռուսական կայսրության Մոզդոկի և Ղզլարի շրջաններ։ Հայ բնակչության մի մասը հաստատվել է Տփխիս (ներկայիս Թբիլիսի) և հարակից գյուղեր։ Հայտնի է, որ Չիրքին գյուղի հայերը վերաբնակվել էին Տփղիսում, Յանշաղի հայերը՝ Տփղիսից ոչ հեռու Տաբախմելիք (ներկայիս Տաբախմելա) գյուղում, Խութավանի հայերի մի մասը՝ Շուլավերում (ներկայիս Մառնեուլի շրջանի Շահումյան քաղաք)և այլ վայրերումԱյնուամենայնիվ, Քարվաճառի շրջանի տարածքում 1800 թվականի դրությամբ հայ բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության շուրջ 50%-ը[20][35][36][37][38][39][40][41][42]։

1813 թվականին շրջանի տարածքը վերջնականապես միացվեց Ռուսաստանի կայսրությանը։ 1869 թվականին այն ներառվեց նորաստեղծ Ջիվանշիրի գավառի (ուեզդի) մեջ, որն էլ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի մաս էր կազմում։ Ռուսաստանին միացվելուց հետո կառավարության պահանջով քոչվոր բնակչության որոշ խմբեր սկսեցին աստիճանաբար հաստատվել հայկական լքված գյուղատեղիներ դարձած մի քանի բնակավայրերում։ Այնուամենայնիվ, մինչև 1850-ական թվականները շրջանի տարածքում մուսուլման բնակչությունը խիստ սակավաթիվ էր։ Հայտնի է, որ 1861 թվականին շրջանի ամբողջ տարածքում ապրում էին շուրջ 100 տուն «ալիանլուեցի բարբարոս քոլանիներ», որոնք կազմում էին 14 փոքրիկ գյուղ։ Այս տեղեկատվությունը ուսումնասիրողները թերահավատությամբ են վերաբերվում։ Առավել վստահելի է այն տեղեկությունը, որ 1865 թվականին շրջանի տարածքում գոյություն ունեին ընդամենը 9 նորաստեղծ գյուղ՝ 102 տուն բնակչությամբ։ Որոշ ժամանակ անց, Արցախի հոգևորականությունը Բաղդասար մետրոպոլիտի գլխավորությամբ հին կալվածագրերով վավերացված Դադիվանքին պատկանած երբեմնի կալվածները օրենքի ուժով քոչվոր բնակչությունից ետ վերադարձնելու ուղղությամբ ակտիվ գործընթաց սկսեց։ Մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում Դադիվանքին վերադարձվեցին վանքապատկան տարածքներից 140000 դեսյատին (1526 կմ2) հողատարածք։ Վերադարձված տարածքը կազմում էր ներկայիս Քարվաճառի շրջանի գրեթե կեսը և Մարտակերտի շրջանի արևմտյան որոշ տարածքներ։ Մինչև Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումը՝ Դադիվանքը հանդիսանում էր այդ կալվածքների սեփականատերը, որից ստացված եկամուտներով գոյատևում էր։ Հայ բնակչության նկատմամբ հարձակումների և ճնշումների պատճառով 1900 թվականին հայ բնակչության թվաքանակը նվազել էր հասնելով մինչև 30%-ի[20][38][43][44][45][46][47]։

1918 թվականին Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի կողմից հռչակված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից և 1920 թվականին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո Դադիվանքը զրկվեց իր բոլոր կալվածներից և ամայացավ, իսկ շրջանը միացվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի կենտրոնական հատվածում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ վարչական միավորը, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին, իսկ հուլիսի 16-ին՝ ներկայիս Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածի (պատմական Ծար գավառի) և Քաշաթաղի շրջանի տարածքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստեղծեցին Կարմիր Քուրդիստան վարչական միավորը, որի բնակչությունը մեծամասամբ քրդեր էին։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան, որի կենտրոնը եղել է Լաչին (Բերձոր) բնակավայրը։ Այնուհետև Ծար (Վերին Խաչեն) գավառի տարածքում Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծվեց Քյալբաջար անունով շրջան։ 1937 թվականին շրջանի տարածքում մնացած սակավաթիվ հայերին և արդեն այդ ժամանակ մեծամասնություն կազմող քրդերի մեծ մասին Իոսիֆ Ստալինի հրամանով աքսորում են Միջին Ասիա։ Աքսորված հայերի ու քրդերի տներում բնակություն են հաստատվում ադրբեջանցիներ։ Նորաստեղծ շրջանի անունը առաջացել է հնում գոյություն ունեցած հայկական Քարվաճառ գյուղի ձևափոխված անունից, իսկ գյուղը դարձավ շրջանի վարչական կենտրոն։ 1960-ական թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին շրջանում և ավելացրեցին ադրբեջանական բնակչության թվաքանակը։ Այդ աշխատանքներն ահռելի չափերի հասան հատկապես 1980-1992 թվականների ընթացքում[20][38][43][44][45][48][49][50]։

44-օրյա պատերազմ խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ճեղքել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պաշտպանական բնագծերը, սակայն նրանց չի հաջողվել իրենց վերահսկողության տակ վերցնել Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից որևէ տարածք[2]։ Այնուամենայնիվ, արդեն նոյեմբերի 9-ին կնքվում է եռակողմ համաձայնագիր, որի համաձայն Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հանձնվում է Ադրբեջանին[51]։

Ռազմական գործողություններ խմբագրել

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածային ուղղություններից մեկը եղել է Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը։ Ադրբեջանական կողմը ձեռնարկել է բազմաթիվ գրոհները, որոնք կասեցվել են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից[52]։

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ին, ադրբեջանական կողմը կիրառել է ծխային արկեր և փորձել դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը, սակայն տալով ևս երկու զոհ, նահանջել է։ Ժամը 13:40-ին միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով՝ ադրբեջանական շուրջ 30 հոգանոց խումբը ներթափանցման փորձ է կատարել, սակայն կրել է կորուստներ և վերադարձել ելման դիրքեր։ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, գրոհելու նպատակով Ադրբեջանը կենտրոնացրել է մեծ թվով մարդուժ, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում կանխվել է ադրբեջանցիների գրոհը։ Ըստ հայկական կողմի տեղեկատվության՝ Ադրբեջանը կորցրել է չորս զինծառայող[52]։

Արցախում հրադադարի մասին համաձայնագիր խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 9-ին «Արցախում հրադադարի հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրած ղեկավարները
Նիկոլ Փաշինյան
Վլադիմիր Պուտին
Իլհամ Ալիև

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ նույն թվականի նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրվում է Հայաստանի կապիտուլացիայի համաձայնագիր։ Այդ մասին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր ֆեյսբուքյան էջով ուղիղ եթեր հեռարձակման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն հայկական զինված ուժերը պետք է հեռանան Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներից (քարվաճառյան հատված)[Ն 2][1][2]։

Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն Ադրբեջանին է մնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գրաված տարածքները, Ադրբեջանին են հանձնվում Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի՝ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները (քարվաճառյան հատված), Քաշաթաղի շրջանի դեռևս Ադրբեջանի կողմից չգրավված հատվածները բացառությամբ Բերձոր-Շուշի ավտոճանապարը 5 կմ լայնությամբ, որը հանձնվում է Ռուսաստանի զինված ուժերի խաղաղապահ զորակազմի վերահսկողությանը, կողմերը փոխանակում են գերիներին բոլորը բոլորի դիմաց, Հայաստանը պարտավորվում է երաշխավորել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապը, ադրբեջանցի բնակչության վերադարձ նախկին ԼՂԻՄ և հարակից տարածքներ։ Համաձայնագրի սկզբնական տարբերակում գրված է եղել, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի Խորհրդային Ադրբեջանի մեջ ներառված և Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող անկլավները (Արարատի մարզում՝ Տիգրանաշեն, Տավուշի մարզում՝ Վերին Ոսկեպար և Սոֆուլու

Եռակողմ համաձայնագրի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև՝ վերցված Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքից և հայերեն թարգմանված[51]

  1. Հայտարարվում է արցախյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
  2. Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը։
  3. Արցախի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)։
  4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։
  5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
  6. Հայաստանի մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը[Ն 3] Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը։ Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Արցախի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով։
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո։
  8. Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում։
  9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Բողոքի գործողություններ Երևանում խմբագրել

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից անիմջապես հետո մայրաքաղաք Երևանում սկսվեցին բողոքի գործողություններ։ Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում սկսեցին հավաքվել քաղաքացիներ, ովքեր դեմ էին կապիտուլացիոն համաձայնագրի կնքմանն ու դրա կետերի կատարմանը։ Զայրացած քաղաքացիները ներխուժեցին հրապարակում գտնվող Հայաստանի կառավարության շենք, որից հետո նրանց մի մասն ուղևորվեց դեպի Պռոշյան փողոցում գտնվող Հայաստանի վարչապետի կառավարական ամառանոց։ Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես, Հանրապետության հրապարակում և Պռոշյան փողոցում, տեղի ունեցան ընդհարումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Որոշ քաղաքացիներ իրենց բողոքի գործողություններն ուղղեցին արտասահմանյան ֆինանսավորմամբ և Հայաստանում գործող մի շարք լրատվամիջոցների ուղղությամբ, մասնավորապես, ամերիկյան Ազատություն ռադիոկայանի դեմ։

Տոնական միջոցառումներ Ադրբեջանում խմբագրել

 
Բաքվի փողոցներից մեկում ադրբեջանցի երիտասարդները տոնում են Ադրբեջանի հաղթանակը, 10․11․2020թ․

«Արցախում հրադադարի հաստատման մասին» եռակողմ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանում բնակչությունը դուրս է գալիս փողոց և տոնում Ադրբեջանի հաղթանակը։ Սկսվում են զանգվածային տոնակատարություններ, Ադրբեջանի դրոշներով քայլերթեր և ավտոերթեր, կազմակերպվում են հրավառություններ, փողոցներում բնակիչները պարում են։ Տոնակատարություններ են կազմակերպվում նաև այլ երկրների ադրբեջանաբնակ բնակավայրերում։

Հանձնում խմբագրել

 
Արցախի Շահումյանի շրջանը Ադրբեջանի զիված ուժերի վերահսկողությանը հանձնելու օրը ադրբեջանզի զինծառայողները Ստեփանակերտ - Վարդենիս ավտոճանապարհին՝ Դադիվանք գյուղի մոտ, հանդիպում են Դադիվանքի վանական համալիրը հսկող ռուս զինծառայողներին (նոյեմբերի 25, 2020 թվական)։

2020 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի զինված ուժերի վերջին շարասյունը դուրս է եկել Շահումյանի շրջանի իրենց վերահսկողության ներքո գտնվող քարվաճառյան հատվածից, որից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել և տեղաբաշխվել են հանձնված շրջանում։ Այդպիսով, համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ համաձայնագրի՝ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո[2][3]։

Ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարության՝ Արցախում տեղակայված ռուսական զորակազմն ապահովել է Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածի կազմակերպված հանձնումը Ադրբեջանին համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ համաձայնագրի[53]։

Ըստ բազմաթիվ լրատվամիջոցների՝ Քարվաճառի հանձնման ամսաթիվը պատահական չի ընտրվել։ Նոյեմբերի 25-ին է ծնվել Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, ում ղեկավարած ստորաբաժանումները Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1993 թվականին ազատագրել են Քարվաճառի շրջանը[2][3]։

Իր վերահսկողությունը հաստատելով Արցախի Հանրապետության հանձնված քարվաճառյան հատվածի նկատմամբ՝ Ադրբեջանը հայ-ադրբեջանական շփման գիծը տեղափոխել է Հայաստանի Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր, որտեղ ավելի ուշ տեղի ունեցան ռազմական բախումներ և ներխուժում Հայաստանի տարածք։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան խմբագրել

2021 թվական խմբագրել

 
Ադրբեջանի զինված ուժերի ներխուժում Հայաստան, մարտական գործողությունները Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա բնակավայրերի մոտ 2021 թվականին
 
Համաձայն Հայաստանի ՊՆ-ի՝ հուլիսի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի ԶՈՒ այս մարտական դիրքի ուղղությամբ, կարճ ժամանակով գրավել այն, որից հետո կորցրել

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծաքանակ զինծառայողներով և զինտեխնիկայով Քաշաթաղի շրջանի հանձնված տարածքներից հատել են Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև Լճի տեղամասում, ապա նաև հանձնված Քարվաճառի շրջանի տարածքից մտել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի անմիջապես հարակից տարածք ու դիրքավորվել[54][55]։ Հայաստանը խնդրի լուծման հարցով ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից[56] և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն ՀԱՊԿ-ի դեպքում համարժեք պատասխան չի ստացել, իսկ Ռուսաստանը առաջարկել է կատարել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ։ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման համար տեղի են ունեցել մի քանի բանակցություններ, որոնք Ադրբեջանի հետ վարել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը[57]։ Սակայն այդ բանակցություններն արդյունք չեն տվել[58]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը[59], կան վիրավորներ։

Մայիսի 27-ին ադրբեջանցինական ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի տարածքից գերևարել են Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողի[60]։

Հուլիսի 23-ին Ադրբեջանը հայտարարեց, որ հայ դիպուկահարի արձակած կրակոցից Քարվաճառի շրջանում՝ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, իր զինվորներից մեկը սպանվել է։ Միևնույն ընթացքում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ երեք հայ զինծառայողներ վիրավորվել են, երբ ադրբեջանական զորքերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա[61]։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզում սկսված հայ-ադրբեջանական ընդհարումների հետևանքով զոհվեց Հայաստանի զինված ուժերի 3 զինծառայող, ևս չորսը վիրավորվեց։ Հայաստանը Ադրբեջանին մեղադրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացման մեջ։ Ադրբեջանը հայտնեց փոխհրաձգության արդյունքում երկու վիրավորի մասին[62]։

Հուլիսի 29-ին զինված ընդհարումների հետևանքով Հայաստանի զինված ուժերի զինծառայող է վիրավորվում[63]։

Օգոստոսի 13-ին՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաղորդեցին սահմանային հրետանային ռմբակոծությունների մասին։ Հայկական ՊՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի հատվածում կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, միաժամանակ Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի ու Գադաբայի շրջանների ուղղությամբ[64]։

Օգոստոսի 16-ին` ժամը 18:10-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Հակոբյանը Գեղարքունիքում սպանվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից[65][66]։

Օգոստոսի 27-ին՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը․ «Տարեցներն ու երեխաները կրակոցների ժամանակ գտնվել են բակում։ Այդ ժամանակ տանը նույնպես երեխաներ կային։ Օգոստոսի 27-ին, ժամը 10-ի սահմաններում՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով խաղաղ բնակչությանը», հաղորդեց Արման Թաթոյանը[67][68]։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. 1991-1994 թվականների Արցախյան ազատամարտի ժամանակ Շահումյանի շրջանի մի մասը, այդ թվում՝ 23 բնակավայր, հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հյուսիս-արևելյան հատվածը Ադրբեջանի կողմից գրավվել է 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում և 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի հարավ-արևմտյան (քարվաճառյան) հատվածը հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո է գտնվել մինչև տարածքների հանձնումը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ը։ Այդ ժամանակ շրջանի քարվաճառյան հատվածը կապիտուլացիոն համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանին։
  3. Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ բարդ բնական պայմանների պատճառով, հաշվի առնելով Քարվաճառից մեկ ելքի և ճանապարհի առկայությունը, Հայաստանը դիմել է Ռուսաստանին և Ադրբեջանին քաղաքացիական բնակչության ու զորքերի վերջնական դուրսբերումը մինչև նոյեմբերի 25-ը տեղափոխելու խնդրանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Քարվաճառն այսօր կհանձնվի. զորքերը երեկ վերջին անգամ լուսանկարվել են» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ադրբեջանի ԶՈՒ-ն առանց մեկ կրակոցի գրավում է Քարվաճառը՝ լեգենդար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը» հոդված arminfo.info կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)
  3. 3,0 3,1 3,2 «Այսօր Արցախի հերոս Մոնթեի ծննդյան օրը՝ Քարվաճառը կհանձնվի. «Ժողովուրդ»» հոդված 24news.am կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)
  4. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  5. 5,0 5,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային արժեքների ցանկը դեռ ամբողջական չէ» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)
  10. «Արցախը «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաև Մեծ և Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին երկրի բնական ջրային ամենամեծ աղբյուրները.» հոդված hayastan.news կայքում, (արխիվացված 21․12․2023թ․)
  11. «Ժողովրդագրական վիճակը Արցախի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ» հոդված mss.nkr.am կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)
  12. «Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են․ ռիսկային քայլ է, արտագաղթ է սկսվելու»․ Գեղամասարի համայնքապետ», (արխիվացված 12․09․2023 թվականին)
  13. 13,0 13,1 «Սահմանամերձ դարձած Ջերմուկ», (արխիվացված 12․09․2023 թվականին)
  14. «Մոնթե... Քարվաճառը հանձնեցին թշնամուն հենց այն ազատագրողի ծննդյան օրը» հոդված panorama.am կայքում, (արխիվացված 12․09․2023 թվականին)
  15. «Օմարը նվաճած Մոնթեի ծննդյան օրը Քարվաճառը հանձնվեց թշնամուն. դարպասի մյուս կողմում ադրբեջանցիներն են» հոդված kentron.tv կայքում, (արխիվացված 12․09․2023 թվականին)
  16. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  17. «В Азербайджане празднуют освобождение Кельбаджара от армянской оккупации» հոդված (ռուս.), (արխիվացված 12․09․2023 թվականին)։
  18. Անանիա Շիրակացի, Մատենագրություն, Երևան, 1979 թվական։
  19. Միխայիլ Ասորի, ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871 թվական։
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 20,12 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  21. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, Վաղարշապատ, 1928, էջ 19-20։
  22. Կարապետ եպիսկոպոս, Նիւթեր հայ մելիքութեան մասին, պրակ Բ, Դօփեանք եւ Մէլիք Շահնազարեանք, Էջմիածին, 1914, էջ 34։
  23. «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Երեւան, 1950, էջ 84։
  24. Գրիգոր Խլաթեցի, Յիշատակարան աղէտից, Վաղարշապատ, 1897, էջ 6։
  25. «Նիւթեր հայ մեւիքութեան», Բ, էջ 84։
  26. «Մանր ժամանակագրություններ», հատոր Բ, Երեւան 1956, էջ 275։
  27. 27,0 27,1 «ժէ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Ա. Երեւան, 1974, էջ 218։
  28. 28,0 28,1 «Հայ մտավորականները եւ Շահ-Աբբասի չգործած հանցանքը» հոդված, «Հայք» օրաթերթ, 1995, 13 հունիս, N 105, էջ 7։
  29. Ա. Յովհաննիսեան, Գեղամայ եւ Ծարայ մելիքների տոհմը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք Ա եւ Բ, 1921-1922, էջ 105-113։
  30. Բ. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությանը X-XVI դարերում, Երեւան, 1975։
  31. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ. Եսայի Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, Յերուսաղէմ, 1868, էջ 37-38։
  32. «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, Երեւան, 1972, էջ 151։
  33. Աշոտ Յովհաննիսեան, Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Վաղարշապատ, 1916, էջ 16։
  34. «Արդյո՞ք իսպառ հայաթափ էր Ծար գավառը խաշնարած ցեղերի ներթափանցման պահին» հոդված, «Ար» շաբաթաթերթ, 1995, N 9, էջ 5։
  35. Մեսրոպ մագիստրոս արքեպիս. Տէր-Մովսիսեան, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթեւի, Հաղարծնի եւ Դադի եկեղեցիները եւ վանական շինութիւնները..., Երուսաղեմ, 1938, էջ 84։
  36. «Армянский Кизляр в «Кавказском календаре» (1845–1860 гг.)» հոդված regnum.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  37. «Возникновение армянской общины в г. Кизляр в 18 - 19 вв.» հոդված armeniansite.ru կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  38. 38,0 38,1 38,2 «Краткая история армянского Карвачара» հոդված ИА Реалист միջազգային տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված 10․06․2021թ․-ին, (արխիվացված 12․12․2021թ․(ռուս.)
  39. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆոնդ 57, ցուցակ 1, գործ 4. թերթ 1։
  40. Լեո, Հայոց պատմության, հատոր 3, գիրք երկրորդ, Երեւան, 1973, էջ 303։
  41. «The Life and Adventures of Joseph Emin, London, 1792, Էջ 372։(անգլ.)
  42. «Դիվան Հայոց Պատմաթեան», Գ, Թիֆլիզ, 1894, էջ 494։
  43. 43,0 43,1 Ա Մելքոնյանի «Քելբաջարի եւ Լաչինի պատմությունից» հոդվածը, «Հայրենիքի ձայն», N 12, 1993, էջ 6։
  44. 44,0 44,1 Հ. Սիմոնյանի հետ հարցազրույցը «Նպատակ», N 1,1995, էջ 1։
  45. 45,0 45,1 «Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» (ադրբեջաներեն), հատոր 5, Բաքու, 1981, էջ 334։
  46. «Նոր-Դար» օրաթերթ, 1885, N 104, էջ 4։
  47. «Արարատ» ամսագիր, 1910, ապրիլ, էջ 58։
  48. «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.()։
  49. Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
  50. Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։
  51. 51,0 51,1 "Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации", официальном сайте Президента России, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  52. 52,0 52,1 «» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 12․09․2023 թվականին)
  53. "Российские миротворцы обеспечили контроль выполнения трехстороннего соглашения при переходе контроля над Кельбаджарским районом" հրապարակում ՌԴ ՊՆ կայքում, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  54. Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ, Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին
  55. «Երեկ ադրբեջանցիները Գեղարքունիքի Վերին Շորժայի և Կութի հատվածներում, ըստ մարզպետի, որոշակի առաջխաղացումներ են ունեցել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  56. «Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին ռազմական օգնության համար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  57. «Սյունիքում բանակցությունները վերսկսվել են». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  58. «Սյունիքում բանակցությունները հետաձգվել են․ Մուրադովը ուղղաթիռով վերադարձել է Արցախ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 24-ին.
  59. «Վերին Շորժայի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, կա մեկ զոհ․ ՀՀ ՊՆ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  60. «Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  61. «Three soldiers wounded as Azerbaijan fires at Armenian positions in Gegharkunik». en.armradio.am. Public Radio of Armenia. 2021 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  62. «Armenia says 3 soldiers killed in gun battle with Azeri forces». Al Jazeera. 2021 թ․ հուլիսի 28. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  63. «Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն». Արմենպրես. 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  64. «Armenia claims shelling in direction of Gegarkunik». kavkaz-uzel.eu. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  65. «Armenian serviceman killed by Azerbaijani sniper fire». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  66. «Armenian soldier killed in fresh Azerbaijani provocation». en.armradio.am. 2021 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  67. «Azerbaijani Troops Fire on Civilians in Gegharkunik's Kut Village». Hetq.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  68. «Shelling from Azerbaijan damaged wall of one of residential buildings in Kut village». news.am (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.