Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում
Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթումը, որը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[1]։ Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն է։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից[2][3]։
Թվական | 2020 թվականի դեկտեմբերի 12 |
---|---|
Մասն է | 44-օրյա պատերազմ |
Վայր | Հին Թաղեր և Խծաբերդ, Արցախի Հանրապետություն |
Արդյունք | ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի օկուպացիա Ադրբեջանի կողմից |
Հակառակորդներ | |
ՌԴ ԶՈւ խաղաղապահ ուժեր, Արցախ | Ադրբեջան |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Ներկայումս Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ, ըստ որոշ աղբյուրների՝ ավելի քան 100 հայ գերիների մոտ 90%-ն այս օկուպացիոն գործողության ընթացքում գերևարվածներն են[4][5][6][7]։
Նախապատմություն
խմբագրել2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զգալի, Շուշիի շրջանի Շուշի և Քարինտակ բնակավայրերի, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքների վրա։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերի վրա, ըստ սահմանված ժամանակացույցի Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնությամբ[8]։
Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանից հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[9]։ Տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ դեկտեմբերի 13-ի հրապարակած քարտեզում ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող քարտեզում նշելով նաև Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը[10]։ Տեղեկությունը հաստատվել է նաև Նոյեմբերի վերջին CIVILNET լրատվականի լրագրողների՝ Խծաբերդ և Հին Թաղեր այցելությամբ[11]։
Հայկական այդ երկու գյուղերը հնարավոր էր եղել պահել մոտ վաթսուն հոգուց բաղկացած խմբով, ովքեր հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 12-ը պահպանում էին գյուղերը, Դիզափայտ լեռը և Կատարո վանքը[12]։
Գործողություններ
խմբագրելԸստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դեկտեմբերի 1-ին Ադրբեջնին անցավ Լաչինի շրջանը։ Չնայած Արցախի վարչատարածքային բաժանման Քիրսավան գյուղը գտնվում էր Շուշիի շրջանում, Ադրբեջանի վարչական բաժանմամբ այն մտնում էր Լաչինի շրջանի կազմում, հետևաբար այն նույնպես անցավ Ադրբեջանի վերահսկողությաբ տակ[13]։ Քանի որ Քիրսավանը Հադրութի շրջանի հայկական հսկողության տակ մնացած տարածքը Արցախի հիմնական մասին կապող միակ մնացած ճանապարհն էր, Խծաբերդի և Հին Թաղերի տարածքում մնացած վաթսուն հոգանոց խումբը ընկավ շրջափակման մեջ։
Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ[10]։ Հարձակման հետևանքով, ըստ Հին Թաղերի գյուղապետի, հայկական կողմից վիրավորվել է 8 հոգի, տեղեկություն է ստացվել 10 գերևարվածի մասին[14]։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը նույն օրը երեկոյան դիմել է արցախցիներին՝ կոչ անելով հավաքվել Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։
Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է նոր քարտեզ, որտեղ արդեն Հին Թաղերը և Խծաբերդը դուրս էին թողնվել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց[15]։
Հաջորդող իրադարձություններ
խմբագրելԴեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։ ՀՀ ՊՆ-ն քիչ անց հաստատել է տեսանյութի իսկությունը[16]։ Շրջափակման մեջ մնացած և անհայտ պայմաններում հայտնված զինծառայողների հարազատները նույն օրը փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի տարբեր հատվածներ[17]։
Դեկտեմբերի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ[18]։
Արձագանք
խմբագրել- Ռուսաստանը երկու կողմերին պահանջել է պահպանել հրադադարի ռեժիմը[19]։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին»[20]։
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզաբանում է պահանջել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, իսկ ՀՀ ԱԺ-ին դիմել է շտապ նիստ գումարելու առաջարկով, որտեղ կքննվեր Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները[21]։
- Ադրբեջանի նախագահը պնդում է, որ նրանք այդ տարածքները գրավել էին մինչև պատերազմի ավարտը, իսկ այնտեղ գտնվող մարդիկ ահաբեկիչներ են[22]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
- ↑ «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը».
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված․ ԼՂՀ ԱԺ».(չաշխատող հղում)
- ↑ «Երեկվա գերիների մեծ մասը Շիրակի մարզից են․ այժմ Շիրակում աննախադեպ ակցիաներ են ընթանում». Politik.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Բաքուն հաստատել է Խծաբերդից վեց տասնյակ զինվորականների գերեվարումը, ըստ Մուրադովի՝ նրանց վտանգ չի սպառնում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին. Արցախի նախագահ». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Գերիների 90 %֊ը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո. Փաշինյան (տեսանյութ)». A1Plus. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Հադրութի շրջանի երկու գյուղ Արցախին են մնում. դրանք «կտրված» են մնացած տարածքից».
- ↑ 10,0 10,1 «Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ».
- ↑ «Հավաքվենք՝ պարզելու, թե ինչպես է թշնամին գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը․ Հայկ Խանումյան». CIVILNET. 2020 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ ««Դիզափայտ ջոկատ»․ մի կտոր Հադրութ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Արմենիա, Դավիթ Գալստյան Sputnik. «Ադրբեջանցիներով շրջապատված գյուղերը. ինչ ճանապարհներով գնալ Արցախը «վերաձևելուց» հետո». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել».
- ↑ «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Հին Թաղերից և Խծաբերդից հայ զինծառայողների շրջափակումից դուրս բերման տեսանյութն իրական է, հայտարարում է ՊՆ-ն».
- ↑ «Խծաբերդում և Հին թաղերում շրջափակման մեջ մնացածների հարազատները Շիրակում ճանապարհ են փակել».
- ↑ «Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում 9 զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել».
- ↑ «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие».
- ↑ «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին. Մանե Գեւորգյան».
- ↑ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը».
- ↑ «Ալիևի որակումը, Հայաստանի օմբուդսմենի համոզմամբ, հումանիտար գործընթացի և եռակողմ հայտարարության պահանջի կոպիտ խախտում է». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.