Սարագոսա
Սարագոսա (իսպ.՝ Zaragoza [θaɾaˈɣoθa], արագոներեն՝ Zaragoza), քաղաք Իսպանիայի հյուսիս-արևելքում։ Հանդիսանում է Արագոնի ինքնավար համայնքի, Սարագոսա նահանգի և համանուն շրջանի մայրաքաղաքը։ Տեղակայված է Էբրո գետի միջին հոսանքում՝ ծովի մակերևույթից մոտավորապես 200 մետր ցածր։ Իսպանիայի քաղաքների ցանկում մեծությամբ հինգերորդն է, որի բնակչության թվաքանակը շուրջ 660 հազար է[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սարագոսա | |||||
իսպ.՝ Zaragoza[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Սարագոսա | ||||
Մակերես | 973 780 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 211 մետր | ||||
Բնակչություն | ▲682 513 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 976 | ||||
Փոստային դասիչ | 50001–50022 | ||||
Ավտոմոբիլային կոդ | Z | ||||
Պաշտոնական կայք | zaragoza.es(իսպ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՍարագոսան հիմնադրվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա. 24 թվականին։ Բնակավայրի սկզբնական անվանումը եղել է «Օգոստոս կայսեր գաղութ» («Colonia Caesaraugusta»), որից էլ առաջացել է ներկա անվանումը։ 280 թվականին Սարագոսայում տեղի է ունեցել համաքրիստոնեական սինոդ[4]։
712-713 թվականներին Սարագոսան նվաճվում է արաբների կողմից։ 8-րդ դարից քաղաքը պատկանել է Կորդովայի խալիֆայությանը և ծառայել է որպես մավրիտանյան ֆորպոստ ընդդեմ Հյուսիսային Իսպանիայի քրիստոնեական թագավորությունների։ Խալիֆայության անկումից հետո Սարագոսան դարձավ անկախ մուսուլմանական պետության կենտրոն։ Այնուհետև, 1118 թվականին թվականին Ռեկոնկիստայի շրջանակներում այն նվաճվել է Արագոնի և Նավարայի թագավոր Ալֆոնսո I-ի կողմից և հետագայում դարձավ վերջինի թագավորության ծաղկուն մայրաքաղաքը։ Ալֆոնսո I-ի կարգադրությամբ Սարագոսայում բնակվող բոլոր արաբները պետք է լքեին քաղաքի սահմանները։ 12-րդ դարից այն եղել է Արագոնայի կենտրոնն ու հանդիսացել է Իսպանիայի քաղաքական կենտրոններից մեկը։ 1348 թվականի հոկտեմբերին Պեդրո IV-ի օրոք Սարագոսյան կորտեսները ընդունեցին օրենք, որով արգելվում էր թագավորի դեմ ուղղված դաշինքի կրթությունը։
1391 թվական ջարդերը շրջանցեցին Սարագոսայի հրեաներին, և շուտով քաղաքը դարձավ центром Իսպանիայի հրեական կյանքի կենտրոնը[5]։ Այդ ժամանակ հրեական համայնքը ղեկավարում էր փիլիսոփա ու ռաբբի Խասիդայ Կրեսկասը։ 1942 թվականին տեղի ունեցավ Սարագոսայից արաբների ու հրեաների վերջնական վտարումը, ինչը էականորեն նվազեցրեց քաղաքի բնակչության թվաքանակը։ Այնուամենայնիվ, Սարագոսան մնաց Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկը։ Հայտնի է, որ 1548 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 25 հազար մարդ։
15-րդ դարի վերջում Իսպանիայի միավորումից հետո քաղաքը կորցրեց իր նշանակությունը, բայց անկախության համար մղվող պատերազմի ժամանակ 1808-ից 1809 թվականներին ֆրանսիացիների կողմից պաշարման ընթացքում հերոսական ինքնապաշտպանության համար արժանացավ փառքի։ Այդ ժամանակ զոհվեց քաղաքի շուրջ 50 հազար պաշտպան։ Քաղաքի պաշտպանությունը ղեկավարում էր արագոնյան հին ազնվական դինաստիայի ժառանգ Խոսե Ռեբոլեդո դե Պալաֆոքս ի Մելիսը[6]։ Նա զինվորական չէր, բայց Սարագոսայի ապստամբության ժամանակ հռչակվեց գեներալ-կապիտան ու հաջողությամբ ղեկավարեց մոտավորապես 9 ամիս տևած Սարագոսայի պաշտպանությունը։ Սարագոսայի առաջին երկամսյա պաշարման ու գրոհի ժամանակ նա հաղթանակ գրանցեց գեներալներ Վերդեյի և Լեֆեր Դենուետի նկատմամբ[7]։ Սարագոսայի երկրորդ պաշարման ղեկավարումը ստանձնեցին նապոլեոնյան մարշալներ Մոնսին, իսկ այնուհետև Լանը։ Երկրորդ պաշարման ժամանակ մասնակցում էին Նապոլեոնի Մեծ բանակի 3-րդ և 5-րդ կորպուսները, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում էր շուրջ 50 հազար զինվոր:Երկու պաշարումների ընթացքում ֆրանսիացիները կորցրեցին մոտավորապես 25 հազար մարդ, իսկ քաղաքի պաշտպանները՝ ավելի քան 50 հազար։ Իսպանացիների այդպիսի մեծ կորուստները բացատրվումմ են քաղաքացիական բնակչության շրջանում հսկայական կորուստներով (շուրջ 30 հազար մարդ)։ Սակայն այդ ժամանակահատվածում Սարագոսայի քաղաքացիական բնակչությունը չի կարելի անվանել խաղաղ, քանի որ ֆրանսիացիների դեմ կռվում էին բոլոր նրանք, ովքեր կարող էին զենք բռնել, այդ թվում նաև՝ կանայք ու երեխաները։ Ճակատամարտի ավարտից 8 օր առաջ ծանր հիվանդ, հաճախ գիտակցությունը կորցնող գեներալ-կապիտան Պալաֆոքսը քաղաք պաշտպանության հրամանատարությունը փոխանցեց Սեն Մարկին։ Անգիտակից վիճակում Պալաֆոքսը գերի ընկավ ֆրանսիացիներին և տեղափոխվեց Ֆրանսիա։ Նա Սարագոսա վերադարձավ միայն Նապոլեոն Բոնապարտի անկումից հետո։ Կյանքի վերջին տարիներին նա դարձավ Սարագոսայի դուքս[8]։
1936-1939 թվականներին Իսպանիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ընթացքում Սարագոսայի առաջին գրավման փորձի ժամանակ խռովարարները մատնվեցին անհաջողության։ Երկրորդ փորձը պսակվեց հաջողությամբ։ Քաղաքը վերցնելուց հետո այն դարձավ այդ տարածաշրջանում ազգայնականների կենտրոնը։ Հայտնի է, որ պատերազմական տարիներին Տորերո գերեզմանոցում սպանվեցին 3543 հանրապետական։
20-րդ դարի երկրորդ կեսին Սարագոսայի տնտեսության արդյունաբերականացման և ուրբանիզացիայի շնորհիվ այն սկսեց արագորեն զարգանալ։ Քաղաքում և հարակից տարածքներում գործարկվեցին նոև գործարաններ, ինչը ներգրավեց նոր բնակչության։ Ներկայում Սարագոսան հանդիսանում է Իսպանիայի մեծությամբ թվով հինգերորդ քաղաքը։ 2008 թվականին Սարագոսայում տեղի ունեցավ համաշխարհային ցուցահանդես, ինչը քաղաքի տնտեսությանը զարգացման նոր զդակներ հաղորդեց։
Բնակչություն
խմբագրել2012 թվականի հունվարի 1-ի դրությամբՍարագոսայում բնակվում է 679 624 մարդ, որի 48,4 %-ը արական սեռի, 51,2 %-ը՝ իգական։ Ստորև ներկայացված է Սարագոսայի բնակչության թվաքանակը 1991-ից 2012 թվականներին.
1991 | 1999 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
594 394 | 603 367 | 610 976 | 620 419 | 626 081 | 638 799 | 647 373 | 649 181 | 654 390 | 666 129 | 674 317 | 675 121 | 674 725 | 679 624 |
Բնակչության փոփոխությունը հազար մարդով
Սարագոսայի բնակչության տարիքային բաժանումը ըստ 2011 թվականի դրությամբ
- մինչև 16 տարեկան - 15,1 %,
- 16-ից մինչև 64 տարեկան - 66,2 %,
- 65 տարեկանից բարձր - 18,7 %:
Սարագոսայի արտասահմանցի բնակչության տոկոսային բաժինը բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ կազմում է 12,4 %, ընդ որում, արտասահմանցիների մեծ մասը ծագումով աֆրիկյան պետություններից են, ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկաներից ու Վեստ Ինդիայից։ Նշված տարածաշրջանների բնակչությանը հաջորդում են Եվրոպական միության քաղաքացիները[9]։
Կլիմա
խմբագրելՔանի որ Սարագոսան գտնվում է Էբրո գետի ավազանում և բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, քաղաքի կլիման ցուրտ տափաստանային է (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգմամ BSk): Սակայն նկատվում են նաև միջերկրածովյան կլիմային բնորոշ դրսևորումներ (Csa), այսինքն՝ չոր ամառ ու ձմեռ և առավել խոնավ կլիմա գարնանն ու աշնանը։ Այն ժամանակ, երբ ամառը սովորաբար երաշտային է մինչև 40 °C, տեղումների մեծ մասը թափվում են գարնանը։
Ձմռանը ցածր ջերմաստիճանը (0-ից մինչև 10 °C) պայմանավորված է հաճախակի գրանցվող մառախուղով (ընդհանուր հաշվով ընդամենը 20 օր՝ նոյեմբերից մինչև հունվար)կամ սառը չորային քամով, որըփչում է հյուսիս-արևմտյան ուղղությունից:Ձմռանը երբեմն լինում են ցրտահարություններ և ձյուն։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սարագոսա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 10,3 | 13,3 | 16,6 | 18,7 | 23,2 | 27,7 | 31,5 | 31,0 | 26,7 | 20,7 | 14,3 | 10,7 | 20,4 |
միջին ջերմաստիճանը (°C) | 6,4 | 8,4 | 10,9 | 13,0 | 17,2 | 21,3 | 24,5 | 24,4 | 20,7 | 15,5 | 10,0 | 7,1 | 15,0 |
միջին նվազագույնը (°C) | 2,4 | 3,5 | 5,2 | 7,4 | 11,2 | 14,8 | 17,6 | 17,8 | 14,7 | 10,3 | 5,8 | 3,5 | 9,5 |
տեղումների քանակը (մմ) | 22 | 20 | 20 | 35 | 44 | 31 | 18 | 17 | 27 | 30 | 30 | 23 | 318 |
Աղբյուր՝ Agencia Estatal de Meteorología |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսական զարգացվածության տեսանկյունից Սարագոսան հանդիսանում է Իսպանիայի չորրորդ քաղաքը[10]։ Շրջանում գյուղատնտեսության մասնաբաժինը աստիճանաբար նվազում է։ Քաղաքի տնտեսության առանցքը արդյունաբերությունն է։ 1982 թվականին Սարագոսայի հարևանությամբ գտնվող Ֆիգերուելաս շրջանումբացված Օփել մակնիշի ավտոմոբիլների արտադրության գործարանը հանդիսանում է շրջանի ամենակարևոր գործատուներից մեկը։ Գործարանում արտադրվում են Օփելի մակնիշի Կորսա, Մերիվա, Կոմբո դասի ավտոմեքենաներ։ Ֆիգերուելասի գործարանը, որտեղ աշխատում են 6400 մարդ, հանդիսանում է Ջեներալ Մոթորս ընկերության՝ Եվրոպայումգտնվող ամենամեծ գործարանը[11]։ Գործարանի մոտակայքում տեղակայված են ավտոմոբիլային դետալների մատակարար ընկերությունները։
Բացի այդ, Սարագոսայում գտնվում է նաև «BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH» (կենցաղային տեխնիկայի արտադրություն), «Construcciones y Auxiliar de Ferrocarriles» (երկաթուղային համակարգեր), «Sociedad Anónima Industrias Celulosa Aragonesa», «ICT Ibérica» և «Տորասպապել» (թղթի արտադրություն), «Պիկոլին» (ներքնակների արտադրություն), «Լակասա» (շոկոլադի արտադրություն), «Տատա Հիսպանո» (ավտոբուսների արտադրություն), «Ամբեր» (գինու արտադրություն) և այլ ընկերությունների մասնաճյուղեր։
Այնպիսի նախագծեր, ինչպիսին է Հարավային Եվրոպայի բեռնափոխադրող խոշորագույն «Plataforma Logística de Zaragoza» («PLAZA») ընկերությունը, Մադրիդից ու Բարսելոնայից հետո Սարագոսան դարձրել են Իսպանիայի՝ բեռնափոխադրման երրորդ հանգույցը[12]։
2008 թվականին Սարագոսայում անցկացված Էքսպո-2008 ցուցահանդեսը նույնպես նոր ազդակներ հաղորդեց քաղաքի զարգացման գործընթացին, գործարար ենթակառուցվածքների շինարարությանը (օրինակ, Սարագոսային համաշխարհային առևտրային կենտրոնի շենքը) և նպաստել է քաղաքին դառնալ ժամանակակից գործարար համալիր։
Տրանսպորտ
խմբագրելՕդանավակայաններ
խմբագրելՔաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է Սարագոսայի օդանավակայանը (ZAZ): Այն բացվել է 1947 թվականի սեպտեմբերին։ 2012 թվականի դրությամբ օդանավակայանի ուղևորափոխադրումների հոսքը կազմել է 551 հազար մարդ։ Օդանավակայանը քաղաքի հետ կապում է ավտոբուսային կանոնավոր երթուղին։ Տաքսիով մինչև քաղաքի կենտրոն արժի շուրջ 20 եվրո։ Օդանավակայանը առաջարկում է նաև ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ։ 2008 թվականի մարտին Էքսպո-2008 ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ բացվեց օդանավակայանի նոր հանգույցը։ Ժամանակակից շինությունը կարող է տարեկան ընդունել մոտավորապես մեկ միլիոն ուղևոր։ Ներկա դրությամբ օդանավակայանում գործում են չորս ավիաընկերություններ (Ryanair, Air Europa, Air Nostrum и Wizz Air), որոնք իրականացնում են կանոնավոր երկկողմ չվերթներ դեպի Լոնդոն, Փարիզ, Բրյուսել, Միլան, Բուխարեստ, Կլուժ-Նապոկա, ինչպես նաև դեպի Մալյորկա, Տեներիֆե, Լանսարոտե և այլ ուղղություններով։ Նախատեսվում է չվերթներ իրականացնել նաև դեպի Պրահա, Տիմիշոարա և Մարաքեշ։
Բացի կոմերցիոն նպատակներով օգտագործելուց, օդանավակայանը հանդիսանում է Իսպանիայի ռազմաօդային ուժերի ռազմաբազա։ Օդանավակայանի թռիչքուղին օգտագործվում է տիեզերանավերի Տրանսատլանտյան վթարային վայրէջքի համար։
Երկաթուղի
խմբագրելՍարագոսան տեղակայված է Մադրիդն ու Բարսելոնան իրար կապող RENFE գերարագ երկաթուղային գծի վրա։ Մինչև Մադրիդ ճանապարհորդության տևողությունը կազմում է շուրջ 75 րոպե, իսկ մինչև Բարսելոնա՝ 90 րոպե։ Քաղաքի գլխավոր կայարանից (Intermodal Zaragoza Delicias Station), որը բացվել է 2007 թվականին, մեկնում են ինչպես միջքաղաքային հեռավորության գնացքներ, այնպես էլ քաղաքային Cercanías էլեկտրագնացքները։
Cercanías-ի առաջին գիծը բացվել է 2008 թվականի հունիսի 11-ին և Սարագոսան կապել է քաղաքամերձ Կասետասի, Ուտեբոյի, Դելիսիասի, Պորտիլոյի և Միրաֆլորեսի հետ։ Նախատեսվում է քաղաքային էլեկտրական գնացքների ցանցը ընդլայնել դեպի արևմուտք և արևելք ուղղություններով, ինչպես նաև կառուցել երկրորդ գիծը։
Ավտոմոբիլային ճանապարհների ցանց
խմբագրելԱվտոմոբիլային ճանապարհների ցանցը Սարագոսան կապում է Իսպանիայի խոշոր քաղաքների՝ Մադրիդի, Բարսելոնայի, Բիլբաոյի և Վալենսիայի հետ, որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է Սարագոսայից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա։ Սարագոսայով անցնում է Mudéjar (А-23) մայրուղին, որը Somport թունելով Իսպանիան կապում է Ֆրանսիայի հետ։
Տրանսպորտի շարժի օպտիմալացման համար քաղաքում կառուցվել է ավտոմոբիլային երկու մայրուղի՝
- Z-30 (կիսաշրջանաձև) -թեթևացնում է քաղաքի կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը,
- Z-40 - շրջանցիկ մայրուղի, որը կազմակերպում է տրանսպորտի տարանցիկ շարժը արևմուտքից հյուսիս և հակառակ ուղղությամբ։
Նախատեսվում է կառուցել նաև Z-50 մայրուղին, որը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ վերացնել քաղաքի խցանումները։ Շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։
Քաղաքային տրանսպորտ
խմբագրելՍարագոսայի քաղաքային տրանսպորտը ներկայացված է «Urban Transport Company of Zaragoza (TUZSA)» ավտոբուսային ընդարձակ ցանցով, որը կազմված է 31 կանոնավոր գծերով, այդ թվում՝ 2-ը շրջանաձև։ Ավտոբուսները սպասարկում են 30 մունիցիպալիտետներ, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնից մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա (Զուերա, Սան Մատեո դե Գալեգո, Օզերո, Մյուլ, Լա Մուելա և այլն)։ Կարմիր գույնով և գազարագույն գծերով ներկված քաղաքային ավտոբուսների համար «Interbús» հատուկ վճարային քարտեր։
Սարագոսայի տրամվայի առաջին գիծը շահագործման է հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին։ Այն անցնում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք՝ ներառելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը։ Տրամվայի գծի երկարությունը 12,8 կիլոմետր է։ Սպասվող տարեկան ուղևորահոսքը 35 միլիոն ուղևոր է։ Ներկայում ընթանում են երկու նոր գծերի կառուցման աշխատանքներ։
Սարագոսայում գոյություն ունի նաև «BiZi Zaragoza» քաղաքային հեծանիվների հասարակական ցանց։ Այն բացվել է 2008 թվականի հունիսին Էքսպո-2008 ցուցահանդեսի կապակցությամբ։ Սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունները գնեցին 350 հեծանիվ և կահավորեցին 29 կայանատեղի, որոնք հիմնականում տեղակայվեցին Էբրո գետի երկայնքով, ինչպես նաև կազմակերպեցին 88,4 կիլոմետրանոց հեծանվային արահետների ցանց։ 2008 թվականի նոյեմբերին «BiZi»-ն արդեն ուներ 12500 բաժանորդ։ 2009 թվականի սեպտեմբերին այն իրականացրեց առաջին նշանակալի ընդլայնումը՝ հեծանիվների թվաքանակը հասցնելով մինչև 1000-ի, իսկ կայարանների թիվը՝ 100-ի։ Այդ ժամանակ «BiZi»-ի բաժանորդների թվաքանակը հասավ 29000-ի և 9000 ամենօրյա օգտագործման ցուցանիշի։ Սարագոսայի քաղաքային իշխանությունները նախատեսել էին «BiZi» ցանցով ծածկել ամբողջ քաղաքը 2014 թվականին՝ կահավորելով 250 կայնատեղի և 2500 հեծանիվ։ Ծառայությունը աշխատում է տարվա ընթացքում 365 օր ժամը 06:00-ից մինչև 24:00-ն: Ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու վճարը կազմում է 25 եվրո։
Մշակույթ, հասարակություն
խմբագրելԿինո և թատրոն
խմբագրելՍարագոսայում գործում են մի քանի թատրոններ, որոնցից ամենահինը Գլխավոր թատրոնն է իսպ.՝ Teatro Principal (Zaragoza): Հարկ է նշել նաև «Teatro del Mercado»-ն, «Teatro de la Estación»-ը, «Teatro de las Esquinas»: «Teatro Arbolé»-ը ունի բացառապես մանկական ուղղվածություն։ «Teatro Fleta»-ն որոշ ժամանակով դադարեցրել է թատերական գործունեությունը, քանի որ հաստատության համար կառուցվում է նոր շենք։
Սարագոսան ունի նաև համերգասրահ («Auditorio de Zaragoza»), որտեղ առկա է ակուստիկ դահլիճ։ Այդ դահլիճում անցկացվում են «Enigma-Orquesta de Cámara» կամերային նվագախմբի համերգները։ Համերգասրահի տնօրինության հետ կնքված պայմանագրի համաձայն կամերային նվագախումբը համերգասրահում անցկացնում է իր սեփական համերգաշրջանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից երաժշտության վրա։ Նվագախումբը դպրոցների համար նաև կազմակերպում է կրթական համերգներ, ինչպես նաև աշխատում է «Auditorio de Zaragoza» երաժշտախմբի հետ համագործակցությամբ։
Քաղաքում տեղակայված է նաև Արագոնի դրամատիկական արվեստի կենտրոնը, ինչպես նաև մի շարք այլ թատերական հաստատություններ, ինչպիսիք են «Teatro de la Ribera»-ն, «Teatro Imaginario»-ն, «Caleidoscopio»-ն, «Muac»-ը, «Belladona»-ն, «Teatro del Temple»-ը, երկար պատմություն ունեցող մունիցիպալ թատերական դպրոցը։
Սարագոսան կինոարտադրության բնագավառում հանդիսանում է ռահվիրա։ Տեղացի Էդուարդո Խիմենո Կորեասը 1896 թվականին նկարահանել է իսպանական ամենաառաջին ֆիլմերից մեկը՝ «Salida de misa del Pilar»-ը։ Քաղաքում տարբեր ժամանակներում աշխատել է հայտնի ռեժիսորներ, դերասաններ, կինոքննադատներ, կինոսցենարիստներ։ Մասնավորապես, ռեժիսորներ Ֆլորյան Ռեյը, Խոսե Լուիս Բորաուն, Խոսե Մարիա Ֆորկեն, Ֆերնանդո Պալասիոսը, Անտոնիո Արտերոն, Սանտոս Ալկոսերը, Ալֆրեդո Կաստելոն, Խոսե Անտոնիո Մաենսան, Ռաուլ Արտիգոտը, Խոսե Անտոնիո Դուկեն, Խոսե Լուիս Գոնսալվոն, Ալբերտո Սանչեսը, ժամանակակիցներ Միգել Անխել Լամատան, Լուիս Ալեգրեն և ուրիշներ։ Սցենարիստներից հայտնի է Սանտյագո Ագիլար Օլիվերը։
Գրադարաննեեր
խմբագրելՍարագոսա քաղաքն ունի գրադարանային զարգացած ցանց, որը կազմված է համակարգող կենտրոնից և 24 մունիցիպալիտետային հասարակական գրադարաններից։ Քաղաքում նաև տեղակայված է Սարագոսայի մունիցիպալիտետային արխիվն ու Արագոնայի գրադարանը, որը գտնվում է Արագոնի կառավարության հովանավորության ներքո։ Հարուստ գրադարան ունի նաև Սարագոսայի համալսարանը։
Տոներ
խմբագրել- հունվարի 29 - Սարագոսայի հովանավոր Սուրբ Վալերի Սարագոսցու
- մարտի 5 - «La Cincomarzada»
Այս տոնը նշվում է Կառլիստական առաջին պատերազմի ընթացքում՝ 1838 թվականի մարտի 5-ին կառլիստների կողմից քաղաքը վերցնելու ժամանակ բնակչության դրսևորած խիզախության հիշատակի առթիվ
Այս տոնը հանդիսանում է ոչ միայն Սարագոսայի, այլ նաև ամբողջ Իսպանիայի համար։ Այդ շաբաթվա ընթացքում անցկացվում են ավելի քան հիսունհինգ տոնական երթեր, որոնք ուղեկցվում են քրիստոնեական աղոթքներով։ Տոնի խորհրդանիշեր են համարվում հսկայական թմբուկներին հարվածներ
- ապրիլի 23 - Սուրբ Գևորգի օր (San Jorge)
Սուրբ Գևորգը հանդիսանում է Արագոնի հովանավոր։ Նրա պատվին կազմակերպվող տոնը Սարագոսայի համար հանդիսանում է պաշտոնապես հաստատված հանգստյան օր և 1461 թվականից մինչ օրս նշվում է որպես Արագոնի օր
- հունիսի 24 - Սուրբ Հովհաննեսի (San Juan) օր
Քրիստոնեական այս տոնը ավանդաբար համընկնում է ամառային գիշերահավասարի օրվա հետ և նշվում է հունիսի 23-ի գիշերվանից մինչև հաջորդ օրը։ Այդ գիշեր Սարագոսայի համար դառնում է ամենագունեղը. շուրջբոլորը վառվող ջահերն ու կրակները խորհրդանշում են արևի ուժը։ Քաղաքի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Դելիսիասի զբոսայգում, հարյուրավոր մարդիկ մինչ առավոտ հսկայական կրակների շուրջ ուրախանում են։
- հոկտեմբերի 29 - Աստվածածին Պիլարի պատվին նվիրված փառատոնի օր (Fiestas del Pilar)
Համարվում է քաղաքի հովանավորուհին։ Առասպելի համաձայն Մարիամ Աստվածածինը հայտնվում է Հակոբոս առաքյալին, երբ վերջինը սկսում է մկրտել առաջին քրիստոնեաներին։ Աստվածածնի պատվին կառուցվել է Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար տաճարը, որը համարվում է նրան նվիրված ամենահին տաճարներից մեկը։ Այս տոնը կարող է շարունակվել մինչև 10 օր և յուրաքանչյուր տարի ներգրավում է մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր հիմնականում մասնակցում են տոնակատարության ամենագունեղ միջոցառումներին՝ Մարիամ Աստվածածնի ծաղիկների հանձնման արարողությանը, ինչպես նաև «Rosario de cristal» անվանումը կրող հանդիսավոր երթին, փողոցային նկարիչների ու երաժիշտների հսկայական մանիկենների երթին։
- Քաղաքի շրջանների տոներ
Ամբողջ տարվա ընթացքում՝ հատկապես գարնանն ու ամռանը, Սարագոսայի տարբեր շրջաններում տեղի են ունենում ոչ մեծ մասշտաբի, բայց ոչ պակաս գունեղ տոներ, որոնք ցանկացած նախասիրության հանդիսատեսի (հատկապես երիտասարդության) համար ստեղծում են ուրախանալու և զվարճանալու առիթ։ Կազմակերպվում են տեղական հայտնի երաժշտական խմբերի համերգներ ու դիսկոտեկներ։ Տոներիտեսակետից առավել հայտնի են «Delicias» և «San José» շրջանները։
Կրթություն
խմբագրելՍարագոսայի համալսարանը հանդիսանում է Իսպանիայի ամենահին համալսարաններից մեկը, ինչպես նաև ինքնավար համայնքի միակ պետական համալսարանը։ Այն հիմանդրվել է 1583 թվականին։ Համալսարանի 22 ֆակուլտետներում կրթություն են ստանում ավելի քան 40 հազար ուսանողներ։ Ներկա դրությամբ այն տեղակայված է մի քանի մասնաճյուղերում, որոնցից երկուսը գտնվում են քաղաքից դուրս։ Սարագոսայի համալսարանը հայտնի է իր գիտական գործունեությամբ և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերային հարաբերություններով։
«Universidad San Jorge» մասնավոր համալսարանը գտնվում է Սարագոսայից 13 կիլոմետր հեռու՝ Վիլյանուևա դե Գալեգոում։
Գրականություն
խմբագրելՍարագոսա քաղաքն ունի գրական հարուստ ավանդույթներ։ Այստեղ բնակվել է Ռամոն Սենդերը, Բալթազար Գրասիանը, Բրաուլիո Ֆոսը, Մարիա դե Զայասը, Խոսե Մոր դե Ֆուենտեսը, Մարիո դե Կավիան, Մարիանո Միգել դե Վալը, Մարիա Պիլար Սինուեսը, Խոսե Մարտին, Բարտոլոմե Լեոնարդո դե Արխենսոլան, Լուպերսիո դե Արխենսոլան, Միգել Լաբորդետան, Թոմաս Սերալ ի Կասասը, Ֆելիպե Ալաիսը, Լուիս Բունյուելը, Իլդեֆոնսո Մանուել Հիլը, Խուլիո Անտոնիո Գոմեսը, Խեսուս Մոնկադան, Էդուարդո դե Օրին, Խոսե Մարիա Մատեուն, Խուան Էդուարդո Կիրլոտը, Չուսե Իսուելը, Էդուարդո Վալդիվան և շատ ուրիշներ։
Ժամանակակից հեղինակներից առավել առանձնանում է Իգնասիո Մարտինես դե Պիսոնը, Սոլեդադ Պուրետոլասը, Մարիանո Գիստաինը, Խոսե Մարիա Կոնգետը, Անտոն Կաստրոն, Միգուել Մենուան, Կրիստինա Գրանդեն, Իսմայել Գրասան, Դանիել Գասկոն, Ռուդոլֆո Նուտիվոլը, Խոսե Անտոնիո Լաբրոդետան, Անխելա Լաբրոդետան,Վիտալ Սիտորեսը, Իգնասիո Գարսիա Վալինոն, Խավեր Դելգդոն, Սանտյագո Գասկոն, Ադոլֆո Այուսոն, Անա Ալկոլեան, Խավեր Բարեյրոն, Ռամոն Աին Ֆանլոն, Անխելես դե Իրիսարին, Մագդալենա Լասարան, Ֆելիկս Ռոմեոն, Խուլիո Խոսե Վալեսը, Անա Մարիա Նվալեսը, Դավիդ Մայորը, Իգնասիո Էսկուինը, Պակո Ռուբիո Սեսեն։
Դրամատուրգներից հայտնի են Ալֆոնսո Պոլուն, Մարիան Անոսը և Ռաֆայել Կամպոսը։
Մանկական գրականության ասպարեզում հեղինակություն են ձեռք բերել Դանիել Նեսկենեսը, Ֆերննդո Լալանան, Ֆրանսիս Մելենդեսը և ուրիշներ։
Սարագոսայի խոշորգույն հրատարակչություններն են «Olifante Ediciones de Poesía», «Xordica», «PRAMES», «Logi», «Zona de Obras», «Egido», «Gara d’Edizions», «Onagro», «Libros del innombrable», «Eclipsados», «Mira»:
Քաղաքը շրջանառվում է «Ձեռագիր, որը գտնվել է Սարագոսայում» վեպում և համանուն ֆիլմում։
Արվեստ
խմբագրելՍարագոսայի ամենահայտնի բնակիչ է համարվում գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան (չնայած իրականում նա ծնվել է Սարագոսայից 44 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆուենդետոդոս բնակավայրում)։ Քաղաքի բնակիչները նաև պատվում են 15-րդ դարի վարպետ Բլասկո դե Գրանենին։
16-րդ դարում վերածննդի դարաշրջանի գեղարվեստական ոճը Սարագոսայում ներկայացրել են այնպիսի վարպետներ, ինչպիսին է Խերոնիմո Կոսիդան, Պեդրո Մորոնեն, Ռոլան դե Մուան և Ֆրանցիսկո Լուպիչինին։
Բարրոկոյի գեղանկարչության զարգացմանը նպաստել է Խերոնիմո դե Մորան, Միգել Խերոնիմո Լորերին, Պաբլո Ռաբիելը, Խուան Օրկոյենան, Ֆրանցիսկո դել Պլանոն, Ռաֆայել Պերտուսան, Վիսենտե Բերդուսան և Խուսեպե Մարտինեսը։
18-րդ դարի գեղանկարչությունը ներկայացված է Ֆրանցիսկո Գոյայի առաջին ուսուցիչ Խոսե Լուզանայի և նրա աշակերտ ու Գոյայի աներձագ Ֆրանցիսկո Բաեույի աշխատանքներով։
Սարագոսայում 19-րդ դարի հայտնի գեղանկարիչներից է Բերնարդինո Մոնտանեսը, Մարսելինո դե Ունկետան, Մարիանո Վարբազան, ինչպես նաև Ֆրանցիսկո Պրադիլյան, ով ծնվել է Սարագոսայից 7 միլ հեռավորության վրա գտնվող Վիլյանուեվա դե Գալեգո բնակավայրում։
20-րդ դարում իրենց ստեղծագործություններով աչքի ընկած արվեստագետներից է Մանուել Վիոլան, Սանտյագո Լագունասան, Խոսե Մանուել Բրոտո Խիմենոն, Ֆրանցիսկո Մարինա Բագուեսան և Ֆերմինա Ագուայոն։
Մեր օրերում լուրջ ստեղծագործական ունակություններ են ցուցաբերում Պեպե Սերդան, Վիսենտե Պասկուալ Ռոդրիգոն, Ֆերնանդո Սինագան, Լինա Վիլան, Դինո Վալսը և ուրիշներ։
Սարագոսան հայտնի է նաև իր քանդակագործներով, որոնցից է Իգլեսիա դե Սանտա Էնգրացիա տաճարի ճակատամասի կառուցող Խիլ Մորլանեսը, Խերոնիմո Սեկանոն, Ֆելիկս Բուրիելը, Կառլոս Պալաոն։
Լուսանկարչության ասպարեզում աչքի է ընկել Խոսե Ռամոն Սապետտին, ով 1837 թվականին (Լուի Դագերի կողմից այտ հայտնագործության պաշտոնապես գրանցելուց երկու տարի առաջ) պղնձե թիթեղների վրա ստացել է լուսանկարներ։ 1856-ից 1874 թվականներին նա աշխատեցրել է իր լուսանկարչական սեփական գրասենյակը, որը հետագայում տվել է իր որդուն՝ Անսելիո Մարիա Կոյնին։ Ավելի ուշ նրա որդին՝ Իգնասիո Կոյն Լապատերը, ընդարձակեց բիզնեսն ու հիմնեց «Կոյն կինո» կինոստուդիան։
Երաժշտություն
խմբագրելՍարագոսան համարվում է «արագոնյան նոր երաժշտության» (իսպ.՝ nueva canción Aragonesa) օրրան։ Այն իրենից ներկայացնում է երաժշտական հոսանք, որը առաջատարներից են դարձել Խոսե Անտոնիո Լաբորդետան, Խոակին Կարբոնելան և «La Bullonera» անսամբլը, ինչպես նաև ժամանակակից կատարողներ Անխել Պետիզմեն և Կարմեն Պարիսը։
Սարագոսան համարվում է նաևHéroes del Silencio ռոք խմբի հայրենիքը։ Այն ստեղծվել է 1980-ական թվականներին։ Քաղաքում ժամանակակից ինդի երաժշտություն են նվագում «El niño gusano», «Tachenk», «La Costa Brava» և «Da» խմբերը։ Ռեփ և հիփ հոփ երաժշտական ուղղությունների առաջատարն է «Violadores del verso» խումբը։ Պանկ ռոքում ակտիվ է Մոնոլ Կաբեսբոլոն, իսկ բլյուզում Անա Միդոնը։
Քաղաքում թողարկվում են նաև երաժշտական պարբերականներ, որոնցից է իսպանալեզու «Zona de obras»-ը։ Այն հիմնական շեշտը դնում է լատինաամերիկյան երաժշտության և մշակույթի վրա։
Սպորտ
խմբագրելՔաղաքի Ռեալ Սարագոսա ֆուտբոլային ակումբը մասնակցում է Իսպանիայի ֆուտբոլի առաջնությանըերկրորդ դիվիզիոնում և հանդիսանում է Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի վեցակի գավաթակիր։ Ֆուտբոլային ակումբի ժամանակակից պատմության մեջ ամենափառավոր իրադարձություններից մեկն այն է, որ ՈւԵՖԱ-յի գավաթակիրների գավաթի 1994-1995 մրցաշրջանի հաղթող։ Ռեալ Սարագոսա ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է հանդիսանում Ռոմարեդան։ Քաղաքում տեղակայված է նաև «Club Deportivo Transportes Alcaine» կանանց ֆուտբոլային ակումբը։
Սարագոսայի «Club Deportivo Básico Balonmano Aragón» հանդբոլի ակումբը խաղում է իսպանիայի Liga ASOBAL հանդբոլի առաջնության բարձրագույն խմբում։
Սարագոսա բասկետբոլային ակումբը ներկա դրությամբ նույնպես մասնակցում է Իսպանիայի բասկետբոլի առաջնության բարձրագույն խմբում (ACB):
2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համար Սարագոսան Խակայի հետ համատեղ հայտ էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին, սակայն վերջնահաշվարկում մերժում ստացել։
Թանգարաններ
խմբագրելՍարագոսա քաղաքն ունի բազմաթիվ թանգարաններ, որոնք նվիրված են պատմությանը, մշակույթին, քաղաքին, տարբեր հավաքածուների և այլն։ Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի թանգարանների ցանկը.
- Պատմության կենտրոն (իսպ.՝ Centro de Historias),
- Սարագոսայի թեմական թանգարան (Museo Diocesano de Zaragoza),
- Պաբլո Գարգալոյի թանգարան (իսպ.՝ Museo Pablo Gargallo),
- Պիլարի թանգարան (իսպ.՝ Museo Pilarista),
- Լա Սեո պատկերանկար գորգերի թանգարան (իսպ.՝ Museo de Tapices de La Seo), այստեղ պահպանվում և ցուցադրվում է 15-ից 18-րդ դարերի պատկերանկար գորգերի մեծ հավաքածուն, որը համարվում է Եվրոպայում լավագույններից,
- Սարագոսայի թանգարան (իսպ.՝ Museo de Zaragoza),
- Պաբլո Սերանոյի թանգարան (իսպ.՝ Museo Pablo Serrano), այստեղ պահպանվում են քանդակագործ Պաբլո Սերանոյի քանդակները, նա հանդիսացել է «Grupo El Paso»-ի հիմնադիր և արքայազն Աուստրիացու 1982 թվականի արվեստի մրցանակակիր,
- Կամոն Ասնարի թանգարան (իսպ.՝ Museo Camón Aznar),
- Սարագոսայի պալեոնտոլոգիական թանգարան (իսպ.՝ Museo Paleontológico), տեղակայված է համալսարանի տարածքում,
- Սարագոսայի ազգագրական թանգարան,
- Սարագոսայի խեցեգործության թանգարան
- «Torre Nueva» թանգարան, նվիրված է 19-րդ դարում ավերված Արագոնյան պալատին,
- Կրակի և հուրի թանգարան (Museo del Fuego y los Bomberos),
- «Museo de La Zaragozana» թանգարան, տեղակայված է հին գինեգործարանի շենքում,
- Քաղաքների կայուն զարգացման հետազոտությունների կենտրոն, գտնվում է Վալդեսպարտերի մոտակայքում,
- Ռազմական ուսումնարանի թանգարան։
- Հռոմեական ժամանակաշրջանին նվիրված թանգարաններ
- Սարագոսայի «Հռոմեական թատրոն» (իսպ.՝ Museo del teatro romano),
- Սարագոսայի «ֆորում» (իսպ.՝ Museo del Foro),
- Սարագոսայի «Բաղնիքներ» (իսպ.՝ Museo de las Termas),
- Սարագոսայի «Գետային նավահանգիստ» (իսպ.՝ Museo del Puerto fluvial),
- Սարագոսայի «Գետային լողավազան» (իսպ.՝ Acuario Fluvial de Zaragoza), կառուցվել է Էքսպո-2008 ցուցահանդեսի կապակցությամբ, հավանաբար հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ քաղցր ջրով լցված լողավազանը։
Տեսարժան վայրեր
խմբագրելՍարագոսայի դիմագիծը ձևավորվել է բազում դարերի ընթացքում։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ չնայած այն հանգամանքին, որ 19-րդ դարում այն լրջորեն վնասվել է Նապոլեոնյան պատերազմների ընթացքում։ Պատմության և մշակույթի հուշարձանների մեծ մասը գտնվում են Հին քաղաքում։ Սարագոսայի հռոմեական ժամանակաշրջանի մասին հիշեցնում են պահպանված պաշտպանական ամրությունների մի մասը, հռոմեական թատրոնը, հռոմեական ֆորումը, գետային անտիկ նավամատույցը և հասարակական բաղնիքները։ Էբրո գետի վրա կառուցված Քարե կամուրջը ունի բազմադարյա պատմություն։ Արդեն հռոմեական ժամանակներում Քարե կամրջի տեղում կառուցված էր փայտյա կամուրջ։ Մինչև մեր օրեր պահպանված կամուրջը թվագրվում է 15-րդ դարի առաջին կեսով։ Այն նաև անվանում են Առյուծի կամուրջ, քանի որ երկու կողմում սյուների վրա տեղադրված են քաղաքի խորհրդանիշ համարվող չորս առյուծներ։
Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկը.
- Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար տաճար - հանդիսանում է Իսպանիայում բարոկկո ոճով կառուցված ամենամեծ եկեղեցին ու Սարագոսայի խորհրդանիշներից մեկը։ Սկզբնապես տաճարի տեղում քաղաքի առաջին քրիստոնեաների կողմից կառուցվել է մատուռ։ Լեգենդի համաձայն 40 թվականին Մարիամ Աստվածածինը հայտնվել է Հակոբոս առաքյալին մոտավորապես Պիլարի սյուների մոտ։ Բազիլիկան համարվում է Իսպանիայում գտնվող և Տիրամորը նվիրված ամենահարգի եկեղեցին, իսկ Կույս Պիլարը՝ Սարագոսայի հովանավոր։ Տաճարի ներսում առկա են Գոյայի ու Բաեույի հեղինակած որմնանկարներ։ Հռչակավոր է նաև 16-րդ դարում Դամիենա Ֆորմենտի կառուցած խորանը։ Տաճարից ոչ հեռու տեղակայված է Լա Լոնխայի բորսայի, եպիսկոպոսի նստավայրի շենքերը։
- Լա Սեո տաճար - տաճարը կառուցվել է 12-րդ դարում և վերակառուցվել վերջերս։ ռոմանական եկեղեցուց պահպանվել է աբսիդը։ Տաճարի ճարտարապետությունն իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն։ կապելլաներից մեկը կառուցված է մուդեխար ոճով, մյուսները՝ վերածննդի ոոճով։ Աշտարակը կառուցված է իսպանական բարոկկո ոճով։ Տաճարի արտաքին տեսքում առկա են գոթիկա ոճի տարրեր և ֆլամանդական գոբելեններ։ Լա Սեո տաճարը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
- Ալխաֆերիա - մավրիտանական ոճի դղյակ, որը կառուցվել է 11-րդ դարում Սարագոսայի տայֆայի խալիֆի Ալ Մուկտադիրի կողմից։ Դղյակն օգտագործել են նաև Արագոնի քրիստոնյա կառավարիչները, մասնավորապես՝ Պեդրո IV-ն և Ֆերդինանդ Արագոնացին։ 19-րդ դարում Նապոլեոնյան պատերազմների հետևանքով Ալխաֆերիան լրջորեն վնասվել է։ Հետագայում այն օգտագործվել է որպես ինկվիզիցիայի շտաբակայան։ Ներկայում այստեղ տեղակայված է Արագոնի ինքնավար համայնքի խորհրդարանը։ Դղյակի հնագույն հատվածը՝ Տրուբադուրի աշտարակը շրջանառվում է Վերդիի «Տրուբադուր» օպերայում։
Շնորհիվ այն հանգամանքի, որ Սարագոսայի իսլամադավան բնակչությունն իր գործունեությունում այնքան ճնշված չէր, որքան Իսպանիայի այլ քաղաքներում, նրանց արվեստը իր հետքն է թողել քաղաքի կերպարի ստեղծման գործում։ Առաջին հերթին Սարագոսայի ճարտարապետության մեջ նկատելի է մուդեխար սինթետիկ ոճը, որում սերտորեն միաձուլվել են մավրիտանական, գոթական և ավելի ուշ վերածննդի արվեստի տարրեր։ Մուդեխար ոճով կառուցվում էին ինչպես բնակելի տներ, այնպես էլ հասարակական շինություններ, այդ թվում՝ բազմաթիվ եկեղեցիներ (Սան Պաբլո եկեղեց, Սան Ժիլ, Սան Միգել եկեղեցի, Մագդալենայի եկեղեցի), Լա Սուդա ամրոց աշտարակը։ Մուխեդար ոճով կառուցված մի շարք շինություններ ներառված են ՅՈւՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
«Ջրային սյուն» անունը ստացած շենքը
-
Սարագոսայի Իսպանիա հրապարակը
-
Սարագոսայի հետիոտնային փողոցը
-
Հռոմեական պարիսպներ
-
Էբրո գետի ափին կառուցված Քարե կամրջի սկզբնամասում տեղադրված առյուծի քանդակները
-
Սուրբ Մարիամ Մագդալենացու եկեղեցի
-
Ալխաֆերիա դղյակ
-
Մուդեխար ոճով կառուցված Սան Պաբլո եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
- ↑ (իսպ.) Instituto Nacional de Estadística. (National Statistics Institute), Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero.
- ↑ Concilium Caesaragustanum.
- ↑ Сарагоса՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Жозе Палафокс-и-Мельци.
- ↑ Шарль Лефевр-Денует
- ↑ Международная военно-историческая ассоциация. Осада и сражения при Сарагосе.
- ↑ Доля иностранных граждан, данные Instituto Nacional de Estadística.(անգլ.)
- ↑ Anuario | CaixaBank Research Արխիվացված 2016-04-25 Wayback Machine
- ↑ «Завод в Сарагосе. Цифры и факты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Սարագոսա քաղաքի պաշտոնական կայք:(իսպ.)(անգլ.)(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարագոսա» հոդվածին։ |