Բացել գլխավոր ցանկը

Ծաղկազարդ

Հիսուսի մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող Բնապաշտական տոն։

Ծաղկազարդ
Icon 03027 Vhod Gospoden v Ierusalim.jpg
Տեսակպետական տոն և Քրիստոնեական տոն
ԵնթադասԱվագ շաբաթ և Passiontide?[1]
ԱմսաթիվEaster − 7 days?
Ի հիշատակTriumphal entry into Jerusalem?
Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, 14-րդ դարի ավետարան

Բովանդակություն

Տոնի արմատներն ու խորհուրդըԽմբագրել

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն[2]:

 
Ծաղկազարդին բաժանվող ուռենու ճյուղեր

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հիմնական ծիսական կաճառը «Կաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած Մեհյանն է Խոսրովի արգելոցում, որը այժմ զավթված է քրիստոնեա կղերականների կողմից և վերաօծվել է "պղծվել է դարցվելով" որպես քրիստոնեական եկեղեցի։

ԱվանդույթներԽմբագրել

Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։

 
Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը

Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ու ճեռերի ձայնը։

Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Հաճախ Ծաղկազարդի օրը՝ Մեծ պասի ընթացքում առաջին անգամ տեղի էր ունենում հանպատրաստի նշանադրություն։ Փեսացուի մայրը, նախապես համաձայնեցրած լինելով հարսնացուի մոր հետ, վերցնում էր ուռենու ճյուղի վրա տեղադրված մոմերից մեկը, վառում այն, վրան հագցնում նշանդրեքի մատանին և հանձնում հարսնացուին։ Հարսնացուն ընդունում էր մատանին և համարվում էր նշանված։

Ժամասացության ավարտից հետո ժամավորները ջանում էին հնարավորինս շատ օրհնված ուռենու ճյուղեր տուն տանել, քանի որ ճյուղերին վերագրվում էր չարխափան և առատացնող զորություն, և դրանք օգտագործում էին տարբեր առիթներով՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը։ Ճյուղերը նաև գցում էին կարասներն ու ամբարները, թեթևակի հարվածում դրանցով անասուններին։ Ճյուղերից մեկն օգտագործում էին խնոցու համար՝ ստուգելու կարագի պնդությունը։ Ճյուղերից հյուսում էին պսակներ և դրանց միջով անցկացնում հավերին, որպեսզի դրանք գեր լինեին։ Երբեմն կանայք վառված մոմերը դուրս էին բերում եկեղեցուց և տանում գերեզմանատուն՝ տեղադրելով դրանք հանգուցյալների շիրիմներին[2]:

Ծաղկազարդի օրը մարդիկ անցնում էին գարնանային հագուստի։

Ավանդույթներն ըստ տարածաշրջաններիԽմբագրել

ՔեսաբԽմբագրել

Քեսաբում կիրակի առավոտյան լաթի կտորի վրա յոթ շար շուլալ կար էին անում, յոթը թելը ծալում և յոթ անգամ կապ գցում և լաթը նետում պարտեզը։ Լվացվում էին գիշերը յոթ ծաղիկների զորությունը քաշած ջրով[2]:

ՋավախքԽմբագրել

Ուռենու ճյուղերով կենդանիներին թեթևակի հարվածելու սովորույթը տարածված էր նաև Ջավախքում։ Մարդկանց կամ կենդանիներին խփելիս սովորաբար ասում էին «քամու տեղ, սրտի դեղ»՝ հուսալով, որ հիվանդությունները կանցնեն[2]:

Նոր ԲայազետԽմբագրել

Նոր Բայազետում օրհնած ճյուղերն ամրացնում էին խնոցու պարանի վրա, որպեսզի «կաթը յուղոտ լինի, ձձումին աչք չկպչի»[2]:

ՇարուրԽմբագրել

 
Ուռենու ճյուղեր

Շարուրում այն երիտասարդները, ովքեր այդ տարի պիտի ամուսնանային, ճյուղեր էին վերցնում դրսում շրջող անցորդներից և տանում տուն։

Աղջիկները գունավոր կտորներով զարդարում էին ծառերը՝ հույսով, որ իրենց երազանքները կիրականանան[2]:

ՎասպուրականԽմբագրել

Վասպուրականում հավատում էին, որ եթե ուռենիների օրհնած ճյուղերը տնկեին, կարող էին հետո դրանք կրկին կտրել և դրանցով հրաշքներ գործել։ Ճյուղերից մի քանիսը օգտագործել են նաև Զատիկին՝ զատկական օջախի կրակը վառելու համար[2]:

ԴորթյոլԽմբագրել

Դորթյոլի բարբառով Ծաղկազարդն անվանում էին զանախտար կամ ճանախտար։ Քանի որ Դորթյոլում արմավենիներ գրեթե չկային, բնակիչները տոնին ընդառաջ ուղևորվում էին այլ բնակավայրեր՝ արմավենու ճյուղեր բերելու։

Մայրերը եկեղեցի էին մտնում հասարան ճյուղերով, իսկ նորահարսները մրգեր, քաղցրեղեն ու վարդեր էին ամրացնում ճյուղերից հյուսված պսակներին, դնում դրանք գլխին, կախում վզին, պահում ձեռքին կամ դնում զամբյուղի մեջ։ Նորահարսները Ծաղկազարդը դիմավորում էին ծոմապահությամբ։

Դորթյոլում տոնի կապակցությամբ եկեղեցու սեղանը զարդարում էին Ամանոս լեռան անտառներից բերված մանուշակներով[3]:

ՅոզղատԽմբագրել

Յոզղատի բարբառով Ծաղկազարդը կոչվում էր տէժկինէկ։ Այդ նույն բառը նշանակում էր նաև ուռենիի թարմ ճյուղից պատրաստված գավազան։

Ծաղկազարդի օրը երիտասարդները մոտ մեկ մետր երկարությամբ ուռենիի ճյուղ էին կտրում և կեղևահան անում։ Կեղևահանված ճյուղը սպիտակ էր։ Հանված կեղևը մեկ մատնաչափ լայնքով փաթաթում էին նույն ճյուղին այնպես, որ այն սպիտակ տեղեր ունենար։ Այդպես ճյուղը պահում էին ծխի վրա, այնուհետև կեղևը հանում։ Արդյունքում ստացվում էր զոլավոր սև-սպիտակ գավազան։

Այնուհետև այդ գավազանով շրջում էին տնետուն՝ կրկնելով. «Մամու-մամու (մեծ մայր), հաւուդ ոռը կուտուզիկ (ածան), ինծի հաւկիթ մը տուր»։

Այս արարողությունն արդեն նախապատրաստում էր յոզղաթցիներին բուն Զատիկին[4]:

ԶեյթունԽմբագրել

Զեյթունցիները Ծաղկազարդն անվանում էին պըատղինե կամ ձիթապտղենի։

Հինգշաբթի օրը բոլոր տներում պատրաստում էին սոխով-սխտորով կծու և թթու կերակուրներ ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների։ Ուրբաթ խավարման և լացի գիշերն էր, ուստի հավատացյալները հավաքվում էին եկեղեցու մեջ և լսում աստվածաշրչյան ընթերցումներ։

Նրանցից յուրաքանչյուրը Ավետարանի հանգույցները յոթ կապով կապում էր ձեռքին։ Վերջին յոթերորդ հանգույցը կապում էին դաստակին՝ հավատալով, որ այն կրողը պաշտպանված է դողացավից, կարիճի ու օձի խայթոցից։

Հաջորդ օրը կանայք ձու էին ներկում։ Ձուն խաշում էին տորոնի արմատներով, որպեսզի կարմիր գույնի հավկիթ ստանային։ Դեղին գույնի համար օգտագործում էին տըզտըպաղուկ կոչվող բույսը, շագանակագույնը՝ սոխի կեղևից։

Ոմանք վերջին երեք օրը ծոմ էին պահում և հաղորդություն ստանալուց հետո կարմիր հավկիթով փակում պահքը[5]։

ՄարաշԽմբագրել

Մարաշցիները Ծաղկազարդը կոչում էին ճորճարդոր։

Մարաշում տոնին առնչվող ավանդական որոշ սովորույթներ պահպանվել են մինչև 19-րդ դարի վերջերը։ Դրանք ներառել են ուխտագնացությունը, պարտեզագնացությունը, հանրային տոնախմբությունները, որոնք աստիճանաբար դուրս են մղվել կենցաղից։

Տոնի առթիվ ընդուված է եղել հարսնացուին նվերներ ուղարկել փեսայի ընտանիքից[6]:

ՏիկնիկԽմբագրել

Ծաղկազանդին պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Դրանք տարբեր ազգագավառներում ունեցել են տարբեր անվանումներ՝ Նուրի, Թերափ, Խուճուրուրուկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ և այլն։

Նուրին հայտնվում էր Ծաղկազարդի տոնին և երաշտի ժամանակ։ Նուրիի աչքերից էին ծնվում շաղը, ցողն ու անձրևի կաթիլները։ Երբ մարդ ու անասունը տառապում էին ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր և նրա արցունքներով թրջված հողը վերակենդանանում էր, կրկին բերք տալիս։

Նուրի տիկնիկը պատրաստվում էր ցախավելից կամ փայտից։ Դեմքը պատրաստում էին սպիտակ լաթից, գոտին՝ գունավոր կտորից, լաչակը՝ փայլփլուն ուլունքներից, իսկ գլխին ամրացնում էր ծաղկեպսակ[2]:

Երբ Նուրի տիկնիկին պտտեցնում էին հրապարակներով ու թաղերով, մարդիկ լուսամուտներից ու դռներից կուժերով ջուր էի շաղ տալիս թափորի վրա, իսկ թափորի մասնակիցներին նվերներ ընծայում։ Հավաքված բարիքով երիտասարդները կամ խնջույք էին կազմակերպում, կամ էլ պատվիրում էին դարբնին մի մետաղյա տիկնիկ պատրաստել, որը թողնում էին գյուղի սրբավայրում։

Նուրի տիկնիկի ծեսը տոնի ամենակարևոր բաղադրիչներից էր։

ԽաղերԽմբագրել

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Բալուում տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ[2]:

ՊարերԽմբագրել

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ[7]:

ՈւտեստներԽմբագրել

 
Զատիկի ներկած ձվեր

Ծաղկազարդի հիմնական ուտեստները եղել են կարմիր ներկած ձուն, ձուկը, փլավը, ձվով տապակած բանջարեղենը, վերջում՝ թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը։

Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։ Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։

Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին կաճառներ ու մեհյաններ և իբրև նվիրատվություն բաժանում ժողովրդին։

Այլ տարածված ուտեստներից են եղել քացախով համեմված ոսպապուրը, օձի թթուն, սամիրը (կաթով եփված կոտոտաճաշ), աղամաղը (սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար): Երեք օր առաջ այն խաշում էին, մանրացնում, սոխ կտրատում, համեմում աղով ու պղպեղով:

Ծաղկազարդին պատրաստել են հատիկ կոչվող աղանդերը։ Այն պատրաստվում էր ցորենից, սիսեռից, չամիչից և շաքարահատիկներից։ Հատիկ տանում էին հյուր գնալիս կամ որպես ընծա տալիս թաղից թաղ շրջող և Ծաղկազարդի երգեր երգող երեխաների խմբերին։ Այդ պատճառով հատիկը պատրաստվում էր մեծ քանակությամբ[7]:

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. (unspecified title) / United Evangelical Lutheran Church of Germany — 2000. — P. 306.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», էջ 122-134
  3. Տէօրթեօլ - Տօներ
  4. Եոզկատ - Տօներ
  5. Զէյթուն - Տօներ
  6. Մարաշի սանճաք - Տօներ
  7. 7,0 7,1 Արտակ արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»