Գևորգ Ջահուկյան
Գևորգ Բեգլարի Ջահուկյան (ապրիլի 1, 1920, Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - հունիսի 6, 2005, Երևան, Հայաստան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968 թվականից)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Գևորգ Ջահուկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1920 Մեծավան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Մահացել է | հունիսի 6, 2005 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958) և ակադեմիկոս (1974) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Արմեն Սարգսյան |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
- 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում,
- 1948-1957 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թվականներին՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ,
- 1962 թվականից Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս։
1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թվականից մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։
1947 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1955 թվականին՝ դոկտորական ատենախոսություններ։ 1958 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1968 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս։
Գևորգ Ջահուկյանը գիտության վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։
Հետազոտություններ խմբագրել
Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։
Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաջնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։
Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։
Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։
Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։
Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։
Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին[3]։
Երկեր խմբագրել
- Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
- Խաչատուր Աբովյանը որպես լեզվաբան քերականագետ, Երևան, 1954։
- Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
- Լեզվաբանության պատմություն, հատոր 1-2, Երևան, 1960-62։
- Ուրարտերենը և հնդեվրոպական լեզուները, Երևան, 1963։
- Հայասայի լեզուն և նրա առնչությունները հնդեվրոպական լեզուների հետ, Երևան, 1964։
- Հայոց լեզվի զարգացման փուլերը, Երևան, 1964։
- Հնդեվրոպական, խուռա-ուրարտական և կովկասյան լեզուների փոխհարաբերությունը, Երևան, 1967։
- Ակնարկներ հայերենի նախագրային շրջանի պատմության, Երևան, 1967 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի զարգացումն և կառուցվածքը, Երևան, 1969։
- Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Երևան, 1970։
- Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։
- Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։
- Գրաբարի քերականության պատմություն (XVII-XIX դդ.), Երևան, 1974։
- Հայոց լեզու։ Ընդհանուր գիտելիքներ։ Ոճաբանություն (հեղինակակից, Երևան, 1976)։
- Общее и армянское языкознание, Е., 1978.
- Հայերենի համեմատական քերականություն, Երևան, 1982 (ռուսերեն)։
- Հայոց լեզվի պատմություն. նախագրայաին շրջան, Երևան, 1987։
- Ժամանակակից հայերենի իմաստաբանություն և բառակազմություն, Երևան, 1989։
- Զրույցներ հայոց լեզվի մասին, Երևան, 1992
- Լեզվի համընդհանուր տեսություն (ռուսերեն, Մոսկվա, 1999, անգլերեն, 2003)։
- Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010[4]։
Մամուլ խմբագրել
- Հոդվածների մատենագիտություն[5]։
Աղբյուրներ խմբագրել
- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք I, էջ 301։
- Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1987, էջ 530-531։
- ՀՀ ԳԱԱ Նախագահություն, Կրթության և գիտության նախարարություն, Երևանի Պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտ «Գևորգ Ջահուկյան», պատմաբանասիրական հանդես № 4, 2005, էջ 352-354։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-29
- ↑ Գևորգ Ջահուկյանի մասին anunner.com կայքում
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գևորգ Ջահուկյան»։ Վերցված է 2023-06-29
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08
Արտաքին հղումներ խմբագրել
- Գևորգ Ջահուկյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում Archived 2020-06-30 at the Wayback Machine.