Պետրոս Հովհաննիսյան

հայ պատմաբան

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյան (հուլիսի 22, 1944(1944-07-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 22, 2016(2016-02-22)[1], Երևան, Հայաստան[2]), հայ պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1944(1944-07-22)
ԾննդավայրԼենինական, այժմ՝ Գյումրի
Մահացել էփետրվարի 22, 2016(2016-02-22)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԵրկերՀայ ազատագրական շարժումները (XV դարի կես - XVIII դարի վերջ), Դասախոսություններ, Երևան, 2010, 116 էջ։
Մասնագիտությունպատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
ԱշխատանքԵրևանի պետական համալսարան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրոց, Էջմիածնի Գևորգյան ճեմարան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թվականի հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում՝ Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ փրկված երզնկացի Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Լենինականի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1962 թվականին Պ. Հովհաննիսյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ՝ ընտրելով հայոց պատմության ուսումնասիրության բնագավառը։ Ուսումնառության շրջանում զորակոչվել է խորհրդային բանակ։ 1963-1966 թվականներին շուրջ 3 տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո շարունակել է ուսումը ու 1970 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով և 1976 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը՝ պրոֆեսոր Սերոբ Պողոսյանի ղեկավարությամբ։ Այնուհետև աշխատել է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ, պրոֆեսոր։ 2013 թվականից մինչև իր անժամանակ մահը՝ 2016 թվականի փետրվարի 22-ը ղեկավարել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։

Պետրոս Հովհաննիսյանը պատմության ֆակուլտետի ուսանողներին դասավանդել է ինչպես Հայոց պատմության ընդհանուր դասընթաց, այնպես էլ «Հայոց պատմության աղբյուրագիտություն» և մի շարք մասնագիտական դասընթացներ՝ նվիրված XVI-XVIII դարերի հայ ազատագրական շարժումների ու Հայ Սփյուռքի պատմության հիմնահարցերին։ Նա միաժամանակ «Հայոց պատմության հիմնահարցեր» և «Հայ գաղթավայրերի պատմություն» առարկաներն է դասավանդել ԵՊՀ Աստվածաբանության և Արևելագիտության ֆակուլտետներում։ Նրա դասախոսություններին բնորոշ են նյութի մատուցման բարձր գիտական մակարդակը և մատչելիությունը։ Նա 1992-1994 թվականներին դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995 թվականից մինչև 2013 թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999 թվականից մինչև իր մահը՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (համալսարան), որտեղ կատարած իր գիտամանկավարժական գործունեության համար 2004 թվականին արժանացել է Հայոց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ Պետրոս Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է եկել հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ է կարդացել տարբեր կազմակերպություններում։

Պետրոս Հովհաննիսյանն իր դասախոսական գործունեությունը զուգակցել է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ Նրա ջանքերի ու աշխատասիրության արդյունքում հրատարակվել են 300-ից ավելի ուսումնասիրություններ, այդ թվում մի քանի տասնյակ մենագրություններ, բազմաթիվ հոդվածներ ու գրախոսություններ։ Պ. Հովհաննիսյանը հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ, որոնք բոլորն էլ արժանացել են մասնագետների ոչ միայն ուշադրությանը, այլև դրվատանքին և բարձր գնահատականին։ Հայագիտության մեջ կարևոր ներդրում են Հայկական հարցի և հայոց ցեղասպանության մատենագիտությանն ու պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Աշոտ Հովհաննիսյանի, Հակոբ Մանանդյանի, Ավետիս Պերպերյանի և այլոց պատմագիտական ժառանգությանը նվիրված Պ. Հովհաննիսյանի աշխատությունները։ Նրա գործուն մասնակցությամբ են ստեղծվել հայ իրականության մեջ առաջին անգամ ընթերցողին ներկայացված «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը, որի գլխավոր խմբագիրն ու հեղինակներից մեկն էր հանդիսանում։
Մինչև իր մահը Պ. Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում եղել է հայագիտության նշանավոր դեմքերից Նիկողայոս Ադոնցի պատմական ժառանգության ուսումնասիրությունը, որին էլ նա նվիրել է տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ, հրատարակել ականավոր պատմաբանի «Երկերի» վեց մեծածավալ հատորները։
Ընթերցող հասարակության մեծ մասին հայտնի են Պ. Հովհաննիսյանի հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին Հայկական սովետական և Հայկական համառոտ հանրագիտարանների և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի էջերում հրատարակված բազմաթիվ հոդվածները։ Նա մի շարք գիտական խորհուրդների անդամ էր և գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում։

Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թվականին Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը[3]։


Գրքերի մատենագիտություն խմբագրել

  • Հայ ժողովրդի պատմության թեկնածուական մինիմումի քննության համար հանձնարարվող գրականություն, Երևան, 1978, 22 էջ։
  • Հակոբ Մանանդյան (Կենսամատենագիտություն), Երևան, 1981, 88 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա (հնագույն ժամանակներից մինչև IX դարի կեսերը), կազմեց՝ Պետրոս Հովհաննիսյան, Աշոտ Աբրահամյան, Երևան, 1981։
  • Ծատուր Աղայան (Կենսամատենագիտություն), Երևան, 1983, 112 էջ։
  • Մովսես Խորենացու մատենագիտությունը. Երկասիրություններ, Երևան, 1991, 88 էջ։
  • Армянский вопрос и геноцид армян. Библиография литературы на русском языке (1877-1997), Ереван, 1998, 316 стр.
  • Ամենայն հայոց կաթողիկոսներ (համառոտ տեղեկատու – պատկերագիրք), Երևան, 2001, 275 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 1 (հնագույն ժամանակներից մինչև 298 թ.), կազմողներ՝ Պետրոս Հովհաննիսյան, Արտակ Մովսիսյան, Երևան, 2007, 528 էջ։
  • Ամենայն հայոց կաթողիկոսներ (Հայ եկեղեցու հանրագիտարան), պրակ Ա, Էջմիածին, 2008, 256 էջ։
  • Հայ ազատագրական շարժումները (XV դարի կես - XVIII դարի վերջ), Դասախոսություններ, Երևան, 2010, 116 էջ։
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատ. 2 (III դարի վերջերից մինչև IX դարի կեսերը), կազմողներ՝ Պետրոս Հովհաննիսյան, Արտակ Մովսիսյան, Երևան, 2011, 696 էջ։
  • Մովսես Խորենացի (Մատենագիտություն), Երևան, 2013, 436 էջ։
  • Վարուժան Պողոսյան (Կենսամատենագիտություն), կազմողներ` Պետրոս Հովհաննիսյան, Աշոտ Հայրունի, Երևան, 2015, 40 էջ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել