Դավիթ Բեկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ (այլ կիրառումներ)
Դավիթ Բեկ (1669, Սյունիք - 1728, Հալիձոր), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։
Դավիթ Բեկ | |
---|---|
Ծնվել է | 1669 |
Ծննդավայր | Սյունիք |
Մահացել է | 1728 |
Մահվան վայր | Հալիձոր |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
David Bek Վիքիպահեստում |
Պատմական ակնարկ
խմբագրելԱրևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։
Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը
խմբագրելԴավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամանատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։
Ժամանակագրություն
խմբագրել- 1722 թվական - Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ձորը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։
- 1722 թվական - Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։
- 1722 թվական - Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։
- 1722 թվական - Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։
- 1722 թվական - Դավիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն։
- 1722 թվական - Շինուհայրում Դավիթ-Բեկին ներկայացան Չավնդուրի տանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։
- 1722 թվական - Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։
- 1723-1724 թվականներ - Պատժվեցին իսլամ ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։
- 1724 թվական - Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։
- 1724 թվական - Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։
- 1720 թվական - Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։
- 1717 թվական - Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում։
- 1722 թվական - Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին՝ քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով։
- 1720-ական թվականներ - Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը։
- 1724 թվական - Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի՝ ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո։
- 1724 թվական - Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։
- 1724 թվական ամառ - Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ։
- 1724 թվական - Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը։
- 1723 թվական - Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից։
- 1723 թվական - թուրքերը մտան Թիֆլիս՝ պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը։
- 1723 թվական - Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով։
- 1723 թվական - Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ։
- 1723 թվական - Գանձակի թաթար և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին /Գանձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի/ և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին։
- 1723 թվական - Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները։
- 1723 թվական - Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի՝ Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ։
- 1724 թվական Մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու թաթար ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի՝ Մուհամադկուլի խանի մասնակցությամբ։
Գանձակի պայմանագիր
խմբագրել- Սղնախների հայ բնակչության ղեկավարները հպատակվելու են Գանձակի խանության զաջար իշխանավորներին,
- Հայերը հրաժարվում են Գանձակ քաղաքի կալվածատերերի և մյուս շիա մուսուլմանների դեմ իրենց ունեցած ապստամբական դիրքորոշումից,
- Հայերի օգնությունը Գանձակի ազգաբնակչությանը՝ թուրքերի հարձակման դեպքում լինելու է փոխադարձ։
- 1724 թվականի հուլիսի 12 – Կոստանդնուպոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը։
Ռուս-թուրքական պայմանագիր
խմբագրել- Թուրքիան ճանաչում է Ռուսաստանի տիրապետությունը՝ Դերբենդից մինչև Մազանդարան ընկած Կասպից ծովի առափնյա շրջաններում,
- Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի տիրապետութունը Իրանի անդրկովկասյան տիրույթների նկատմամբ /ներառյալ Թիֆլիս, Գանձակ, Նախիջևան քաղաքները, Ղարաբաղի ու Ղափանի մարզերը և այն իրանական հողերի վրա, որոնք գտնվում էին Արդեբիլ-Թավրիզ գծից դեպի հյուսիս ու Թավրիզ-Քիրմանշահ գծից դեպի արևմուտք/։
- 1724 թվական- Արիֆ Ահմեդ փաշան, իր տրամադրության տակ ունենալով Կարսի 100-ավոր թնդանոթներ, Գյումրիի վրայով մտավ Արարատյան դաշտ և պատրաստվեց պաշարել Երևանը
- 1724 թվական-Սուրմալուի, Շորգյալի և Ապարանի շրջանների շուրջ 300 գյուղերի բնակիչներ քշվեցին Թուրքիայի խորքերը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Օրդուբադը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Նախիջևանը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Գողթնը։
- 1724 թվական Թուրքիան գրավեց Հադամանը։
- 1724 թվական Թուրքիան կենտրոնացրեց ուժերը Երևանն ու Թավրիզը գրավելու համար։
- 1724 թվական Պաշարված Երևանը դիմադրեց 3 ամիս
- 1724 թվական Երևանը պաշարած թուրքական զորքը տվեց 20 հզ. զոհ։
- 1724 թվական Պարենի կարիքն ստիպեց Երևանի Մահրալի խանին քաղաքը հանձնելու բանակցություններ սկսել։
- 1724 թվական սեպտեմբեր 26-ին պաշարված Երևանը անձնատուր եղավ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Арутюнян П., Освободительное движение армянского народа в первой четверти XVIII в., М., 1954.
- Հովհաննիսյան Ա. Գ., Դավիթ բեկի գլխավորած Ղափանի ապստամբությունը, - «Բանբեր Երեւանի համալսարանի», 1970, № 1, էջ 96-111։
- Կնյազյան Հ., Ազատագրական պայքարը Դավիթ բեկի գլխավորությամբ, Երևան, 1963։
- Օրբելյան Ս., Դաւիթ բեկի ծագումնաբանության հարցի շուրջ,- «Բանբեր Հայաստանի արխիվների», 1971, № 1։
- Աբրահամյան Ա. Գ., Սյունիքի XVIII դարի ազատագրական շարժման պատմության շուրջը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1972, № 4, էջ 159-184։
- Աբրահամյան Ա. Գ., «Դավիթ-Բեկի պատմության» նախագաղափար բնագրի շուրջը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1974, № 4, էջ 184-206։
- Փափազյան Հ. Դ., Դավիթ-բեկի պայքարը օսմանյան ներխուժման դեմ և հարաբերությունները իրանական հակաօսմանյան դիմադրական ուժերի հետ.- «Պատմա-բանասիրական հանդես», 1987, № 1, էջ 89-102։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 302)։ |