Կոմունիզմ, համայնավարություն (լատին․՝ communisընդհանուր[1]), փիլիսոփայական, հասարակական-տնտեսական գաղափարախոսական տեսություն, քաղաքական շարժում, որի վճառական նպատակն է համարվում կոմունիստական հասարակության կայացումը, մասնավորապես` արտադրության միջոցների հասարակական սեփականության գաղափարների և սոցիալական դասերի, դրամական միջոցների բացակայության վրա կառուցված սոցիալ-տնտեսական կարգի հաստատումը։

Մուրճ և մանգաղ

Կոմունիզմն իր մեջ հավաքում է մտքի մի շարք դպրոցներ, որոնք լայնապես ներառում են մարքսիզմը և անարխոկոմունիզմը, ինչպես նաև երկուսի համադրությամբ կազմավորված քաղաքական գաղափարախոսությունները, որոնք սատարում են այն պնդումը, որ հասարակության ներկայիս կարգը բխում է կապիտալիզմի տնտեսական համակարգից և արտադրության եղանակից, այն է, որ այս համակարգում կա երկու հիմնական սոցիալական դաս, որոնց միջև առկա հակամարտությունը հասարակության բոլոր խնդիրների արմատն է, և այս իրավիճակը, ի վերջո, կարող է լուծվել սոցիալական հեղափոխության միջոցով։ Այդ դասերն են «պրոլետարիատը» (աշխատավոր դաս), որը կազմում է բնակչության մեծ մասը, և, զրկված լինելով արտադրության իր սեփական միջոցներից՝ ապրելու համար հարկադրված է վաճառել իր աշխատուժը, և «բուրժուազիան» (կապիտալիստական դաս)՝ վարձու աշխատանք գործադրող փոքրամասնությունը, որն արտադրության միջոցների մասնավոր սեփականությամբ աշխատեցնում է աշխատավոր դասին և այդ կերպ շահույթ կուտակում։ Ըստ տվյալ վերլուծության՝ հեղափոխության շնորհիվ հնարավոր կլիներ աշխատավոր դասին բերել իշխանության, որն էլ իր հերթին արտադրական միջոցները կդներ հանրային սեփականության հարթակի վրա, ինչը հասարակության կոմունիստական վերափոխման հիմնական տարրն էր համարվում։

Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հեղինակած գիտական կոմունիզմում շեշտվում էր պրոլետարական հեղափոխական շարժման, պրոլետարիատի շահերի և նպատակների տեսական արտահայտման կարևորությունը։

Ըստ ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինի, կոմունիստական ֆորմացիային բնորոշ էր զարգացման երեք պատմական շրջան՝ «հեղափոխական անցման ժամանակաշրջան», «սոցիալիզմ», և բարձրագույն փուլ՝ «կոմունիզմ»։ Անցման ժամանակաշրջանը պետք է սկիզբ առներ սոցիալիստական հեղափոխությամբ և այսպես կոչված՝ պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։ Անցման շրջանի խնդիրների լուծմամբ հասարակությունը պիտի հասներ կոմունիստական ֆորմացիայի առաջին փուլին՝ սոցիալիզմին։ Սոցիալիզմի կառուցումով պիտի սկսվեր դրա զարգացման և կատարելագործման՝ «հարաբերականորեն երկարատև պատմական ժամանակաշրջանը», դրա շարժումը դեպի իր սահմանած բարձրագույն նպատակներն ու իդեալները, կոմունիզմի նախադրյալների ստեղծումը։ Ենթադրվող զարգացած սոցիալիզմը համարվում էր կոմունիզմին անցման օրինաչափ փուլ, երբ պիտի լուծվեին կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, կոմունիստական հասարակական հարաբերությունների ձևավորման, կոմունիստական գիտակցականության ոգով աշխատավորների ագիտացիոն դաստիարակման խնդիրները։ Լենինի կարծիքով, ծավալուն ձևով սոցիալիստական հասարակությունը հենց կոմունիզմն է, իսկ կոմունիզմը՝ սոցիալիզմի բարձրագույն աստիճանը։

Սահմանելով կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի կառուցվածքը, Կառլ Մարքսը նշում էր․ «Կոմունիստական հասարակության բարձրագույն փուլում, երբ կչքանա մարդուն ստրկացնող նրա հպատակումն աշխատանքի բաժանմանը, երբ դրա հետ միասին կանհետանա մտավոր ու ֆիզիկական աշխատանքի հակադրությունը, երբ աշխատանքը կդադարի լոկ ապրուստի միջոց լինելուց, այլ ինքը կդառնա կյանքի առաջին պահանջը, երբ անհատների բազմակողմանի զարգացման հետ միասին կաճեն նաև արտադրողական ուժերը և լիառատ հեղեղի նման կհոսեն հասարակական հարստության բոլոր աղբյուրները, այն ժամանակ միայն կարելի կլինի բոլորովին հաղթահարել բուրժուական իրավունքի նեղ հորիզոնը, և հասարակությունը կկարողանա իր դրոշակի վրա գրել՝ «Յուրաքանչյուրից՝ ըստ նրա ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ նրա պահանջմունքների» («Գոթայի ծրագրի քննադատություն»

1840-ականներից ի վեր կոմունիզմը առանձնացվել սոցիալիզմից։ Կոմունիզմի և սոցիալիզմի ավելի վաղ անջատումը իրենից ենթադրում էր այն, որ սոցիալիզմը իրենից ենթադրում է միայն տնտեսական հեղաշրջում, իսկ կոմունիզմը՝ հասարակա–տնտեսական։ 1888 թվականին մարքսիստները այս տերմինների միջև շատ տարբերություն չէին տեսնում, սակայն 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունը հաստատեց սոցիալիզմը, որպես կոմունիզմին անցուման փուլ։

Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների միջև տարանջատումը ևս առաջացավ բոլշևիկյան պետական հեղաշրջումից հետո։ 1918 թվականին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը վերանվանվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցության, որի անդամներն աջակցում էին բոլշևիզմի, լենինիզմի և 1920-ականների վերջում նաև մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունները։

Բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ կոմունիզմը, որպես այդպիսին, իրականության մեջ երբեք գոյություն չի ունեցել[2], սակայն միշտ նույնականացվել է Խորհրդային Միության հետ, քանի որ վերջինս տվյալ ֆորմացիայի վրա հիմնված պետություն կառուցելու դոկտրին էր հռչակել, իսկ երկրի կառավարումն իրականացվում էր կոմունիստական կուսակցությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ball, Terence, and Richard Dagger. [1999] 2019. "Communism" (փոփոխված). «[[Բրիտանիկա հանրագիտարան |Բրիտանիկա]]» հանրագիտարան
  2. Հակոբյան, Արսեն. «Կոմունիզմ». Boon.am. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 551