Բարսեղ Ա Մակեդոնացի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ Ա[2], հուն․՝ Βασίλειος ὁ Μακεδών, 811, Ադրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն - օգոստոսի 29, 886, Կոստանդնուպոլիս), հայազգի Բյուզանդիայի կայսր (867-886), Մակեդոնական (Հայկական) հարստության հիմնադիրը։

Բարսեղ Ա Մակեդոնացի
Βασίλειος ὁ Μακεδών
Դիմանկար
Ծնվել է811
ԾննդավայրԱդրիանապոլիս, Թրակիա, Բյուզանդական կայսրություն
Մահացել էօգոստոսի 29 886
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինԵվդոկիա Ինգերինա
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր և parakoimomenos?
ԵրեխաներԼևոն VI Իմաստասեր, Stephen I of Constantinople?, Constantine (son of Basil I)? և Ալեքսանդր[1]
 Basileios I Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Բարսեղը ծնվել է Բյուզանդիայի Մակեդոնիա թեմ (վարչական միավոր, համապատասխանում է ներկայիս Ադրիանապոլիս քաղաքի շրջակայքի տարածքին) գաղթած հայ ընտանիքում շուրջ 811 թվականին։ Սկզբնաղբյուրների տվյալներով՝ Բարսեղի (բյուզանդական աղբյուրներում՝ Վասիլ) հայկական ծագումն անվիճելի է։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետից 10-րդ դարի առաջին կեսում գրված «Եվթիմիոսի վարքը» (կոչվում է նաև «Պսամաթիական ժամանակագրություն»), որտեղ գրված է հետևյալը.

  Վասիլը խնամակալ է թողնում Ստիլիանոսին, որին հայերեն Զաուցես էին անվանում, որովհետև նա էլ էր մակեդոնացի և ծագումով հայ, ինչպես և ինքը։  

Իսկ Սիմեոն Մագիստրոսը տալիս է Վասիլի արտաքինի նկարագրությունը՝ իրար միացած հոնքեր, սև աչքեր, թուխ դեմք, ինչը ցույց է տալիս, որ ավելի ուշ շրջանի արաբական հեղինակների տված տեղեկությունը, թե Վասիլը սլավոն էր, սխալ է և մենք գործ չունենք սլավոնական տիպարի հետ։

Ըստ պատմիչների՝ Բարսեղ Ա-ի լեզուն հայերենն էր, և նա հունարեն խոսում էր ծանր առոգանությամբ։ Կայսր Կոստանդին Ծիրանածինը հաղորդում է, որ «Վասիլ (Բարսեղ) կայսրը, ծագումով Մակեդոնիայից էր, ազգությամբ հայ Արշակունի»։ Վասիլ Ա-ի կյանքի և գործունեության մասին այս երկն ընդգրկված է բյուզանդական մի աղբյուրի մեջ, որը պատմագիտության մեջ հայտնի է Թեոփանեսի շարունակող անունով։ Վասիլի մասին այս առասպելը հորինողները աշխատել են ցույց տալ, որ Վասիլը սերում էր Արևմուտքի առաջին քրիստոնյա կայսր Կոստանդին Մեծից և Արևելքի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ Գ Արշակունուց։ Դրա նպատակը փաստելն էր Վասիլի իրավունքները՝ Բյուզանդիայի գահի նկատմամբ։ Իսկ իրականում, ինչպես որոշ ուսումնասիրողներ են եզրահանգել, նա կամ Բագրատունիների շառավիղ էր, կամ Մամիկոնյանների։ Վերը նշված ձեռագրում Ծիրանածինը Վասիլ Ա-ի մոր անունը չի հաղորդում, սակայն նրան հիշատակում է իր «Արարողությունների մասին» աշխատության մեջ՝ Պանկալո անունով։ Հայ հեղինակներից Վարդան Արևելցին վկայում է, որ Վասիլի մայրը հայուհի էր։

Բարսեղ Ա-ի կեղծ ծագումնաբանության հեղինակ խմբագրել

Վասիլ Ա-ի կեղծ տոհմածառի հեղինակը պատրիարք Փոտն է, որը ևս, ինչպես հայտնի է, հայկական ծագում ուներ։ Փոտի այս խարդախության մասին արժեքավոր տեղեկություններ է տալիս Իգնատիոս պատրիարքի կենսագիր Նիկետաս Պափլագոնացին։ Նա շարադրում է, որ Փոտն իր տասնամյա արտաքսման ընթացքում ցանկանում է սիրաշահել Վասիլ Ա-ին և իր նպատակին հասնելու համար դիմում է հետևյալ խորամանկությանը. նա վերցնում է Վասիլի ընտանիքի անդամների անունների սկզբնատառերը՝ Վ(ասիլ), Ե(վդոկիա), Կ(ոստանդին), Լ(ևոն), Ա(լեքսանդր) և Ս(տեփանոս) և սարքում Վեկլաս անունը։ Այնուհետև մի կեղծ ծննդաբանություն է հորինում՝ սկսելով Հայոց Տրդատ Գ արքայից (298-330 թթ.)։ Պատմությունը հասցնում է մինչև Վասիլի հորը, և գրում, որ նա մի որդի է ունենալու, որի անունն իբր թե Վեկլաս է լինելու։ Փոտը տալիս է նաև այդ Վեկլասի նկարագրությունը, որն ըստ էության համընկնում է Վասիլի արտաքին նշաններին, և հայտնում, որ նա դառնալու է ամենաերջանիկ թագավորը։ Փոտն այնուհետև իր հորինվածքը ալեքսանդրյան երկաթագիր տառերով գրում է մի հին, մագաղաթյա մատյանում, աշխատելով գրքին տալ հնադարյան տեսք։ Փոտի խաբեության մասնակիցն է դառնում պալատական քահանա Թեոփանես Սֆինոդեմոնը, որն իմաստուն մարդու համբավ ուներ և հետագայում դարձավ Կեսարիայի եպիսկոպոս։ Սա այդ սարքած մատյանը դնում է գրադարանում և մի պատեհ առիթով հանում և ցույց է տալիս արդեն կայսր դարձած Վասիլին։ Ոչ ոք չի կարողանում լուծել գրքի բովանդակության առեղծվածը։ Թեոփանեսն ասում է, թե մեկ մարդ միայն կարող է մեկնել այն՝ Փոտը։ Մարդ են ուղարկում նրա ետևից և բերում մայրաքաղաք։ Փոտը բացահայտում է գաղտնիքը, որ իբր թե հրեշտակի միջոցով է իմացել։ Դրանից հետո, Սիմեոն Մագիստրոսի փոխանցմամբ, Փոտի և կայսեր փոխհարաբերությունները բարելավվում են։

Բարսեղ Ա-ի կյանքի վաղ շրջան խմբագրել

 
Վասիլն ըմբշամարտում հաղթում է բուլղար չեմպիոնին. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից

Կոստանդին Ծիրանածինը Վասիլ Ա-ի՝ իր պապի մանկության տարիների մասին (Թեոփանեսի շարունակող) պատմում է, որ ծնողները զբաղվում էին երկրագործությամբ Ադրիանուպոլիս քաղաքում։ Նրա կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվում է հայրը, և Վասիլը հասունանալով աչքի է ընկնում իր քաջությամբ, խոհեմությամբ, ֆիզիկական ուժով ու մարմնի գեղեցիկ կառուցվածքով։ Վասիլի պատանեկության տարիներին, սակայն, հայրը վախճանվում է, և մոր ու եղբայրների խնամքի հոգսն ընկնում է Վասիլի ուսերին։ Նա երկրագործության բերած եկամուտները չնչին է համարում և որոշում մեկնել մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, ցուցաբերել իր կարողությունները և ծառայության անցնել։ Այսպես հաղորդում է Կոստանդին Ծիրանածինը, իսկ Սիմեոն Մագիստրոսը նշում է, որ Վասիլը, նախքան Կոստանդնուպոլիս գնալը, ծառայում էր Մակեդոնիայի բանակաթեմի զորավար Ցանցեսի մոտ։ Այս պատմիչը նաև նշում է, որ Վասիլը թագավորանիստ քաղաք գնալիս 25 տարեկան էր։

Շնորհիվ իր ֆիզիկական տվյալների Վասիլն ընդունվում է ծառայության Միքայել Գ կայսեր ազգական Թեոփիլոսի մոտ՝ դառնալով նրա պրոտոստրատորը։ Գրավում է Միքայել Գ կայսեր, որը նույնպես ծագումով հայ էր, ուշադրությունը՝ հաղթանակ տանելով բուլղարացի հայտնի ըմբիշի նկատմամբ։ Կոստանդին Ծիրանածինը հայտնում է այդ ըմբշամարտի մանրամասները։ Վասիլն իր տիրոջ՝ Թեոփիլոսի հետ ներկա է լինում կայսերական ճաշկերույթի, որին ներկա էին նաև բուլղարներ։ Վերջիններիս մեջ կար մի զորեղ ըմբշամարտիկ, որին գրեթե ոչ ոք չէր կարողացել հաղթել և բուլղարները պարծենում էին նրանով։ Թեոփիլոսը կայսերը համզում է, որ եթե այդ բուլղարն առանց պարտվելու վերադառնա Բուլղարիա, նրա հայրենակիցները շատ պիտի գոռոզանան։ Ուստի կայսրն ընդառաջում է նրա առաջարկին և թույլ է տալիս, որ Վասիլն ըմբշամարտի բուլղար մարզիկի հետ։ Նա այնքան արագ է հաղթում բուլղարին, որ արժանանում է Միքայել III-ի բարեհաճ վերաբերմունքին ու շուտով դառնում կայսեր թիկնապահը (պարակոիմոմենոս) ու հոմանին։

Միքայելի հրամանով ամուսնալուծվում է իր կնոջ՝ Մարիայից և ամուսնանում կայսեր սիրուհու՝ Եվդոկիա Ինգերինայի հետ։ Ըստ վարկածի՝ նրա երկրորդ կնոջից ծնված որդին, հետագայում Լևոն Զ կայսրը, իրականում Միքայելի որդին էր։

Կայսերակից հռչակում խմբագրել

 
Վասիլ Ա-ի թագադրումն իբրև կայսերակից. Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից:

Բյուզանդական աղբյուրները Միքայել Գ -ին նկարագրում են որպես ապաշնորհ ղեկավար՝ տրված հարբեցողության, խաղամոլության ու հաճույքների։ Նման պայմաններում պետական գործերը հիմնականում վարում էր կայսեր մորեղբայր կեսար Վարդասը (Վարդան), որն ազդեցիկ դիրք ուներ պալատականների, բանակի և ժողովրդի շրջանում։ Արքունիքում նրա դեմ դավեր են նյութվում և կայսերը որոշ ազդեցիկ մարդիկ սկսում են լարել Վարդասի դեմ։ Իսկ այս ամենի ետևում կանգնած էր Վասիլը։ Կրետեի արաբների դեմ արշավանքի ժամանակ Վասիլը կարողանում է համոզել Միքայել III-ին, որ Վարդասը դավեր է նյութում՝ գահին տիրանալու համար և ստանալով թույլտվություն՝ կազմակերպում է Վարդասի սպանությունը հենց կայսեր վրանում սրախողխող անելով նրան 866 թվականի ապրիլի 21-ին։ Վարդասի սպանությունից հետո պետական գործերը մնում են առանց լուրջ և խոհեմ ղեկավարի, ինչը գիտակցելով, Միքայել Գ-ն նույն թվականի մայիսի 26-ին իրեն կայսերակից է հռչակում Վասիլին՝ նրան շնորհելով «կեսարի» տիտղոս և պետական գործերի հոգսը հանձնելով նրան։

Այս առաջխաղացումն իր մեջ էր ներառում նաև Վասիլի որդեգրումը Միքայել Գ-ի կողմից, որն ինքը տարիքով ավելի փոքր էր իր նորաթուխ «որդուց»։ Հասու լինելով պետական գործերի վիճակին, կայսրության ներքին խնդիրներին, և, հակառակ դրան, Միքայելի ցոփ ու շվայտ կյանքին, նրա անհեթեթ զվարճանքների վրա ծախսվող հսկայական գումարներին, Վասիլը սկսում է կշտամբել նրան՝ պարբերաբար հորդորելով այդ գումարները ծախսել բանակի կատարելագործման, քաղաքացիների դրության բարելավման ու կարևոր նշանակության կառույցների շինարարության վրա։ Այս էր պատճառը, որ Միքայելի ու Վասիլի հարաբերությունները վատանում են և անգամ Միքայելը հրահանգում է որսի ժամանակ սպանել Վասիլին։ Սակայն վերջինս տեղեկանալով դրան, խուսափում է վտանգից և որոշում կանխարգելել իր անկումը՝ գահընկեց անելով կայսրին։ Կազմակերպված դավադրության արդյունքում 867 թվականի սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Միքայել Գ-ն սպանվեց և գահն անցավ Վասիլին։

Իշխանության սկիզբ խմբագրել

 
Բյուզանդական կայսրության սահմանները 867 թվականին:

Սենատը, ամբողջ բանակը և ժողովուրդը Վասիլին հռչակում են միահեծան ինքնակալ։ Հայ պատմիչները վկայում են, որ Վասիլը, դառնալով բյուզանդական կայսր, դիմում է Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուն՝ թագ խնդրելով։ Իրեն Արշակունի համարելով՝ Վասիլն ուզում էր թագն ստանալ թագադրից, որպիսին հայոց դարավոր ավանդության համաձայն կարող էր միայն Բագրատունի լինել[3]։ Այդ առթիվ Վարդան Արևելցին գրում է.

  Դարձեալ ի նոյն կայսերէ Վասլէ եկն ներքինի մի Նիկիտ կոչեցեալ յերեքհարիւր քսան և հինգ թուին, խնդրել յԱշոտոյ թագ, բերեալ շատ պարգևս. քանզի Վահան ոմն եպիսկոպոս Տարօնոյ ասէր նմա թէ Արշակունի իցէ. զի մայրն հայ էր։ Զոր կատարէ Աշոտ, ընդ նմին առաքէ և տասն հազար արծաթ ընծայ նորաշէն եկեղեցւոյն։  

Վասիլ կայսեր՝ հայերի հետ հաստատած սերտ հարաբերությունների մասին վկայում է նաև պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Ըստ վերջինիս՝ «Հունաց Բարսեղ մեծ կայսրը խաղաղության, նվաճման և սիրո փոքր դաշինք չի հաստատում մեր Աշոտ արքայի հետ՝ նրան սիրելի որդի անվանելով և հաղորդակից դարձնելով իր տերության ու թագավորության ամեն ինչին։ Եվ այսպես հետագայում առաքինի գործերի բոլոր կարգ ու կանոնները ամբողջությամբ դառնում են կատարյալ ըստ այն պարծանքի կարգի, որն ընդունված էր»[4]։ Գահակալման հենց սկզբում նոր կայսրը սկսեց եռանդուն կերպով վերականգնել իր նախորդի՝ Միքայել Գ-ի իշխանության տարիների ընթացքում խանգարված ֆինանսները։ Պատմիչները վկայում են, որ Միքայել Գ-ի հայրը՝ Թեոփիլոս կայսրը, մահից հետո կայսերական գանձարանում թողել էր 970 կենտինար ոսկի։ Այդ հսկայական գումարից Միքայելը, տարբեր աղբյուրների համաձայն, թողել էր երեք կամ տասներեք կենտինարը։ Վասիլը նաև բարելավեց վարչական համակարգն ու բանակը՝ բարձրացնելով զինվորների ռոճիկը և նրանց մարզելով տարբեր զորավարժություններ անցկացնելով։ Այնուհետև կատարեց պետական ծառայության համակարգի կանոնակարգմանն ուղղված աշխատանքներ, համակարգեց բյուզանդական օրենսդրությունը։

Օրենսդրական բարեփոխումներ խմբագրել

Կայսրն իր ողջ թագավորության ընթացքում բյուզանդական օրենսդրությունը կարգավորելու ուղղությամբ հսկայական աշխատանք տարավ։ Ի դեպ, դա շարունակվեց Մակեդոնական հարստության գոյության ամբողջ ընթացքում։ Վասիլ Ա-ն նպատակ դրեց ստեղծել հունա-հռոմեական կամ բյուզանդական իրավունքի մի ընդհանուր օրենսգիրք, որտեղ ժամանակագրական կարգով շարադրված լինեն կայսրերի հրապարակած, օրենսդրական նշանակություն ունեցող բոլոր կարգադրությունները, այլ կերպ ասած՝ վերանայել Հուստինիանոս Ա կայսեր օրենսդրական գործը, լրացնել այն և հարմարեցնել ժամանակի ոգուն՝ օգտագործելով հետագա շրջանում հրապարակված օրենքները։ Հուստինիանոսի օրենսդրությունը գրված էր լատիներեն, և կայսրության բնակչության համար անմատչելի էր։ Ուստի Վասիլ Ա-ն որոշեց նորը կազմել՝ հունարենով։

 
Վասիլ Ա-ն և նրա որդի Լևոն Զ-ն. մանրանկար՝ Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից

Պրոխիրոս Նոմոս կոչվող օրենսդրական ժողովածուի մեջ Վասիլը հստակորեն շարադրում է իր նպատակը, որն է՝ հին օրինաց մաքրումը։ Այս ժողովածուն ընդգրկում էր քաղաքացիական ու քրեական օրենքները։ Այս ժողովածուն Վասիլի հրահանգով կազմել է օրենսգետ Սմբատը՝ 867-879 թվականների ընթացքում։ Ինչպես երևում է անունից, այս օրենսգետը ևս ազգությամբ հայկական ծագում ուներ։ Պրոխիրոս Նոմոս ժողովածուն այնքան կատարյալ էր մշակված, որ գործեց մինչև Բյուզանդական կայսրության անկումը (1453 թ.)։

879-886 թվականների միջև Վասիլ Ա-ն հրապարակում է Էպանագոգե կոչված օրենսդրական ժողովածուն, որը կազմել էր պատրիարք Փոտը։ Սա կոչված էր լրացնելու, ավելի հստակեցնելու Պրոխիրոս Նոմոսը, սակայն ուսումնասիրողներից շատերը կարծում են, որ այն կիրառություն չգտավ։ Էպանագոգեն լայնորեն օգտագործվեց սլավոնական երկրներում։ Օրինակ հին ռուսական "Кормчая книга"-ն (X դար) կրել է նրա զգալի ազդեցությունը։ Պատրիարք Փոտը Վասիլի հրահանգով նաև սկսեց կազմել Մակեդոնական օրենսդրության գլուխգործոցը՝ 60 գրքից բաղկացած դատաստանագիքրը, որը հայտնի է Վասիլիխա անունով։ Այն իր վերջնական տեսքին բերեց Վասիլի որդի Լևոն Զ-ն։

Պայքարը պավլիկյանների դեմ խմբագրել

Վասիլ Ա-ի թագավորության սկզբներին աշխուժանում են պավլիկյան աղանդի հետևորդները, որոնք Բյուզանդական կայսրության արևմուտքում հիմնել էին Տեֆրիկե (հայկական աղբյուրներում՝ Դիվրիկ) բերդաքաղաքը դեռևս Միքայել Գ-ի օրոք։ Վասիլի օրոք Տեֆրիկեի աղանդավորական բնակչության առաջնորդն էր Խրիսոխիրը, որը հաճախ գլխավորում էր կայսրության իրեն հարակից շրջանների ասպատակությունը՝ գերեվարելով մեծ թվով գյուղացիների։ Երբ կայսերական զորքերն 871 թվականին շարժվում են Խրիսոխիրի դեմ, նա նահանջում է և ամրանում Տեֆրիկեում և շուտով պաշարման ենթարկվում Վասիլի կողմից։ Սակայն բերդաքաղաքն ամուր պաշտպանված էր և ապահովված պարենի պաշարով, և կայսեր զորքերը գրավել չեն կարողանում։ Դեռ ավելին, նրանք հարձակման են ենթարկվում պավլիկյաններից և պարտություն կրում՝ կորցնելով մեծ թվով զինվորներ։ Անգամ քիչ էր մնացել, որ կայսրն ինքը գերի ընկներ, և նրան մի կերպ փրկում է ապագա կայսր Ռոմանոս Լեկապենոսի հայրը՝ Թեոփիլակտոս Ավաստակտոսը։

 
Վասիլ Ա կայսրը. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի ձեռագրից:

Դրանից հետո կայսերական զորքերը գրոհով վերցնում են Զապետրա քաղաքը, ավերում Սամոսատը և շարժվում Մելիտենեի (նույն Մալաթիան) վրա։ Սակայն կարճ ժամանակով պաշարելով Մալաթիան և տեսնելով նրա ամրությունն ու տեղեկանալով, որ քաղաքի պաշտպաններն ապահովված են պարենի հարուստ պաշարով, հեռանում է նրա պարիսպների տակից, դարձյալ շարժվելով պավիլկյանների դեմ։ Ասպատակելով և կոտորած սփռելով Տեֆրիկեի (Տիվրիկ) շրջակայքում, Վասիլ Ա-ն վերադառնում Կոստանդնուպոլիս։ Սակայն պավլիկյանների առաջնորդ Խրիսոխիրը հաջորդ տարում դարձյալ ասպատակում է կայսերահպատակ բնակավայրերը։ Նրա դեմ արշավում է կայսերական զորքը՝ սխոլերի դոմեստիկոսի (կայսրության սպարապետ) առաջնորդությամբ։ Սակայն սա խուսափում է Խրիսոխիրի դեմ բացահայտ ճակատամարտելուց, այլ հեռավորություն պահպանելով հետևում է նրա շարժմանը, երբեմն-երբեմն թեթև հարձակումներ կատարելով և պավլիկյաններին խոչընդոտելով շարունակել ասպատակությունները։ Ի վերջո պավլիկյանները որոշում են վերադառնալ Տեֆրիկե։

Եվ այստեղ սխոլերի դոմեստիկոսը երկու զորավարի հրամայում է հետապնդել Խրիսոխրիր բանակին։ Վերջինս, գիշերը վրա հասնելու պատճառով ճամբարում է մի լեռան ստորոտին։ Իսկ բյուզանդական զորքերը բանակում են այդ վայրի բարձունքներում։ Երբ Խրիսոխիրի զորքերը բանից անտեղյակ հանգստանում էին, բյուզանդացիների 600 զինվորից կազմված մի ջոկատ վերևից հարձակվում է նրանց վրա, իսկ մնացածը լեռներում աղաղակում ու շեփոր են փչում՝ ահարկու տպավորություն թողնելու համար։ Պավլիկյանները, միջոց չունենալով ուշքի գալու և մարտակարգ կազմելու, անկանոն փախուստի են դիմում։ Խրիսոխիրին նկատում է հռոմեական բանակի զինվորներից Պուլադը (ազգությամբ պետք է որ հայ կամ պարսիկ լիներ, որովհետև այս անունը Փոլատ ձևով տարածված էր հայերի և պարսիկների մոտ և նշանակում է պողպատ) և հետապնդում։ Փախչելիս Խրիսոխիրի ձին հայտնվում է մի խոր և լայն փոսի առջև ու կանգնում, և մինչև հեծյալը մտածում էր այն հաղթահարելու մասին, Պուլադը հասնում և նիզակով խոցում է նրա կողը և ցած գլորում։ Հաղթանակի ավետիսը Վասիլ կայսերն ուղարկում են Խրիսոխիրի գլխի հետ միասին։

Պայքար արաբների դեմ խմբագրել

Իր թագավորության ընթացքում Վասիլ Ա-ն փոփոխական հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ Փոքր Ասիայում, կարողանալով հետ գրավել Բյուզանդիայի կողմից նախկինում կորսված որոշ տարածքներ (Շամշատ (Սամոսատ), Մելիտենե (Մալաթիա) և Լուլոն քաղաքները շրջակայքով)։ Կրետե կղզում նույնպես արդեն երկար ժամանակ հաստատված էին արաբները (բյուզանդական աղբյուրներում հագարացիներ կամ սարակինոսներ)։ Իրենց առաջնորդ Սայիդ Ապոքապսի և նրա գործակից Փոտ անունով մի ռազմիկի հետ նրանք քսանյոթ ռազմանավով և ուղեկից բազմաթիվ փոքր ծովահենական նավերով հարձակվում են Բյուզանդական կայսրության վրա՝ ավարառելով Էգեյան ծովի մերձափնյա բնակավայրերը։ Արաբները հաճախ հասնում էին մինչև Հելլեսպոնտոս։ Կայսերական նավատորմիղով նրանց դեմ է արշավում պատրիկ Նիկետաս Օորիֆասը և հունական կրակի միջոցով արագորեն հրդեհում է քսան նավ և փախուստի մատնում մյուսներին։

Սակայն նրանք չդադարեցին հարձակումները կայսրության տիրույթների վրա, և այժմ արշավում և կողոպտում էին մայրաքաղաքից հեռու բնակավայրերը՝ նույն Փոտի ղեկավարությամբ։ Նրանց դեմ դարձյալ դուրս եկավ ծովակալ Նիկետասը՝ մի քանի օրում հասնելով Պելոպոնես։ Կոստանդին Ծիրանածինը վկայում է, որ նա դիմում է մի հետաքրքիր քայլի՝ ժամանակ չկորցնելու նպատակով. Նիկետասը որոշում է չնավարկել Մալեասի թերակղզով՝ իզուր անցնելով հազար մղոն տարածություն, այլ Կորնթոսի նեղուցի ցամաքի վրայով մյուս կողմն է քաշում նավերը։ Այսպիսով, անսպասելիորեն իրենց առջև տեսնելով կայսերական նավատորմիղը, արաբները խուճապի են մատնվում և մեծ կոտորած կրում՝ կորցնելով առաջնորդ Փոտին։ Դրանից հետո Կրետեի արաբները դադարում են արշավանքները կայսրության դեմ։

Արաբների դեմ պայքարում Վասիլ Ա-ն փորձել է գտնել դաշնակիցներ Եվրոպայում՝ ի դեմս գերմանական կայսրի և պապական իշխանության։

Բարսեղ Ա-ի կյանքի վերջին տարիների իրադարձությունները և նրա մահը խմբագրել

Այդ ընթացքում Մեծ Հայքում տեղի էին ունեցել ներքին ու արտաքին քաղաքական այնպիսի զարգացումներ, որ հասունացել էր երկրի անկախության հռչակման և թագավորության վերականգնման պատմական պահը։ Արաբական խալիֆայության ներսում ընթանում էին ներքին գահակալական պայքարներ, որոնք թուլացրել էին պետությունը, իսկ Հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին տարածաշրջանում սկսել էր ազդեցիկ դիրք զբաղեցնել և վայելել մեծ հեղինակություն։ Արդեն փաստացի անկախ լինելով արաբական գերիշխանությունից, 869 թվականին Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին հրավիրում է իշխանաց հատուկ համաժողով, որը որոշում է հռչակել երկրի անկախությունը և դիմել խալիֆին՝ ճանաչելու Աշոտ Բագրատունուն՝ իբրև Մեծ Հայքի թագավոր։ Ավելի քան տասը տարի ձգձգելուց հետո 885 թվականին խալիֆան ի վերջո ճարահատյալ ճանաչում է Աշոտի թագավորությունը և նրան թագ ուղարկում։ Հայոց անկախ թագավորությունը ճանաչում է նաև Վասիլ Ա կայսրը՝ նույնպես Աշոտ Ա Բագրատունուն ուղարկելով թագ և թանկարժեք ընծաներ։ Միմյանց դեմ պայքարելուց քիչ թե շատ ուժասպառ եղած Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդական կայսրությունն ամեն մեկն իր հերթին ուզում էր դաշնակցական հարաբերություններ հաստատել Մեծ Հայքի թագավորության հետ։ Իսկ Աշոտ Ա-ն երկուսի հետ էլ պահպանում էր բարեկամական հարաբերություններ։ Ահա այսպիսին էր իրավիճակը տարածաշրջանում 886 թվականին, երբ Վասիլ Ա-ն մի օր որսի գնալով հակարծ ենթարկվում է մի մեծ եղջերուի հարձակմանը։ Կենդանին եղջյուրներն անցկացնելով կայսեր գոտու միջով՝ վնասում է նրա որովայնը և ցած գլորում ձիուց։ Վիրավորված Վասիլին շքախմբի անդամները տեղափոխում են պալատ։ Ինը օր ունենալով արյունահոսություն, Վասիլ Ա-ն վախճանվում է՝ գահը հանձնելով որդուն՝ Լևոն Զ Իմաստասերին։ Վասիլ Ա-ն մեկ տարի թագավորեց Միքայել Գ-ի հետ՝ իբրև կայսերակից, և 19 տարի՝ միահեծան։

Ընտանիք խմբագրել

Իր առաջին կնոջից ունեցել է մի քանի երեխա, այդ թվում՝ Բարդաս (Վարդան), Անաստասիա

Իր երկրորդ՝ Եվդոկիա Ինգերինա կնոջից ունեցել է յոթ երեխա՝

  • Սմբատ (Կոնստանդին)՝ 865 - 3 սեպտեմբեր 879
  • Լևոն Զ Իմաստասեր
  • Ստեփան Ա, Կ. Պոլսի պատրիարք
  • Ալեքսանդր, կայսր 912 թ.
  • Աննա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
  • Հեղինե Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)
  • Մարիա Ծիրանածին (դարձել է մինաձնուհի)

Գրականություն խմբագրել

Բյուզանդական աղբյուրներ, Կոնստանդին Ծիրանածին, Երևան, 1970։

Հղումներ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
  3. Բյուզանդական աղբյուրներ, Բ. Կոստանդին Ծիրանածին, Երևան, 1970, էջ 270։
  4. Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Երևան, 1996, էջ 143։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 291