Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը։ |
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի կրթության և գիտության նախարարության երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն Երևանում։ Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա | |
---|---|
Տեսակ | կրթօջախ և Կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1921 |
Անվանված է | Կոմիտաս |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Պարգևներ | |
Կայք | conservatory.am |
Komitas State Conservatory Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍկիզբ
խմբագրելՍկզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։
1920-ական թվականներին կոնսերվատորիայում գործել են մասնագիտական հետևյալ դասարանները՝
- դաշնամուրի (Ա. Մնացականյան, Հ. Մադաթյան, Ե. Խանկալամյան, Ե. Խոսրովյան, Օ. Բաբասյան)
- ջութակի (Լ. Միրզա-Ավագյան, Ա. Գաբրիելյան, Հ. Հովհաննիսյան, Դ. Սողոմոնյան)
- ալտի (Ա. Կոտլյարևսկի)
- թավջութակի (Ս. Այվազյան, Միքայել Մալունցյան)
- վոկալ (Ա. Բաբալյան, Ա. Աբրահամյան, Մ. Մելիքսեթյան, Մ. Գենջյան)
- փողային (Վ. Շպեռլինգ)
- երաժշտական-տեսական առարկաների (Ռոմանոս Մելիքյան, Միքայել Միրզայան, Օ. Տեր-Գրիգորյան, Անուշավան Տեր-Ղևոնդյան)
- երգչախմբի (Ռ. Մելիքյան, Սպիրիդոն Մելիքյան)
- մանկավարժական
1923 թվականին կոնսերվատորիայի լարային քառյակի (Ա. Գաբրիելյան, Դ. Սողոմոնյան, Ա. Կոտլյարևսկի, Վ. Ավետիքյան) կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեցին Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Գլազունովի կվարտետները։
Կոնսերվատորիայի ուսանողները Հայաստանի շրջաններում գրառել են ժողողովրդական երգեր, կազմակերպել երգչախմբեր և համերգներ։
1924 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի և տնօրեն Ա. Ադամյանի ջանքերով կոնսերվատորիայում կազմակերպվել է հայկական առաջին սիմֆոնիկ նվագախումբը։
1927-1928 թվականներին (տնօրեն՝ Ա. Տեր-Ղևոնդյան) հիմնադրվել է կոնսերվատորիայի օպերային ստուդիան (առաջին դիրիժորը՝ Ս. Չարեքյան), բեմադրվել հատվածներ «Ֆաուստ», «Եվգենի Օնեգին», «Աիդա» օպերաներից, նպաստել պետական օպերային թատրոնի հիմնադրմանը։ Հետագայում մեծացել է նվագախմբային և օպերային դասարանների դերը կատարողներ պատրաստելու գործում (դիրիժորներ՝ Կոստանտին Սարաջև, Գևորգ Բուդաղյան, Ս. Չարեքյան, Միքայել Մալունցյան, Ռաֆայել Մանգասարյան)։
1926-1927 ուսումնական տարում Ս. Օգանեզաշվիլին (Օհանյան) հիմնադրել է արևելյան բաժին, որը գործել է տասը տարի, 1927 թվականին Ս. Մելիքյանի ղեկավարած ուսանողական երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում, այնուհետև Թբիլիսիի կոնսերվատորիայում հանդես են եկել մենակատար-ուսանողները։
1930 թվականին կոնսերվատորիայում հիմնադրվել է ստեղծագործական դասարան (առաջին դասատուներ՝ Հ. Ստեփանյան, Ս. Բարխուդարյան և Վ. Տալյան), որի շրջանավարտների գործունեությունը նպաստել է ազգային երաժշտության կարևորագույն բնագավառների զարգացմանը, ազգային արվեստի ոճական սկզբունքների հաստատմանը, բազմաժանր երկերի ստեղծմանը, հայ երաժշտության համաշխարհային ճանաչմանը։
1937 թվականին հիմնադրվել է երաժշտագիտական բաժանմունք (հիմնադիրներ՝ Զ. Վարդանյան, Մ. Գասպարյան, Կ. Մելիք-Վրթանեսյան)։
Նախապատերազմական շրջան
խմբագրել1930-ական թվականների վերջից կոնսերվատորիայի մանկավարժական-մեթոդական, գիտակատարողական աշխատանքները համակարգավորվեցին ամբիոնների ստեղծմամբ՝
- դաշնամուրային (Ա. Մնացականյան)
- նվագախմբային (Դ. Լեկգեր)
- դիրիժորական (Կ. Սարաջև)
- վոկալ (Ն. Կարդյան)
- պատմածեսական և կոմպոզիցիայի (Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան)
- ընդհանուր դաշնամուրի (Ալեքսանդր Դոլուխանյան)
1936-1937 թվականներին, այնուհետև՝ 1940-1954 թվականներին, կոնսերվատորիայի տնօրենն էր Կոնստանտին Սարաջևը։ 1930-ական թվականների վերջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կոնսերվատորիայի մանկավարժական կազմը համալրվեց Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հայ շրջանավարտներով (Ռոբերտ Անդրեասյան, Հ. Բոգդանյան, Կ. Դոմբաև, Գեորգի Սարաջև), ԽՍՀՄ մշակութային կենտրոններից Երևան ժամանակավորապես տեղափոխված ականավոր երաժիշտներով (դաշնակահարներ Կ. Իգումնով, Վ. Զեյլիգեր, տավղահար Կ. Էրդելի, տեսաբաններ Ք. Քուշնարյան, Տ. Տեր-Մարտիրոսյան, Ա. Շահվերդյան)։
Հետպատերազմյան շրջան
խմբագրելՀետպատերազմյան տարիներին և հատկապես 1960-1970-ական թվականներին կոնսերվատորիան հասել է միութենական առաջատար կոնսերվատորիաների մակարդակին։ Նրա ուսանողները և շրջանավարտները պարբերաբար մասնակցել են կատարողների անդրկովկասյան, միութենական և միջազգային մրցույթներին։ Որակյալ մասնագետներ կրթելու գործում մեծ վաստակ ունեն նաև Էդուարդ Միրզոյանը, Գրիգոր Եղիազարյանը (ռեկտոր՝ 1954-1960 թվականներին), Ղազարոս Սարյանը (ռեկտոր՝ 1960 թվականից), Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Աթայանը, Սերգեյ Կոպտևը, Գայանե Չեբոտարյանը, Գեորգի Տիգրանովը, Մ. Հարությունյանը, Աննա Բարսամյանը, Թաթուլ Ալթունյանը, Ջեմս Գյոզալյանը, Կ. Զաքարյանը, Թամարա Շահնազարյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Հեղինե Տեր-Ղևոնդյանը, Կ. Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Ս. Բունիաթյանը, Մարջան Մխիթարյանը, Ա. Շամշյանը, Հ. Աբաջյանը, Լ. Գրիգորյանը, Գերոնտի Թալալյանը, Գևորգ Բուդաղյանը, Գուրգեն Ադամյանը, Հ. Ղասաբյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։
Կոնսերվատորիայի ազգային դիրքորոշումը հիմնականում պայմանավորվեց հայ երաժշտության պատմությանը, հայ ժողովրդական ստեղծագործությանը, հայկական երաժշտության լադային համակարգին վերաբերող դասընթացների իրագործումով։ 1969 թվականից կոմպոզիցիայի ամբիոնին կից գործում է ժողովրդական ստեղծագործության կաբինետը (հիմնադիր և ղեկավար՝ Մարգո Բրուտյան)։ Կոնսերվատորիայի մասնագիտական հասունացմանը մեծապես նպաստել են մշտական կապը Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների հետ, խորհրդային ականավոր երաժիշտների, հատկապես Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործական օգնությունը։ Կոնսերվատորիայում գործել է ենթակա բաժանմունք։ Կազմակերպվել է ասիստենտուրա-ստաժիրովկա, 1976 թվականից՝ միութենական նշանակություն ունեցող որակավորման բարձրացման ֆակուլտետ։ 1987 թվականից գործում է ժողովրդական երգեցողության բաժին, 1988-ից՝ հայկական երաժշտական բանահյուսության ամբիոն։
1950-ական թվականներին վերջից կոնսերվատորիայում սովորում են արտասահմանյան երկրների (ԱՄՆ, Ուրուգվայ, Կանադա, Լիբանան, Եթովպիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Հունաստան, Կուբա, Թուրքիա, Մեքսիկա և այլն) երիտասարդ երաժիշտներ։
1938 թվականից կոնսերվատորիային կից գործում է Պյոտր Չայկովսկու անվան Երևանի երաժշտական դպրոցը։
1973 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Շրջանավարտներ
խմբագրելԳոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ, դրանց թվում (1979 թվականի տվյալներով)՝ 5 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 22 ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 35 արվեստի վաստակավոր գործիչ, 37 վաստակավոր արտիստ, 14 միջազգային մրցույթների և 7 միութենական մրցույթների դափնեկիրներ։
Ֆոնդեր
խմբագրելՀետպատերազմյան տարիներին կազմվել է հազվագյուտ լարային նվագարանների հարուստ հավաքածու։
Կոնսերվատորիայի գրադարանն ունի շուրջ 160000 նոտային և գրքային ֆոնդ, մեծ ձայնադարան՝ դասական և ժամանակակից երաժշտության ձայնագրություններով։
Ուսանողներ
խմբագրել1992-1993 ուսումնական տարում կոնսերվատորիան ունեցել է 1161 ուսանող, որոնցից 243-ը՝ հեռակա, 38-ը՝ արտասահմանցի (այդ թվում՝ սփյուռքահայ)։
Բաժիններ
խմբագրելՄասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝
- դաշնամուր
- նվագախմբային գործիքներ
- խմբավարություն
- մեներգեցողություն
- կոմպոզիցիա
- երաժշտագիտություն
Դասախոսներ
խմբագրելՈւսուցիչների ընդհանուր թիվը (1993 թ. տվյալներով)՝ 300 (2 գիտությունների դոկտոր, 35 դոցենտ և գիտության թեկնածու)։
Ռեկտորների (տնօրենների) ցանկ
խմբագրել- Սոնա Հովհաննիսյան (2018-ից)
- Շահեն Շահինյան (2011-2018)
- Սերգեյ Սարաջյան (2002-2011)
- Արմեն Սմբատյան (1995-2002)
- Տիգրան Մանսուրյան (1992-1993)
- Էդգար Հովհաննիսյան (1986-1992)
- Ղազարոս Սարյան (1960-1986)
- Գրիգոր Եղիազարյան (1954-1960)
- Սամսոն Գասպարյան (1937-1940)
- Կոստանտին Սարաջև (1936-1937 և 1947-1954)
- Վարդան Սամվելյան (1933-1936)
- Գևորգ Հովհաննիսյան (1932-1933)
- Սնար Սնարյան (1931-1932)
- Սպիրիդոն Մելիքյան (1930-1931)
- Անուշավան Տեր-Ղևոնդյան (1926-1930)
- Արշակ Ադամյան (1924-1926)
- Ռոմանոս Մելիքյան (1923-1924)
Հանրահայտ շրջանավարտներ
խմբագրել- Առնո Բաբաջանյան
- Էդվարդ Միրզոյան
- Ալեքսանդր Հարությունյան
- Գրիգոր Հախինյան
- Ավետ Տերտերյան
- Միքայել Թարիվերդիև (երկու տարուց հեռացել է)
- Մեդեա Աբրահամյան
- Սվետլանա Նավասարդյան
- Վարդան Աճեմյան
- Ռոբերտ Ամիրխանյան
- Խաչատուր Ավետիսյան
- Անահիտ Ցիցիկյան
- Ստեփան Ռոստոմյան
- Մարտուն Իսրայելյան
- Տիգրան Մանսուրյան
- Արամ Պետրոսյան
- Վաչե Շարաֆյան
- Էդուարդ Թոփչյան
- Ցոլակ Բեքարյան
- Վարդուհի Խաչատրյան
- Լուսինե Զաքարյան
- Մերի Մովսիսյան
- Նուբար Ասլանյան
Աղբյուրներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մ. Բերկո, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևան, 1973 (հայերեն և ռուսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 541)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» հոդվածին։ |