Գոհար Գասպարյան
Այս հոդվածը երգչուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գոհար Գասպարյան (այլ կիրառումներ)։
Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատուրյան, դեկտեմբերի 14, 1924[1], Կահիրե, Եգիպտոս[1] - մայիսի 16, 2007[2], Երևան, Հայաստան), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս:
Գոհար Գասպարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Գոհար Գասպարյան |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1924[1] Կահիրե, Եգիպտոս[1] |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 16, 2007[2] (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ, երգչուհի և քաղաքական գործիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Տիգրան Լևոնյան |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ժողովուրդների բարեկամության շքանշան և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան |
Gohar Gasparyan (singer) Վիքիպահեստում |
ԸնտանիքըԽմբագրել
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում: Նա լույս աշխարհ էր եկել յոթ ամսական տարիքում: Այն տարիներին բժշկությունը դեռևս անկարող էր ապահովել անհաս նորածինների առողջությունը: «Չի ապրի, երեխան չափից շատ նվազ է ու թույլ»,- ցավով նշում էին ընտանիքի անդամները: Սակայն նրա տատը հակառակն էր պնդել՝ ասելով. «Կապրի և բոլորիս հպարտությունը կդառնա»:
Հայրը մասնագիտությամբ իրավաբան էր: Եղել է Կոմիտասի սաներից մեկը և տիրապետում էր ֆլեյտա գործիքին: Մայրը հայոց լեզվի ուսուցչուհի էր և նվագում էր դաշնամուր: Ուներ մի եղբայր, որը մահացել էր տիֆից:
19-րդ դարի սկզբին ծագած թուրք-եգիպտական առաջին պատերազմին եգիպտացի զորավար Մուհամմադ Ալին (1769-1849), օսմանների դեմ պատերազմելով, հասնում է մինչև Խարբերդ, Չնքուշ գյուղ: Եգիպտացի զինվորների շրջանում սկսվում է տիֆի համաճարակ: Մուհամմադ Ալիի զորքին օգնության է հասնում տեղացի մեծահարուստ Խաչատուր էֆենդիի տղաներից մեկը՝ Միշել Խաչատուրյանը: Գերմանիայում ուսանած երիտասարդ բժիշկը, ով Գոհար Գասպարյանի հոր պապն էր, կարողանում է բուժել հիվանդ զինվորներին: Օսմանյան կայսրության և Եգիպտոսի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, ինչից հետո եգիպտական բանակը վերադառնում է հայրենիք: Մուհամմադ Ալին ցանկանում էր պարգևատրել երիտասարդ բժշկին իր կատարած ծառայությունների դիմաց, սակայն նա հրաժարվում է՝ խնդրելով իրեն և իր ընտանիքը իրենց հետ տանել Կահիրե: Այնուհետև նա ծառայության է անցնում որպես պալատական բժիշկ և ամուսնանում սուլթան Հուսեյնի քրոջ՝ Ջավհարի հետ[3]:
Գոհար Գասպարյանի մանկությունն անցել է Նեղոսի ափամերձ Շարկիա գյուղաքաղաքի հենց այն տանը, որը սուլթան Հուսեյնը կառուցել էր իր քրոջ համար և որպես օժիտ տվել էր 30 ուղտ: Եռահարկ շքեղ տունը՝ իր 100 հա կալվածքով, բամբակի պլանտացիաներով, 200-ի չափ ծառաներով ու բանվորներով հանդերձ, մնացին Գոհարի մանկության հիշողության անբաժանելի մասը[4]:
Ազգակցական կապեր է ունեցել գրող, փիլիսոփա, բառարանագիր Եղիա Տեմիրճիպաշյանի հետ:
1948 թվականին իր առաջին ամուսնու՝ բանասեր Հայկ Գասպարյանի հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1949 թվականին Երևանում ծնվել է նրանց դուստրը՝ Սեդա Գասպարյանը: 1956 թվականին նրանք ամուսնալուծվել են և նույն թվականի հունիսի 9-ին Մոսկվայում նա ամուսնացել է անվանի օպերային երգիչ, ռեժիսոր Տիգրան Լևոնյանի հետ։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին, ով մեկն է դառնում այն 11 երեխաներից, որոնք մահանում են այդ նույն օրը բժիշկների անփութության պատճառով: Գոհար Գասպարյանը խոստովանել է, որ ամեն անգամ օրորոցային երգելիս որդուն է հիշել ու արցունքներով հեռացել բեմից:
ԿրթությունԽմբագրել
Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում: Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում: Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում[5]: Դաշնամուրի դասեր է վերցրել հույն դաշնակահար Ժորժ Թեմելիից:
Կատարողական գործունեությունԽմբագրել
1940 թվականից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում: Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ Ռադիոյի ղեկավարությունը բացառության կարգով խախտեց ռադիոյի կանոնադրությունը, ըստ որի մեներգիչներ կարող էին լինել բացառապես մահմեդականները: 1948 թվականին հրավեր է ստանում Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնից, սակայն նա ոչ միայն մերժել է այդ առաջարկը, այլև նույն թվականին 24 տարեկան հասակում հայրենադարձվել Հայաստան: 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է «Լակմե»-ի դերերգով համանուն օպերայից: Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում: Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում և այլուր: Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր: Նրան անվանել են «Հայաստանի սոխակ»:
Երկար տարիներ նրան նվագակցել են Էլեոնորա Ոսկանյանը, Լևոն Աբրահամյանը, ինչպես նաև Հարություն Փափազյանը:
ԴերերգերըԽմբագրել
- Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Շուշան (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»)
- Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Կարինե (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»)
- Գոհար (Հարո Ստեփանյանի «Հերոսուհի»)
- Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»)
- Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»)
- Լակմե (Լ. Դելիբի «Լակմե»)
- Լյուչիա (Գ. Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր»)
- Նորմա (Վ. Բելլինիի «Նորմա»)
- Վիոլետա (Ջ. Վերդիի «Տրավիատա»)
- Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»)
- Մարֆա (Ն. Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»)
Հարուստ է եղել Գոհար Գասպարյանի երգացանկը՝ հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների մեծակտավ ու փոքրածավալ ստեղծագործություններ, հոգևոր ու ժողովրդական երգեր։
Տիրապետում էր հայերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն ու անգլերեն լեզուներին:
Մանկավարժական գործունեությունԽմբագրել
1962-2007 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թվականից՝ պրոֆեսոր): Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ (Օլգա Զաքարյան, Ռաֆայել Հակոբյանց, Դավիթ Վարժապետյան, Էլլադա Չախոյան, Շաքե Ասչյան, Գայանե Գրիգորյան, Վարդուհի Խաչատրյան, Վարդուհի Աբրահամյան և այլք)։ Նրա ուսանողն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:
Հասարակական գործունեությունԽմբագրել
Երեք անգամ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի և Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի դեպուտատ:
Գոհար Գասպարյանի մասինԽմբագրել
Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին՝ ծլվլալ: - Բանաստեղծ Ավետիք Իսահակյան
|
Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է, որ մի քանի համաստեղություն արժե: - Օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյան
|
Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն: - Օպերային երգչուհի Իրինա Արխիպովա
|
Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին: - Գեղանկարիչ Մարտիրոս Սարյան
|
Գոհար Գասպարյանը կինոյումԽմբագրել
- «Հայկական կինոհամերգ», Երևանի կ/ս, 1954 թ., 57 րոպե (ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Գ. Սարկիսով)։ Կինոհամերգում ընդգրկված են հատվածներ հայ հեղինակների օպերաներից։ Կատարոողներից մեկը Գոհար Գասպարյանն է[6]:
- «Երգում է Գոհար Գասպարյանը», Հայֆիլմ, 1963 թ., երաժշտական ֆիլմ, 66 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան)։ Տասնմեկ նովելներից բաղկացած այս ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններ են, որոնց կատարումով հանդես է գալիս Գոհար Գասպարյանը[7]:
- «Կարինե», Հայֆիլմ, 1967 թ., երաժշտական կատակերգություն (Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորումը), 94 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Արման Մանարյան)։ Կարինեի դերը կատարում է Լ. Հարությունյանը, երգում է Գոհար Գասպարյանը[8]:
- «Անուշ», «Երևան» ՀՖՍ, 1983 թ., ֆիլմ-օպերա (Արմեն Տիգրանյանի համանուն օպերայի էկրանավորումը), 129 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 129 րոպե։ Անուշի դերը կատարում է Սաթենիկ Սահակյանցը (Սաթի Սպիվակովա), երգում է Գոհար Գասպարյանը[9]:
- «Արշակ Երկրորդ», Հայֆիլմ, 1988 (Տ. Չուխաճյանի համանուն օպերայի էկրանավորումը), 146 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան)։ Օլիմպիայի դերը կատարում է Մ. Պետրոսյանը, երգում է Գոհար Գասպարյանը[10]:
- «Լեռնային լճի գաղտնիքը», Երևանի կ/ս, 1954 թ., մանկական (Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակի էկրանավորումը), 70 րոպե (բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Ռոու)։ Կարինեի երգը կատարում է Գոհար Գասպարյանը[11]:
- «Գոհար», «Երևան» ՀՖՍ, 1974 թ., վավերագրական ֆիլմ (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան), 26 րոպե։ Ֆիլմ-համերգ Գոհար Գասպարյանի մասնակցությամբ[12]:
Պարգևներ, մրցանակներ, կոչումներԽմբագրել
- 1951 թ.՝ Ստալինյան մրցանակ
- 1953 թ.՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- 1956 թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- 1965 թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակ
- 1973 թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
- 1981 թ.՝ Ժողովուրդների բարեկամության շքանշան
- 1984 թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինի շքանշան
- 1984 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի
- 1997 թ.՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
Գրքեր Գոհար Գասպարյանի մասինԽմբագրել
- Ալեքսանդր Թադևոսյան, Գոհար Գասպարյան (ակնարկ), Երևան, 1959
- Տիգրան Լևոնյան, Էմանվել Մանուկյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2001
- Համասփյուռ Մանուկյան, Իմ ութ և կես տարիները Գոհար Գասպարյանի հետ (հուշագրություն), Երևան, 2004
- Ольга Захарян, Гоар Гаспарян и ее вокальная школа, Ереван, 2005
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Նվարդ Մարուխյան, Գոհար Գասպարյան (մեկ ժամ ձայնավարժություն), Երևան, 2007
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Գոհար Գասպարյանի ֆենոմենը, Երևան, 2007
- Սերգեյ Առաքելյան, Գոհար Գասպարյան (ալբոմ-ժողովածու), Երևան, 2007
- Ռոբերտ Դավթյան, Հայոց սոխակը (հոդվածների և հարցազրույցների ժողովածու), Երևան, 2008[13]
- Արմինե Մելիք-Իսրայելյան, Երբ աշխարհն է ծափահարում (մենագրություն), Երևան, 2010[14]
Հարգանքի տուրքԽմբագրել
- 1996 թվականին ԱՄՆ-ի Աստղերի միջազգային հաշվառումը որոշեց աստղերից մեկն անվանակոչել Գոհար Գասպարյանի անունով:
- 2020 թվականին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19 Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է Գոհար Գասպարյանի անվամբ[15]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гаспарян Гоар Микаэловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 http://armenianow.com/?action=viewArticle&AID=2201&CID=2243&IID=1133&lng=eng
- ↑ Մելիք-Իսրայելյան Արմինե (2010)։ Երբ աշխարհն է ծափահարում։ Երևան։ էջեր 41–44
- ↑ Մելիք-Իսրայելյան Արմինե (2010)։ Երբ աշխարհն է ծափահարում։ Երևան։ էջ 39
- ↑ «Գ․Գասպարյան․ «Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»»
- ↑ «Հայկական կինոհամերգ 54»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Երգում է Գոհար Գասպարյանը»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Կարինե»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Անուշ»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-23-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Արշակ Երկրորդ»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-26-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Լեռնային լճի գաղտնիքը»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Գոհար»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին։ Վերցված է 2016-03-11
- ↑ «Առասպե՞լ էր, թե՞ երգչուհի»
- ↑ «1965-ԻՆ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԷՐ ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-06-ին
- ↑ «Գոհար Գասպարյանի անվան փողոց՝ Երևանում»
ԱղբյուրներԽմբագրել
- Րաֆֆի Օրացույց, Րաֆֆի Օրացույցների Հրատարակչական Կազմ, Թեհրան, Իրան, 2008
- Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1, էջ 616, Երևան, 1990
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |