Անահիտ Ցիցիկյան
Անահիտ Միքայելի Ցիցիկյան (օգոստոսի 26, 1926, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 1999, Երևան, Հայաստան), միջազգային ճանաչման արժանացած առաջին հայ ջութակահարուհին։ Վիրտուոզ մենակատար, ով համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ 100 քաղաքներում, շուրջ 40 տարի հանդիսացել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լրագրող, 300-ից ավելի հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ։ Զբաղվել է նաև գիտական գործունեությամբ, առաջինը վերականգնել և ներկայացրել հայկական կատարողական արվեստի համակարգված պատմությունը։ Իր կյանքի վերջին 20 տարին Անահիտ Ցիցիկյանը նվիրել է հայկական երաժշտության հնագույն պատմության ֆունդամենտալ հետազոտություններին, ըստ էության հիմնելով հայկական երաժշտագիտության մի նոր ուղղություն՝ երաժշտական հնագիտություն։
Անահիտ Ցիցիկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1926 Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մայիսի 2, 1999 (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտագետ, ջութակահարուհի, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, երաժշտության պատմաբան և ուսուցչուհի |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1954) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն, Հայաստանի թատերական գործիչների միություն, Հայաստանի ժուռնալիստների միություն, Խորհրդային կանանց կոմիտե և Union of Soviet Societies for Friendship and Cultural Relations with Foreign Countries? |
Պարգևներ | |
Anahit Tsitsikian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնահիտ Ցիցիկյանը ծնվել է 1926 թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանի Լենինգրադ (այժմ Սանկտ-Պետերբուրգ) քաղաքում ծառայողի ընտանիքում։ Ջութակ սկսել է նվագել 6 տարեկանից։ Անահիտի ուսուցիչներն էին տաղանդավոր երաժիշտներ Գրիգորի Գինզբուրգը, իսկ ավելի ուշ՝ պրոֆեսոր Լև Ցեյտլինը։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։
1946-1950 թթ. ուսանել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Կարպ Դոմբաևի դասարան), արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար Կոնստանտին Մոստրաս)։
Համերգային գործունեությունը սկսել է դեռևս դպրոցական տարիներից, ունեցել մենահամերգներ, նվագել սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1961 թվականից եղել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ շատ քաղաքներում, աշխարհի 27 երկրներում։ «Մելոդիա» Համամիութենական ձայնագրման ֆիրմայում թողարկել է 4 սկավառակ։ Ջութակահարուհու նվագացանկում առանձին տեղ են զբաղեցրել ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Հաճախ նա հանդիսանում էր այդ ստեղծագործությունների համահեղինակը, խմբագիրն ու առաջին կատարողը։
Գործունեություն
խմբագրել1950 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, հիմնել և դասավանդել 3 նոր առարկա.
- Աղեղնային արվեստի պատմություն
- Հայկական կատարողական արվեստի պատմություն
- Մանկավարժական պրակտիկա
Սկսած ուսանողական տարիներից ակտիվորեն զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ մի քանի ասպարեզներում. աղեղնային կատարողական արվեստի, գործիքագիտության և երաժշտական հնագիտության, որի հիմնադիրն է հանդիսացել Հայաստանում։ Բազմիցս մասնակցել է միջազգային երաժշտագիտական գիտաժողովների։ Անահիտ Ցիցիկյանը տիրապետել է 5 լեզվի, դասախոսություններ է կարդացել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ունեցել մի շարք հրապարակումներ Հայաստանում և արտերկրում։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Անահիտ Ցիցիկյանը ունեցել է 1000-ից ավելի համերգներ, իրականացրել է 60 ֆոնդային ձայնագրություններ, հեղինակ է շուրջ 300 հոդվածների, զեկուցումների, ռադիո և հեռուստահաղորդումների։ Անդամակցել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության, ԽՍՀՄ երաժշտական ֆոնդի, Հայաստանի թատերական գործիչների ընկերության, Հայաստանի ժուռնալիստների միության, ԽՍՀՄ կանանց կոմիտեի, Արտասահմանի հետ կապերի հայկական կոմիտեի, ԽՍՀՄ ԳԱ «Համաշխարհային մշակույթի պատմության» խորհրդի, «Երաժշտական հնագիտություն» միջազգային գիտական ասոցիացիայի («World Archaeology») և այլն։
Մահացել է 1999 թվականի մայիսի 2-ին, Երևանում։ 2007 թվականին Երևանի թիվ 21 երաժշտական դպրոցը (հիմնադրվել է 1987 թվականին) կոչվել է Անահիտ Ցիցիկյանի անունով[1]։
Կոչումներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)
- Արվեստագիտության թեկնածու (1970)
- Պրոֆեսոր (1982)
Երկեր
խմբագրել- Հայկական աղեղնային արվեստը, Երևան, 1977։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Երաժշտական և արվեստի դպրոցներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Ցիցիկյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Ցիցիկյան» հոդվածին։ |