Մեդեա Աբրահամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեդեա Վարդանի Աբրահամյան (մարտի 8, 1932[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 3, 2021[3], Երևան, Հայաստան), հայ թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։
Մեդեա Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1932[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 3, 2021[3] (88 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | թավջութակահար և երաժշտության դասախոս |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Մոսկվայի կոնսերվատորիա (1956)[1] |
Պարգևներ | |
Medea Abrahamyan Վիքիպահեստում |
Նրա նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված է եղել նրա կատարման համար, և բազմաթիվ ստեղծագործություններ նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ[4][5]։
Ընտանիքը
խմբագրելԾնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում[6]։
Հայրը՝ Վարդան Հակոբյանը, ծնվել է 1903 թ., Երևանում։ Պապը՝ Մամիկոն Ակոպովը, բնիկ նախիջևանցի էր (Նախիջևանի Այլապատ գյուղից)։ Վ. Հակոբյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանի կոնսերվատորիայում՝ աշակերտելով մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանին: Այնուհետև կրթությունը շարունակել է Լենինգրադի կոնսերվատորիայում և երկար տարիներ որպես կոնտրաբասիստ նվագել է Լենինգրադի Ս. Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի (Մարիինյան) նվագախմբում։
Մայրը՝ Էմմա Սերգեյի Աբրահամյանը, ծնվել է 1909 թ., Թբիլիսիում։ Ուսանել է Կրասնոդարի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը (ձայնակարգը՝ կոլորատուրային սոպրանո), ինչպես նաև Երևանի Ժդանովի (այժմ՝ Վ. Բրյուսովի) անվան ռուսական պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ երկար տարիներ աշխատել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան թ. 28 միջնակարգ դպրոցում և պրոֆտեխնիկական ուսումնարանում։
Ծնողները մինչ Մեդեայի լույս աշխարհ գալն ամուսնալուծվել են։ Մեդեա Աբրահամյանը վաղ տարիքից մեծացել է մոր և նրա հարազատների խնամքի ներքո։
Մորական պապը՝ Սարգիս Աբրահամյանը (1883, Արդանուջ - 1955, Երևան), եղել է լուսանկարիչ և գեղանկարիչ։ Որոշ ժամանակ աշխատել է Գ. Խանոյանի լուսանկարչատանը։ Տատը՝ Սաթենիկ Աբրահամյան-Դոմինիկյանցը (1887, Կարս - 1954, Երևան), 1920-1930-ական թթ. խաղացել է Հայաստանի նորաստեղծ Առաջին պետական թատրոնին (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) կից ստուդիայում, որտեղ նրա խաղընկերներն էին նշանավոր դերասաններ Ռուզաննա և Վավիկ Վարդանյանները, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ։
Մանկության ծանր հիշողություններից է քսանամյա մորեղբոր՝ Պավել Աբրահամյանի աքսորը Կոմի Հանրապետություն։ Նա, որպես էքսկուրսավար, աշխատանքի էր անցել Հայաստանի պետական պատկերասրահում։ Գրում էր բանաստեղծություններ և ջութակ էր նվագում։
1958 թվականին ամուսնացել է էներգետիկ Էդվին Ղալումյանի (1934, Ալավերդի - 2012, Երևան) հետ։ Նա երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Տեղական արդյունաբերության մինիստրությունում։
Կրթություն
խմբագրելՄեդեա Աբրահամյան-երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղավ Ռոմանոս Մելիքյանը։ Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, մի առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»։
Ճակատագրական եղավ նաև հայ երաժշտական մշակույթի մեկ այլ նշանավոր գործչի, անվանի դիրիժոր, կոնսերվատորիայի այդ տարիների ռեկտոր Կոնստանտին Սարաջևի մասնակցությունը։ Բավարարվելով դպրոց ընդունվող աղջնակի երաժշտական ունակություններով, մանրամասն նայելով նրա ձեռքերի և մատների կառուցվածքին, ասում է Մեդեային. «Մայրիկիդ ասա, թող քեզ փոքրիկ թավջութակ գնի»։ Իսկ այդ տարիներին հազվադեպ էր աղջկան առաջարկվում թավջութակ նվագել։
1941-1950 թթ. սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի և Լևոն Գրիգորյանի դասարան)։
1950-1953 թթ. կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Լևոն Գրիգորյանի դասարան)։ 1953 թվականին Մեդեա Աբրահամյանը մասնակցել է Բուխարեստի երիտասարդության և ուսանողության չորրորդ համաշխարհային փառատոնին։ Մոսկովյան լսումների ժամանակ ժյուրիի կազմում էր աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, ով Մեդեայի ելույթից հետո անցավ ետնաբեմ և նրան առաջարկեց սովորել իր դասարանում։ Ռոստրոպովիչն անձամբ դիմում է Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Ա. Սվեշնիկովին՝ Մեդեային Երևանի կոնսերվատորիայից Մոսկվա տեղափոխելու խնդրանքով։ 1953-1956 թթ. սովորել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ ուսանելով Մ. Ռոստրոպովիչի դասարանում[7]։ 1955 թվականին Պրահայի Հանուշ Վիհանի անվան «Պրահայի գարուն» թավջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման։
Կատարողական գործունեություն
խմբագրելՄեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ է՝ հնագույն դպրոցի վարպետներից սկսած մինչև դասական և ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների և 20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Նրա կատարողական արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում հայ խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք գրեթե բոլորը կապված են նրա անվանը։ Այդ ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է նրա անմիջական մասնակցությամբ, դրանցից շատերը նվիրվել են նրան և առաջին անգամ կատարվել նրա կողմից։
Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ (Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Արտեմի Այվազյան, Ղազարոս Սարյան, Ադամ Խուդոյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Ռուբեն Սարգսյան, Էմին Արիստակեսյան, Էդուարդ Հայրապետյան, Ալեքսանդր և Վարդան Աճեմյաններ, Սեպուհ Աբգարյան, Ալիսիա Թերզյան, Լևոն Աստվածատրյան, Սուրեն Զաքարյան, Էդուարդ Սադոյան, Յուրի Գևորգյան, Իզաբելլա Արազովա, Ֆելիքս Գլոնտի, Զոլտան Ալմաշի, Եժի Մլոդիևսկի, Թենգիզ Շավլոխաշվիլի, Վաժա Ազարաշվիլի, Յուրի Լանյուկ և ուրիշներ)։
Մեդեա Աբրահամյանը բազմաթիվ կոմպոզիտորների համար եղել է ներշնչանքի գրավական և նրանց ստեղծագործությունների ճշմարիտ համահեղինակը։ - Երաժշտական քննադատ, դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլոտովա
|
Նա հայ առաջին թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր։
Ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։
Նրան ծափահարել են աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre», Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը և այլուր։
Համագործակցել է այնպիսի մեծահամբավ դիրիժորների հետ, ինչպիսիք են Օտտո Վերներ Մյուլլերը, Ֆրանչեսկո Քրիստոֆոլին, Քենեթ Քլեյնը, Խոսե Ռոդրիգես Ֆորեն, Սթեֆան Մարչեկը, Միրսեա Բասսարաբը, Վացլավ Սմետաչեկը, Սաշա Պոպովը, Նիկոլայ Անոսովը, Ջանսուղ Կախիձեն, Սոլոմոն Ֆելդմանը, Ալեքսանդր Վլադիգերովը, Օհան Դուրյանը և ուրիշներ։
1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
Երկար տարիներ նրան նվագակցել են Ռոզա Թանդիլյանը, Մարիաննա Հարությունյանը, Լևոն Աբրահամյանը և այլք։
Մանկավարժական գործունեություն
խմբագրել1957-2016 թվականներին դասավանդել է Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, 1960-2020 թվականներին՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1983 թվականից՝ պրոֆեսոր)։ Նրա դպրոցն այսօր լայն ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Նրա հայ, ռուս, չինացի, իրանցի և տարբեր այլ ազգությունների ուսանողներն այսօր փայլում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի և այլ երկրների բեմերում։
Որպես երաժշտական փառատոների ժյուրիի անդամ և նախագահ՝ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր։
Հասարակական գործունեություն
խմբագրել1965 թ. ընտրվել է Երևանի քաղաքային Սովետի պատգամավոր։ Եղել է «Ֆրանսիա-ԽՍՀՄ» և «ԽՍՀՄ-Իտալիա» հասարակական կազմակերպությունների անդամ։ ՀՀ պետական մրցանակի երաժշտության բնագավառի հանձնաժողովի անդամ էր։
Մահ
խմբագրելՄեդեա Աբրահամյանը վախճանվել է 2021 թվականի մարտի 3-ին, Երևանում։ Նրա վերջին ցանկության համաձայն իր աճյունն ամփոփվել է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը՝ իր սիրելի ամուսնու կողքին։
Մեդեա Աբրահամյանը կերպարվեստում
խմբագրելՆրան անդրադարձել են կերպարվեստի հայ և օտարազգի մի շարք գործիչներ՝ Ժան Պոլ Փափազյան (Ֆրանսիա), Անատոլի Պապյան, Էդուարդ Տեր-Ղազարյան, Գեորգի Յարալյան, Էդդա Աբրահամյան, Կարապետ Մեծատուրյան, Հովհաննես Շարամբեյան, Դերենիկ Դանիելյան, Օտակար Շտեմբերա (Պրահա), Օ. Շուտ (Հունգարիա) և ուրիշներ։
Մեդեա Աբրահամյանն ինքը մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գրաֆիկայի նկատմամբ։ Նրա արխիվում կարելի է գտնել հայ կոմպոզիտորների և այլ թեմաներով տասնյակ ընկերական շարժեր։
Մեդեա Աբրահամյանը կինոյում
խմբագրել- 1956 թվականին հայկական հեռուստատեսությունը նկարահանել է իր առաջին ֆիլմերից մեկը՝ նվիրված Պրահայի միջազգային մրցույթում դափնեկրի կոչման արժանացած Մեդեա Աբրահամյանին։ Ֆիլմի ժապավենը համարվում է կորած։
- «Մեդեա Աբրահամյան», «Երևան» ՀՖՍ, 1982, ռեժիսոր՝ Խաչատուր Խոջասարյան, օպերատոր՝ Աշոտ Մովսիսյան:
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
- Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
- Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
- Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968
- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
- Հայ արվեստի ասպետ, 2007
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012[8]
- Հայաստանի վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
- «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[9]
- Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018[10]
Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանից
խմբագրելԻմ երջանկությունը ես որոնել եմ երաժշտության հետ անմիջական շփմամբ։ Այն ինձ համար եղել է ինքնարտահայտման միակ միջոցը, ունկնդրին իմ ձայնը հասցնելու միակ հնարավորությունը։ - Մեդեա Աբրահամյան
|
Մեջբերումներ Մեդեա Աբրահամյանի մասին
խմբագրելՄեդեա Աբրահամյանը նշանավոր, տաղանդավոր, վիթխարի մասշտաբի տեր կատարող է։ Իր համերգային-կատարողական լայն գործունեությամբ նա հայտնի է ոչ միայն Խորհրդային միությունում, այլև նրա սահմաններից դուրս։ Հատկապես ցանկանում եմ նշել նրա ներդրումը խորհրդային կոմպոզիտորների կողմից թավջութակի համար գրված երկերի ստեղծման գործում։ Մասնավորապես, եթե չլիներ նրա ոգեշունչ արվեստը, մենք չէինք ունենա հայ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունների մի ամբողջ շարք։
- Թավջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Գրեմի հնգակի մրցանակակիր Մստիսլավ Ռոստրոպովիչ
|
Իմ ամենասիրելի երևույթներից մեկը, որ ընկալում եմ որպես հրաշք, Մեդեա Աբրահամյանն է։ Չկանխատեսվող մտածողություն, տարերայնություն, ոչ սովորական անհատականություն, որում գերիշխողը երաժշտությունն է։ - Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյան
|
Մեդեայի արվեստը վաղուց ի վեր առաջ է անցել գերադրական աստիճանի որակումներից և ձեռքբերել հայկական կոնյակին բնորոշ հատկանիշներ։ - Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյան
|
Թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն արտասովոր արվեստագետ է։ Նրան ճանաչում և գնահատում են Եվրոպայում։ Հնչյունի այնպիսի որակ, ինչպիսին ունի նա, հազվադեպ է պատահում։ Նրա կատարման իրական հմայքը հաղորդում է ջերմ խառնվածքը, որը ղեկավարվում և հաղորդվում է փայլուն բանականությամբ։ Դա՛ է նրա հիասքանչ կատարման հիմնական աղբյուրը։
- Երաժշտական քննադատ, ակադեմիկոս, Արգենտինայի երաժշտագետների միության հիմնադիր նախագահ Նապոլեոն Կաբրերա
|
Դուք ծնվել եք թավջութակի համար։ - Ջութակահար, դիրիժոր, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Շվեյցարիայի Վալե քաղաքի միջազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր Տիբոր Վարգա
|
Մեդեա Աբրահամյանի փայլուն, անկրկնելի տաղանդն ու արվեստը և, անտարակույս, ստեղծագործական շահագրգռվածությունն ուղղակի շնչավորեցին թավջութակի հայ երաժշտության առաջընթացը։ Հայ գործիքային երաժշտության ոչ մի ժանր այնպիսի վերելք չապրեց, ինչպես թավջութակային երաժշտությունը։
- Կոմպոզիտոր, պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյան
|
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրելԳրքեր
- Աննա Բարսամյան, Արաքսի Սարյան - Մեդեա Աբրահամյան, Երևան, 2000
- Մեդեա Աբրահամյան - Կատարողի մտորումներ, Երևան, 2014 (հայերեն և ռուսերեն)
- Ռոզա Եղիազարյան - Մեներգ թավջութակի համար (Մեդեա Աբրահամյանի հուշերը), Երևան, 2016
- Սերգեյ Մանվելյան - Մեդեա Աբրահամյան, Երևան, 2017[11]
Նոտաներ
- Мартуник Исраелян, Рубен Саркисян, Сонаты для виолончели и фортепиано, Москва, 1980 (редакция Медеи Абрамян) / Martunic Israelyan, Ruben Sarkisyan, Sonats for cello and piano, Moscow, 1980 (redaction by Medeia Abramyan)
- Թավջութակի սոնատներ / Сонаты для виолончели, Երևան, 1987 (կազմող և խմբագիր՝ Մեդեա Աբրահամյան)
- Музыка ХХ века, Произведения для виолончели соло/ С. Слонимский и др. - Москва : Музыка, 2004 (в том числе Закарян, В. М. Verbo primo ; ред. М. Абрамян)
- Սերգեյ Աղաջանյան, Պիես երկու թավջութակի համար, Երևան, 2008 (խմբագիր՝ Մեդեա Աբրահամյան)
Հոդվածներ
- Mladá fronta, 1955, 3.června, Praha
- Рачев Х., Един незабравим концерт, Червено знаме, 1958, 28 ноември, Видин, България
- 조선 방문 쏘련 예술단 본도 공연, 평얀, 평얀, 1960, 7 월 29 일
- Jihlava, 1963, červen, Československo
- Քէրէսթէճեան Գեղամ, Մեդէա Աբրահամեան թաւջութակահարուհի, Աշխարհ, Փարիզ, 25 Յունուար, 1964
- Саакян Нелли, Глубокая душа виолончели, Коммунист, Ереван, 1969, 5 октября
- Le soir, 1972, 28 décembre, Beyrouth, Liban
- Հովհաննիսյան Արմեն, Նվիրում և վաստակ, Սովետական Հայաստան, Երևան, 1973, սեպտեմբերի 23
- Cabrera Napoleón, Ciclo musical en el Coliseo: No sólo para Armenios, Clarin, Buenos Aires, 2 de mayo de 1973
- F. E., Embajada Apabullante, El País, 24 de mayo de 1973, Montevideo, Uruguay
- Բերկո Մարինա, Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին..., Սովետական արվեստ, Երևան, 1978, № 2
- Золотова Ирина, Источник взаимного обогащения (Медея Абрамян и армянская виолончельная соната), Советская музыка, Москва, 1978, № 8
- Բրուտյան Ցիցիլիա, Հայաստան աշխարհի հրաշքներից մեկը, Հայաստան, Երևան, 1994, մայիսի 12
- Грицевич В., На концерте Медеи Абрамян, Монреаль-Торонто, 1997, Монреаль, Канада
- Рухкян Маргарита, Вы рождены для виолончели, Новое время, Ереван, 1999, 30 января
- Դանիել Երաժիշտ, Միջազգային մրցույթների հայազգի առաջին դափնեկիրները, Երաժշտական Հայաստան, Երևան, 2010, № 2
- Sarkisian Svetlana, Ritterin der armenischen Kunst: Medea Abrahamyan, Köln, 2013, № 1
- Մանվելյան Սերգեյ, Լեգենդար ավանգարդիստը, Жам, Москва, зима-2017
- Гомцян Н., Держащая высоту. Медее Абрамян-85, Голос Армении, Ереван, 2017, 22 декабря ևն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Կյանքից հեռացել է հանրահայտ թավջութակահար Մեդեա Աբրահամյանը
- ↑ Zirin, Mary; Livezeanu, Irina; Worobec, Christine D.; Farris, June Pachuta (2015 թ․ մարտի 26). Women and Gender in Central and Eastern Europe, Russia, and Eurasia: A Comprehensive Bibliography Volume I: Southeastern and East Central Europe (Edited by Irina Livezeanu with June Pachuta Farris) Volume II: Russia, the Non-Russian Peoples of the Russian (անգլերեն). Routledge. ISBN 9781317451976.
- ↑ User, Super. «TEMPORARY EXHIBITION AND CONCERT DEVOTED TO THE 80TH ANNIVERSARY OF THE VIOLONCELLIST MEDEA ABRAHAMYAN». www.gatmuseum.am (բրիտանական անգլերեն).
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Ս. Մանվելյան, Մեդեա Աբրահամյանի գերդաստանը, Հանրային ռադիո, 2020
- ↑ Wilson, Elizabeth (2011 թ․ մայիսի 5). Mstislav Rostropovich: Cellist, Teacher, Legend (անգլերեն). Faber & Faber. ISBN 9780571261147.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
- ↑ ««ՆԱԻՐԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄ | Մեդեա Աբրահամյան». nairifest.am.(չաշխատող հղում)
- ↑ «Մեդեա Աբրահամյանը փայլուն թավջութակահարուհի է. հանդիսավորությամբ նշվեց նշանավոր երաժիշտի հոբելյանը».
- ↑ «Լույս է տեսել լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին պատմող ժողովածուն». Ժամ ամսագիր.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդեա Աբրահամյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդեա Աբրահամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ |