Էդվարդ Միրզոյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Միրզոյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Միքայելի Միրզոյան (մայիսի 12, 1921[1][2][3], Գորի, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][3] - հոկտեմբերի 5, 2012[2], Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ։
Էդվարդ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1921[1][2][3] Գորի, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][3] |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2012[2] (91 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[3] |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1941)[3] |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն[3] |
Պարգևներ | |
Eduard Mirzoyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդվարդ Միրզոյանի հայրացուն՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Միրզայանը (1888 թ., Թիֆլիս - 1958 թ., Երևան), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ էր։ 1908 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1921 թվականին՝ կոնսերվատորիան։ Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր («Տոնածառ ջան, տոնածառը, «Ծիտիկի երգը և այլն)։
Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «011 աքսորականը», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական՝ «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ)։ Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, և ուրիշներ։ 1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թվականից՝ պատվավոր), 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։
Ստեղծագործական վաղ տարիները
խմբագրելԵրևանի կոնսերվատորիայում ուսանելու տարիները Միրզոյանի ստեղծագործական անհատականության ձևավորման շրջանն էր։ Այստեղ նա ուսանեց հարմոնիա, գործիքավորում, պոլիֆոնիա, ծանոթացավ հայ ժողովրդական և գուսանական երաժշտությանը, հայ և եվրոպական կոմպոզիտերների ստեղծագործություններին։ Այս տաներիներին նա գրում է ինքնուրույն գործեր՝ դաշնամուրի, կլառնետի, ֆլեյտայի պիեսները։ 1939 թ. ամռանը Էդվարդին գրած իր նամակներից մեկում Վ. Տալյանն առաջարկեց նրան ձեռնամուխ լինել ավելի մեծածավալ մի գործի՝ ջութակի սոնատի ստեղծմանը։ Այդ պատասխանատու առաջարկությունից վախեցած՝ Էդվարդը հրաժարվեց։ Արձակուրդներից հետո, երբ սկսվեց նոր ուսումնական տարին, Վ. Տալյանը կարողացավ համոզել նրան, վստահություն ներշնչել իր ուժերի ու հնարավորությունների նկատմամբ։ Առաջին անգամ հենց այս սոնատի մեջ երիտասարդ երաժիշտը երևան բերեց իր կոմպոզիտորական ինքնատիպ շնորհքը։ Այս ստեղծագործությունն առաջին անգամ կատարվեց կոնսերվատորիայում, 1939 - 1940 ուսումնական տարում, Վ. Տալյանի կոմպոզիտորական դասարանի համերգում։ Ջութակի պարտիան կատարեց պետօպերայի կոնցերտմեյստեր Ս. Խորոզյանը, նվագակցեց հեղինակը։
Այդ տարիների կամերային գործերից առանձնապես ժողովրդականություն են վայելում երկու ռոմանս ըստ Ավ. Իսահակյանի խոսքերի՝ «Ասում են թե…» (1940) և «Երազ» (1941)։ Երկու ռոմանսներն էլ նրա լավագույն վոկալ ստեղծագործություններից են։ «Ասում են, թե…» ռոմանսը մի իսկական հոգեբանական պոեմ է՝ դրամատիզմով ու հուզականությամբ առլեցուն։ Այս ռոմանսը կարելի է բաժանել երեք մասի. առաջինի մեջ հեղինակը վերարտադրում է Ավ. Իսահակյանի «Ասում են, թե՝ դու այնպես…» լիրիկական բանաստեղծության տխուր տրամադրությունը։ Ռոմանսի երրորդ մասը, որ ըստ էության սկզբնական երաժշտական նյութի կրկնությունն է, վերարտադրում է խորը կսկիծ և կարծես ավարտվում է հարցումով։
«Երազ» ռոմանսի մեջ զգալի ընդհանրություն է նկատվում նախորդ ռոմանսի հետ։ Միրզոյանի վերոհիշյալ երկու ռոմանսներում առանձնապես զգացվում է Ռ. Մելիքյանի «Զմրուխտի» վոկալ ցիկլի ազդեցությունը։ Երկու ռոմանսներն էլ անմիջապես նվաճեցին ունկնդիրների լայն շրջանների սերը։ 1941 թվականին Էդ. Միրզոյանը փայլուն կերպով ավարտեց կոնսերվատորիան՝ որպես դիպլոմային աշխատություն ներկայացնելով «Լոռեցի Սաքոն» ծրագրային սիմֆոնիկ պոեմը։ Նա կարողացավ իրեն հատուկ ֆանտազիայով ստեղծել հայ գյուղական կյանքի վառ, անմոռաց պատկերներ, կերտել Սաքոյի կերպարը, բացահայտել նրա ապրումների աշխարհը։ Սիմֆոնիկ պոեմը վերջանում է խավար ձորում վազվզող Սաքոյի խելագարությամբ։ Չոբան Սաքոյին բնութագրելու համար Միրզոյանն օգտագործում է իսկական, իր իսկ գրի առած հայկական մի ժողովրդական երգ։ «Լոռեցի Սաքոն» առաջին անգամ կատարվեց 1942 թ. մարտի սկզբին Հայֆիլհարմոնիայի դահլիճում։
Պատերազմի տարիներին գրած ստեղծագործությունները
խմբագրել1942 թ. մարտից մինչև նոյեմբերը Միրզոյանը ծառայեց խորհրդային բանակում՝ իր ամբողջ եռանդը տալով բանակային երգի ու պարի անսամբլներ կազմակերպելու և ղեկավարելու գործին։ Էդվարդը միաժամանակ շարունակում էր պարապել պոլիֆոնիայի խոշոր տեսաբան ու մասնագետ պրոֆ. Ք. Քուշնարյանի մոտ, որին խոր երախտագիտությամբ ու հարգանքով է հիշում։ Պատերազմի տարիներին հերոսական շունչը պատկերավոր ձևով է արտացոլվել Էդ. Միրզոյանի ստեղծագործության մեջ։ Այդ շրջանում նա գրեց բազմաթիվ մասսայական երգեր, ռոմանսներ, գործիքային ստեղծագործություններ, որոնցից առավելապես ժողովրդականություն է վայելում «Հայրենիքն է կանչում» խմբերգը (խոսք Ա. Վշտունու)։ Կերպարները ցայտուն են, արտահայտված զգացմունքներն՝ անմիջական ու ջերմ։ 1944 թվականի փետրվարին հայտարարվեց հայ կոմպոզիտորների բանակային լավագույն մասսայական երգի կոնկուրս։ «Փառք կարմիր բանակին» (խոսք Հ. Շիրազի) երգի համար Էդ. Միրզոյանն արժանացավ երկրորդ մրցանակի։ Այդ նույն օրերին կոմպոզիտորն ավարտեց «Հայրենական պատերազմի հերոսներին» սիմֆոնիկ պոեմը, որը հաջողությամբ կատարվեց Անդրկովկասյան հանրապետությունների երաժշտական տասնօրյակում, Թբիլիսիում, 1944 թ.: Սիմֆոնիկ պոեմը գրավեց երաժշտական հասարակայնության և խորհրդային երաժշտական խոշոր գործիչների ուշադրությունը։
Էդ. Միրզոյանի ստեղծագործություններից տասնօրյակում կատարվեցին նաև «Բալլադը» և «Երազ» ռոմանսը։ Պատերազմի տարիներին Միրզոյանը պարգևատրվեց «Կովկասի պաշտպանության համար», «Քաջարի աշխատանքի համար՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում», «Գերմանիային հաղթելու համար» մեդալներով։ Արվեստի գործերի վարչությունը 1946 թ. փետրվարին մի խումբ շնորհալի հայ երաժիշտների գործուղեց Մոսկվա՝ Հայաստանի կուլտուրայի տան երաժշտական ստուդիա՝ ավելի կատարելագործվելու համար։ Մեկնողների հետ էր նաև Միրզոյանը։
Այնտեղ երիտասարդ կոմպոզիտորների հետ պարապում էին ականավոր պրոֆեսորներ ու մանկավարժներ Գ. Լիտինսկին (կոմպոզիցիա, պոլիֆոնիա), Վ. Ցուկերմանը (երաժշտական ձևեր), Ն. Պեյկոն, Ն. Ռակովը (գործիքավորում)։ Այդ ամենը մեծ օգուտ տվեց մեր երիտասարդ կոմպոզիտորներին։ Երիտասարդների այդ խումբը Մոսկվայում հաճախ էր հանդիպումներ ունենում Ալ. Գայամովի, Կոմիտասի անվան կվարտետի անդամների հետ։ Էդ. Միրզոյանի գործերում զգացվում է նաև Ա. Խաչատրյանի ստեղծագործության ազդեցությունը։
Սիմֆոնիկ ստեղծագործությունները
խմբագրելԵրաժշտական ստուդիայում ուսանելու այդ տարիները (1946-1948) մեծ օգուտ տվեցին Էդ. Միրզոյանին։ Այդտեղ նա գրեց նոր գործեր, ընդլայնեց կերպարների ու գաղափարների շրջանակը, կատարելագործեց կոմպոզիտորական իր ունակությունը, ավարտեց «Սիմֆոնիկ պարեր» սյուիտը (1946), գրեց պոլիֆոնիկ սոնատ դաշնամուրի համար (1946), «Տոնական ուվերտյուրը» սիմֆոնիկ նվագախմբի համար (1947), լարային կվարտետ (1947) և «Հայաստան» կանտատը (1948)։
Այս գործերից ամեն մեկը լինելով ինքնատիպ՝ վկայում է Էդ. Միրզոյանի ստեղծագործական աճը։ Հիշյալ ստեղծագործություններն աչքի են ընկնում կոմպոզիտորական լավ տեխնիկայով, դինամիկորեն տոգորված սիմֆոնիկ զարգացմամբ, արտահայտիչ գործիքավորմամբ։ Հարկ է նշել Էդ. Միրզոյանի «Սիմֆոնիկ պարերը», որ հեղինակը ձոնել է Վ. Տալյանի հիշատակին։ այս ստեղծագործությունն աչքի է ընկնում մեծ դինամիկայով, երաժշտական կերպարների հակադրությամբ և գունագեղությամբ, հայ ժողովրդական երգերին ու պարերին մոտիկ լինելով, նվագախմբային վառ գույներով։ Սյուիտում կոմպոզիտորը դիմում է թե՛ իսկական ժողովրդական պարային մեղեդիներին («Չեմ ու չեմ», «Քոչարի»), թե՛ ստեղծում է ինքնուրույն պարային թեմաներ («Դանդաղ պար», «Արագ պար»)։ Սյուիտի չորս մասերում իրար են հաջորդում տարբեր բնույթի չորս պար և արտահայտում են տարբեր տրամադրություններ. առաջին մասը՝ «Դանդաղ պարը» հանդարտ է, երկրորդ մասը՝ «Քոչարին», առաջին պարի հակապատկերն է, առնական-կամային տղամարդկանց ժողովրդական պար։ Երրորդ՝ «Չեմ ու չեմ» մասում, հեղինակն օգտագործել է հայկական համանուն ու հանրահայտ պարի մեղեդին։ Սյուիտն ավարտվում է եռանդուն, կայտառ ու արագասահ «Արագ պարով»։ «Սիմֆոնիկ պարերը» առաջին անգամ կատարեց Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը 1946 թ.: «Տոնական ուվերտյուրը», որ հեղինակը ձոնել է Կ. Սարաջևին, առաջին անգամ կատարվել է 1947 թ., խմբավար Ա. Ստասևիչի ղեկավարությամբ։ Քառասնական թվականների կամերա-գործիքային ստեղծագործությունների թվում արժանի տեղ է գրավում Միրզոյանի լարային կվարտետը՝ առաջին դրամատիկ բնույթի նշանակալի գործը մեր ազգային կամերա-գործիքային երաժշտության մեջ։ Հինգ վարիացիաներում բացահայտվում են հոգեվիճակի տարբեր կողմեր։ Թեման մերթ ստանում է եռանդուն-կամային, մերթ հուզախռով-լիրիկական բնույթ։
Այլ ստեղծագործություններ
խմբագրելԷդ. Միրզոյանը մեծ ճաշակով է օգտագործում անսամբլի յուրաքանչյուր գործիքի տարբեր ռեգիստրների հնարավորությունները ամենաբազմազան զուգորդումներով։ Այս երաժշտական ստեղծագործության հիանալի կատարողն ու մասսայականացնողն է Կոմիտասի անվան վաստակավոր կվարտետը։ Այս ստեղծագործությանը լայն հասարակությունն առաջին անգամ ծանոթացավ Մոսկվայում, Հայաստանի կուլտուրայի տանը, 1947 թ., Կոմիտասի անվան կվարտետի կատարմամբ, որի կատարմամբ էլ այդ ստեղծագործությունը հնչեց արտասահմանյան շատ երկրներում։ Տեխնիկական բարդ կվարտետը աչքի է ընկնում պոլիֆոնիկ միջոցների ու գործիքավորման հարստությամբ, օրգանապես կապված է հայ ժողովրդական երաժշտության ոճի հետ։ Կվարտետը մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանացի երաժիշտների մեջ։ Պրոֆ. Շյուտցերը կոմպոզիտորին անվանեց «խաչատրյանական դպրոցի ամենացայտուն ներկայացուցիչը»։
Այս նույն կվարտետի մասին ահա թե ինչ է գրել Պրահայի երաժշտական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Էմիլ Գլոբիլը. « Էդ. ՄԻրզոյանի լարային կվարտետը շատ հետաքրքիր նորարարական ստեղծագործություն է։ Սոնատային ցիկլի ավարտվածությունն այս ստեղծագործության մեջ ձեռք է բերված վարիացիոն միջոցներով։ Սա բացառիկ դեպք է կվարտետային գրականության մեջ»։ Միրզոյանը 1948 թվականին վերադարձավ Հայաստան։ Երաժշտա-հասարակական աշխատանքը իր ոլորտի մեջ առավ նրան։ Պրոֆ. Կ. Սարաջևի հանձնարարությամբ Էդ. Միրզոյանը 1948 թվականին հրավիրվում է Երևանի կոնսերվատորիա՝ ղեկավարելու կոմպոզիցիայի դասարաններից մեկը՝ հանդիսանալով երաժշտության տեսության, պատմության և կոմպոզիցիայի ամբիոնի դոցենտ։ Լինելով իր ուսանողների լավ բարեկամը՝ Միրզոյանը չի դադարում լինել նաև խստապահանջ և սկզբունքային ուսուցիչ։ Իր մանկավարժական աշխատանքում Միրզոյանը առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ստեղծագործական դասարանի ուսանողներին առաջադրելով զուտ տեխնիկական խնդիրներ՝ ձևի, հարմոնիայի, պոլիֆոնիայի, օրկեստրավորման կերպերի տիրապետում, պահանջում է նաև, որ տվյալ աշխատությունը լինի ոչ միայն պարզապես ուսանողական առաջադրանքի կատարում, այլև գեղարվեստական գործ։ Այս ամենի ապացույցն են, օրինակ, Խ. Ավետիսյանի երգերն ու գործիքային ստեղծագործությունները, Յու. Գևորգյանի ջութակի, դաշնամուրի գործերը և «Խարույկ» օպերան (դիպլոմային աշխատանք, որ բեմադրվել է Երևանի օպերային թատրոնում), Ս. Ջրբաշյանի թավջութակի սոնատը և դաշնամուրի կվինտետը, Ս. Նաղդյանի դաշնամուրային տրիոն (դիպլոմային աշխատանք), Կ. Օրբելյանի լարային կվարտետը (որ գրել է նա կոնսերվատորիայի երկրորդ կուրսում և արժանացել է երիտասարդական համաշխարհային փառատոնի ոսկե մեդալի), Ջ. Տեր-Թադևոսյանի առաջին և երկրորդ սիմֆոնիաները (դիպլոմային աշխատանք), Ա. Տերտերյանի թավջութակի և դաշնամուրի սոնատը, «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ ցիկլը (դիպլոմային աշխատանք), Հ. Մելիք-Մուրադյանի «Կարմիր գլխարկ» բալետը (դիպլոմային աշխատանք)։
Ստեղծագործական կյանքը 50-ականերին
խմբագրելԷդուարդ Միրզոյանի կյանքում արդյունավետ էին 50-ական թվականները։ Նա շարունակեց իր մանկավարժական եռուն գործունեությունը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, զբաղվեց ստեղծագործությամբ, երաժշտա-հասարակական գործունեությամբ, գրեց հոդվածներ։ 1950-1952 թթ. նա Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարն էր, 1952-1957 թթ.՝ երաժշտական ֆոնդի հայկական բաժանմունքի վարչության նախագահը, 1957 թ.-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ, այդ թվականից էլ ղեկավարել է ստեղծագործական մի այնպիսի կարևոր կազմակերպություն, ինչպիսին է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Եղել է Հայֆիլհարմոնիայի և Հայաստանի կինեմատոգրաֆիայի նախարարության գեղարվեստական խորհուրդների անդամ։ 1958 թվականին, որպես ԽՍՀՄ կոմպոզիտորների միության պատվիրակ, նա եղավ Չինաստանում՝ չին ժողովրդի երաժշտական մշակույթին ծանոթանալու և փորձի փոխանակում կատարելու համար։ Այնտեղ նա ծանոթացավ Չինաստանի կոմպոզիտորների միության գործունեությանը, եղավ Շանհայի, Պեկինի և Տյանցզինի երաժշտական ուսումնարաններում և Կոնսերվատորիաներում, երիտասարդ չին երաժիշտներին ծանոթացրեց հայ ժողովրդի երաժշտական մշակույթին։ Երկու տարի հետո որպես Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմի պատվիրակության անդամ մեկնեց Ֆրանսիա։ Նա հետաքրքիր ուղևորություններ կատարեց նաև 1961 թ. ամռանը Ռումինիայում և Լեհաստանում։ Նույն տարում եղավ «Վարշավայի երաժշտական աշնանը»։ Նշանակալից է նաև այն ուղևորությունը, որ Կոմիտասի անվան վաստակավոր կվարտետի հետ միասին Էդ. Միրզոյանը կատարեց 1963 թ. հունվար-փետրվարին դեպի ԱՄՆ և Կանադա։
Կանտատները
խմբագրելՈրքան էլ Միրզոյանը ծանրաբեռնված լիներ երաժշտական-հասարակական եռուն գործունեությամբ, այնուամենայնիվ նա երբեք չի մոռացել իր իսկական, գլխավոր կոչումը՝ ստեղծագործությունը։ Ինչպես ասացինք, դեռևս Մոսկվայում, ստուդիայում ուսանելիս, նա գրեց «Հայաստան» (1948 թ.), իսկ 1949 թ.-ին՝ «Տոնական» կանտատները։ Երաժշտության բնույթի ու բովանդակության տեսակետից գրեթե նույն ժամանակ ստեղծված այս գործերը նման շատ բաներ ունեին։ Այդ հանգամանքը մղեց կոմպոզիտորին վերամշակել երկու կոնտատները և դրանց հիման վրա ստեղծել ավելի ամբողջական մի գործ։ Վերախմբագրված կանտատը լույս տեսավ 1952 թ.-ին «Սովետական Հայաստան» վերնագրով՝ դառնալով խորհրդահայ երաժշտության վոկալ-սիմֆոնիկ ժանրի առավել հաջող ստեղծագործություններից մեկը։ Կանտատը գրված է սիմֆոնիկ նվագախմբի, խառն երգչախմբի ու մենակատարների (սոպրանո, տենոր) համար։ Կանտատում օգտագործված են Սարմենի, Ա. Գրաշու և Գ. Սարյանի բանաստեղծություններից հատվածներ։ Դա հինգ մասից կազմված մի գործ է՝ համակված հայրենիքի ու ժողովրդի խոր սիրով։ Կանտատի առաջին մասը՝ «Ողջույն հերոսներին» (խոսք Սարմենի) արտացոլում է համաժողովրդական ցնծությունը Հայաստանում՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից հետո տուն վերադարձող հայ ռազմիկների գալստյան առթիվ։ «Երազ» այսպես է կոչվում կանտատի երկրորդ մասը (խոսք Գրաշու)։ Այս մասի երաժշտությունը մոտ է «Անտունի» տիպի հայ ժողովրդական երգերին։ Երրորդ՝ «Աշխատանքային երգ» վերնագրով մասի (խոսք Գ. Սարյանի) երաժշտությունը եռանդուն է, դինամիկ ու առույգ, աչքի է ընկնում ճկուն, սուր և երբեմն էլ պարային ռիթմով։ Չորրորդ՝ «Մոր վիշտը» վերնագրով մասում (խոսք Գրաշու) վերարտադրված է վշտաբեկ մոր կսկիծն ու ողբը իր զոհված հերոս որդու համար։ Կանտատի վերջաբանը՝ «Ժողովրդական տոնը» (խոսք Սարմենի) պատկերում է ժողովրդական տոնախմբության գունագեղությունը, գովերգում է հայրենի աշխարհն ու նրա մարդկանց։ Կոլորիտա-գունագեղ հարմոնիաները, համարձակ մոդուլացիաները, հետաքրքրական լադա-հարմոնիկ զուգորդումները, ռիթմիկ, ճկուն հիմքը, արտահայտիչ օրկեստրավորումը և մասսայական ու աշխատանքային երգերի ինտոնացիաների ստեղծագործական օգտագործումը զգալապես նպաստել են կերտելու կանտատի դինամիկ, արտահայտիչ երաժշտությունը։ «Սովետական Հայաստան» կանտատից բացի, կոմպոզիտորը գրել է մասսայական ժանրի գործեր, մշակել է ժողովրդական երգեր՝ ստեղծելով մեներգեր ու խմբերգեր, հորինել է «Հանուն խաղաղության» խմբերգը (1951 թ.), երկու գործ վոլտորնի համար (1958-1959 թթ.), Սիմֆոնիկ պոեմ (1955 թ.)։ 1957 թ.-ին ավարտեց «Ինտրոդուկցիա և պերպետուում մոբիլե» ջութակի և նվագախմբի համար։ Այս ստեղծագործությունը թեմատիկ տեսակետից սերտորեն իրար կապված երկու բաժնից է բաղկացած։ Առաջին բաժինը լիրիկական, սրտազեղ բնույթ ունի, երկրորդը՝ արագաշարժ-սրընթաց։ Այս ստեղծագործության մեջ ևս օգտագործվում են հայ ժողովրդական և գուսանական երաժշտության բնորոշ գծերը։ Այս գործն առաջին անգամ կատարվեց 1958 թ.-ին Անդրկովկասյան «Երաժշտական գարնան» համերգներում, ջութակահար Հակոբ Վարդանյանի և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (խմբավար Մ. Մալունցյան)։ Նույն թվականին Էդ. Միրզոյանը գրեց «Ֆեստիվալային վալսը» ձայնի համար դաշնամուրի նվագակցությամբ (խոսք Գ. Սարյանի)։ Հանրապետական փառատոնի համար գրված այս վալսն արժանացավ երկրորդ մրցանակի։ Վերջին տարիներին Էդ. Միրզոյանը գրեց մի քանի ֆիլմերի երաժշտությունը։ Դրանցից են «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1956 թ.), «Փլուզում» (1959 թ.), «Վարդագույն քաղաք» (1960 թ.), «Տասներկու ուղեկիցներ» (1961 թ.)։ Էդ. Միրզոյանը Երևանի քաղխորհրդի պատգամավոր է եղել 1950-1952 թվականներին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր 1959 թվականից, հաճախակի ընտրվել է Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմի անդամ, իսկ 1961 թվականից՝ Հայաստանի ԿՊ Կենտկոմի անդամության թեկնածու։ Միրզոյանը 1956 թվականին պարգևատրվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով։ Նույն թվականին նրան շնորհվեց դոցենտի կոչում, 1958 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր գործչի, իսկ 1963 թվականին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։
Սիմֆոնիան
խմբագրելԷդ. Միրզոյանը մեր ժամանակի այն երաժիշտներից է, որոնք խելամիտ կերպով փնտրում են մի նոր բան արվեստում, ձգտում են արտացոլել ժամանակի ոգին, իրականությունը, խաղաղ և երջանիկ կյանքի և լուսաշող ապագայի համար ժողովրդի մղած պայքարը։ Այս ամենի վառ վկայությունն է քառամաս սիմֆոնիան, որ գրված է լարային նվագախմբի և լիտավրների համար (c moll)։ Այս սիմֆոնիան հեղինակի ստեղծագործական խոշոր որոնումների վկայությունն է։ Լինելով խորապես գաղափարական, կենսալի ու լավատեսական ստեղծագործություն՝ սիմֆոնիան հավատ է ներշնչում ունկնդրին։ Սիմֆոնիայի երաժշտությունն այնքան ժողովրդական ու արդիական է, այնքան նոր ու թարմ է հնչում, որ առաջին տակտերից մինչև վերջին ակորդը ունկնդրին պահում է լարված վիճակում։ Վստահությամբ կարող ենք ասել, որ Էդ. Միրզոյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև նրա սահմաններից դուրս։
Պարգևներ
խմբագրել- «Կիրիլ և Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա)
- ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1988 թ.)
- Մովսես Խորենացու մեդալ (1998 թ.)
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան (2001 թ.)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2001 թ.),
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2005)[4]
- «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշան
- ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ (2006 թ.)
- Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային մեդալ (2006 թ.)
- «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալ
- Պատվո շքանշան (2011 թ.)[5]
Հիշատակ
խմբագրել2013 թվականի հունվարի 24-ին Հայաստանի հանրային խորհուրդը որոշում է կայացրել՝ Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանել Էդվարդ Միրզոյանի անունով[6]։
Մրցույթ
խմբագրել2014 թվականից սկսած ամեն տարի Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 8-12-ը կազմակերպում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որի եզրափակիչն ու գալա համերգը տեղի է ունենում հենց կոմպոզիտորի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։
Ստեղծագործություններ
խմբագրելԿինոֆիլմերի երաժշտություն
խմբագրել- Երբ քեզ հետ են ընկերներդ 1959 թ.
- Այսօր արևոտ օր է 1971 թ.
- Հեղկոմի նախագահը 1977 թ.
- Աքսորական N 011 1978 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мирзоян Эдвард Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 618.
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները». gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Հանրային խորհրդի որոշմամբ` Դիլիջանի կոմպոզիտորների տունը կկոչվի Էդվարդ Միրզոյանի անունով
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միրզոյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Միրզոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 618)։ |