Բացել գլխավոր ցանկը

Սվետլանա Նավասարդյան

հայ երաժշտության ուսուցիչ, դաշնակահար

Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյան (հոկտեմբերի 29, 1946(1946-10-29), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի և երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1989)։

Սվետլանա Նավասարդյան
Բնօրինակ անունհայ․՝ Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյան
Ծնվել էհոկտեմբերի 29, 1946(1946-10-29) (73 տարեկան)
Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԼեյբլՄելոդիա և Naxos Records
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» շքանշան, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, Մովսես Խորենացու մեդալ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ և Queen Elisabeth Competition laureate?
Կայքsvetlananavasardyan.com

Սվետլանա Նավասարդյանի կատարումներին հատուկ են մասշտաբայնությունը, մեկնաբանության խորությունը, դրամատիկ հագեցվածությունը, կամային նպատակաուղղվածությունը, արտիստիզմը, հզորության և քնարականության զուգորդումը[1][2][3][4]։

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ շրջանԽմբագրել

Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Ալավերդի քաղաքում[1], մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Հովհաննես Սերգեյի Նավասարդյանը (1914-1995) պատմաբան էր, մայրը՝ Հրանուշ Հովհաննեսի Պետրոսյանը (1920-1990) մաթեմատիկոս[5]։ Սվետլանան ընտանիքի երկու դուստրերից ավագն է։ Սվետլանայի մայրը, լինելով մանկավարժ-մաթեմատիկոս, նաև պրոֆեսիոնալ երգչուհի էր (քնարադրամատիկական սոպրանո), և մանկուց դստեր մեջ սերմանում էր սեր դասական երաժշտության հանդեպ[5]։ Ինչպես հետագայում հիշել է դաշնակահարուհին.

  Մորս ձայնը, նրա երգեցողությունը եղան իմ «առաջին երաժշտական համալսարանները» և, անշուշտ, իմ՝ իբրև արտիստի ձևավորման ու կայացման գործում մորս դերը դժվար է գերագնահատել[6]։
- Սվետլանա Նավասարդյան
 

Հինգ տարեկանից Սվետլանան սովորում էր Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ինը տարեկանում նա արդեն հանդես է եկել մենահամերգով, որի ընթացքում կատարել է Բախի 30 երկձայն և եռաձայն ինվենցիաների լրիվ ցիկլը[7]։ Երբ Սվետլանան 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1959-1964 թվականներին Սվետլանան շարունակել է երաժշտական կրթությունը սկզբում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Վաչե Ումր-Շատի դաշնամուրի դասարանում[5]։ 14 տարեկանում կայացել է դաշնակահարուհու դեբյուտային ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ. Նավասարդյանը կատարել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի երկրորդ մասը, որը սովորել էր բավականին կարճ ժամանակում՝ ընդամենը երկու օրում:

Ուսանողական տարիներԽմբագրել

1964 թվականին Սվետլանա Նավասարդյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, կրկին Վ․ Ումր-Շատի դաշնամուրի դասարան[4]։ Հիշելով ուսուցչի մասին, Նավասարդյանը ասել է․

  Ես եկա նրա մոտ 12 տարեկանում՝ Հայդնի սոնատով և Կրամերի էտյուդներով, գնացի միջազգային երկու մրցույթների դափնեկիր դարձած։ Մեր առաջին իսկ դասերից Վաչե Վահանովիչը վերաբերվեց ինձ, դեռահաս աղջկաս, որպես ստեղծագործական անհատականության, և ուղեկցեց ինձ դեպի մեծ արվեստի աշխարհ[8]։
- Սվետլանա Նավասարդյան
 

Ուսանողական տարիներին Նավասարդյանը հաջողությամբ սկսել է իր մրցույթային կարիերան, դառնալով Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի հաղթող (Թբիլիսի, 1965), Շումանի (Ցվիկկաու, 1966) և Բախի անվան միջազգային մրցույթների դափնեկիր (Լայպցիգ, 1968)[4]։ 1966 թվականից Նավասարդյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար էր[1]։ 1968 թվականին, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, նեյհաուզյան հանրահայտ դաշնամուրային դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յակով Զակի դաշնամուրի դասարան։ 1971 թվականին գերազանցությամբ ավարտելով կոնսերվատորիան, Նավասարդյանը ընդունվել է ասպիրանտուրա (Յա․ Զակի դասարան), որն ավարտել է 1973 թվականին։

Կատարողական և մանկավարժական գործունեությունԽմբագրել

1972-1974 թվականներին Նավասարդյանը Մոսկվայի կոնսերվատորիայի ասիստենտ էր։ 1972 թվականին նա դարձել է Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (Բրյուսել)[4]։ Նույն թվականից Նավասարդյանը «Госконцерт» համերգային միավորման մենակատար էր։ Այս շրջանից սկսած Նավասարդյանը շրջագայել է աշխարհի ավելի քան 40 երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Անգլիա, Իսպանիա, Ավստրիա, Բելգիա, Շվեյցարիա, Հունաստան, Լեհաստան, Բուլղարիա, Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Կուբա, Քուվեյթ, ևն), համերգներով հանդես գալով այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Սիդնեյի օպերային թատրոնը, Լայպցիգի «Գեվանդհաուս» դահլիճը, Փարիզի «Գավո» դահլիճը, Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճը[9]։

1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1981 թվականից կոնսերվատորիայի դոցենտ էր, 1989 թվականից՝ պրոֆեսոր)[1][4]։ 1977 թվականին Նավասարդյանը արժանացել է Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկրի կոչման[2]։ Տևական ժամանակ Նավասարդյանը «Խորհրդային արվեստ» ամսագրի խմբագրակազմի անդամ էր[10]։ 1989 թվականի ձմռանը Նավասարդյանը առաջին անգամ հանդես է եկել ոչ միայն դաշնակահարի, այլև դիրիժորի դերում․ ղեկավարելով Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Նավասարդյանը կատարել է Հայդնի ռե մաժոր դաշնամուրային կոնցերտը, Բարբերի Ադաջիոն լարային նվագախմբի համար և Շուբերտի 5-րդ սիմֆոնիան[11]։

Իր համերգային գործունեության ընթացքում Սվետլանա Նավասարդյանը համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Սիդնեյի, Փարիզի, Սլովակիայի սիմֆոնիկ նվագախմբերի, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի, «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հետ, ինչպես նաև այնպիսի հանրահայտ դիրիժորների և մենակատարների հետ, ինչպիսիք են Եվգենի Սվետլանովը, Վալերի Գերգիևը, Վասիլի Սինայսկին, Վլադիմիր Զիվան, Դմիտրի Լիսսը, Էլիսո Վիրսալաձեն, Վլադիմիր Սպիվակովը, Յուրի Բաշմետը, Վիկտոր Տրետյակովը, Ռուբեն Ահարոնյանը, Նիկոլայ Մադոյանը[9]։

Նավասարդյանը վարպետության դասեր է անց կացրել Դամասկոսի կոնսերվատորիայում (1992), Մոնրեալի համալսարանում (1993), Ճապոնիայի տարբեր քաղաքներում (1996, 1998), Ստրասբուրգի կոնսերվատորիայում (2006), Վեյմարի Լիստի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում (2008), Մոսկվայի կոնսերվատորիայում (2013) և բազմաթիվ այլ երաժշտական ուսումնական հաստատություններում։ Նա մասնակցել է Բրատիսլավայի, Վառնի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Փարիզի, Տուրի, Վենետիկի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Պոտսդամի, Գրանադայի միջազգային երաժշտական փառատոններին, եղել Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի (1978, 1981), Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների մրցույթ-փառատոնի (1989, 2017, 2019), Թբիլիսիի դաշնակահարների միջազգային մրցույթի (1997), Լիստի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի (2009, 2014) ժյուրիի անդամ, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ (2011)[9]։

Այժմ Սվետլանա Նավասարդյանը բնակվում է Երևանում ու Փարիզում, ակտիվորեն շարունակելով համերգային և մանկավարժական գործունեությունը[12]։

Ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Սվետլանա Նավասարդյանի լայն նվագացանկը ընդգրկում է ավելի քան 360 ստեղծագործություն՝ սկսած բարոկկոյի շրջանից մինչև ժամանակակից դասական երժշտություն։ Դրանց թվում են Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Բրամսի, Շոպենի բոլոր դաշնամուրային կոնցերտները, Հայդնի (ռե մաժոր և սոլ մաժոր), Շումանի, Արենսկու, Գլազունովի, Ռախմանինովի (№ 1 и № 2), Պրոկոֆևի (№ 2 и № 3), Շոստակովիչի (№ 1), Ստրավինսկու, Բարտոկի (№ 3), Խաչատրյանի, Հովունցի (նվիրված Ս․ Նավասարդյանին) դաշնամուրային կոնցերտները, Չայկովսկու Կոնցերտ-ֆանտազիան դաշնամուրի և նվագախմբի համար, նշված կոմպոզիտորների, ինչպես նաև Շուբերտի, Լիստի, Պուլենկի, Ռ․ Շտրաուսի, Սկարլատիի, Դեբյուսիի, Շչեդրինի, Հինդեմիտթ, Կոմիտասի, Բաբաջանյանի, Մանսուրյանի և այլոց բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններ[Ն 1]։ Նավասարդյանը այն եզակի դաշնակահարներից է, որոնք կատարել են Մոցարտի (թվով 27) և Բախի (թվով 13) դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլերը[Ն 2]։ Նավասարդյանը կարևորում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը[9]։

Միջազգային մամուլում երաժշտական քննադատների կողմից Սվետլանա Նավասարդյանը գնահատվել է որպես «հայ մեծանուն դաշնակահարուհի», «դաշնամուրային հրաբուխ», «անվիճելի անհատականություն», «ընդդիմության խորհրդանիշ այն ամենին, ինչը մարմնավորում է կանխատեսելիություն և առօրեականություն ժամանակակից դաշնամուրային արվեստում»։ Նավասարդյանի գործունեությունն արժանացել է բազմաթիվ հանրաճանաչ երաժիշտների բարձր գնահատականին։ Ինչպես նշել է դաշնակահար Էմիլ Գիլելսը

  Իր տաղանդի բյուր կողմերով հիացնող Սվետլանա Նավասարդյանը կարող է լինել ցանկացած բեմի զարդը[9]։  


Նավասարդյանի կատարողական վարպետությունը բարձր է գնահատել նաև դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը, ընդգծելով Հինդեմիտթի «Ludus Tonalis» դաշնամուրային ցիկլի կատարումը[9]։ Երաժշտագետները Նավասարդյանի կատարումներում ընդգծում են կատարյալ տեխնիկան, կենտրոնացվածությունը, երաժշտական նյութի նկատմամբ օբյեկտիվ մոտեցումը, մեկնաբանության էպիկական կառույցը նույնիսկ ռոմանտիկ դաշնամուրային գրականության կատարման ընթացքում[2]։

ՊարգևներԽմբագրել

ԿոչումներԽմբագրել

Շքանշաններ և մեդալներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

  • Անդրկովկասյան դաշնակահարների մրցույթի 1-ին մրցանակ (Թբիլիսի, 1965)[1]
  • Շումանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Ցվիկկաու, 1966)[16]
  • Բախի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 4-րդ մրցանակ (Լայպցիգ, 1968)[9]
  • Բելգիայի Եղիզաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային մրցույթի 5-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Բրյուսել, 1972)[17]
  • Սիդնեյի դաշնակահարների միջազգային մրցույթի 2-րդ մրցանակ և արծաթե մեդալ (Սիդնեյ, 1977)[18]
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)՝ Յ․ Ս․ Բախի դաշնամուրային կոնցերտների լրիվ ցիկլի կատարման համար[9]
  • Հայաստանի Լենինյան կոմերիտութան մրցանակ (1970)՝ համերգային կատարողական գործունեության համար[19]։

ԱյլԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Այդ թվում Մոցարտի բոլոր դաշնամուրային սոնատները։
  2. Բախի 13 կոնցերտները կատարվել են երեք երեկոյի ընթացքում 1985 թվականին։ 1988 թվականին Նավասարդյանը դրանց կատարման համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ափոյան Շ․Հ․ Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Հայկական սովետական հանրագիտարան․ — Եր․, 1982․ Հ․ 8, էջ 190
  2. 2,0 2,1 2,2 Григорьев Л., Платек Я. Навасардян Светлана Оганесовна // Современные пианисты. — М.: Советский композитор, 1990
  3. 3,0 3,1 Նավասարդյան Սվետլանա Հովհաննեսի // Ով ով է: Հայեր: Կենսագրական հանրագիտարան․ — Եր․, «Հայկական հանրագիտարան» հրատ․, 2005․ Հ․ 2, էջ 211
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Навасардян Светлана Оганесовна // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1982. — Т. 6. — С. 1964.
  5. 5,0 5,1 5,2 Շագոյան Գ․ Նվիրում ծնողներիս // Ազգ օրաթերթ․ - 2016, № 1
  6. Դանիելյան Ս․ «Ծնողներս Գեղեցիկի գերի, տոն բերող մարդիկ էին…» // «Առավոտ» օրաթերթ, 17.11.2015
  7. 7,0 7,1 Svetlana Navasardyan // Music of Armenia
  8. Гомцян Н. Она дарит ощущение бесконечности // Голос Армении: общественно-политическая газета. — 09․11․2016
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Սվետլանա Նավասարդյանի պաշտոնական կայք // svetlananavasardyan.com
  10. Джавадян Э. Сила звука // Газета Российско-армянского университета. — 08․04․2011. № 111
  11. Золотова И. Концептуальность и воля // Советская музыка. — 1990. — Т. 54. — С. 87—92
  12. Դանիելյան Ս․ Դաշնակահարուհու համար Փարիզը այլ «մոլորակ» է // «Առավոտ» օրաթերթ, 12․01․2013
  13. ՀՀ նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին», 16․09․2010
  14. ՀՀ նախագահի հրամանագիրը «Ս․Հ․ Նավասարդյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին», 17․09․2016
  15. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն // «Առավոտ» օրաթերթ, 15․07․2015
  16. Former Winners // International Robert Schumann Competition
  17. Svetlana Navassardian // Queen Elisabeth Competition
  18. Previous Juries and Winners of the Competition. 1977 Competition // Sydney International Piano Competitio
  19. ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիրներ // Հայկական սովետական հանրագիտարան․ — Եր․, 1987․ Հ․ 13, էջ 680
  20. 2017 թ. գլխավոր մրցանակակիրներ // «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն
  21. Աշխարհահռչակ դաշնակահարուհին Մանկավարժականում // Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 06.05.2013

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 190