Դմիտրի Շոստակովիչ
Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբերի 12 (25), 1906[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 9, 1975[2][1][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։ Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»:
![]() |
Որպեսզի պարզ դառնա մեր երկրի 1930-1970 թթ. պատմությունը, բավական է լսել Շոստակովիչի սիմֆոնիաները - Մոսկովսկիե նովոստի
|
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ տարիքԽմբագրել
Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Ընտանիքում նա երեք երեխաներից մեկն էր, ուներ իրենից տարիքով մեծ և փոքր քույրեր։ 1915 թ.-ին Շոստակովիչը ընդունվում է Մարիա Շիդլովսկու կոմերցիալ Գիմնազիա: Այդ ժամանակ էլ ստանում է իր առաջին լուրջ երաժշտական տպավորությունները։ Ռիմսկի–Կորսակովի «Հեքիաթ Սալթան Թագավորի մասին» օպերան լսելուց հետո երիտասարդ Շոստակովիչը որոշում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Առաջին դաշնամուրի դասերը կոմպոզիտորը ստանում է մորից։ Մի քանի ամիս պարապելուց հետո ընդունվում է այն ժամանակ հայտնի մանկավարժ Իգնացիա Գլյասերայի մասնավոր երաժշտական դպրոց։ 1919 թվականի ամռանը երիտասարդ երաժշտին է լսում Ալեքսանդր Գլազունովը, որը չափազանց բարձր է գնահատում Շոստակովիչի կոմպոզիտորական ընդունակությունները։ Նույն թվականի աշնանը Շոստակովիչը ընդունվում է Պետրոգրադի կոնսերվատորիան։
1920-ականներԽմբագրել
1923 թ.-ին Շոստակովիչն ավարտում է Պետերբուրգի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (Լ. Վ. Նիկոլաևայի դասարան), իսկ 1925 թ.-ին՝ կոմպոզիտորական բաժինը (Մ. Օ. Շտեյնբերգի դասարան)։ Որպես դիպլոմային աշխատանք Շոստակովիչը գրում է իր «Առաջին սիմֆոնիան», որը կոմպոզիտորին բերում է առաջին լուրջ հաջողությունը։ Շոստակովիչը իր երիտասարդ տարիներից մեծ հիացմունք է տածում Ռուբինշտեյնի, Ռախմանինովի և Պրոկոֆևի նկատմամբ, և մտադրվում է վերջիններիս նման շարունակել իր կարիերան և՛ որպես դաշնակահար, և՛ որպես կոմպոզիտոր։ Սակայն ըստ Կոնստանտին Իգումնովի վկայության, նրա նվագում պակասում էին «զգացմունքն ու ուժը»: 1927 թ.-ին Շոպենի անվան առաջին միջազգային մրցույթում Շոստակովիչը արժանանում է դիպլոմի։ Այստեղ ժյուրիի անդամներից դիրիժոր Բրունո Վալտերը նկատում է դաշնակահարի արտասովոր ընդունակությունները (Շոստակովիչը ի թիվս այլ ստեղծագործությունների, մրցույթում կատարում էր նաև սեփական ստեղծագործությունները)։ Բրունո Վալտերը՝ ծանոթանալով կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի հետ, անմիջապես խնդրում է պարտիտուրան փոխանցել իրեն, և նույն թվականի աշնանը Բեռլինում կատարելով սիմֆոնիան, Շոստակովիչին բերում է առաջին հաջողությունը։
1927 թվականին Շոստակովիչի կյանքում տեղի է ունենում երկու նշանակալի իրադարձություն։ Առաջին. Լենինգրադ է ժամանում Ալբան Բերգը իր «Վոցցեկ» օպերայի պրեմիերայի առթիվ։ Սա մշակութային խոշոր իրադարձություն էր Լենինգրադում։ Շոստակովիչը՝ լսելով այս օպերան, մտահղանում է իր «Քիթ» օպերան։ Երկրորդ. Շոստակովիչը ծանոթանում է Իվան Սոլերտինսկու հետ, ում միջոցով ծանոթանում է ժամանակի շատ ու շատ խոշոր արվեստագետների հետ։ Այսպես. սովորելով Պաուլ Հինդեմիթի «թիվ 2 կամերային երաժշտությունը» (Երկ 36)՝ Շոստակովիչը ստեղծում է իր առաջին դաշնամուրի և շեփորի կոնցերտը։
1920–1930 թթ. կոմպոզիտորը ստեղծում է իր երկրորդ ու երրորդ «փորձարարական» սիմֆոնիաները (երկուսում էլ օգտագործում է երգչախումբ)։
1930-ականներԽմբագրել
«Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» (ռուս.՝ Леди Макбет Мценского уезда) Օպերան Ըստ Լեսկովի առակի, (Գրել է 1930-1932 թթ, բեմադրվել է Լենինգրադում 1934 թ) Սկզբում ընդունվում է հիացմունքով, և կատարվում է մեկուկես տարի, սակայն անսպասելիորեն քննադատվում է թերթերում («Շիլփոթ երաժշտության փոխարեն», «Պրավդա», 28 հունվարի, 1936 թ.) և հանվում է երգացանկից։ Նույն 1936 թվականին պետք է կայանար Շոստակովիչի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան։ Այս սիմֆոնիան նախորդներից տարբերվում էր իր մոնումենտալությամբ և կրում էր իր ժամանակի շունչը՝ իր մեջ ընդգրկելով ողբերգական պաթոս և գրոտեսկ, լիրիկական և ինտիմ էպիզոդներ։ 4–րդ սիմֆոնիան նախանշում էր կոմպոզիտորի նոր, ավելի հասուն ստեղծագործական ճանապարհւ: Սակայն կոմպոզիտորը՝ լավ ըմբռնելով իր ժամանակը, դեկտեմբերյան պրեմիերայից առաջ դադարեցրեց սիմֆոնիայի նվագախմբային փորձերը՝ հասկանալով, որ երկրում սկսվում է պետական տեռոր։ Այն ժամանակ, երբ գրեթե ամեն օր մտավորականներ էին ձերբակալվում, այս սիմֆոնիայի կատարումը կնշանակեր ձեռնոց նետել իշխանությանը։ Չորրորդ սիմֆոնիան առաջին անգամ կատարվեց միայն 1961 թ.-ին՝ ստեղծումից 25 տարի հետո։
1937 թ.-ի մայիսին Շոստակովիչը վերջացնում է իր 5-րդ սիմֆոնիան։ Այս սիմֆոնիան տարբերվում էր նախորդ «նորարարական» սիմֆոնիաներից իր դրամատիկ ոճով, հերոսականությամբ և նոր շնչով (չնայած արտաքինից պահպանում էր դասական սիմֆոնիայի քառամաս ձևը՝ սոնատային ալլեգրո, սկերցո, ադաջիո և ֆինալ՝ հաղթական տրամադրություններով)։ Իր հինգերորդ սիմֆոնիան Շոստակովիչը մեկնաբանում էր, որպես «Սովետական կոմպոզիտորի պատասխանը՝ կուսակցության արդարացի քննադատությանը»: Պրեմիերայից հետո «Պրավդայում» լույս տեսած գովասանական հոդվածում 5–րդ սիմֆոնիան որակվում է, որպես «Սիմֆոնիկ երաժշտության մեջ սոցիալական ռեալիզմի օրինակ»: Իշխանությունների հետ հարաբերությունները ժամանակավորապես բարելավվում են, սակայն այդ պահից սկսած Շոստակովիչի կյանքը ձեռք է բերում երկճյուղ բնույթ՝ մի կողմից ամեն կերպ չգժտվել իշխանությունների հետ, մյուս կողմից՝ մշտապես պահպանել անհրաժեշտ անկախությունը[5]: 1937 թ.–ից Շոստակովիչը դասավանդում է Լենինգրադի կոնսերվատորիայում (1939 թ.–ից ՝ դասախոս)։
1940-ականներԽմբագրել
Շոստակովիչի հաղորդագրությունը 7-րդ սիմֆոնիայի մասին | |
Լենինգրադ, 1941 թ. ռադիոհաղորդում | |
Օգնություն |
Մեծ հայրենական պատերազմի սկզբում Շոստակովիչը սկսում է աշխատանքը 7-րդ սիմֆոնիայի վրա, որը հետագայում անվանվում է «Լենինգրադյան»: Առաջին անգամ կատարվում է 1942 մարտին մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 1942 թ.-ի օգոստոսի 9–ին 7–րդ սիմֆոնիան կատարվում է Լենինգրադում՝ շրջափակման պայմաններում։
Մեկ տարի անց ստեղծվում է 8-րդ սիմֆոնիան։ Ստեղծագործություն, որում պատկերվում են պատերազմի սարսափները, իշխանությունների ոճիրները, ժողովրդի հերոսականությունը, անհատի հույզերը։ Այս սիմֆոնիան աչքի է ընկնում իր խոհափիլիսոփայական մտքի մեծ թափով։ 1943 թ.-ին կոմպոզիտորը տեղափոխվում է Մոսկվա, և մինչև 1948 թ. դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում: Նրա ուսանողներից էին Ռ. Բունինը, Գ. Սվիրիդովը, ինչպես նաև հայազգի Կարեն Խաչատրյանը: Այս ընթացքում Շոստակովիչը ավելի շատ ստեղծագործում է կամերային երաժշտության ժանրում (դաշնամուրային կվինտետ (1940 թ.), դաշնամուրային տրիո (1944 թ.), լարային քառյակ թ.2 (1944 թ.), թ.3 (1946 թ.), թ.4 (1949 թ.)։ 1945 թ.-ին, պատերազմի ավարտից հետո, Շոստակովիչը գրում է իր 9-րդ սիմֆոնիան, որը կրում է գրոտեսկային ոճ՝ շրջապատող աշխարհի հանդեպ՝ իրոնիկ մոտեցումով։ Սիմֆոնիան արժանանում է լուրջ քննադատության, որովհետև պատերազմում հաղթելուց հետո իշխանությունները Շոստակովիչից սպասում էին մոնումենտալ–հերոսական և հաղթական տրամադրությամբ սիմֆոնիա։ 1948 թվականից Շոստակովիչի հանդեպ սկսվում են մեծ ճնշումներ։ Ստալինյան հրահանգի համաձայն՝ այն է կարգուկանոն հաստատել ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունում, իրենց զբաղեցրած դիրքերից ազատվում են մի շարք կոմպոզիտորներ, այդ թվում Շոստակովիչը, Պրոկոֆևը և Արամ Խաչատրյանը: Նրանք մեղադրվում էին «Ֆորմալիզմում», որն այդ ժամանակ ԽՍՀՄ–ում ամենատարածված մեղադրանքն էր։ Սակայն նույնիսկ ուժեղ ճնշման ընթացքում Շոստակովիչի ստեղծագործական բեղունությունը շարունակվում է։ 1948 թ.-ին գրվում է առաջին ջութակի կոնցերտը (պրեմիերան՝ 1955 թ.)
1950-ականներԽմբագրել
Շոստակովիչը հրավիրվում է Լայպցիգ, որպես Բախի անվան միջազգային մրցույթի Ժյուրիի անդամ։ Վերադառնալով՝ Շոստակովիչը հղանում և ստեղծում է իր դաշնամուրային 24 Պրելյուդները և ֆուգաները՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ կոմպոզիտորին և իր «Լավ տեմպերացված կլավիրին»: Խրուշչովյան ձնհալի ժամանակ Շոստակովիչը, ինչպես և իր ժամանակակիցները ստանում են որոշակի ստեղծագործական ազատություն։ 1950–ականների երկրորդ կեսին Շոստակովիչի ստեղծագործությունը ստանում է համեմատաբար լավատեսական բնույթ (6–րդ լարային քառյակ (1956), Երկրորդ դաշնամուրային կոնցերտ (1957), Օպերետտա «Մոսկվա-Չերյոմուշկի». Միաժամանակ կոմպոզիտորը զբաղվում է «պատմական–սիմֆոնիկ» երաժշտությամբ՝ 1957–ին ստեղծելով 11–րդ սիմֆոնիան և այն անվանելով «1905 թիվը», շարունակում է ստեղծագործել գործիքային կոնցերտի ժանրում, գրում է թավջութակի առաջին կոնցերտը (1959)։ Այս տարիներին սկսվում է Շոստակովիչի մերձեցումը իշխանությունների հետ։ 1957 թ.–ին նա դառնում է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Նույն թվականին ընդունվում է ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության շարքերը։
1960-ականներԽմբագրել
1961-ին Շոստակովիչը շարունակում է իր «պատմական սիմֆոնիայի ժանրը», և, որպես «1905 թվականի» շարունակություն, ստեղծում է 12-րդ սիմֆոնիան («1917 թիվը», Լենինի հիշատակին)։ Այս ծրագրային սիմֆոնիայով Շոստակովիչը մոտենում է կինոերաժշտության ժանրին (Մասնավորապես, նույն լեյտմոտիվը կրկնվում է սիմֆոնիայի բոլոր 4 մասերում էլ)։ Պատկերվում է Պետրոգրադի տեսարանը, Լենինի հյուղակը Ռազլիվ լճի ափին, և հոկտեմբերյան իրադարձությունները։
1962-ին ըստ Եվգենի Եվտուշենկոյի «Բաբի Յար» պոեմի (որն անդրադառնում է ռուսական Անտիսեմիտիզմին), գրում է իր 13-րդ սիմֆոնիայի առաջին մասը՝ Բասի, երգչախմբի և նվագախմբի համար, հետագայում ավելացնում է ևս 4 մաս՝ պատկերելով ժամանակի ռուսական կյանքը և ոչ հեռու անցյալի պատմությունները[6]: 1960-ականների վերջին Շոստակովիչի երաժշտությունը վերագտնում է իր խորը խոհափիլիսոփայական բնույթը։ 11-րդ և 12-րդ լարային քառյակները (1966, 1968), երկրորդ թավջութակի (1966) և երկրորդ ջութակի (1967) կոնցերտները, Ջութակի և դաշնամուրի սոնատան (1968, Դավիթ Օյստրախի 60 ամյակի առթիվ), վոկալ ստեղծագործություններն ըստ Ալեքսանդր Բլոկի, կրում են տագնապալից, թախծոտ և խոհափիլիսոփայական բնույթ։ 14-րդ սիմֆոնիայով (1969) Շոստակովիչը խախտում է դասական սիմֆոնիայի բոլոր չափանիշները։ Այստեղ նա օգտագործում է կամերային նվագախումբ, բաս և սոպրանո: 11 մասանի սիմֆոնիայում հնչում են Ապոլիների, Ռիլկեի Կյուխելբեկերի և Լորկու պոեզիաների ռուսերեն թարգմանությունները։ Սրանց ընդհանրությունը խորհրդածությունն է մահվան մասին։ Որոշ քննադատներ 14–րդ սիմֆոնիային տալիս են «աթեիստական ռեքվիեմ» անվանումը։
1970-ականներԽմբագրել
Ստեղծվում են Վոկալ ցիկլերը ըստ Ցվետայևայի և Միքելանջելոյի, 13-րդ (1967–1970 թթ.), 14 - րդ (1973 թ.), և 15-րդ (1974 թ.) լարային քառյակները։ 1971 թ.-ի ամռանը Շոստակովիչը ավարտում է իր վերջին՝ 15-րդ Սիմֆոնիան (որտեղ առկա են սերիական երաժշտության տարրեր)։ Սիմֆոնիայի պրեմիերան կայանում է 1972 թ.-ի հունվարի ութին։ Շոստակովիչի վերջին ավարտուն ստեղծագործությունը հանդիսանում է Ալտի և Դաշնամուրի սոնատան։ Կյանքի վերջին տարիների Կոմպոզիտորը տառապում է թոքերի քաղցկեղից։ Դմիտրի Շոստակովիչը վախճանվում է 1975 թվականի օգոստոսի 9-ին։ Հուղարկավորվում է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
ԵրաժշտությունԽմբագրել
Վաղ Տարիքում Շոստակովիչը ազդվել է Մալերի, Բերգի, Ստրավինսկու, Պրոկոֆևի, Պաուլ Հինդեմիթի և Մուսոգրսկու երաժշտություններից։ Սերտելով դասական և ժամանակակից երաժշտությունը, Շոստակովիչը շատ արագ ձեռք է բերում սեփական երաժշտական լեզուն։ Շոստակովիչի երաժշտությունը 20-րդ դարի երաժշտության գագաթն է։ Նա ամենից առաջ հայտնի է սիմֆոնիկ երաժշտության և լարային քառյակի ժանրում։ Ի տարբերություն Սիմֆոնիաների, որոնք գրվել են կոմպոզիտորի ամբողջ կյանքի ընթացքում՝ որոշակի շրջաններով, լարային քառյակների մեծ մասը գրվել են կյանքի վերջին տարիներին։ Շոստակովիչին ամենամեծ ճանաչումն են բերել հինգերորդ, յոթերորդ, ութերորդ սիմֆոնիաները, 8–րդ և 15–րդ լարային քառյակները, առաջին ջութակի և առաջին թավջութակի կոնցերտները։ Շոստակովիչի երաժշտությունը կրել է տարբեր կոմպոզիտորների ազդեցությունը, մասնավորապես տեսանելի է Յոհան Սեբաստիան Բախի ազդեցությունը՝ ֆուգաներում և պասակալիաներում, Բեթհովենի՝ ուշ շրջանի կվարտետներում, Մալերի՝ սիմֆոնիաներում։ Շոստակովիչը հմայված էր հատկապես Մուսորգսկու երաժշտությամբ և նրա «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաների համար գրել է նոր գործիքավորումներ։ Մուսորգսկու ազդեցությունը հատկապես նկատելի է «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» օպերայում, 11-րդ սիմֆոնիայում, ինչպես նաև սատիրիկական ստեղծագործություններում։
Շոստակովիչի տուն-թանգարանը Սանկտ ՊետերբուրգումԽմբագրել
2006 թ.–ին Սանկտ Պետերբուրգի «Մարատի» փողոց հ.9 հասցեի երեք սենյականոց բնակարանում բացվել է Շոստակովիչի տուն–թանգարանը։ Շոստակովիչը այդ բնակարանում ապրել է 1914–1933 թթ. ուսանողական տարիներին։ Թանգարանում պահպանվում են անձնական իրեր, նամակներ, նկարներ, համերգների աֆիշներ, թերթերի հոդվածներ և այլն։ Թանգարանը հանդիսանում է Պետերբուրգի թատերական թանգարանի մասնաճյուղ։
Շոստակովիչը և ՀայաստանըԽմբագրել
Շոստակովիչը ամբողջ կյանքում սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի և հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Նրա ուսանողներից էր Ղազարոս Սարյանը: Շոստակովիչը բազմաթիվ անգամ այցելել է Հայաստան: 1963-65 թթ. հանգստացել և ստեղծագործել է Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը, որտեղ գրել է 9-րդ և 10-րդ լարային քառյակները և «Համլետ» ֆիլմի երաժշտությունը։ Դիլիջանի այն տանը, որտեղ ապրել է կոմպոզիտորը, այժմ տեղադրված է հուշատախտակ։ Շոստակովիչը իր հոդվածներում բազմիցս անդրադարձել է հայ երաժշտության զարգացման հարցերին և հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը[7]:
Հիմնական ստեղծագործություններԽմբագրել
- 15 Սիմֆոնիա
- Օպերաներ «Քիթ», «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից», «Իգրոկի» (ավարտել է Քշիշտոֆ Մեյերը)
- Օպերետտա «Մոսկվա, Չերյոմուշկի»
- Բալետներ «Ոսկե դար», «Բոլտ», «Սվյետլի Ռուչեյ» (ռուս. «Светлый ручей»)
- 15 Լարային Քառյակներ
- Դաշնամուրային կվինտետ
- 6 Գործիքային կոնցերտներ (երկուական դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար)
- Ռոմանսներ և պիեսաներ Ձայնի և դաշնամուրի ու ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար
- Երաժշտություն «Հասարակ մարդիկ» (ռուսերեն «Простые люди») ֆիլմի համար։
ՊարգևներԽմբագրել
Խորհրդային Միություն
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)
- Լենինի շքանշան (1946, 1956, 1966)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1971)
- Կարմիր դրոշի շքանշան (1940)
- Ժողուվուրդների բարեկամության շքանշան (1972)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954)
- ՌԽՍՀ Ժողովրդական արտիստ (1948)
- Խաղաղության համաշխարհային մրցանակ (1954)
- Լենինյան մրցանակ (1958 - 11-րդ սիմֆոնիայի համար "1905")
- Ստալինյան մրցանակ
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1968)
- ՌՍՖՍՀ Գլինկա պետական մրցանակ (1974 - 14-րդ լարային քառյակի և երգչախմբային փուլային համար «հավատարմություն»)
- Տարաս Շևչենկոյի Ուկրանիայի ազգային մրցանակ (Հետմահու)
Միացյալ Թագավորություն
- Ոսկե մեդալով թագավորական ֆիլհարմոնիկ հասարակությունում (1966)
Ֆինլանդիա
- Սիբելիուսի մրցանակ (1958)
Միացյալ Նահանգներ
- Օսկար առաջադրումը Խովանշչինա, Լավագույն երաժշտություն 1961 թ։
Դանիա
- Լեոնի Սուննինգի երաժշտական մրցանակ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Шостакович Дмитрий Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ (Սոլոմոն Վոլկով ) 20-րդ դարի ռուս մշակույթի պատմություն. Լև Տոլստոյից մինչև Ալեկսանդր Սոլժենիցին ((ռուս.)История русской культуры ХХ века: От Льва Толстого до Александра Солженицына ), М.: Эксмо, 2008, էջ 162
- ↑ (ռուս.) Անատոլի Կուզնեցով, «Բաբի Յար», Ինտերբուկ հրատ. 1991, վերջին գլուխ, էջ 335 (Анатолий Кузнецов. Бабий Яр (поный вариант). Интербук, 1991. ISBN 5-7664-0389-5. Глава последняя, современная Уничтожение пепла c. 355)
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, էջ 544
Արտաքին հղումներԽմբագրել
Նյութեր Վիքիքաղվածքում | |
Դմիտրի Շոստակովիչ Վիքիպահեստում |
- Պաշտոնական կայք Կենսագրություն, փաստագրական ժամանակագրություն, լուսանկարներ, ստեղծագործությունների ցանկ, Սկավառակագրություն, հրապարակախոսություն, նամակներ, արխիվ (ռուս.)
- http://dsch.shostakovich.ru/ Archived 2010-07-19 at the Wayback Machine.
- «Свидетельство». Հիշողություններ Դմիտրի Շոստակովիչիի մասին (ռուս.)
- Կենսագրություն, օրինակները՝ նոտաներով, տարատեսակ տեղեկություններ(ռուս.)
- http://develp.envi.osakafu-u.ac.jp/staff/kudo/dsch/dsch-e.html Archived 2005-02-23 at the Wayback Machine.
- Դմիտրի Շոստակովիչ. կենսագրություն, ստեղծագործության բնութագիրը(ռուս.)
- Сумбур вместо музыки (ռուս.) «Պրավդա», հունվարի 28, 1936 թ
- Балетная фальшь (ռուս.)// «Պրավդա», փետրվարի 6, 1936 թ.
- Փաստաթղթերի և լուսանկարների հավաքածու
- Սոլոմոն Վոլկով. Ստալինը և Շոստակովիչը ((ռուս.)Сталин и Шостакович: случай «Леди Макбет Мценского уезда» // Знамя. 2004. № 8.
- Շոստակովիչը «Շեքսպիրի աշխարհ էլեկտրոնային հանրագիտարանում» (հեղ.՝ Զախարով Օ. Ա)
- Շոստակովիչի այցելությունը ԱՄՆ
- Գերմաներեն կայք Շոստակովիչի մասին
- Շոստակովիչի ստեղծագործությունների ամբողջական ցանկ (Սիկորսկի) Archived 2009-07-04 at the Wayback Machine.
- Տեսաձայնագրություն. Շոստակովիչը՝ «Քիթ» օպերայի փորձի ժամանակ (1975)
- http://www.neue-impulse-verlag.de/filebase/details/34/realismus--zur-musikalischen-aesthetik-dmitri-schostakowitschs.html Archived 2010-03-11 at the Wayback Machine.
- Դմիտրի Շոստակովիչի ժառանգությունը (wsws.org)(գերմ.)
- Սովետական կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչ. վառ պահենք հիշողությունները (sozialismus.info)(գերմ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |