Մկրտիչ Ավգերյան
Մկրտիչ Հայրապետի Ավգերյան (նոյեմբերի 11 (22), 1762[1][2], Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 3, 1854[3][1][2], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2]), աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի)։
Մկրտիչ Ավգերյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11 (22), 1762[1][2] |
Ծննդավայր | Անկարա, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 3, 1854[3][1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, բառարանագիր, աստվածաբան և թարգմանիչ |
Mkrtich Avgeryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1774 թվականին մտել է Սուրբ Ղազար վանք, ձեռնադրվել հոգևորական, ծավալել բեղմնավոր գիտական, մշակութային գործունեություն։ Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» (հ. 1–12, 1810–15) կոթողական աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ։ Առանձնակի արժեք ունի 12-րդ հատորը՝ «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է՝ հարուստ հավելյալ տվյալներով։
Գրել է կրոնաբարոյախոսական բնույթի բազմաթիվ երկեր, որոնցից «Բարի խորհուրդներ» (1809) և «Դեղ կենաց, որ է հոգեւոր բժշկարան» (1810) աշխատությունները շարադրված են արևմտահայերեն և կարևոր են վերջինիս պատմությունն ուսումնասիրելու առումով ևս։ Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում. լատիներենից գրաբար է թարգմանել Հեթում պատմիչի «Պատմութիւն թաթարաց»-ը (1842), Աղեքսանդր Թասսոնի «Ապացոյցք կրօնի եւ պատասխանատուութիւնք»-ը (1844), Սենեկայի «Ճառք իմաստասիրականք»-ը (1849), Կիկերոնի «Յաղագս պատշաճից»-ը (1845), Գրիգոր Մեծի «Կանոն հովուական»-ը (1846) և այլն։
Գրաբարից լատիներեն է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ. Ավետիքյան, Խ. Սյուրմելյան)։ Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (1846, 1865 երկրորդ տպագրութիւն)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Aucher, Johann Baptist (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 14. — S. 382.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (առցանց), Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան, Վենետիկ, 1836-1837.
- «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» (առցանց), Հ. Մկրտիչ Աւգերեան և Հ. Գրիգոր Ճէլալեան, Վենետիկ, 1865 (երկրորդ հրատարակութիւն).
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավգերյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Ավգերյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 608)։ |