Բացել գլխավոր ցանկը

Հանդես ամսօրյա, հայագիտական ամսագիր։ Հրատարակում է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը 1887 թ-ից Վիեննայում։ Հիմնադիրներն ու առաջին աշխատակիցներն էին հայտնի գիտնականներ, միաբանության անդամներ Ա. Այտընյանը, Հ. Գրիգորիս Գալեմքյարյանը, Հ. Հակովբոս Տաշյանը, Հովսեփ Պարոնյանը և այլք։ Մեծ ներդրում ունի հայագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրության ասպարեզում։ Տարբեր ժամանակներում «Հանդես ամսօրյա»-ում տպագրված հայագիտական աշխատությունները խմբագրությունը հրատարակում է աոանձին գրքերով (ցայսօր՝ ավելի քան 220)՝ «Ազգային մատենադարան» մատենաշարով։

«Հանդես ամսօրյան» հրապարակել է նյութեր նաև հայկական հարցի վերաբերյալ։ Առաջին աշխարհամարտի տարիներին և հետո դատապարտել է հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում, անդրադարձել հայ ազգային-ազատագրական շարժումների պատմությանը («Ազատության շարժումը ԺԵ-ԺԶ դարուն հայոց մեջ», 1917), գրել ցեղասպանությանը զոհ գնացած հայագետների մասին («Հայ կաթողիկե կղերին նահատակները», 1920), ողջունել հայկական պետականության վերականգնումը («Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչված», «Հայաստանի անկախությունը», 1920), ցավով նկարագրել ավերակված հայկական բնակավայրերը, մեկնաբանել ավերումի պատճառները («Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին», հոդվածաշարը, 1921) և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png