Վահրամ Փափազյան (դերասան)

հայ արձակագիր, գրող, դերասան
Այս հոդվածը հայ դերասանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահրամ Փափազյան (այլ կիրառումներ)։

Վահրամ Գամերի Փափազյան (հունվարի 18 (30), 1888, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հունիսի 5, 1968(1968-06-05), Լենինգրադ, ԽՍՀՄ[1]), հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։

Վահրամ Փափազյան
Ծնվել էհունվարի 18 (30), 1888
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 5, 1968(1968-06-05) (80 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան,
թատերական ռեժիսոր
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԹուրքիա Թուրքիա
ՍՍՀՄ ՍՍՀՄ
Կրթություն


Ամպլուադրամատիկ
ԴերերՕթելլո, Համլետ, Կորրադո
ՆերկայացումներՇեքսպիրի «Օթելլո», Շեքսպիրի «Համլետ», Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը»
Կինոդերեր
Պարգևներ

Լենինի շքանշան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956) Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDb0660380
ԿինոՊոիսկ349531
Վահրամ Փափազյան
Վահրամ Փափազյան
 Vahram Papazian Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Վահրամ Փափազյանը ծնվել է Կ. Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Գամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Սագըզաղաճի ու Մոտայի Մխիթարեան վարժարաններում, Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, ապա՝ Միլանի գեղարվեստի ակադեմիայում։

Վահրամ Փափազյանն ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ 1908 թվականին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896 թվականի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Ջարդը»։

Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելլի, հանդես է գալիս նրանց խմբերում։

Մինչ այդ Փափազյանը թեթևակի շփվել էր կովկասահայ թատրոնի հետ։ 1907 թվականին նա հայտնվում է Փարիզում և, Շիրվանզադեի ու Աբելյանի խորհրդով, մեկնում Բաքու։

Վերադառնալով Իտալիա՝ Փափազյանը կես տարի շրջագայում է իտալական մի թատերախմբի հետ։ Այդ ժամանակից սկսվում է նրա դերասանական կյանքը։ Երիտասարդ դերասանը հայտնվում է ծննդավայր Պոլսում այն ժամանակ, երբ երկրում սահմանադրություն էր հռչակվել։ Ուրիշ արգելքների հետ վերացել էր նաև ներկայացումներ տալու արգելքը։ Եվ Փափազյանը հանդես է գալիս Օթելլոյի դերով։ Օթելլոյին հաջորդում են «Սանդուխտ կույսը» (Փափազյան-Սանատրուկ), ապա և հատվածներ «Սիդ», «Արծվիկ» պիեսներից։ Ելույթներ է ունենում հայրենի քաղաքում, հետո ներկայացումներ Ռոդոստոյում, հետո ելույթներ Աթենքում՝ Օրեսթեսի և Օթելլոյի դերով, ապա՝ Ջենովա՝ իտալական թատերախմբերի հետ, խաղացանկը՝ Ռոստան, Բատայլ, Ուայլդ, հետո կրկին Կ. Պոլիս, ապա՝ Սոֆիա, բուլղարական ուրիշ քաղաքներ, այնուհետև Զմյուռնիա, ուր անառողջ Սիրանույշին փոխարինել է Համլետի դերում, ապա նորից Կ. Պոլիս։ Այստեղ «Հայ դրամատիկ»ի թատերախմբով շրջում է Թրակիա, Մակեդոնիա, Ալբանիա և այլուր։

1913 թվականին Փափազյանը հրավեր ստացավ Թիֆլիսի հայ դրամատիկական ընկերությունից։ «Հայ դրամատիկի» գործունեությունը Կ.Պոլսում շատ էր անհեռանկար և նա լքեց հայրենի քաղաքը՝ համոզված, որ փրկում է իր դերասանական ապագան։

Այսպես բոլորեց Փափազյանի դերասանական կյանքի առաջին շրջանը։ 1913-1922 թվականները կարելի է համարել Փափազյանի դերասանական կյանքի երկրորդ շրջանը։

Փափազյանը խաղացել է Ռոմեոյի դերը։ Ինչպես հայկական խաղացանկի բուռն սիրահարի՝ Սեյրանի դերում, շեքսպիրյան սիրահարի դերում ևս Փափազյանը չի ապավինել իր շնորհներին, այլ արտահայտել է կերպարների դրամատիկական բովանդակությունը։

1920 թվականին Փափազյանը մի վերջին անգամ հայտնվում է իր ծննդավայրում և այնուհետև նա մեկնում է Խորհրդային Հայաստան։

1922 թվականին Երևանի նորաստեղծ պետական թատրոնում Փափազյանը խաղում է Կառլոսի («Ավազակներ»), Պրինչիվալեի («Մոննա Վաննա») և Հայնրիխի («Ջրասույզ զանգ») դերերը, բեմադրում մի քանի պիես («Դոն Ժուան», «Քին», «Սատանայի աշակերտը» և այլն)։ Բայց հաջորդ տարվանից հանդես է գալիս Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում։ Արվեստագետի գործունեությունն ավելի արդյունավետ է լինում Թիֆլիսի Հայ դրամայում, ուր նա գլխավորում է թատրոնը (1926-1927 թթ)։ Այս թատերաշրջանում նա խաղում է ոչ միայն իր ավանդական դերերը, այլև, իբրև մի «սովորական» դերասան, հանդես գալիս «հերթական» ներկայացումներում. Ղարա («Կապկազ թամաշա»), Վլադիմիր («Բուքը»), Ժորժ («Մորգանի խնամին»)։ Ոչ միայն խաղում է, այլև բեմադրում. «Մակբեթ», «Կապկազ-թամաշա», «Դիմակահանդես»։

1928 թվականին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևաց Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թվականին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։

1932-1954 թվականներին բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում՝ Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիները Փափազյանը տարավ պաշարված Սանկտ Պետերբուրգում՝ հանդես բերելով ոչ միայն արտիստական, այլև քաղաքացիական և հայրենասիրական բարձր նկարագիր։ 1948 թվականի հունվարի 12-ից հյուրախաղերով եղել է Երևանում, Երաժշտական կոմեդիայի թատրոնում գլխավոր դերերով հանդես է Շեքսպիրի «Օթելո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» և այլ ներկայացումներում[2]։

Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։

Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թվականին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին[3][4]։

Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։

Մահացել է Լենինգրադում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[5]։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։

 
Վահրամ Փափազյանի հուշատախտակը Կիևյան փողոցում
 
Վահրամ Փափազյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1917 - Սաիդե (դեբյուտը կինոյում՝ Էռնեստո Վահրամ անունով)
  • 1917 - Երազ ու կյանք
  • 1917 - Փառքի դարպասների մոտ - ջութակահար Վիկտոր Ստավսկի
  • 1917 - Մթնշաղ - երաժիշտ Զարեմբա
  • 1917 - Գայթակղություն - ֆրա Ցիո
  • 1917 - Սիրո երկրում - Ալբերտո
  • 1917 - Այրին - Ռոբերտ Տոտվեն, Մորիսի ընկերը
  • 1918 - Ստելլա Մարիս
  • 1918 - Գարնանային քամու հեքիաթը - հայտնի ավիատոր
  • 1918 - Պոետն ու ընկած հոգին - Կրասով, գրող
  • 1918 - Не та, так другая
  • 1918 - Երջանկության կողքով - Ալեքսեյ, Վանդայի եղբայրը
  • 1918 - Клятвой спаянные - Ների
  • 1918 - Բժիշկ Կատցել - բժիշկ Կատցել
  • 1918 - Երկու մայր
  • 1922 - Բոսֆորի գաղտնիքը
  • 1922 - Սիրային ողբերգություն Ստամբուլում
  • 1923 - Աղջկա աշտարակի գաղտնիքը - Սամեդ խան
  • 1953 - Մեծն զորավար Սկանդերբերգը - սուլթան Մուրադ II
  • 1955 - Ուրվականները հեռանում են լեռներից - Դանիել-բեկ
  • 1956 - Սիրտն է երգում - Գաբրիել աղա
  • 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - Միհրան աղա
  • Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1956, 464 էջ։
  • Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1957, 472 էջ։
  • Սրտիս պարտքը, Երևան, 1959, 176 էջ։
  • Իմ Օթելլոն, Երևան, 1964, 512 էջ։
  • Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1968, 436 էջ։
  • Անահիտ, Երևան, 1969, 96 էջ։
  • Լիր արքա, Երևան, 1971, 331 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Հետադարձ հայացք, գիրք 1, Երևան, 1979, 460 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Հետադարձ հայացք, գիրք 2, Երևան, 1981, 464 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Իմ Օթելլոն, Երևան, 1982, 456 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Համլետը ինչպես տեսա…, Երևան, 1983, 408 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Լիր արքա, Երևան, 1983, 384 էջ։
  • Թանձրացումներ, Երևան, 1988, 136 էջ։

Մամուլ

խմբագրել
  • Թո՛ղ լինի, ողջունում եմ։ «Գարուն», 1967, № 2, էջ 10։
 
Վահրամ Փափազյանի կիսանդրի (Երևան)

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Վահրամ Փափազյան (ժողովածու), Երևան, 1959։
  • Հայ սովետական թատրոնի պատմություն, Երևան, 1967։
  • Ռուբեն Զարյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1972, 158 էջ։
  • Շեքսպիրական, հատ. 4, Երևան, 1974։
  • Գառնիկ Ստեփանյան, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հատ. 3, Երևան, 1975։
  • Գառնիկ Ստեփանյան, Վահրամ Փափազյանի հետ (հուշեր), Երևան, 1979, 102 էջ։
  • Լևոն Հախվերդյան, Հայ թատրոնի պատմություն (1901-1920), Երևան, 1980։
  • Ռուբեն Զարյան, Էջեր հայկական շեքսպիրապատումից, գիրք 2, Երևան, 1981, 326 էջ։
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 565։
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1986, էջ 326-327։
  • Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյան, Երևան, 1988։
  • Գևորգ Աբաջյան, Հայոց ցեղասպանության անդրադարձը Վահրամ Փափազյանի արվեստում, Ե., 1997, 52 էջ։
  • Գրիգորյան Վ., Մեր Փափազը, մեր Շեքսպիրը, մեր կռիվը, Երևան, 2002։
  • Գևորգ Աբաջյան, Վահրամ Փափազյանի գրչի սխրանքը, Ե., Մաշտոց, 2004, 46 էջ։

Աղբյուրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  2. «Գրկան թերթ», 1948, № 1:
  3. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թվական
  4. «Папазян Ваграм Камерович - это... Что такое Папазян Ваграм Камерович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. ««...եթե արվեստագետը բացառիկ ուժ է». Վահրամ Փափազյան (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  6. Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրամ Փափազյան (դերասան)» հոդվածին։