Մեսրոպ Սմբատյանց

հայ բանասեր, պատմաբան

Մեսրոպ Աբրահամի Սմբատյանց (Տեր-Կարապետյան-Սմբատյանց Գրիգոր) (մարտի 10, 1833(1833-03-10) - փետրվարի 9, 1911(1911-02-09), Երուսաղեմ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, պատմաբան, հոգևորական, տեղագիր-ճանապարհորդ[1]։

Մեսրոպ Սմբատյանց
Մեսրոպ Սմբատյանց
Կառավարում
Տիտղոս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Ժամանակամիջոց 1888 թ- 1910 թ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներ
Գործունեություն Հոգևոր-մշակութային գործիչ
Մտավորական
Գրող
Անունը ծնվելիս Տեր–Կարապետյան-Սմբատյանց Գրիգոր
Ծնվել է 1833 մարտի 10
Ծննդավայր Փորադաշտ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն,
Մահացել է Փետրվարի 9, 1911
Մահվան վայր Երուսաղեմ, Օսմանյան Թուրքիա
Թաղված է Երուսաղեմի Հայկական Առաքելական եկեղեցու եպիսկոպոսական հանգստարանում, Երուսաղեմ
Հայր Աբրահամ Սմբատյան
Մայր Ջավահիր
Ձեռնադրում 1856 թ.

Կենսագրություն խմբագրել

Սմբատյանց տոհմը սերում է 16-րդ դարում Վայոց ձորում իշխող Սմբատ իշխանից, որի նստավայրն էր Նախիջևանը։ Թուրք-պարսկական պատերազմների պատճառով սերունդները ստիպված են եղել տեղափոխվել տարբեր բնակավայրեր և ի վերջո, 1828 թվականին հաստատվել Նախիջևանում։ Տոհմի ներկայացուցիչներից էր Փորադաշտի ավագ քահանա Աբրահամ Տեր-Կարապետյան Սմբատյանցը, ով ուներ ինը զավակ։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Նորս, որտեղ հայրը՝ Աբրահամը, քահանայական սպասավորություն է իրականացրել։

1833 թվականի մարտի 18-ին մկրտվել է անվանակոչվելով Գրիգոր։ Նախնական կրթությունը ստացել է հոր մոտ (1840-1845 թթ.), ապա Նախիջևանի գավառական ուսումնարանում՝ (1845 -1847 թթ.)։ 1847-1850 թթ. սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում։1866 թվականին, դաոնալով Տաթևի վանքի վանահայր, կազմել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկի անվանացանկը, վանքում պահվող գրչագրերի ձեռագրացուցակը և վանահայրեր համառոտ գավազանագիրքը։ Նախիջևանի թեմի փոխանորդ եղած ժամանակ (1867 թվական) կազմել է այդ գավառի 88 հայաբնակ գյուղերի ցուցակը։ 1868 թվականին կարգվելով Երևանի թեմի փոխանորդ, բարեկարգել տեղի Թեմական դպրոցը։ 1872 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1888 թվականին ստացել արքեպիսկոպոսի աստիճան։ 1870-1887 թթ. եղել է Էջմիածնի սինոդի անդամ։ 1886 թվականին վարել է Գևորգյան ճեմարանի վերատեսչի, 1887-1895 թթ.՝ Շամախիի, Բաքվի և Անդրկասպյան թեմի առաջնորդի, 1895 թ.-ին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության տեղապահի պաշտոնները։ Երնջակի Սուրբ Կարապետ վանքի վանահայր եղած տարիներին (1897-1907 թթ.) գրել է «Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջայայ և շրջակայից նորա» (1904) աշխատությունը։

Հայաստանի տարբեր վայրերից (Արմավիր, Ցոլակերտ, Երվանդակերտ, Աբովյան, Փանիկ, Շահրիար և այլն) հավաքել է ուրարտական մի քանի տասնյակ արձանագրություններ, նմանահանել և հրապարակել «Ճռաքաղ», «Համբավաբեր Ռուսիո», «Բազմավեպ», Էջմիածնի «Արարատ» պարբերարկաններում։ Հետագայում Սմբատյանցը ուրարտական արձանագրությունների իր հայտնաբերումներն ամփոփել է «Բևեռաձև արձանագրութիւնք Արարատեան նահանգի, 1862-191)» ժողովածուում (Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JNT* 4578)։ 1895 թ.-ին այն թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն։ Սմբատյանցը ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ (1892)*: Արժեքավոր են նաև Սմբատյանցի պատմատեղագրական բնույթի գործերը, որոնք առատ նյութ են պարունակում նրա նկարագրած բնակավայրերի վիճակի պատմության, աշխարհագրության, ազգագրության, եկեղեցիների, վանքերի, մատուռների, արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների վերաբերյալ։ Կազմել է ПОО-ից մինչև իր օրերն ընդգրկող «Ժամանակագրութիուն», որն անտիպ է։

Մեսրոպ Սմբատյանցի շինարարական գործունեությունը խմբագրել

Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց վաթսունամյա հոգևոր գործունեությանը զուգահեռ ձեռնարկել է մի շարք բարեկարգումներ պատմական Գեղարքունիք, Նախիջևան, Երնջակ գավառներում, Աղվանքում[2]։ Գլխավորելով Մուղնու Ս. Գևորգ վանքի միաբանությունը՝ 1868 թվականին նրա նախաձեռնությամբ կառուցվել են վանական դպրոցի համար նախատեսված սենյակները, բարեկարգվել է պարտեզ, իսկ 1868-1870 թթ. վերանորոգվել է Երևանի Ս. Սարգիս եկեղեցու առաջնորդարանն ու դպրոցը։ 1870 թվականին նրա անմիջական մասնակցությամբ հայրը՝ Տեր Աբրահամը, և եղբայրները հիմնել են հայրենի Նորս գյուղի (պատմական Ճահուկ գավառ) դպրոցը, իսկ 1875թ. վերանորոգել են Ս. Երրորդություն բազիլիկ եկեղեցին, կառուցել են գյուղի աղբյուրը։

1875-1879 թթ. Մեսրոպ Սրբազանը կառուցել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին 5-րդ դարի կառույցի տեղում։ Շինարարությանն օժանդակել է ամենայն հայոց Գևորգ Դ կաթողիկոսը (1866-1882) և Օշականի ազգաբնակչությունը։ Մինչ այդ 1860 թվականին եկեղեցուն կից բացվել է ծխական դպրոցը, իսկ 1884 թվականին ավարտում է եկեղեցու արևելյան մասում գտնվող կրկնահարկ զանգակատան կառուցումը։

1887-1894 թթ. զբաղեցնելով Շամախու, Անդրկասպյան և Բաքվի (Ատրպատականի թեմ) տարածքների թեմակալ առաջնորդի պաշտոնը՝ Մ. Սմբատյանցի նախաձեռնությամբ և օրհնությամբ վերակառուցվել կամ կառուցվել է եկեղեցիներ, դպրոցներ, այդ թվում՝ Ս. Սաղիանի վանքն ու վանական դպրոցը (բաքվաբնակ Բուդաղյան եղբայրների ֆինանսական աջակցությամբ), Բաքվի աղքատանոցը և Ս. Հարություն մատուռը, Գանձակ, Գիրք, Ղուլակա կամ Ղալակա, Քիլվար, Մեյսարի, Ավանաշեն գյուղերի եկեղեցական և Շամախի քաղաքի արական դպրոցները[3], Քեալբանդ, Բլիստան կամ Բիլիստան, Աղբուլաղ, Արփավուտ, Հնղար, Քովլուջ, Բզավանդ , Քարքանջ գյուղերի եկեղեցիները[4]։ Մ․ Սմբատյանցը վերանորոգել է նաև Բաքու քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը, նախաձեռնել է հայկական դպրոցի շինարարությունը, ապա հայկական գերեզմանատանը կառուցել է եկեղեցի-մատուռ[5]։

Գնահատելով Սրբազանի աշխատասիրությունն ու նվիրվածությունը՝ Մակար կաթողիկոսը նշում է.

  Գովանի նշանակք առաքելաշաւիղ եպիսկոպոսութեան, որովք զանձիդ ընծայեցուցանես յօրինակ բարի բանաւոր հօտին Քրիստոսի, յանաղարտ պահպանութիւն կարգաց և կանոնաց Հայաստանեայց սրբոյ եկեղեցւոյ  

:

Մեսրոպ Սմբատյանցի բանասիրական վաստակը խմբագրել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը մեծ ներդրում ունի հայագիտության մեջ։ Իբրև ժամանակի նշանավոր հոգևորական Մ. Սմբատյանցը ավելի քան հիսուն տարի հոգևոր, շինարարական, վիմագրական ակտիվ գործունեություն է ծավալել Արևելյան Հայաստանում, Աղվանքում, ինչպես նաև հարակից երկրներում։ Մեզ են հասել նրա տպագիր և անտիպ ուսումնասիրությունները, որտեղ կան պատմական, վիմագրագիտական, ազգագրական, ժողովրդագրական, բանասիրական նյութեր։

Ուսումնասիրության է արժանի հեղինակի նամականին՝ ժամանակաշրջանի անվանի հոգևոր և աշխարհիկ գործիչների՝ Վենետիկի Մխիթարյան միաբաններ Ղևոնդ Ալիշանի[6][7], Գաբրիել Այվազովսկու, Քերովբե Պատկանյանի, լեզվաբան, պատմաբան, հնագետ Լևոն Մսրյանցի (1867-1933 թթ.), գրող, մանկավարժ Պերճ Պռոշյանի, Սմբատ Շահազիզի[8], Երվանդ Լալայանի[9], Մկրտիչ Էմինի և այլ հոգևոր և մշակութային գործիչների հետ։

Արժեքավոր և ծավալուն տեղեկություններ կան Մեսրոպ Սմբատյանցի անտիպ գործերում. հայագիտությանը նվիրված բազմաբնույթ նյութեր, տեղագրական քարտեզներ, եկեղեցիների հատակագծեր, մեկ տասնյակի հասնող չափածո ստեղծագործություններ։ Այդ առումով հետաքրքրության է արժանի նրա բանասիրական ժառանգությունը, որում ընդգրկված են քնարական ժանրի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են ուղերձը, ներբողը[10], ողբերգը, էպիտաֆիան կամ դամբանական բանաստեղծությունը։ Մոտ մեկ տասնյակ բանաստեղծություններ կան նվիրված հայագետ Ղևոնդ Ալիշանին, մանկավարժ, հնագետ Մկրտիչ Էմինին[11], միջնադարյան Անի մայրաքաղաքին, Նախիջևան քաղաքին։

1887 թվականի հունիսին լինելով միջնադարյան Անի մայրաքաղաքում՝ Մ․ Սմբատյանցը երեք օր ճարտարապետ Թ. Թորամանյանի ուղեկցությամբ շրջել է Անիում, ծանոթացել պեղումների արդյունքներին։ Անի քաղաքից ստացած իր տպավորությունների մասին Մ. Սմբատյանցը գրում է՝

  Անին այսօր թէև վերջին ավերածութեան և աւերակութեան է հասել ամեն շինուածքներովը, բայց դարձեալ կանգուն կան մի քանի եկեղեցու շինուածքներ՝ կիսաքանդ, որոյ նկարները տարածուած են ամէն աշխարհ  

.Անիին նվիրված իր ողբերգի առաջին մասում նա գովերգում է Անի մայրաքաղաքի երբեմնի փառքը, ճոխությունն ու հարստությունը՝ համեմատելով նրան պճնված նորահարսի հետ։ Սակայն կատարյալ և անկեղծ սիրո պակասության պատճառով քաղաքի շռայլ կյանքը դադարում է, բնակիչները ցիրուցան են լինում, Անին դառնում է ավերակ։ Լավատեսական հնչերանգով հեղինակն ավարտում է ողբերգը, հույս ու ցանկություն է հայտնում մի օր նորոգված կտեսնի Անին։ Սստեղծագործությունն ունի ակրոստիքոսի կառուցվածք։ Ակրոստիքոս[12] է նաև ասորի Պարսամ վարդապետին[13] նվիրված բանաստեղծությունը, որտեղ Պարսամ վարդապետը բնութագրվում է որպես դպրապետ, բանագետ, քարոզիչ, գիտնական, ով հեղինակել է բազմաթիվ գրքեր։

Մեսրոպ Սմբատյանցի ձեռագրերում կան նաև պատմագրական հարուստ նյութեր հայոց պատմության տարբեր դարաշրջանների վերաբերյալ։ Նա կազմել է 1800-1896 թվականների պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, իբրև ականատես գրառել է 20-րդ դարասկզբին Նախիջևանում և Վայոց ձորում հայ-թաթարական ընդհարումների պատմությունը[14]։ Ազդված լինելով Նախիջևանի հայկական բնակավայրերում տեղի ունեցած ոճրագործություններից՝ նա գրել է բանաստեղծություն[15], որում գովաբանվում է հայտնի Նախիջևան քաղաքը, ապա անդրադառնում է 705 թվականի իրադարձություններին, երբ թշնամին այրում է հայ իշխանական 800 հոգանոց զորագունդը։ Հեղինակը մեջ է բերում քաղաքի պատմական անցուդարձերը՝ թուրք-պարսկական հարձակումները, հայ ժողովրդի ընդվզումները, հերոսական դիմադրությունը և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Ադամյան, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի վիմագրագիտական գործունեությունը, Էջմիածին, 2007, ԺԱ, հոկտեմբեր, էջ 103-110։.
  2. Ս․Ադամյան, Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի շինարարարական գործունեությունը, Էջմիածին, 2016, Դ։.
  3. Գ. Ստեփանյան, Համառոտ ակնարկ Շամախու թեմական դպրոցի պատմությունից, Հայոց պատմության հարցեր, 2006, էջ 69-70։.
  4. Ս. Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997։.
  5. Գ. Ստեփանյան, Համառոտ ակնարկ Բաքու քաղաքի հայկական եկեղեցիների պատմության, Հայոց պատմության հարցեր, Երևան, 2007։.
  6. Ղևոնդ Ալիշան, Գրական ժառանգություն, Նամակներ, հատոր 5, Երևան, 1969։.
  7. Ս. Ադամյան, Ղևոնդ Ալիշանի անտիպ նամակներից, Բանբեր Հայաստանի արխիվներից, 1965, թիվ 3, էջ 112-115։.
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 429, Մեսրոպ Սմբատյանցի արխիվ, ցուցակ 1, գործ 144, Նամակներ։.
  9. ՀԱԱ, գործ 146, Մ. Սմբատյանցի գրագրությունը Կարապետ և Երվանդ Լալայանների հետ։.
  10. Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 363։.
  11. ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 232, Հրավիրագիր՝ Մկրտիչ Էմինի գրական գործունեության հիսունամյակի առթիվ, 1886-1896 թթ.:.
  12. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բա­ռա­րան, Երևան, 1980, էջ 11։. {{cite book}}: soft hyphen character in |title= at position 46 (օգնություն)
  13. ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 92, Անհայտ հեղինակի <<Պատմութիւն և տեսիլ Պարսամ վարդապետի, 1443-1557 թթ.>>:.
  14. Մատենադարան, թղթապանակ 217, Մ․ Սմբատյանցի ֆոնդ։.
  15. ՀԱԱ, Մ․ Սմբատյանցի արխիվ, գործ 97, Նախիջևանի կտակը 705-1905 թթ.։.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեսրոպ Սմբատյանց» հոդվածին։

Երկեր խմբագրել

  • Հրավէր Շամախվո ժողովրդով, Բաքու, 1893։
  • Տեղագիր Գեղարքունի ծովագարդ գավառի, Վաղարշապատ, 1895։
  • Նկարագիր Շամախվո թեմի, Տփխիս, 1896։․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 455