Մաթոսավանք
Մաթոսավանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկի տարածքում, Դիլիջան քաղաքից 3.5 կմ արևմուտք՝ Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին[1]։
Մաթոսավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Դիլիջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1205 |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց, Գրատուն և Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դիլիջան) |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1251 թ. |
Հիմնադրված | 1205 |
Շինանյութ | Կիսամշակ քար |
Matosavank monastery Վիքիպահեստում |
Ունի պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ (10.3/145)[2]։
Պատմություն
խմբագրելՎանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Զաքարյանների տոհմից Իվանեի որդի Ավագի (այլ աղբյուրներում Սարգիսը) հսկողությամբ, 1247 (ՈՂՋ) թվականին[3], մոնղոլական զավթիչ զորքերին ենթարկվելու երդումից հետո։ Կոչվել է նաև Պղնձահանք կամ Պղնձահանքի Սուրբ Աստվածածին[1]։ Գավթի կառուցման հստակ ժամանակն անհայտ է, հավանաբար շինվել է գրատան հետ միասին եկեղեցու կառուցումից հետո[1]։
Ճարտարապետական նկարագիր
խմբագրելՎանական համալիրը բաղկացած Է միմյանց կից Երեք շինություններից՝ փոքր եկեղեցուց, գավթից և գրատնից, որոնցից յուրաքանչյուրն ունի թաղածածկ առաստաղներ, որոնք հիմնականում պահպանված են։ Եկեղեցու արևմտյան պատերը գտնվում են սյունասրահին կից, իսկ խորանի հարավային պատը միանում է գրապահոցին։
Հուշարձանախմբից հարավ-արևելք տարածվում է Է գերեզմանոցը, որտեղ պահպանվել են անմշակ գերեզմանաքարեր և խաչքարերի պատվանդաններ[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
խմբագրելՊղնձահանքի Սուրբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին թաղակապ ծածկով շինություն է՝ կառուցված կոպիտ սրբատաշ քարերերից, որոնք շենքի նեսի մասում ծածկվել են կրաշաղախ սվաղով։ Ունի 6,5x3,5 չափեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից է, որի արտաքին մասում, ճակատային կիսակլոր քարին առկա է հիմնադրման փորագրված արձանագրությունը։ Արևմտյան պատի մեջ՝ մուտքի երկու կողմերում տեղադրված են քանդակազարդ խաչքարեր և այլ բեկորներ, որոնք ունեն արձանագրություններ։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ դրված է 1251 թվականի արձանագրությամբ մեծ խաչքար[1]։
Եկեղեցու արձանագրություններում առկա անեծքներից (մասնավորապես, եկեղեցու մուտքի հարավային կողի դրսի մասի արձանագրության վերջին տողերի անեծքը) ենթադրելով, կարելի է աել, որ վանքն ունեցել է քաղկեդոնիկ միաբանություն[1]։
Գավիթ
խմբագրելԳավիթը գտնվում է եկեղեցու արևմտյան կողմում վերջինին կից։ Թաղածածկ շինություն է, ունի գրեթե քառակուսի հատակագիծ։ Կառուցված է հանքաքարի տարբեր մեծության կիսամշակ քարերով։ Ներսից պատերը սվաղված են եղել կրաշաղախով։ Ներսը լուսավորում է աղոտ՝ գավիթի արևմտյան պատի մեջ բացված մեկ նեղ լուսամուտով։ Գավթի հատակին կան մի քանի տապանաքարեր, որոնց մի մասն անմշակ է, մյուս մասն՝ անարձանագիր[1]։
Գրատուն
խմբագրելԳրատունը արևմտյան կողմից հաղորդակից Է գավթին։ Վերջինին միացված է լայն բացվածքով։ Այն թաղակապ շինություն է, ունի 4x3,5 չափեր։ Կառուցված է խոշոր, հարթեցված քարերով։ Բացի գավթի հետ ընդհանուր բացվածքից, այն մուտք ունի նաև արևելյան պատից։ Լուսավորվում է հարավային պատի մեջ բացված երկու նեղ լուսամուտներով[1]։
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին տեսք
խմբագրելՆերքին տեսք
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Դիվան հայ վիմագրության, Պ. 6. Իջևանի շրջան ։ Կազմ.՝ Ավագյան Սուրեն Արտեմի, Ջանփոլադյան Հռիփսիմե Միքայելի, ՀՍՍՀ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977 թ. (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 47-50, էջեր 47-50 — 154 էջ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաթոսավանք կատեգորիայում։ |