Թանգարան, գիտական, գիտալուսավորական կառույց է, որտեղ հավաքագրվում, պահպանվում, ուսումնասիրվում, մասսայականացվում են բնապատմական, նյութական և հոգևոր մշակութային հուշարձանները՝ բնության և մարդկային հասարակության զարգացման մասին գիտելիքների մասին սկզբնաղբյուրները։ Թանգարանների ֆոնդերում հիմնականում կենտրոնացվում են իրեղեն առարկաներ, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակակից գիտական դասակարգմամբ թանգարանները տարբերվում են ըստ տիպերի և ուղղվածության։ Ըստ տիպերի լինում են գիտահետազոտական և ուսումնական, ըստ ուղղվածության՝ պատմության, բնագիտության, արվեստագիտության, գրականության, տեխնիկայի և այլն։ Առանձին խումբ են կազմում հուշային (մեմորիալ), ինչպես նաև կոմպլեքս թանգարանները։

Թանգարան
Մատենադարանի գլխավոր շենքը Երևանում

Պատմություն խմբագրել

Թանգարանների նախատիպերը երևան են եկել մարդկային հասարակության զարգացման այն փուլում, երբ առարկաների բնատիպերը սկսել են պահպանել ոչ թե կիրառական կամ որպես նյութական արժեքներ, այլ որպես վավերական, հուշային վկայականներ և գեղագիտական արժեքներ։ Այդպիսիք են, օրինակ, Հին Եգիպտոսի տաճարներում եղած հավաքածուները (մթա 3-րդ հազարամյակ), Կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ.թ.ա. 16-րդ դար), Նինվեի պալատի գրադարանը (մ.թ.ա. 7-րդ դար) և այլն։

Հայաստանում թանգարանների նախատիպեր կային դեռևս ուրարտական շրջանում (մ.թ.ա. 9-ից 6-րդ դարեր) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում և այլ քաղաք-ամրոցներում։ Միջնադարյան Հայաստանում երևան եկան իսկական թանգարանները։ Հովհաննես Դրասխանակերտցին 9-ից 10-դ դարերում իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ երեք տիպի թանգարան է հիշատակում՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական։ Հայկական թանգարանների կազմակերպման գործը զգալի չափով ընդլայնվեց 19-րդ դարում։

Արվեստի հուշարձանների պահպանումը և դրանց կենտրոնացումը թանգարաններում Եվրոպայում սկսվել է Վերածննդի շրջանում և առավել զարգացել 16-17-րդ դարերում նախ Իտալիայում, ապա Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները։ Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուն Ֆլորենցիայում (Լ. Մեդիչի, 15-րդ դար), Հռոմում (Վատիկանի թանգարաններ, 16-րդ դար), Դրեզդենում(Ա. Սաքսոնսերի, 16-րդ դար) և այլն։ Հայտնի են նաև Բրիտանական թանգարանը Լոնդոնում (1753 թվական), Լուվրը Փարիզում (1793 թվական), Պրադոյի գեղարվեստի թանգարանը Մադրիդում (1819 թվական), Մետրոպոլիտեն թանգարանը Նյու Յորքում (1870 թ), գեղարվեստա-պատմական թանգարանը Վիեննայում (1891 թ) և այլն։ Ռուսաստանում հարուստ հավաքածուներ են եղել Վլադիմիրի Տրոիցե Սերգիևյան, Կիևի Կիևո-Պեչորյան վանքում XX-XVIIդդ. կազմավորվել են Մոսկվայի Զինապալատի հավաքածուն և Պատրիարքարանի հուշարձանների ավանդատունը։ Հետագայում գեղանկարչական և քանդակագործական հավաքածուներ են կենտրոնացվել Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Գատչինայում, Պալվոլոսկում։ 1719 թ-ին Պետերբուրգում բացվել է ռուսական առաջին մասսակայան թանգարանը՝ Կուստկամերան, 1756 թ-ին Հրետանային պատմության թանգարանը և 1764 թ.-ին՝ Էրմիտաժը։ Ավելի ուշ կազմակերպվել են Տրետյակովյան պատկերասրահը, Գյուղատնտեսական թանգարանը, Ռուսաստանի պատմության թանգարանը, Պոլիտեխնիկական թանգարանը, ռուսական թանգարանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 138