Երկլեզվություն (երկլեզվակրություն), բիլինգվիզմ, երկու կամ ավելի լեզուների տիրապետումը և օգտագործումը։ Լեզվաբանության մեջ երկլեզվակրությամբ զբաղվում է հանրալեզվաբանությունը (սոցիոլինգվիստիկա), որն ուսումնասիրում է լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվական շփումների, ազգի և ազգային լեզվի, երկլեզվության և բազմալեզվության, լեզվի ու լեզվավիճակի և խոսքի ու խոսքային իրադրության փոխհարաբերության, լեզուների ու լեզվավիճակների տիպաբանության հարցերը։

Երկլեզու գրություն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Բելգիայում նիդերլանդներնն ու ֆրանսերենը պաշտոնական լեզուներ են։

Երկլեզվության ժամանակ յուրաքանչյուր լեզվի տիրապետման աստիճանը, լեզուները կրողների միջև հաղորդակցական ոլորտների բաշխումը և խոսողների հարաբերությունը դրանց հետ պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ խոսող հանրության սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքով։ Երկլեզվության դեպքում լեզուների բախումից կարող է նրանցից մեկը դուրս մղվել մյուսի կողմից, կամ դրանց հիմքի վրա գոյանալ նոր լեզու և կամ կարող են երկու լեզուներն Էլ ենթարկվել լեզվական կառուցվածքի՝ հնչյունական (արտասանական), քերականական (բառապաշարային) փոփոխությունների։

Երկլեզվակրությունն ամենից քիչ տարածված է մինչև 8 տարեկան երեխաների մոտ։ Դրա տարածման սահմաններն այստեղ որոշվում են ընտանեկան միջավայրի լեզվական վարքով և ուսումնական հաստատությունների ազդեցությամբ։

Ըստ կրողների ընդգրկման բիլինգվիզմը կարող է լինել՝ անհատական, խմբային, մասսայական և համընդհանուր։ Մասսայական և համընդհանուր երկլեզվությունն առաջանում է պատմականորեն` որպես հետևանք գրավումների, խաղաղ կամ հարկադիր վերաբնակեցումների, հարևան ժողովուրդների կամ այլալեզու խմբերի հետ կոնտակտների։

Երկլեզվակրությունը հայերենում խմբագրել

Հայերը քաղաքական, պատմա-աշխարհագրական և այլ տարբեր հանգամանքների բերումով իրենց վրա միշտ էլ կրել են երկլեզվակրության տարածմանը նպաստող գործոնների ազդեցությունը։ Դարերի ընթացքում հայերը էթնիկական շփումներ են ունեցել ռուսների, վրացիների, արաբների, հույների, ասորիների, թուրքերի, պարսիկների և այլ ազգերի հետ։

Հայ ժողովրդի էթնիկական պատմության մեջ նոր երևույթ էր խորհրդային շրջանի հայ-ռուսերեն երկլեզվակրությունը։ Դրան նպաստող գործոններից էին հանրակրթական դպրոցներում ռուսաց լեզվի նկատմամբ հատուկ վերաբերմունքը, ինչպես նաև հայ զինակոչիկների` խորհրդային բանակում զինվորական ծառայությունն անցկացնելու փաստը։

Խոսելով հայ-ռուսերեն երկլեզվակրության տարածման աղբյուրների մասին` հարկ է նշել, որ ներկայումս երկլեզվակրության զարգացման բարձր տեմպերը Հայաստանում որոշ չափով պայմանավորված են հանրապետություն ներգաղթածների մեծ թվով։ Ռուսաստանից, Վրաստանից և առավելապես Ադրբեջանից սեփական էթնիկական միջավայր վերադարձած վերաբնակիչների լեզվական վարքում ռուսաց լեզվի ազդեցությունը զգալի է ինչպես ընտանեկան միջավայրում, այնպես էլ արտադրական, հասարակական-քաղաքական և գիտամշակութային ոլորտներում, առավելապես տեղեկատվության փոխանակման դաշտում։

Ուսումնասիրելով հայկական միջավայրում ապրող ռուսալեզու երկլեզվակիր երեխաների խոսքը` կարելի է նկատել, որ հազվադեպ երևույթ է երկու լեզուների հավասարաչափ տիրապետումը։ Լեզուներից մեկը գրեթե միշտ դոմինանտ է` առաջնային։ Առաջնային է հիմնականում այն լեզուն, որով խոսում են ընտանիքում։ Տվյալ պարագայում դա ռուսերենն է։ Երկրորդ լեզվի յուրացումը մասնավորապես տեղի է ունենում առաջնային լեզվի հիմքի վրա, որի ընթացքում ի հայտ են գալիս թարգմանական սխալներ լեզվի տարբեր մակարդակներում` բառային, քերականական և այլն։

Համաժամանակյա և տարաժամանակյա երկլեզվակրություն խմբագրել

Համաժամանակյա երկլեզվակրությունը երկու լեզուների գրեթե հավասարաչափ տիրապետումն է մենչև 3 տարեկան հասակը։ Դա մանկական երկլեզվակրության առաջին փուլն է։ Այդ շրջանում ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոսքի ուշացումը և երկու լեզուների միախառնումը։ Սակայն ժամանակի ընթացքում երեխան սկսում է տարբերել լեզուները, և այդ երևույթներն արագ անհետանում են։ Այդ գործընթացին նպաստում են նաև արտաքին գործոնները։ Քանի որ առաջին փուլում երեխայի խոսքի ձևավորումը հիմնականում կատարվում է ընտանիքում, շատ կարևոր է, որ ծնողները կամ ընտանիքի մյուս ավագ անդամներն իրենց խոսքում չխառնեն երկու լեզուները։

Տարաժամանակյա երկլեզվակրության դեպքում երեխայի երկրորդ լեզվի իմացությունը ձեռք է բերվում մի քիչ ավելի ուշ` խարսխվելով մասնավորապես հիմնական լեզվի իմացության վրա։

Վաղ հասակում երկլեզվակրության թերությունները խմբագրել

Որոշ դեպքերում երկլեզվակրությունը կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Երկլեզվակրության թերություն կարող է համարվել թերլեզվակրությունը (անգլ.՝ semilingualism)։ Սա այն դեպքն է, երբ երեխան ունենում է դժվարություններ յուրացնելու երկու լեզուներն էլ՝ տիրապետում է երկու լեզուներին էլ մասնակիորեն։ Այն առաջին անգամ նկարագրել է ամերիկացի լեզվաբան Լեոնարդ Բլումֆիլդը 1920 թվականին, ապա Հենսեգարդը՝ 1960 թվականին։

Թերլեզվակրությունից խուսափելու համար ծնողները պետք է ունենան հստակ մշակված ծրագիր, թե ինչպես երեխան պետք է յուրացնի լեզուները։ Ամենատարածված ձևն այն է, երբ ծնողներից յուրաքանչյուրը խոսում է երեխայի հետ մեկ այլ լեզվով։

«Թերլեզվակրություն» տերմինն ունի բացասական և նույնիսկ վիրավորական իմաստ։ Այս տերմինից խուսափելու համար Կումմինսը նույն երևույթի համար առաջարկել է մեկ այլ տերմին՝ «սահմանափակ երկլեզվակրություն»։

Շատ ծնողներ ունեն մտավախություն, որ անմիջապես երկու լեզվի յուրացման դեպքում մեկ (դոմինանտ) լեզվային համակարգն ազդում է երկրորդի վրա, ինչի արդյունքում տեղի է ունենում նրանց խառնում, որը հանգեցնում է մի շարք խոսքային և լեզվային դժվարությունների։ Նման դեպքերում ամենահաճախակի խնդիրներ են հնչարտաբերման խնդիրները երկու լեզվով էլ, շեշտադրության առաջացում, քերականական կառույցների սխալ գործածություն, և, որպես հետևանք, գրի և ընթերցանության տիրապետման դժվարություններ։ Նման դեպքեր իսկապես լինում են, սակայն դրանք ժամանակավոր են և անվնաս։

Կա նաև մտավախություն, որ երեխաները բիլինգվիզմի հետևանքով ուշ կսկսեն խոսել և դպրոցում առաջադիմությունը կլինի ավելի ցածր։ Իրականում այն երեխաները, ովքեր լսում են միայն մեկ լեզու, նույնպես կարող են ուշ սկսել խոսել։ Այն կապված է ուղեղի խոսքային կենտրոնների հետ։ Օրինակ Այնշտայնը սկսել է խոսել չորս տարեկանից, որը, սակայն, չի նշանակում, որ նրա մտավոր կարողությունները ավելի ցածր էին։

Վաղ հասակում երկլեզվակրության առավելությունները խմբագրել

Երկլեզվակրությունն ունի շատ առավելություններ։ Երկլեզվակիր երեխաներն ավելի հեշտ են ընկալում երկրորդ և նույնիսկ երրորդ, չորրորդ լեզուները։ Երեխան կարող է ընկալել ոչ ավելի քան չորս լեզու, իսկ այդ չորս լեզուների ընկալումը կհաջողվի միայն երեխայի հետ ինտենսիվ աշխատելու դեպքում։ Ապացուցված է, որ երկլեզվակիր երեխաները ավելի ստեղծարար են և ավելի հեշտ են որոշումներ կայացնում և կենտրոնանում։ Մարդը գիտելիք ստանալու ընթացքում ավելի հետաքրքրաշարժ է դառնում, հետևաբար այն զարգացնում է նաև երեխաների հետաքրքրությունը։ Երկլեզվակիր երեխաներն առավել հնարավորություններ ունեն ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցվելու։

Լեզվամտածողությունը կապված է մարդու աշխարհայացքի հետ։ Քանի որ լեզուն մշակույթի ամենակարևոր տարրերից է համարվում, ավելի քան մեկ լեզու իմանալով նրանք պատկանում են ավելի քան մեկ մշակույթի, ինչն էլ նպաստում է ազատ մտածելակերպին և աշխարհի քաղաքացի լինելուն։

Երկլեզվակրության սխալների օրինակներ խմբագրել

Դիտարկենք մի քանի օրինակներ.

  • Քույրիկս ինձ չի տալիս քնեմ (не дает спать) ----- չի թողնում քնել
  • Իմ մոտ նոր խաղալիք կա (у меня новая игрушка) ----- ես նոր խաղալիք ունեմ
  • Ինձ ցուրտ է (мне холодно) ----- ես մրսում եմ

Ստորև բերված օրինակներում սխալ են թարգմանված նախդիրները.

  • տաքսիի վրա եկանք (приехали на такси) - տաքսիով եկանք
  • քույրիկս դուրս եկավ փողոցի վրա (вышла на улицу) -
  • կրակել թռչունի մեջ (стрелять в птичку)
  • պապան աշխատանքի վրա է (папа на работе)
  • նվագում եմ ջութակի վրա (играю на скрипке)
  • նվագում եմ դաշնամուրի վրա (играю на пианино)
  • գնում ենք թատրոնի մեջ (идем в театр)
  • գնացինք զբոսայգիի մեջ (пошли в парк)
  • ուշացանք դասի վրա (опоздали на урок)

Հետևյալ օրինակներում ցույց են տրված սխալներ միաժամանակ բառային և քերականական մակարդակներում.

  • Ես չեմ մրսում, ես պալտոյի մեջ եմ (я в пальто)
  • Ժիլետի / շուբայի մեջ եմ (я в жилете / в шубе)
  • Տյոտյան ակնոցների մեջ է (тетя в очках)
  • Մաման ակնոցներ չի տանում (мама не носит очки)
  • Դեդուլին գնում են այս ակնոցները (дедушке идут эти очки)

Սխալների շատ հաճախ կարելի է հանդիպել դարձվածքային արտահայտությունների թարգմանություններում.

  • Որտեղի՞ց։ − Ուղտից։ (Откуда? − От верблюда.)
  • Իմ բերանը կողպեքի վրա է։ ( У меня рот на замке.)

Բերենք շարահյուսական սխալների մի քանի օրինակ։ Ինչպես գիտենք, հայերենի շարադասությանը առավել բնորոշ բանաձևն է` ենթակա+ուղիղ խնդիր+ստորոգյալ։ Ռուսերենին ավելի բնորոշ է ենթակա +ստորոգյալ +ուղիղ խնդիր կառույցը։

  • Ին՞չ ես անում։ −Ես լսում եմ երաժշտություն (слушаю музыку) - Երաժշտություն եմ լսում։
  • Մաման ի՞նչ է անում։ −Պատրաստում է ճաշ։ (готовит обед) - Ճաշ է պատրաստում։

Ինչպես տեսնում ենք, ռուսալեզու երկլեզվակիր երեխաների խոսքում հանդիպող շատ սխալներ պայմանավորված են ռուսերենի քերականական կառույցների ազդեցությամբ` մասնավորապես նախդիրների և նախդրավոր արտահայտությունների սխալ թարգմանությամբ։

Ուսումնասիրելով հայկական միջավայրում ապրող ռուսալեզու երեխաների խոսքը` կարելի է եզրահանգել, որ երեխայի խոսքի ձևավորման գործընթացում շատ կարևոր է ընտանեկան և սոցիալական միջավայրի դերը։

Գրականություն խմբագրել

  • Նաիրա Ավագյան, «Թարգմանությունը որպես գիտական ուսումնասիրության առարկա և միջմշակութային փոխներթափանցման միջոց», Գիտական հոդվածների ժողովածու, էջ 275
  • Блумфилд Л․, Язык, пер․с англ․ Москва, 1968
  • Проблемы двуязычия и многоязычия, сб․ ст․, Москва, 1972
  • Bialystok, Bilingualism in development. Language, literacy and cognition, 2001
  • Eisenberg, A., Murkoff, H., & Hathaway, S. E. What to Expect the First Year. New York: Workman. 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 610