Հնագիտական պեղումներ, հին հուշարձաններ՝ հնություններ գտնելու համար պեղելով կատարվող հնագիտական աշխատանքներ։ Դարերի ընթացքում մարդու կացարանի շուրջը գոյանում են հողի շերտեր, որոնցում պահպանվում են անցյալի հետքեր՝ ամեն տեսակ աղբ, հագուստի, սննդի մնացորդներ, կոճակներ և այլն։ Դա հողի «մշակութային շերտն» է։ Ողջ Երկրի վրա հնագետ-գիտնականները կատարում են պեղումներ։ Հողի մեջ հաճախ գտնում են ոչ միայն հինավուրց առանձին իրեր, այլև անցյալում հարուստ և աշխույժ քաղաքների ավերակներ։ Բազմաթիվ հնավայրեր կան նաև Հայաստանի տարածքում, որոնց պեղումներն սկսվել են 19-րդ դարի 70-80-ական թվականներին։ Այժմ արդեն պեղված են և շարունակվում են պեղվել քարի դարի և մետաղների դարերի, ինչպես նաև միջնադարի բազմաթիվ դամբարանադաշտեր, հնագույն բնակավայրեր, բերդեր և հնագիտական այլ հուշարձաններ։ Հնագիտական պեղումների շնորհիվ ապացուցված է, որ Հայկական լեռնաշխարհը մարդու բնակության հնագույն կենտրոններից և մարդկային քաղաքակրթության օրրաններց մեկն է։ Հնում, երբ մարդը մահանում էր, նրա գերեզմանում դնում էին զենքեր, ուտելիք, բազմապիսի զարդեր, ամաններ։ Պատահում էր՝ գերեզմանի վրա հողե բարձր թումբ էին սարքում, և այն դառնում էր դամբարանաբլուր։ Հնագիտական պեղումները ժամանակակից պատմաբաններին օգնում են իմանալու, թե ինչպես են ապրել մեր նախնիները։ Հնավայրերի պեղումներից արժեքավոր են Լճաշենի, Շենգավիթի, Մեծամորի, Էրեբունիի, Կարմիր բլուրի, Արմավիրի, Գառնիի, Դվինի, Անիի, Ամբերդի և այլ հնավայրերի պեղումները[1]։

Հնագիտական պեղումներ
Հնագիտական պեղումներ (քարի դար)
Հնագիտական պեղումներ (քարի դար)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ինչ է ով է, Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան-1986
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնագիտական պեղումներ» հոդվածին։