Հնչյունաբանություն
Հնչյունաբանություն, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է մարդկային լեզվի նյութական կողմը, այսինքն՝ այն բոլոր արտասանական միջոցները, որոնցով կազմավորվում է խոսքը՝ հնչյունները, նրանց միացումները, վանկը, հնչաբառը, հնչերանգը ևն։ Նեղ առումով հնչյունաբանությունը զբաղվում է հնչյունների արտաբերման ու ձայնաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ, նրանց նկարագրությամբ ու դասակարգումով։ Հնչյունաբանության խնդիրն է նկարագրել լեզվի հնչույթների դրսևորումները՝ արտաբերությունը, նրանց ձայնաբանական առանձնահատկությունները, լեզվի վանկատիպերը, բառային շեշտը, հնչերանգը տարբեր բնույթի նախադասություններում ևն։ Լայն առումով հնչյունաբանության ոլորտի մեջ է մտնում նաև հնչույթաբանությունը։ Տարբերում են մի քանի տիպի հնչյունաբանություններ՝
- նկարագրական, երբ նկարագրվում և դասակարգվում են տվյալ լեզվի հնչյուններն ու այլ հնչյունական միջոցները,
- պատմական, երբ նկարագրվում են տվյալ լեզվի հնչյունական կազմի կրած փոփոխությունները հնագույն շրջանից մինչև ներկա վիճակը,
- փորձառական, երբ հետազոտությունների համար լայնորեն օգտագործում են բնական գիտությունների մեթոդները (ինչպիսիք են ռենտգենանկարահանումը, օսցիլոգրաֆային, սպեկտրոգրաֆային ուսումնասիրությունները ևն),
- ընդհանուր, երբ նկարագրվում են տարբեր լեզուների ընդհանուր հնչյունային օրինաչափությունները։
Հնչյունաբանության հարցերով հայագիտության մեջ զբաղվել են լեզվաբաններ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Գրիգոր Ղափանցյանը, Վ. Առաքելյանը։ Մեր օրերում, հատկապես փորձառական հնչյունաբանության բնագավառում, հայտնի են Ա. Խաչատրյանի, Ռ. Թոխմախյանի և այլոց աշխատանքները։
Գրականություն
խմբագրել- Ալեքսանդր Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզու։ Հնչյունաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար), Ե., ԵՊՀ հրատ., 1997, 248 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 496)։ |